Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորումից մինչև ապագայակերտ մտածողություն
09 Հոկտեմբեր 2026
Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախը հայաթափված է, իսկ արցախահայությունը՝ զրկված հայրենի բնակավայրեր վերադառնալու հնարավորությունից։ Սակայն տարածքի նկատմամբ ֆիզիկական վերահսկողության և հասանելիության կորուստը չի դարձնում սեպտեմբերի 2-ը միայն անցյալին վերաբերող ամսաթիվ։ Այն նշանակալի է հատկապես այսօր, որովհետև հիշեցնում է պատմական շրջադարձի մասին, երբ հայկական նորագույն պատմության մեջ կոտրվեց տարածքային կորուստների շղթան և վերականգնվեց սեփական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը։
Այդ իրավունքը չմնաց միայն թղթի վրա արձանագրված պահանջ։ Արցախյան պայքարի ու պետականաշինության շնորհիվ այն դարձավ ավելի քան երեք տասնամյակ ապրած իրականություն՝ պետական կառույցներով, պաշտպանական համակարգով, կազմակերպված հանրային ու մշակութային կյանքով, երազանքներով ու ապագայի տեսլականով։
Արցախի անկախության և ազատագրման փորձը փոխեց նաև հայության ինքնընկալումը՝ ամրագրելով, որ հայը ոչ միայն կորուստներ ու զրկանքներ կրած ազգ է, այլև ինքնակազմակերպվելու, հաղթելու և պատմության ընթացքի վրա ազդելու ընդունակ քաղաքական սուբյեկտ։ Արցախյան հաղթանակը դարձավ ազգային ինքնության անքակտելի մասը որպես հավաքական ուժի ու պատմական ընթացքը փոխելու կարողության ապացույց։
Արցախի Հանրապետության պետականության կործանումն ու բռնի հայաթափումը փոխել են իրավիճակը, բայց չեն վերացրել պատմական իրադարձության նշանակությունը։ Այսօր հարցը ոչ միայն այն է, թե ինչպես ենք գնահատում անցյալն ու ներկան որպես կատարված փաստ, այլև այն, թե ինչ իմաստ ենք տալիս այդ փորձին և ինչն ենք պահպանում դրանից ապագայի համար։ Հավաքական հիշողությունը պարզապես անցյալի արձանագրություն չէ․ այն նաև անցյալի վերաիմաստավորման, հասարակության ինքնընկալման, նպատակների և հնարավոր ապագայի ձևավորման գործոն է։ Եթե 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների հետևանքը հետադարձ ուժով դարձնենք նախորդ փորձի գնահատման չափանիշ, ապա անկախության ձգտումը, հայրենիքի ազատագրումն ու պետականաշինությունը կընկալվեն որպես սխալ, իսկ անզորությունն ու հարմարվելը՝ միակ իրատեսական դիրքորոշում։ Մինչդեռ ապագայի կառուցումը հիմնվում է նաև այն արժեքային և գաղափարական նախադրյալների վրա, որոնք ավելի բարձր նշաձող են սահմանում, քան հասարակությունն իր ներկա վիճակում պատրաստ է ընկալել և ընդունել։ Հետևաբար, սեպտեմբերի 2-ի իմաստավորման հարցը վերաբերում է ոչ միայն անցյալի հիշողությանը, այլև ապագան ձևակերպելու և դրա համար գործելու մեր կարողությանը։
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Դրան հաջորդեցին դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն և 1992 թվականի հունվարի 6-ի պետական անկախության հռչակագիրը։ Նույն պատմական ժամանակահատվածում՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, Հայաստանի բնակչությունը հանրաքվեով հաստատեց անկախ պետություն ունենալու իր կամքը։ Թեև երկու գործընթացները տարբեր էին միջազգային կարգավիճակով և հետագա ճակատագրով, երկուսն էլ հայ ազգին վերադարձրին սեփական ճակատագրի վերաբերյալ որոշում կայացնողի դիրքը։ Սակայն Արցախի հռչակված անկախության իրական նշանակությունը բացահայտվեց ոչ միայն ընդունված փաստաթղթերով, այլև հաջորդած փորձության ընթացքում։
Արցախյան շարժումը գոյաբանական պայքար էր, որը պսակվեց հաջողությամբ։ 1992 թվականին Շուշիի ազատագրումն ու մայր Հայաստանի հետ ցամաքային կապի հաստատումը, ինչպես նաև պաշտպանական և պետական կառույցների ձևավորումը փաստեցին, որ քաղաքական որոշումը կարող է նյութական ուժ ստանալ։ Միաժամանակ այդ պայքարն ուղեկցվեց Շահումյանի և այլ բնակավայրերի կորստով, բնակչության տեղահանությամբ, զոհերով ու պատերազմի ծանր հետևանքներով։ Այս ամենը թույլ չի տալիս անցյալը ներկայացնել միայն հաղթանակների պատմություն, սակայն չի փոխում գլխավոր փաստը․ հայ ազգը կարողացել էր կազմակերպվել, դիմադրել և փոխել իրադարձությունների ընթացքը։ 1994 թվականի հրադադարով ամրագրված արդյունքը տևականորեն հաստատեց այդ փորձի կենսունակությունը։
Ծանր գնով ձեռք բերված հաղթանակը միաժամանակ հայ ժողովրդի մեջ ամրապնդեց վստահությունը սեփական հավաքական ուժի և կազմակերպված գործելու կարողության հարցում, նաև համոզմունքը, որ համատեղ ջանքը կարող է քաղաքական արդյունք տալ։ «Հաղթողի ինքնընկալումը» ռազմական ինքնագոհություն կամ ուժի մշտական առավելության պատրանք չէ։ Այն սեփական կարողությունների գիտակցումն է, որն անհրաժեշտ է երկարաժամկետ նպատակներ ձևակերպելու, հաստատություններ կառուցելու և դժվարությունների պայմաններում գործելու համար։ Այդ գիտակցումն ինքնին որևէ հաղթանակ չի երաշխավորում, սակայն դրա բացակայությունը հասարակությանը զրկում է մեծ նպատակներ առաջադրելու և դրանց հասնելու համար կազմակերպվելու ներքին հենարանից։
Հասարակություններն ապագան ձևակերպում են այն հնարավորությունների շրջանակում, որն իրատեսական են համարում։ Եթե հավաքական հիշողության մեջ գերակշռում են միայն աղետները, կորուստներն ու օտարների որոշումներին հարմարվելը, ապա ապագան նույնպես սկսում է ընկալվել առավելապես որպես գոյատևում։ Արցախյան շարժման և 1990-ականների փորձը փոխեց այդ շրջանակը։
Այն ցույց տվեց, որ պատմական կորուստը պարտադիր չէ մշտական համարել, իսկ տվյալ պահին գոյություն ունեցող ուժերի հարաբերակցությունը՝ պատմության վերջնական վճիռ։
Հենց այդ ներքին հենարանն էլ խաթարեցին 2020–2023 թվականներին կրած պարտությունն ու կորուստը։ Դրանց հետևանքները միայն տարածքային և քաղաքական չէին։ Պատերազմը, իննամսյա շրջափակումը, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը և ավելի քան հարյուր հազար արցախահայերի բռնի տեղահանումը վերացրին Արցախում հայկական կյանքի նյութական ու ինստիտուցիոնալ միջավայրը։ Սակայն կորստի հետևանքները դրանով չեն սահմանափակվում։ Խաթարվել է նաև տասնամյակներով ձևավորված կապը համատեղ պայքարի, կազմակերպված աշխատանքի և պատմական արդյունքի միջև։ Երբ երկարատև պայքարի արդյունքը կորսվում է, կասկածի տակ է դրվում ոչ միայն վարած քաղաքականության արդյունավետությունը, այլև սեփական ուժերով որևէ բան փոխելու հավատը։ Հետևաբար Արցախի կորուստը խախտեց ոչ միայն քաղաքական ու տարածքային իրողությունը, այլև ազգային ինքնության կարևոր հենարաններից մեկը։
Կորուստն անխուսափելի հայտարարելը կարող է ժամանակավորապես մեղմել պարտության ծանրությունը, սակայն նման բացատրության երկարաժամկետ հետևանքն անզորության զգացման ամրապնդումն է։
Հասարակությունը սկսում է նախաձեռնողականությունը կապել աղետի, իսկ խոհեմությունը՝ միայն հարմարվելու հետ։ Պարտությունն այդ դեպքում այլևս չի ընկալվում որպես կոնկրետ պատճառներ ունեցող արդյունք, այլ վերածվում է այն համոզմունքին, թե մենք առհասարակ չենք կարող ազդել մեր պատմության ընթացքի վրա։ Նման մտայնություններն ավելի կործանարար կարող են լինել, քան ինքնին պարտությունը։
Ներքին ռեսուրսների սպառումն ու իրավիճակի հետ համակերպվելը լրացուցիչ խթան են ստանում, երբ հակադրվում են «Պատմական Հայաստանն» ու «Իրական Հայաստանը», իսկ ներկա սահմաններն ու ուժերի հարաբերակցությունը ներկայացվում են ոչ միայն որպես խաղաղության նախապայման, այլև դրանցով առաջարկվում է սահմանափակել ազգային հիշողությունն ու հնարավոր ապագայի նպատակները։ Մինչդեռ փաստացի իրականությունն ընդունելը չի պահանջում Արցախի ազատագրումն ու պետականաշինության հռչակումը սխալ կամ վտանգավոր պատրանք։ Այդ փորձի մերժումը հասարակությանը զրկում է պարտությունից հոգեբանորեն վերականգնվելու, նոր նպատակներ ձևակերպելու և համատեղ գործողության իմաստը վերագտնելու ներքին հենարանից։
Հայաստանի և Արցախի անկախության հիշողություններն այս իմաստով մրցակից չեն։ Հայաստանի անկախությունը շարունակվող պետական իրականություն է, իսկ Արցախի անկախությունը՝ ուժով կործանված, բայց հայկական պատմական փորձից չվերացած քաղաքական իրողություն։ Հայաստանի պետականության ամրացումը չի պահանջում Արցախի անկախության փորձի մերժում։ Սոցիալ-հոգեբանական տեսանկյունից խնդիրը հաղթանակի և պարտության փորձերը մեկ ամբողջական պատմության մեջ միավորելն է՝ ո՛չ հաղթանակի հիշողությունը ջնջելով, ո՛չ էլ՝ անցյալն անքննելի դարձնելով։ Այդ պատմության մեջ պետք է տեղ ունենան ինքնորոշման իրավունքը, ազատագրումն ու պետականաշինությունը, բայց նաև պարտության պատճառները, կառավարման սխալները, կորուստը և պատասխանատվությունը։ Այսպիսի հիշողությունը միաժամանակ պահպանում է հասարակության ինքնահարգանքը և թույլ է տալիս պատասխանատվությամբ քննել սխալները։
Այս վերաիմաստավորումը տեսանելի է նաև Անկախության օրվա նշման փոփոխության մեջ։ Վերջին տոնակատարությունը տեղի ունեցավ Ստեփանակերտում 2022 թվականին՝ Ազատության հրապարակից երթով և Վերածննդի հրապարակում հանրահավաքով։ Հաջորդ տարի՝ շրջափակման իններորդ ամսում, տոնական ձևաչափ այլևս չկար։ Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց հանրապետական մաղթանք, ապա պետական և հոգևոր ներկայացուցիչներն այցելեցին հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցեցին զոհվածների հիշատակին։ Տասնյոթ օր անց սկսվեց ադրբեջանական հարձակումն ու Արցախի ամբողջական հայաթափումը։
Բռնի տեղահանումից հետո օրը նշելու հանրային հարթակը տեղափոխվեց Երևան։ 2024 թվականին հիշատակի և հանրային հավաքներ տեղի ունեցան Եռաբլուրում ու Արցախի ներկայացուցչության մոտ։ 2025 թվականին Եռաբլուրում բացվեց «Արցախի կանչը» հուշահամալիրը, անցկացվեց վերադարձի իրավունքին նվիրված միջազգային համաժողով և «Վերադարձ» հանրահավաք։ 2026 թվականի ծրագիրը ներառում էր ծաղկադրում, Արցախի ներկայացուցչությունում հանդիսավոր նիստ և արցախյան մշակութային խմբերի մասնակցությամբ միջոցառում։
Այսպիսով, փոխվեց ոչ միայն միջոցառումների անցկացման վայրը, այլև դրանց խորհուրդը։ Տոնը դարձավ կորսված պետականության, խախտված իրավունքների և վերադարձի հնարավորության մասին հանրային խոսքի առիթ։ Այս նոր ձևաչափը թեև կարող է Արցախի հարցը պահել համազգային օրակարգում և հակազդել հայկական ներկայության հետքերի ջնջմանը, սակայն եթե դրա առանցքում մնա միայն կորստի գաղափարը, ապա կամրապնդվի պարտվածի, անզորի ինքնընկալումը և կործանարար կդառնա հավաքական ինքնության համար։
