ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Ճանապարհ դեպի հավերժություն

05 Հուլիս 2026 (Դ. Գասպարյան, «Եղիշե Չարենցի գրական-քաղաքական աղերսները» մենագրությունը)

Դավիթ Գասպարյանի «Եղիշե Չարենցի գրական-քաղաքական աղերսները» գիրքը չարենցագիտության մեծարժեք ուսումնասիրություն է, լույս է տեսել 2026 թ. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ և Համազգային հայ կրթական և մշակութային միության հովանավորությամբ։

Գասպարյանի հեղինակությամբ և աշխատասիրությամբ 1970-ականներից առ այսօր լույս են տեսել չարենցագիտության մեջ նոր շրջափուլ նշանավորող մի քանի մենագրություն, բանաստեղծի անտիպ երկերի երկու գիրք, Չարենցի մասին հուշերի երկու հատոր։

Չարենցի անվան հետ կապված գրապատմական անսպառ հետաքրքրությունը, որ բնորոշ է Դավիթ Գասպարյանին, պայմանավորված է Չարենցի անհատական բարդ ու հարուստ ներաշխարհով և դեռևս ամբողջացող ստեղծագործությամբ։

Այս ուսումնասիրության առանցքը Չարենցի բազմաշերտ կապերն են ժամանակի պատմաքաղաքական և գրական-մշակութային իրականության հետ։

Կենսագրական և ստեղծագործական նոր հանգամանքների ի հայտ բերումով՝ վերագնահատվում է Չարենցի պատմաքաղաքական կերպարը՝ որպես ժամանակի հայելային դիմապատկեր, ուր անհատն ու պատմությունը, գրականությունն ու քաղաքականությունը ոչ միայն մի են՝ մարմին ու ոգի, այլև բախվում են իրար, և անհատի կործանումը ժամանակի կողմից դառնում է նրա բարոյական հաղթանակի վերահաստատումը։ Այլ կերպ ասած՝ ուսումնասիրության մեջ գրական քննադատությունն օրինաչափորեն միախառնված է քաղաքական պատմագիտությանը, որովհետև միմիայն այդ ճանապարհով կարող էր ամբողջանալ գրականության և ժամանակի օրգանական կապը։

Ուսումնասիրության 21 գլուխներում ամբողջացվում է Չարենց գերմարդու կերպարը։ Հարուստ փաստերով և նուրբ, խոր ու ընդգրկուն վերլուծություններով նորովի ներկայացվում են Չարենցի կյանքի ու գործունեության, թվում է թե ծանոթ, բայց նորահայտ փաստերի լույսի ներքո ըստ ամենայնի անծանոթ իրողությունները:

Պատմության և անհատի ճանապարհի միասնությունը, որ ամբողջ գրքի փիլիսոփայական, պատմագիտական և գրականագիտական հիմնադրույթն է, բացում է և՛ 20-րդ դարի պատմության բարդ ու հակասական շերտերը, և՛ Չարենցի անհատական աշխարհի փակ էջերը։ Սա այն դեպքն է, երբ անհատի կենսագրությունն անդրադարձնում է ժողովրդի պատմությունը, իսկ պատմությունը՝ առաջնորդում է անհատի ուղին։ Ազգային ճակատագիրը ձևավորեց Չարենցին, իսկ Չարենցն իր ստեղծագործությամբ վերափոխվեց ժողովրդի գիտակցությունը, պատմաքաղաքական աշխարհայացքը։ Առանց ժամանակի պատմաքաղաքական իրադարձությունների՝ չէր լինի ամբողջական Չարենցը, և առանց Չարենցի՝ հայոց պատմության 20-րդ դարի գեղարվեստական ընկալումը կմնար թերի։

Այսպիսով՝ աշխատության տրամաբանական եզրակացությունը Չարենց գերմարդու մտահանգումն է, որ չարենցագիտության զարգացման փիլիսոփայական նոր մտայնություն է։

Ուսումնասիրությունը գնահատելի է նաև որպես պատմագիրք՝ 20-րդ դարի նշանավոր դեմքերով ու իրադարձություններով, որոնք հեղինակի հայացքով բացահայտվում են լուսապատկերային իսկությամբ, պատմության ձայնի կենդանի թրթիռներով։ Պատմության կենտրոնում Չարենցն է՝ ժամանակի գլխավոր հերոսներից մեկը՝ որպես գաղափարի կրող և պայքարի մասնակից՝ հայրենիքի կամավոր զինվոր, հեղափոխական, Հայ Յեղափոխական Դաշնակցության կառավարության պաշտոնյա, կոմունիստ, հետո նաև հակադաշնակցական ու հակակոմունիստ, բայց մշտապես ազգային գործիչ, Ստալինյան բռնատիրության և բոլշևիզմի զոհ։ Այս և ուրիշ ընդգրկումներով վերծանվում է Չարենցի կերպարը՝ որպես ազգային հավաքական հանճարի մարմնացում։

Բանաստեղծի քաղաքական համակրանքների առնչությամբ հեղինակը գրում է. «Երբեք չի եղել այնպես, որ անկախ երբեմնակի սուր առճակատումներից, խորքում իսկական դաշնակցականը և իսկական կոմունիստը նույնը չերազեին՝ ապահով և ամուր հայրենիք» (էջ 616-617), և սա վերահաստատում է այն պարզ ճշմարտությունը, որ Չարենցի միակ «կուսակցությունը» հայրենիքն էր՝ ազատ, անկախ, միացյալ Հայաստանը, որի գաղափարական ուխտավորն էր, անձնուրաց զինվորը, նաև նահատակը։ Աշխատության մեջ այս ամենը վերագնահատվում է փաստերից բխող դատողություններով՝ առանց ավելորդ զգացականության ու վերացականության. «Դժվարությունը,- գրում է գրականագետը,-փաստերի ամբողջությանը տիրապետելն ու համակարգի մեջ տեսնելն է, ինչն էլ եղել է այս ուսումնասիրության առաջադիր ծրագիրը» (էջ 618)։

Ուսումնասիրության առաջին գլուխը՝ «Եղիշե Չարենցը՝ կամավորական», սկիզբն է անհատի և ժողովրդի համատեղ ճանապարհի, որ տանում է դեպի «Դանթեական առասպել» և «Ազգային երազ»։ Պատմական իրողությունների զուսպ, բայց համապարփակ արձանագրությամբ երևան են բերվում ստեղծագործական նախադրյալներն ու նախատիպերը, նաև ազգային ներքին կյանքի հակասությունները, ինչպես՝ «Ազգային երազ» պոեմում Անդրանիկ – Դաշնակցություն հակադրությունն է՝ ի դեմս Լեգեոնի՝ Անդրանիկի, և Ահոյի՝ Ավետիս Ահարոնյանի։

Երկրորդ գլխում՝ «Եղիշե Չարենցը Առաջին հանրապետության տարիներին», ներկայացվում են առանցքային և փոխլրացնող հետաքրքրական փաստեր Հայաստանի առաջին հանրապետության պատմությունից՝ ընդգրկելով պետականության վերականգնումը, պատերազմները, հանրապետության անկումը, Հայաստանի խորհրդայնացումը, Փետրվարյան ապստամբությունը, Չարենցի գործունեությունն այդ տարիներին։ Միանգամայն նոր ու հիմնավոր բացահայտումներով վերլուծվում են պատմական ժամանակի անդրադաձները «Սոմա», «Ամբոխները խելագարված», «Չարենց-Նամե» պոեմներում, ռադիոպոեմներում և այլ գործերում։

Հաջորդ գլուխներում համապատասխանաբար և բազմաճյուղ ներկայացվում են Չարենցի կապերը ժամանակի երևելի դեմքերի հետ՝ Վահան Տերյան, Հովհաննես Թումանյան, Ավետիս Ահարոնյան, Ատոմ Յարճանյան (Սիամանթո), Դանիել Վարուժան, Նիկոլ Աղբալյան, Արշակ Չոպանյան, Արմենուհի Տիգրանյան, Վարդգես Ահարոնյան, Հակոբ Օշական, Կոստան Զարյան, Ավետիք Իսահակյան, Վահան Նավասարդյան, Խմբապետ Շավարշ Բասենցյան, Ակսել Բակունց, Երվանդ Քոչար… Ամբողջ շարադրանքի ընթացքում ներկա են նաև այլ անուններ՝ Դեմիրճյան, Զորյան, Մահարի, Աբով, Դաշտենց, Արմեն, Վշտունի և ուրիշներ… Ահա այս մարդկային-մշակութային-քաղաքական բազմաշերտ շրջագծում բացահայտվում են շատ կարևոր հարցադրումներ, որոնք լիարժեք պատկերացում են ստեղծում ժամանակի և միջավայրի վերաբերյալ։

Տասներորդ գլուխը վերաբերում է «Երկիր Նայիրի» վեպի հայեցակարգին, ուր համատեղվում են պատմական ողբերգական իրադարձություններն ու բանաստեղծի հոգեբանական-գաղափարական տեղաշարժերը։ Իսկ հայեցակարգային մտահանգումներից մեկը սա է. «Վեպը ռուս-թուրքական դաշինքին զոհաբերված և աստիճանական ոչնչացման դատապարտված Հայաստանի ողբերգությունն է՝ ընդհանուր առմամբ՝ հեգնանքի, իսկ տեղ-տեղ էլ անգամ խելագարության հասնող զավեշտի լեզվով…» (էջ 259)։

