ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը
17 Հոկտեմբեր 2025
Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցւոյ դէմ ՀՀ իշխանութիւններուն սանձազերծած յարձակումներուն ու հալածանքներուն եւ հակազգային գործունէութեան ի տես, Հ.Յ.Դ. Բիւրոն բացարձակապէս անընդունելի կը գտնէ այդ բոլորին հեղինակ անձը արժանացնել Կիլիկիոյ կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա.-ի յատուկ ուշադրութեան, ինչ որ արդարօրէն յառաջացուցած է Սփիւռքի եւ Հայրենիքի հայ հանրութեան բուռն ընդվզումը:
Հայրենիքի մէջ տեղի ունեցածը ծրագրուած յարձակում է ոչ միայն Հայ եկեղեցուոյ, այլ հաւատաւոր ողջ հայ ժողովուրդին, անոր ինքնութեան եւ ազգային նկարագիրին վրայ, եւ երբեք կարելի չէ զայն ընկալել իբրեւ եկեղեցւոյ եւ պետութեան միջեւ հակամարտութիւն:
Այս օրերուն ՀՀ իշխանութիւններուն կողմէ բարձրաստիճան հոգեւորականներու կալանաւորումներն ու եկեղեցուոյ թիրախաւորման դատապարտելի վարքագիծը հրամայական պահանջ կը ստեղծէ՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ կաթողիկոսական աթոռներուն համընդհանուր ճիգերով պաշտպանել հայ ժողովուրդի կեանքին մէջ բացառիկ ազգային արժէք ներկայացնող եկեղեցին:
Մեր յորդորն է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ երկու Կաթողիկոսներու սերտ համագործակցութեամբ եւ իրենց շուրջ համախմբուած մեր ժողովուրդի անմնացորդ աջակցութեամբ՝ Հայ Եկեղեցին պաշտպանուի ամէն տեսակ քանդիչ, հայ ժողովուրդի ինքնութիւնը խաթարող եւ նսեմացնող ներքին ու արտաքին ոտնձգութիւններէն:
Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
17 Հոկտեմբեր 2025
Արեւելահայերեն
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը
Ականատես լինելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած հարձակումներին ու հալածանքներին և հակազգային գործունեությանը՝ ՀՅԴ Բյուրոն բացարձակապես անընդունելի է համարում այդ բոլորի հեղինակ անձին արժանացնել Կիլիկիո կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա-ի հատուկ ուշադրությանը, ինչն արդարորեն առաջացրել է Սփյուռքի և Հայրենիքի հայության բուռն ընդվզումը։
Հայրենիքում տեղի ունեցածը ծրագրված հարձակում է ոչ միայն Հայ եկեղեցու, այլև հավատավոր ողջ հայ ժողովրդի, նրա ինքնության և ազգային նկարագրի վրա, և երբեք չի կարելի այն ընկալել իբրև եկեղեցու և պետության միջեւ հակամարտություն։
Այս օրերին ՀՀ իշխանությունների կողմից բարձրաստիճան հոգևորականների կալանավորումն ու եկեղեցու թիրախավորման դատապարտելի վարքագիծը հրամայական պահանջ է ստեղծում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կաթողիկոսական աթոռների համընդհանուր ճիգերով պաշտպանել հայ ժողովրդի կյանքում բացառիկ ազգային արժեք ներկայացնող եկեղեցին։
Մեր հորդորն է՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երկու Կաթողիկոսների սերտ համագործակցությամբ և իրենց շուրջ համախմբված մեր ժողովրդի անմնացորդ աջակցությամբ Հայ Եկեղեցին պաշտպանել ամեն տեսակ քանդիչ, հայ ժողովրդի ինքնությունը խաթարող և նսեմացնող ներքին ու արտաքին ոտնձգություններից։
ՀՅԴ ԲՅՈՒՐՈ
17-ը հոկտեմբերի, 2025