Վերադարձի հարցն այս պայմաններում չի կարող մնալ միայն զգացմունքային ցանկություն։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, որով Ադրբեջանը պարտավորվել է ապահովել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Արցախը լքած և վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ ու անխոչընդոտ վերադարձը, այդ աշխատանքի կարևոր իրավական հիմքերից է։ Որոշումն ինքնաբերաբար իրագործելի չի դարձնում վերադարձը, բայց հաստատում է, որ հարցը փակված չէ ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական առումով։
Մյուս խնդիրն արցախահայերի ինքնության և համայնքային կապերի շարունակականության պահպանումն է։ Եթե արցախահայերը դիտվեն միայն որպես սոցիալական աջակցություն ստացող տեղահանվածների խումբ, Արցախի հարցը կարող է աստիճանաբար դուրս մղվել համազգային օրակարգից և վերածվել միայն սոցիալական խնդրի։ Պետք է պահպանվեն ներկայացուցչական, կրթական ու մշակութային կառույցները, համայնքային կապերը, փաստաթղթերն ու ընտանեկան հիշողությունները։ Արցախի պատմությունը պետք է շարունակի ներկա լինել կրթության, գիտական ուսումնասիրությունների և հանրային խոսքի մեջ։ Սա անցյալը սառեցնելու փորձ չէ, այլ բռնի ընդհատված ինքնության շարունակականությունը պահպանելու միջոց։
Սեփական ուժերի նկատմամբ վստահությունը հնարավոր չէ վերականգնել միայն կոչերով կամ խորհրդանշական միջոցառումներով։ Այն վերականգնվում է, երբ համատեղ աշխատանքը տալիս է տեսանելի, թեկուզ սահմանափակ արդյունքներ։ Այդպիսի աշխատանք կարող է լինել տեղահանվածների իրավունքների իրավական պաշտպանությունը, գույքային պահանջների ու վերադարձի հնարավորությունների փաստագրումը, մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային մեխանիզմների օգտագործումը, ինչպես նաև հանրային ընկալման մեջ Արցախի հարցի կարևորության պահպանումը։
Յուրաքանչյուր ձեռք բերված արդյունք վերականգնում է կապը գործադրված ջանքի և դրա հետևանքի միջև ու թուլացնում տարածվող անզորության զգացումը։
Հիշողությունն ապագայակերտ է դառնում հենց այս ճանապարհով։ Այն պատրաստի ծրագիր կամ լավատեսական կարգախոս չէ և չպետք է հասարակությանը պահի ո՛չ անցյալի հաղթանակներով ինքնագոհություն ապրելու, ո՛չ էլ պարտության մեջ անշարժ մնալու վիճակում։ Նրա դերն ինքնության շարունակականությունը պահպանելն է, սխալներից դասեր քաղելը և նոր պայմաններում համատեղ գործելու կարողությունը վերականգնելը։ Անցյալի հաղթանակը չի երաշխավորում ապագա հաջողություն, բայց ներկայի կորուստն էլ չի ապացուցում, թե Արցախի ինքնորոշման նպատակը սկզբից ի վեր անհնար կամ անիրավացի էր։ Ներկա իրականությունը պետք է ընդունել որպես քաղաքական գործողության նոր ելակետ, ոչ թե որպես հավաքական հիշողության, ազգային նպատակների և հնարավոր ապագայի վերջնական սահման։
_______________________________
I Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում կառավարության ծրագրի (2021-26թթ.) 2023թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը – ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները – Լրատվություն – Հայաստանի Հանրապետության վարչապետ
II Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում կառավարության ծրագրի (2021-26թթ.) 2023թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը – ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները – Լրատվություն – Հայաստանի Հանրապետության վարչապետ
III ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան, Armenia v. Azerbaijan, 17 November 2023 The Court indicates provisional measures | INTERNATIONAL COURT OF JUSTICE
Լուսինե Մխիթարյան
