Դաշնակցության ուժն ու ապագան Դաշնակցության երիտասարդներն են. Ավարտվեցին ՀՅԴ ՆԱՈՒՄ և ՀՅԴ ՀԵՄ ամենամյա բանակումները
26 Օգոստոս 2024
Ավարտվեց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միությունների ամենամյա բանակումը։
Ավելի քան 500 երիտասարդներ կրթվեցին ազգային գիտելիքներով, մարզվեցին և զորացրին իրենց կամքը։
Բանակումի բոլոր մասնակիցները միակամ էին, որ հայ երիտասարդը անելիք ունի և ամեն օր պիտի պատրաստվի պայքարի` հանուն Հայաստանի և Արցախի։
Այս օրերին երիտասրադներին են այցելել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, դաշնակցական գործիչներ, Արցախի նախագահը, Բագրատ Սրբազանը:
Նրանք զրուցել են երիտասարդների հետ, ներկա քաղաքական իրավիճակի ու անելիքների մասին թեմաներով դասախոսություններ կարդացել եւ պատասխանել նրանց հուզող հարցերին:
Այդ կապակցությամբ՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մասնավորապես նշել է. «Դաշնակցության ուժն ու ապագան Դաշնակցության երիտասարդներն են: Ավարտվեցին ՀՅԴ ՆԱՈՒՄ և ՀՅԴ ՀԵՄ ամենամյա բանակումները։ Բյուրականում և Աղավնաձորում անցկացվող մեկշաբաթյա բանակումներին մասնակցեց շուրջ 500 երիտասարդ ՀՀ բոլոր մարզերից ու Արցախից։ Բանախոսների հետ ազգային կարևորության հարցերի քննարկումները, ամենօրյա մարզումները, մարտական դասընթացները, արշավները, ազգային երգերի և պարերի ուսուցումը երիտասարդներին զինեցին նոր հմտություններով ու գիտելիքներով, կոփեցին թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեպես»։