Ինչպես բոլոր գլուխներում առհասարակ, այնպես էլ այստեղ, գլխավոր երկերը դիտարկվում են այլ գործերի հետ ունեցած պատմահոգեբանական հանգույցներով՝ արդյունքում ամբողջացնելով Չարենցի ստեղծագործական ճանապարհի լիարժեք պատկերը։

Ուսումնասիրության առանցքային հարցադրումներից է Չարենցը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը թեման, որ առաջ է մղվում հետևյալ ուղղություններով՝ «Դաշնակցությունը «Էպիքական լուսաբաց» գրքում և «Լիրիքական անտրակտ» շարքում», «Դաշնակցությունը «Գիրք ճանապարհի» ժողովածուում», «Աշխարհայացքի ազգային հիմքերը և Դաշնակցության հիշատակումներն անտիպ երկերում (1935-1937)»։

Արխիվային վավերագրերով բացահայտվում են Չարենցի վերաբերմունքի իրական ու գեղարվեստական շերտերը Դաշնակցության հանդեպ՝ երևան բերելով ժամանակի հրամայականների ներքո վաղանցուկ նահանջը և վերջնական հաստատուն դարձը՝ «Դաշնակցականներին» քաղաքական հեգնանքից մինչև «Մահվան տեսիլ» պոեմ և անտիպ երկերում փոխված հայացքը. «Դաշնակցության հետ նրա առնչությունները,- ընդհանրացնում է հեղինակը,- բազմակողմանի են ու անընդհատական, և դա՝ անկախ պատմաքաղաքական իրավիճակից, որովհետև խորհրդային տարիներին ևս, թեկուզև հալածական, բայց ամեն մի խոսքի ու հիշողության մեջ Դաշնակցության գաղափարական կենդանի աննկատ շունչը կար» (էջ 4)։

Գրքի տրամաբանական ավարտը դեպի Աստված տանող մեծ ճանապարհն է. հենց այդպես էլ վերնագրված է նախավերջին՝ «Դեպի Աստված» գլուխը, որին պիտի հաջորդի խաչելություն-մահը, և Չարենցն ըստ ժամանակի պատկերացման ներկայանա որպես «քաղաքական մեղադրյալ՝ դաշնակցական, նացիոնալիստ, ժողովրդի թշնամի»։

«Դեպի Աստված» գլուխը ճանապարհի գրքի վերջին հանգրվանն է՝ այսպիսի ուշագրավ ընդհանրացումներով. ««Ես եմ ճանապարհը»,- Հովհաննես Ավետարանիչի բերանով ասվում է Տիրոջ խոսքը, որին Չարենցն արձագանքում է «Գիրք ճանապարհի» վերնագրված մի ամբողջ գրքով և դրան հաջորդող կյանքով ու կողմնորոշումով։ Տիրոջ ճանապարհի որոնումն այդուհետև Չարենցի համար դարձավ ներքին ծրագիր և նրան տարավ դեպի Աստված, որին ասում էր Տեր… Նա մեկ թափանցում է աստվածաշնչյան մոտիվների մեջ՝ «Բանք ժողովողի», ոգեկոչում գաղափարներ ու կերպարներ, հավատաքննիչների վերադարձող միջնադարին ավելանում է նախնադարը՝ մարդ-կապիկը («Էկլեզիաստես»), մեկ խորանում հայ միջնադարի մեջ՝ Նարեկացի, և որպես Աստծո, դիմում նրան («Ինչպես հնում վկան այն՝ Նարեկացին»), մեկ ուրվագծում տառապանքի խաչը շալակած և Քրիստոսի պես Գողգոթա բարձրացող տանջահար կերպարներ՝ Գրիգոր Ծերենց («Երբ բարձրանում է նա վեր», «Մի ծեր վանական»), մեկ տրվում աղոթքների («Իմ լերան աղոթքը», «22.X. 1936», «Վերջին աղոթք»)։ … Չարենցի Քրիստոսը քողարկված է, ներսում է, աղոթքի պես գաղտնի. մի պահ ինքը դառնում է նրա կրկնօրինակ-նմանակը, որի ոչ միայն ձեռքերն ու ոտքերն են գամված խաչին, այլև ամբողջ մարմինն է մեխված քաղաքական իրականության խաչափայտին։ … Ամբողջ մի կյանք ծանր փորձությունների միջով անցնելով, ընկնելով հաճախ և բարձրանալով նորից՝ իր խաչը շալակած գնաց Աստծուն ընդառաջ, սպունգով Հիսուսին մոտեցրած քացախի փոխարեն, Երևանի բանտում մեկուսացած, խմեց իր ձեռքով պատրաստած թեյի դառն ու թունդ թանձրուք, իսկ շուրթերին խաչված Փրկիչի նույն խոսքերն էին՝ «Տե՛ր, մ՛ի լքիր ինձ»։ Եվ Տերը չլքեց։ Ծնունդի ու Հայտնության բերկրանքը պարգևողը նրան շնորհեց նաև Հարության ու Վերածնունդի հրաշքը» (էջ 567-580)։

