Երբ քաղաքական իշխանությունն է որոշում՝ ով պետք է ղեկավարի եկեղեցին, իրավական պետության հետ դա կապ չունի
18 Օգոստոս 2026
ԱԺ-ում այսօր՝ օգոստոսի 18-ին շարունակվում է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի թեկնածության քննարկումը։
Իր ելույթում Լիլիթ Գալստյանը, խոսելով ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության, մամուլի ազատության պաշտպանության հետ կապված մի շարք խնդիրների մասին, մտահոգություն հայտնեց նաև հայ առաքելական եկեղեցու դեմ կատարվողի վերաբերյալ ու հայտարարեց․ «Սահմանադրական երեք հոդվածներով պետությունը երաշխավորում է խղճի և կրոնի ազատությունը, նաև կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը։
ՄԻԵԴ վճռով արձանագրվել է, որ պետական դատարաններն իրավասու չեն քննելու եկեղեցու ներքին կարգին առնչվող և կանոնական իրավունքով կարգավորվող հարցերը, քանզի այդպիսի միջամտությունը ոչ միայն խաթարում է կրոնական կազմակերպության ինքնավարությունը, այլև մարդկանց՝ մեր բոլորի խղճի ու դավանանքի ազատության իրավունքը։
Քաղաքական մեծամասնությունը հանցավոր և բացահայտ հակասահմանադրական ընթացք է որդեգրել՝ հայտարարելով Վեհափառ տիրոջը հրաժարական պարտադրելու և ազգային ինքնավար եկեղեցու կառավարման կարգը փոխելու՝ իր նպատակադրումը։ Երբ իշխանությունն է որոշում, թե ով պետք է ղեկավարի եկեղեցին՝ ընդ որում՝ ամեն գնով, սա այլևս խոսում է ամեն բանի մասին, բայց ոչ իրավական պետության»։
