Ապրիլի 23-ին կկայանա Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ավանդական ջահերով երթը
20 Ապրիլ 2026
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կազմակերպում են ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Երթը կկայանա ապրիլի 23-ին՝ ժամը 20։00-ին:
Այն կմեկնարկի Հանրապետության հրապարակից։
Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։
Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը լոկ պատմական հիշողություն չէ, այլ կենսական պայքար հանուն հայության իրավունքների, անվտանգության և արժանապատիվ ապագայի։
Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին միանալ Ջահերով երթին։ Սա պարզապես քայլերթ չէ, սա մեր միասնականության և աննահանջ պայքարի վառ դրսևորումն է։
