Լույս է տեսել «Եվրոպայի հայկական լոբբին» վերտառությամբ արժեքավոր աշխատությունը
12 Սեպտեմբեր 2024Ուսումնասիրողների, խնդրով շահագրգիռ շրջանակների և ընթերցողների սեղանին է քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի մենագրությունը՝ «Եվրոպայի հայկական լոբբին: Էթնիկ լոբբինգի էությունը և գործառնման համատեքստը» վերտառությամբ:
Աշխատության նպատակն է վեր հանել էթնիկ լոբբինգի անդրազգային քաղաքական դերակատարությունը արդի քաղաքական գործընթացներում, գնահատել Եվրոպայի հայկական լոբբիի կառուցվածքա-գործառնական հնարավորությունները, գործունեության առանձնահատկությունները, նույնականացնել լոբբիստական սուբյեկտները և հասկանալ դրանց ազդեցության շրջանակն ու ՀՀ-ԵՄ հարաբերություններում դերակատարության հնարավորությունը: Գնահատվել է էթնիկ լոբբինգի ինստիտուտի դերը քաղաքական արդիականացման գործընթացում:
Աշխատանքում միաժամանակ դիտարկվել են էթնիկ լոբբինգի հնարավորությունները՝ հանդես գալու իբրև «փափուկ ուժի» գործառնող, բացահայտվել են մուլտիկուլտուրալիզմի արժեհամակարգային պայմաններում լոբբինգի դրսևորման հնարավորությունները, համակարգային հատկորոշման է ենթարկվել «հայրենիք-սփյուռք-ընդունող պետություն» եռանկյունու փոխգործակցության և փոխազդեցության շղթան: Նույնականացվել են Եվրոպայի հայկական սփյուռքի լոբբիստական կառույցները և նրանց գործունեության հիմնական ուղղություններն ու գործիքակազմերը, բացահայտվել է ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ԵՄ քաղաքական վարքը:
Աշխատության մեջ վերլուծվել են էթնիկ լոբբինգի ներեվրոպական ընկալումը, լոբբինգի և դրա տարատեսակ էթնիկ լոբբինգի ինստիտուցիոնալ և օրենսդրական հնարավորությունները ԵՄ-ում:
Մենագրությունը նախատեսված է քաղաքագետների, պատմաբանների, հայագետների, կառավարող ընտրանու, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների և ուսանողների, ինչպես նաև ընթերցասեր լայն հանրության համար: