Հայրենիքի փրկության ու դիմադրության շարժումներից մինչև Սրբազան պայքար
01 Հուլիս 2024Վերջին գրեթե չորս տարիների ընթացքում՝ սկսած 2020 թ. նոյեմբերի 10-ից, Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի օրակարգային խնդիրը կոլաբորացիոնիստ Նիկոլ Փաշինյանի հեռացումն է ՀՀ վարչապետի պաշտոնից:
Թե ինչպես Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հայտնվել ՀՀ ղեկավարի աթոռին, այլ հարց է, բայց փաստ է, որ նրա կառավարման վեց տարիներն ավերիչ ու ողբերգական եղան Հայաստանի Հանրապետության համար:
Այսպե՛ս, իշխանության գալով ժողովրդական դժգոհության ալիքի վրա՝ Նիկոլ Փաշինյանը սկսեց խաղալ ազգային զգացմունքների հետ, շահարկելով այնպիսի նուրբ թեմաներ, ինչպիսիք էին բանակը և Արցախը:
2019 թ. օգոստոսին, ելույթ ունենալով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Նիկոլ Փաշինյանը, իրեն բնորոշ հիստերիկ տոնով, հայտարարեց «Արցախը Հայաստան է և վերջ1»- ինչը, ինչպես հետագայում բոլորի համար պարզ դարձավ լավ հաշվարկված քայլ էր՝ Ադրբեջանին Արցախի դեմ պատերազմ սկսելու ազդակ:
2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակման անցավ Արցախի Հանրապետության դեմ. Հայաստանում մարդիկ սկսեցին միմյանց հերթ չտալով կամավորագրվել՝ առաջնագիծ մեկնելու համար:
Քաղաքական ուժերը մի կողմ դրեցին բոլոր տեսակի հակասությունները և միավորվեցին հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ:
Ժամերի ընթացքում ՀՅԴ-ն զորաշարժի ենթարկեց իր ուժերը և ժամը 12:00-ին Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաքված կամավորներին մարտակոչ հղելով ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, «Կամավորական» հասարակական կազմակերպության նախագահ Հրանտ Մարգարյանը նշեց. «Ո՛չ մի քաղաքական հարց, ո՛չ մի տարակարծություն չի կարող այսօր մեր միասնականության մեջ որևէ ճեղք առաջացնել: Մենք ազգովի դեպի ճակատ ենք, մենք ազգովի դեմ ենք դուրս գալու, կուրծք ենք դեմ տալու թշնամու հարվածներին: Մենք պետք է հաղթենք այս պատերազմում և հաղթանակը նվիրենք մեր եկող սերունդներին …. Մենք պետք է գնանք հաստատակամ, առանց վախենալու, վճռական համոզումով, որ հաղթելու եք: Մենք իբրև ժառանգորդները Գևորգ Չավուշի, Սերոբ Աղբյուրի, Նիկոլ Դումանի, Արամ Մանուկյանի, Վարդան Դուշմանի, Արթուր Ղարիբյանի, Թաթուլ Կրպեյանի, բոլո՜ր-բոլորի՝ պետք է լինենք առաջամարտիկը…2»:
Այս նույն ժամանակ ԱԺ-ում հրավիրված հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի…
Եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջնական և անշրջելիորեն, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի3»- պատերազմող երկրի ղեկավարին ոչ վայել, այս խոսքերի տողատակերը բացահայտեց ինքը՝ Փաշինյանը, երբ 44 օր մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնելով թե՝ «հաղթելու ենք», նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կապիտուլյացիա ստորագրեց, ու թեև քաղաքական ուժերի, բանակի ու հասարակության մի ստվար հատվածի համար դա պարտությունն էր, Փաշինյանն իրեն պարտված չճանաչեց, համարեց, որ ապօրինաբար ստորագրելով Արցախի կապիտուլյացիան՝ ինքը հաղթել է և կառչած մնաց իշխանությունից:
Նոյեմբերի 10-ից ՀՀ քաղաքացիների և 17 կուսակցությունների օրակարգ բերվեց Նիկոլ Փաշինյանին հրաժարական պարտադրելու հարցը, նույն օրը, 17 կուսակցությունները հայտարարություն տարածեցին «Հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու հայկական երկու պետություններին ուղղված թուրքադրբեջանական ագրեսիան:
Պատերազմական այս օրերին քաղաքական, դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում՝ իրավիճակի շտկմանն ուղղված հանդիպումների առաջարկներ, որոնք մնացել են անպատասխան և չիրագործված: Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի և ծանր: Որպես պետություն և ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև, որը պահանջում է վճռական որոշումներ ու գործողություններ: Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին: Այս ընթացքում իշխանությունն ի ցույց դրեց իր բացահայտ անկարողությունը, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու անընդունակությունը: Մարդկային և տարածքային կորուստները, Հայաստանի դաշնակիցների և, առաջին հերթին, Ռուսաստանի Դաշնության հետ ոչ լիարժեք հարաբերություններն ակնհայտ են դարձնում գործող իշխանության սնանկությունը: Այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են քաղաքական իշխանությունները, որոնք չձերբազատվեցին անսխալականության իրենց բարդույթից՝ հայկական երկու պետությունները կանգնեցնելով ծանր իրողությունների, իսկ Արցախը՝ նաև տարածքային լրջագույն կորուստների առջև: Ուստի, իշխանությունները զրկվել են հայ ժողովրդին ներկայացնելու քաղաքական և բարոյական հիմքերից: Անդառնալի կորուստները կանխելու համար պահանջում ենք՝ ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ և անցնցում հեռացումը, իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող և ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը4»:
Նոյեմբերի 11-ից սկսվեցին բողոքի բազմահազարանոց ակցիաները, որոնք ծնունդ տվեցին Հայրենիքի փրկության շարժմանը, որն էլ վարչապետի թեկնածու առաջադրեց Վազգեն Մանուկյանին, միևնույն ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հայտարարում է.
«Շարժման նպատակն է սահմանադրական ճանապարհով օր առաջ ազատվել Հայաստանի աղետաբեր վարչակազմից՝ ստեղծելով անցումային, հակաճգնաժամային կառավարություն, որը կկանխի Հայաստանի պետականության կորուստը, կիրականացնի երկրի հետպատերազմյան առողջացումը, կաշխատի ազգային-պետական շահերի վրա հիմնված ներքին և արտաքին քաղաքականության, քաղաքացիների անվտանգության երաշխավորման բարձրացման ուղղությամբ և կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Որպես անցումային կառավարության ղեկավար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Խորհուրդն առաջադրում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, որն ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, արդյունավետ բանակցություններ վարելու կարողություն, ներքին համերաշխություն և համազգային համախմբվածություն ապահովելու կամք ու վճռականություն:
Վազգեն Մանուկյանը վարչապետ դառնալուն պես կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, պարտավորվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին անձամբ չմասնակցել և չհավակնել վարչապետի պաշտոնին: Միաժամանակ, նա ստանձնում է պարտականություն՝ մեկ տարի հետո կազմակերպելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ԸՕ-ին համապատասխան հավասար պայմաններ երաշխավորելով քաղաքական բոլոր ուժերի համար:
Վարչապետի միասնական թեկնածուն՝ 2020 թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 15.00-ին, Ազատության հրապարակում հրավիրված համազգային մեծ հանրահավաքին կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը5»:
Դեկտեմբերի 5-ից համազգային բողոքի ու անհնազանդության ակցիաների մեկնարկի մասին է հայտարարվում, որոնք ուղեկցվում են ոստիկանական անհամարժեք ու բիրտ ուժի կիրառմամբ, իշխանությունների կողմից դրսևորվող բռնի ուժով, հալածանքներով, ատելության ու թշնամանքի մթնոլորտի խորացմամբ, ներազգային ուժերի պառակտմամբ ու ջլատմամբ:
Շարժման արդյունքում Նիկոլ Փաշինյանի թիմը որոշեց գնալ արտահերթ ընտրությունների, միաժամանակ վարչապետի աթոռը զբաղեցնողը կատարեց հերթական հակասահմանադրական քայլը՝ հայտարարելով, որ հրաժարական է տալիս, բայց մնում է վարչապետի պաշտոնակատար:
ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի ղեկավարման պայմաններում ընտրապայքարը վերածվեց ատելության քարոզի ու ներազգային թշնամանքի հրահրման հերթական արշավի, և այդ պայմաններում անցկացված ընտրություններում (որը բոյկոտեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների կեսից ավելին)՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց վերարտադրվել, և նոր աղետներ բերել Հայաստանին:
Փաստացի, Հայրենիքի փրկության շարժումն անհաջողության մատնվեց, որովհետև դրված գլխավոր նպատակին չհասավ:
Ի՞նչը և ինչու՞ դարձավ շարժման անհաջողության պատճառը՝ տարատեսակ ենթադրություններ կարելի է անել, որովհետև ինչպես ասում են՝ հաղթանակը բազում տերեր ունի, պարտությունը ոչ մի:
Ինչևէ, անցնենք առաջ, 2022 թ. ապրիլի 25-ին Զարթնիր լաո կարգախոսով սկիզբ առավ Դիմադրություն շարժումը, որն իր ծավալներով շատ ավելի ընդգրկուն էր, ու փողոցային պայքարը՝ անհնազանդության տարատեսակ գործողությունները տևեցին շուրջ 40 օր, և հունիսի 4-ից շարժումը որոշեց փոխել մարտավարությունը:
Հունիսի 3-ին տասնյակ հազարների հասնող ժողովուրդը երթով շարժվելով կառավարական առանձնատան մոտ, Նիկոլ Փաշինյանին հերթական անգամ ներկայացրեց հրաժարականի պահանջ, ի պատասխան դրա՝ վերջինս հրամայեց անզեն ժողովրդի դեմ լուսաձայնային նռնակներ կիրառել, որոնց ժամկետանց լինելու պատճառով վիրավորվեցին մի քանի ոստիկաններ:
Ընդհանուր շարժումը տևեց մինչև 2022-ի աշուն, և կանխեց կամ, ավելի ճիշտ, հետաձգեց Տավուշի գյուղերի, Տիգրանաշենի, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի հանձնումն ու ադրբեջանական մյուս պահանջների հլու կատարումը Հայաստանի թրքահպատակ իշխանությունների կողմից:
2023-ին, նախորդ երկու շարժումների նման, տևական ու ընդգրկուն շարժումներ տեղի չունեցան, բայց սեպտեմբերի 19-20-ին Արցախից ստացվող տագնապալի լուրերի համապատկերում մարդիկ ինքնաբուխ դուրս եկան փողոց, սակայն զանգվածային ելույթները շարժման չվերածվեցին Արցախի հայաթափման պատճառով, երբ զանգվածային ելույթների կազմակերպիչներն ու մասնակիցները ձեռնամուխ եղան բռնի տեղահանված արցախցիների կարիքները հոգալուն:
2024 թ. ապրիլին «դելիմիտացիայի և դեմարկացիայի» անվան տակ սկսվեց Տավուշի չորս հայկական գյուղերի՝ Կիրանցի, Բաղանիսի, Վերին Ոսկեպարի և Բերքաբերի հանձնումը թշնամուն, ինչն առաջ բերեց հասրակական լայն դժգոհություն, փաշինյանական «նվաստացում հանուն խաղաղության» և «հանձնենք, որ լավ ապրենք» կեղծ թեզերից հոգնած ու արդարացիորեն դժգոհ ժողովրդի առաջնորդությունը այս անգամ ստանձնեց Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որն իր հեղինակության, խարիզմատիկ կերպարի, ազնվության, անցած ճանապարհի ու հանդուրժողականության շնորհիվ կարողացավ շուրջը համախմբել հասարակության լայն շերտերի:
Շարժումը, որը սկսվեց Տավուշից՝ Տավուշը հանուն հայրենիքի անվամբ ժողովրդի կողմից ստացավ Սրբազան Պայքար անունը, և ոչ միայն այն պատճառով, որ շարժման առաջնորդը Բագրատ Սրբազանն է, այլ նաև այն պատճառով, որ սա իսկապես Սրբազան շարժում է, որի հիմքում կա միայն մեկ ակնկալիք՝ Հայաստանի մնացորդացը փրկել փաշինյանական կոլաբորացիոնիստ իշխանությունների ձեռքից, և պատահական չէ, որ հասարակական լայն հաշտեցման օրակարգով սկսված շարժումը Սրբազանն անվանում է չակնկալիքների պայքար6:
Սրբազան պայքարը սկսվեց Տավուշի Կիրանց գյուղում, որտեղից քայլերթով շարժվելով, Բագրատ Սրբազանը բազմահազար քաղաքացիների հետ մայիսի 9-ին հասավ Երևան, և Հանրապետության Հրապարակում ձևավորվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ: Ի տարբերություն նախորդ շարժումների՝ այս շարժումն ավելի ընդգրկուն է, մարդաշատ ու համակարգված՝ չհաշված իհարկե որոշ թերությունները, որոնց մասին այս պահին նպատակահարմար չենք գտնում խոսել:
Հունիսի 12-ը, սակայն, պարզորոշ ցույց տվեց, որ գործ ունենք, հանուն սեփական աթոռի խաղաղ ցուցարների դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնող հանցավոր ռեժիմի հետ, որը սեփական իշխանությունը պահելու համար չի խորշի անգամ զանգվածային սպանություններից: Սա, շարժման համակարգողներին «ստիպեց» մտածել շարժման մարտավարական փոփոխությունների մասին: Միաժամանակ, պետք է նշել, որ հունիսի 12-ին ժողովուրդը ևս ասաց իր վճռական խոսքը, երբ ոստիկանության կողմից կիրառված տարատեսակ պայթուցիկ միջոցներին ի պատասխան ոչ թե պակասեց, այլ ավելացավ՝ կարճ ասած, ժողովուրդը հասկացրեց, որ «խրամատը չի լքում»:
Չենք կարող չնշել նաև, որ Սրբազան պայքարը իրական խուճապ ու իրարանցում է առաջացրել փաշինյանական արդեն խարխուլ իշխանության և նրա արտաքին հովանավորների հատկապես ադրբեջանա-թուրքական շրջանակներում: Այդ մասին են վկայում ինչպես հայոց եկեղեցու դեմ ուղղորդված արշավանքը՝ մերձիշխանական շրջանակների կողմից, այնպես էլ 2024 թ. մայիսի 28-ին Սարդարապատում Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքն արգելելը՝ ոստիկանական ուժերի կողմից, էլ չենք խոսում անձամբ Բագրատ Սրբազանի դեմ տարվող «դեղին մամուլի» մակարդակի քարոզչությունը, որին անդրադառնալն անգամ ամոթ ենք համարում:
Փոխարենը մի փոքր խոսենք շարժման բացթողումների մասին:
Այսպե՛ս, Բագրատ Սրբազանի հռչակած հաշտության ու հանդուրժողականության շարժումը սկզբնական շրջանում իր մեջ ներառավ նաև որոշ արկածախնդիրների, անհաջող դեմքերի ու պատեհապաշտների: Այնուամենայնիվ հատկանշական է, որ շարժումն այս պահին գտնվում է ինքնամաքրման փուլում, և նյութական ակնկալիքների հեռանկարով, կամ պատահականորեն շարժման մեջ հայտնված մարդիկ, ինքնաբացահայտվում և դուրս են մղվում շարժումից:
Բագրատ Սրբազանի կողմից փաշինյանական ռեժիմի հեռացման ժամկետներ նշել մարդկանց որոշ հատվածի մոտ հեշտ հաղթանակի ակնկալիք արթնացրեց, ինչին հաջորդեցին անկումային տրամադրությունները, թեև հունիսի 12-ը եկավ փաստելու, որ, այնուամենայնիվ, շարժումը մարման միտումներ չունի:
Այլ թերություններով ու բացթողումներով հանդերձ, Բագրատ Սրբազանն աստիճանաբար ավելի պարզ ու տեսանելի քաղաքական օրակարգ է ձևավորում՝ հմտանալով քաղաքականության «նրբությունների» մեջ: Այդ ուղղությամբ շարժման առաջին «շախը» իշխանություններին մայիսի 26-ին Բագրատ Սրբազանի առաջադրումն էր, որպես Հաշտության ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածու, ինչը գլխովին ջախջախեց շարժումը նախկին իշխանությունների հետ կապելու՝ հատկապես երկրորդ նախագահի «վերադարձի» վերաբերյալ արհեստականորեն հրապարակ նետված թեզը: «Նախկինների» թեզի ջախջախումը շատ լավ հասկացել է նաև Հայաստանի վարչապետի աթոռին գտնվողը. այդ մասին է վկայում հունիսի 12-ին վերջինիս անադեկվատ ելույթը ԱԺ ամբիոնից, որտեղից սկսեց իր անհաջող կառավարման ողբերգական հետևանքների համար մեղադրել Ռուսաստանին ու Բելառուսին, մի շարք ոչ ճիշտ արտահայտություններ թույլ տալով Բելառուսի հասցեին:
Նիկոլ Փաշինյանի հունիսի 12-ի ելույթն ու ոստիկաններին խաղաղ ցուցարարների վրա կրակելու համար «պարգևավճար» խոստանալը՝ իր ձախողումը ամբողջապես գիտակցած, ամեն կերպ մի քիչ էլ աթոռին մնալ ցանկացող, բայց արդեն հեռացող «ղեկավարի» պահվածք էր: Դրանով են պայմանավորված նաև արտաքին տարբեր ուժերի կողմից «խաղաղության պայմանագրի» կնքումն արագացնելու վերաբերյալ կոչերը:
Շարժման հեռանկարները – Հաջողելու հեռանկար ունի՞ արդյոք Սրբազան շարժումը, այս հարցի պատասխանը նախ և առաջ կարող է տալ հայ ժողովուրդը, իր պահվածքով, եթե չհոգնի մի շարք օբյեկտիվ պատճառներով ձգձգվող գործընթացից և շարունակի պայքարը:
Երկրորդ, շարժումը կհաջողի, եթե շարժման համակարգողներն ունենան պլան Բ, պլան Գ, պլան Դ, որոնցից մեկի ձախողման դեպքում շատ արագ ու կազմակերպված ձևով կանցնեն հաջոդ պլանին:
Ի վերջո, չպետք է մոռանալ, որ Հայրենիքի փրկության շարժման ու Դիմադրության շարժման՝ սպասված արդյունքը չունենալու պատճառներից մեկն էլ պլան Բ-ի բացակայությունն էր կամ անհաջող գործադրումը, Սրբազան շարժման համակարգողները և Բագրատ Սրբազանն ինքը, պետք է հաշվի առնեն նախորդ շարժումների սխալներն ու բացթողումները դրանք չկրկնելու համար:
Երրորդ, շարժման հաջողության տեսակետից, կարևոր է նաև արտաքին դաշնակիցներ ձեռք բերելը: Գաղտնիք չէ, որ Սրբազան շարժումը զուտ հայկական ու հայաստանյան շարժում է, բայց շատ կարևոր է, որ ոչ դե յուրե, այլ արդեն դե ֆակտո իշխանություն ունեցող շարժման համակարգողները սկսեն մտածել արտաքին հարաբերությունների մասին: Այդ ուղղությամբ Սրբազանն առաջին կարևոր քայլերն արեց՝ հարցազրույց տալով միջազգային լրատվականներին ու ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն կոչեր հղելով, որոնք հասցեատերը միջազգային հանրությունն էր:
Հաջորդ քայլը պետք է լինի Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպումը և ապագա ժամանակավոր կառավարության տեսլականը ներկայացնելը, արտաքին հարաբերություններում «ընդդեմը» բացառելու սկզբունքով:
Կարծում ենք, Սրբազան շարժման առաջնորդները հաշվի են առնում այս և մի շարք այլ կարևոր սկզբունքներ, մանավանդ որ նրանց քայլերը լավ հաշվարկված և ծանր ու թեթև արված մարտավարության տպավորություն են թողնում:
Սրբազան պայքարը հիրավի գոյության պայքար է, որովհետև, Աստված մի արացե, եթե շարժումը պարտվի, դա տեղի կտա նոր, ավելի լայնածավալ արտագաղթի, կազատի փաշինյանական ռեժիմի ձեռքերը նոր, ավելի խայտառակ զիջումներ անելու ու Հայաստանը անվերապահ կապիտուլյացիայի ենթարկելու համար, և անդառնալի հարված կհասցվի Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցուն, որպես ազգային կառույցի, Հայաստանը կկորցնի իր առանց այդ էլ մազից կախված ինքնիշխանությունը: Հետևաբար, վճռական մենակի հոգեբանությամբ հայ ժողովուրդը պետք է աշխարհին հայտնի իր որոշումը, ապրե՞լ, գործե՞լ ու լինե՞լ որպես ազգ, թե՞ պատմության թատերաբեմը զիջել այս տարածաշրջանը զավթած քոչվոր թուրքերին:
Անի Մելքոնյան
Ծանոթագրություններ
1. https://www.1in.am/2605400.html
2. https://www.youtube.com/watch?v=waLtoZohJr8
3. https://www.hayeli.am/?p=607341&l=am
4. https://arminfo.info/full_news.php?id=57905&lang=1
5. https://hetq.am/hy/article/124990
6. https://www.hayeli.am/?p=754597&l=am
Օգտագործված աղբյուրներ
1. https://www.1in.am/2605400.html
2. https://www.youtube.com/watch?v=waLtoZohJr8
3. https://www.hayeli.am/?p=607341&l=am
4. https://arminfo.info/full_news.php?id=57905&lang=1
5. https://hetq.am/hy/article/124990
6. https://www.hayeli.am/?p=754597&l=am