«Հանուն Արցախի»՝ միասին, Արցախ վերադառնալու հավատով
12 Օգոստոս 2026
Արցախից բռնի տեղահանությունից հետո ժամանակը չի կարող մեզ հեռացնել Արցախից։ Ընդհակառակը՝ այն ավելի է ամրապնդել մեր հիշողությունը, ինքնությունը և վերադարձի հավատը։
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության և ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության համատեղ նախաձեռնությամբ այս տարի ևս անցկացվեց «Հանուն Արցախի» խորագրով երիտասարդական բանակումը, որին մասնակցեցին 13-18 տարեկան շուրջ 160 պատանիներ ու երիտասարդներ՝ Արցախից և Սփյուռքից։
Տեղահանությունից ի վեր կազմակերպվող այս բանակումները դարձել են արցախցի երիտասարդների համախմբման կարևոր օջախներ։ Այստեղ նրանք ոչ միայն միասին օրեր են անցկացնում, այլև ճանաչում, լսում ու հասկանում միմյանց, կիսվում Արցախից բերված հիշողություններով և միասին պահում այն, ինչ ոչ ոք չի կարող մեզանից խլել՝ Արցախի նկատմամբ մեր կապն ու վերադարձի հավատը։
Մեկ շաբաթվա ընթացքում բանակման մասնակիցները ներգրավվեցին ազգային, կրթամշակութային ու մարզական ծրագրերում, մասնակցեցին երգի ու պարի դասերի, թիմային աշխատանքների և տարբեր նախաձեռնությունների։
Առանձնահատուկ տեղ էր հատկացված արցախյան մշակութային ժառանգության պահպանմանը։ Արցախյան բարբառը, երգը, պարը, ավանդույթներն ու հիշողությունները դարձան այն անտեսանելի թելը, որը միավորում էր բոլորին։
Բանակումը նաև հնարավորություն էր ճանաչելու Հայաստանը։ Գոշավանք, Թեժառույքի վանական համալիր, Գոշ լիճ․ այս վայրերը մասնակիցների համար դարձան նոր բացահայտումների ու հայրենի հողի հետ կապն ավելի ամրապնդող գեղեցիկ հիշողություններ։
Հուզիչ էր բաժանումը, որովհետև մեկ շաբաթվա ընթացքում ձևավորվել էին նոր ընկերություններ, ծնվել էին նոր հիշողություններ, իսկ «մինչ նոր հանդիպում»-ը դարձել էր ոչ թե պարզապես խոսք, այլ սպասում։
Նշենք, որ բանակման շրջանակում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը հանդես է եկել դասախոսությամբ՝ անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և ռազմագերիների խնդրին։
Արա Պուլուզյանն ընդգծել է, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները պահպանում են ամուր ոգին ու արժանապատիվ կեցվածքը։ Նա շեշտել է, որ գերիների վերադարձի և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը պետք է մնա համազգային օրակարգի առաջնահերթությունների շարքում, իսկ երիտասարդությունը կարևոր դերակատարում ունի այդ պայքարն առաջ մղելու գործում։


