Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրությունը փոխելու Փաշինյանի ջանքերն ավելի կուժեղանան
22 Հոկտեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպումները միգուցե նոր են, բայց գաղափարը նոր չէ։ Այո, ինքը ասել էր, որ իրեն սահմանադրական մեծամասնություն է պետք, որպեսզի փոխի Սահմանադրությունը, որովհետև դա Ալիևի նախապայմանն է խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե եթե ընդդիմությանը չկարողանա համոզել, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտություն են, ապա բացառված չէ, որ ինքը կգնա արտահերթ ընտրությունների։
«Այն, որ սահմանադրական փոփոխությունները նախապայման են խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար, դրա մասին նույնիսկ երեկ Արարատ Միրզոյանն է հայտարարել։ Փաշինյանը փաստորեն ասում է, որ եթե չկարողանամ համոզել ընդդիմությանը՝ խորհրդարանը կարձակեմ և կգնամ նոր ընտրությունների։
Ինքը նախապատրաստվում է այդ արտահերթ ընտրություններին։ Այս բոլոր բռնությունները, ձերբակալությունները, սպառնալիքները՝ կուսակցություններ փակելու, այս ամենն անում է՝ նախապատրաստվելով նոր ընտրությունների։
Ես կարծում եմ, որ Ալիևի ճնշման աճին զուգընթաց՝ Սահմանադրությունն անցկացնելու ուղղությամբ իր ջանքերն ավելի կակտիվանան, հետևապես նաև ընդդիմության վրա ճնշումները կմեծանան»,- ասաց Խաչատրյանը։
Հարցին, թե ընդդիմությունը որքանո՞վ է պատրաստ այդ ընտրություններին, եթե, իհարկե, այդպիսիք լինեն, Խաչատրյանն հույս հայտնեց, որ եթե լինեն նոր ընտրություններ, ապա իրապես ընդդիմադիր քաղաքական ուժերը կանսան իրենց նախորդ խորհրդին և կմասնակցեն ընտրություններին երկու-երեք խոշոր բլոկով, ոչ թե 20 կուսակցություններով և դաշինքներով, որոնց մեծամասնությունը նույնիսկ 1%-ի շեմը չէր կարողացել հատել։