Սա Դավիթ Գասպարյանի «Անառակ որդու վերադարձը» կտավն է՝ ըստ Չարենցի հոգևոր դարձի:

Աշխատությունը համալրված է նաև հավելվածներով, որոնք լրացուցիչ տեղեկություններ են հաղորդում հարցադրումների շրջանակում։
Ամփոփենք. Դավիթ Գասպարյանի «Եղիշե Չարենցի գրական-քաղաքական աղերսները» մենագրությունը հիրավի նոր խոսք է չարենցագիտության մեջ, որի հիմնական նորույթը բազմաթիվ նոր փաստերի ամուր տրամաբանությամբ ստեղծված Չարենց-պատմություն ճանապարհի համապատկերայնությունն է, ուր համակշիռ են պատմությունն ու գրականությունը, և փոխլրացված՝ ժամանակն ու անհատը՝ որպես և՛ առանձին հերոսներ, և՛ երկվորյակներ։

Նարինե Հովհաննիսյան
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

«Դրօշակ» թիվ 6 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Աստուած իմ, գոհարեղէ՜նս»

Յաճախ թերթերու կտրօններ մէկ կողմ կը դնեմ առիթով մը անդրադառնալու համար անոնց։

05 Հուլիս 2026
Տարագիրների հանդեպ քաղաքականությունը Հ

«Ճակատամարտ» օրաթերթը հրատարակվել է 1918-1924 թթ. Օսմանյան Թուրքիայի մայրաքաղա

05 Հուլիս 2026
Հետընտրական գործընթացները Հայաստանում:

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները,

05 Հուլիս 2026
Միացումից անկախացում: Ներքաղաքական խմո

Պատմության լուսարձակ «Դրօշակի» 2026 թ.․ երկրորդ համարում «Միացումից անկախաց

05 Հուլիս 2026
Ճանապարհ դեպի հավերժություն

Դավիթ Գասպարյանի «Եղիշե Չարենցի գրական-քաղաքական աղերսները» գիրքը չարենցագիտու

05 Հուլիս 2026
«Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը որպես ա

Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների շարքում, վերջին տարիների

05 Հուլիս 2026
Ազգի երազանքը և պատմական հիշողությունը

Ազգերը գոյատևում են ոչ միայն իրենց տարածքով, բանակով կամ տնտեսությամբ, այլև, ա

05 Հուլիս 2026
Քաոս, որի վերջին հանգրվանը ինքնաոչնչաց

Պատերազմների պատմությունը վկայում է, որ ցանկացած բանակի կործանումը ոչ թե նահան

05 Հուլիս 2026
«Օղակ» գործողություն. արցախահայության

Արցախյան հակամարտության պատմության մեջ «Օղակ» գործողությունը (ռուսերեն՝ Операц

05 Հուլիս 2026
5 քաղաքական ուժերի համատեղ հայտարարութ

Այսօր Սահմանադրական դատարանը հրապարակեց անցած խորհրդարանական ընտրությունների ա

04 Հուլիս 2026
Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը քննար

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ակտիվ քննարկման թ

04 Հուլիս 2026
Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն

Տասնյակ հայ գերիներ, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, շարունակ

04 Հուլիս 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Գողացված ընտրու

Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները շատերն էին բնորոշում որպ

04 Հուլիս 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակի» ընթացիկ տարվա վեցերորդ համարը: 2026 թվականի

03 Հուլիս 2026
Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը կոչ է

Թերեզա Երեմեանի վկայութիւնը Սենատի յատկացումների ենթայանձնաժողովում աջակցում է

03 Հուլիս 2026
Իսրայելի հետ մեր շահերի համընկնումից պ

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը պետք է դիտարկել

03 Հուլիս 2026
Խոչընդոտ Ստեղծող Ցեղասպանութեան Ճանաչո

Նման որոշում հեռու է զգացական եւ հոգեբանական ապրումներէ։ Մութ հաշիւներ, որոնք

03 Հուլիս 2026
Ակնարկ. Լիբանանի Մէջ Թրքական Խաղեր` Մր

Լիբանան-Իսրայէլ ստորագրուած շրջանակային համաձայնագիրի նկատմամբ կան ուշագրաւ մե

03 Հուլիս 2026
Ռուսական էներգակիրների փոխարինումը տեխ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ հայկական արտահանումը եվրոպակ

02 Հուլիս 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Աﬔրիկայի 60-րդ Շրջանային ժողովը գումար

02 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company