Բողոքի ցույց եւ երթ՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի պահանջով
01 Նոյեմբեր 2024ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմակերպությամբ այսօր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի առջե տեղի ունեցավ բողոքի ցույց:
Ցույցի մասնակիցները պահանջում էին նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հեղինակավոր համաժողովից՝ COP29-ից առաջ ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա՝ ազատ արձակելու ապօրինաբար բանտերում պահվող բոլոր հայ գերիներին և Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը:
«Կլիմայական պաշտպանությունն անհնար է առանց մարդու իրավունքների պաշտպանության»․ մասնակիցների ձեռքին այս գրությամբ տարբեր լեզուներով պաստառներ կային: Առջեւից տանում էին մեծ ցուցապաստառ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկարներով։
«Ադրբեջանը մեկ տարի առաջ Արցախում էթնիկ զտումներ է իրականացրել՝ տեղահանության ենթարկելով արցախահայությանը։ Բռնազավթված տարածքներում Ադրբեջանն առ այսօր շարունակում է մշակութային ցեղասպանություն իրականացնել՝ ջնջելով հայկական հետքն Արցախից։ Առ այսօր Բաքվում շարունակում են պատանդառված մնալ մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ, որոնց թվում են քաղաքացիական անձինք եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Կլիմայական արդարությունը չի կարող լինել առանց մարդկային արդարության եւ մարդու իրավունքների պաշտպանության։ Բռնապետական երկրում համաժողովի անցկացումը հնարավորություն է տալու Ադրբեջանին՝ մաքրելու ցեղասպանի իր արյունոտ ձեռքերը, խմբագրել բռնապետական ռեժիմի վարկանիշը։ Մենք պահանջում ենք, որ այս համաժողովին մասնակցող պատվիրակները ճնշում գործադրեն պաշտոնական Բաքվի վրա՝ ազատ արձակելու Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին»,- հայտարարվեց ՄԱԿ-ի գրասենյակի մոտ:
«Ադրբեջան ագրեսոր», «Ադրբեջան օկուպա՛նտ», «Ադրբեջան ցեղասպա՛ն». վանկարկում էին ցույցի մասնակիցները:
Նրանք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին փոխանցեցին իրենց պահանջն ու բողոքն արտահայտող նամակ, որից հետո երթով շարժվեցին դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՀՀ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ դեսպանատներ:
Դեսպանատների առջեւ ելույթներ ունեցան ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ եւ այլ քաղաքական գործիչներ:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիայի նպատակը շատ հստակ է.

«Հաջորդ շաբաթ Բաքվում տեղի է ունենալու COP29 միջազգային խորհդաժողովը, և դրան մասնակցող միջազգային կազմակերպություններից պահանջում ենք, որ անպայման ճնշում բանեցնեն Ադրբեջանի վրա, հայ ռազմագերիներին և այլ պատանդառված անձանց ազատ արձակելու նպատակով»:
Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ այսօր Ադրբեջանում է գտնվում 2 տասնյակից ավելի ռազմագերի, Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիան ՀՀ նկատմամբ, մեկ տարի առաջ Արցախում իրականացրել է ցեղասպանություն, էթնիկ զտում: Այդ հարցերը միջազգային կազմակերպությունների, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանատների առջև բարձրացնում ենք նաև մեր ժողովրդի տեսակետը՝ իրենց երկրներին փոխանցելու ակնկալիքով:
https://youtu.be/Ra9sYZL9NRU









