ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝ Արտաշատում
22 Հոկտեմբեր 2026
Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն այսօր, հոկտեմբերի 22-ին անցկացրեց ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունեցավ Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հրապարակում էին համայնքի ղեկավարի թեկնածու Գերասիմ Վարդանյանն ու թիմակիցները, որոնք ընտրություններից առաջ իրենց ուղերձը հղեցին արտաշատցիներին:
Ելույթ ունեցան ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը, ՀՅԴ Արտաշատի Դուման կոմիտեի անդամ, ավագանու թեկնածու Անի Ազատյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Գերասիմ Վարդանյանը:
«Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել, իմացեք՝ ձեզանից յուրաքանչյուրը շատ կարևոր գործ է անում։ Դուք դիմադրության օջախներն եք։ Այն ծանր բեռը, որ միասին վերցրել ենք, տանելու ենք մինչև վերջ։ Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին »,- հանրահավաքին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը, հավելելով՝ «Այսօր մեր թիմը՝ Գերասիմ Վարդանյանի գլխավորությամբ ձեզ առաջարկում է այլընտրանք։ Մի կողմում կանգնած է Արցախը հանձնած, մեր ժողովրդին մահ, պատերազմ, ողբերգություն բերած ՔՊ–ն՝ Նիկոլի գլխավորությամբ, մյուս կողմում՝ խորքով հայկական, ազգային պահանջատեր ՀՅԴ–ն»:
Տարոն Տոնոյանը, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, ասաց.«Յուրաքանչյուրիս առջեւ կանգնած է պայքարը շարունակելու հրամայականը: Մենք միշտ պետք է պայքարենք ի հեճուկս մեր արտաքին եւ ներքին թշնամիների: Դաշնակցությունը երբեք չի կարող հանդիսատես լինել երկրում կատարվող իրադարձություններին:
«Դաշնակցության համար 2020 թվականին սկսված պատերազմը չի ավարտվել, քանի որ պայքարը շարունակվում է հայկական ինքնության, եկեղեցու, ազգային արժեքների և պետականության դեմ»,- իր ամփոփիչ ելույթում հայտարարեց Գերասիմ Վարդանյանը՝ հանրահավաքի մասնակիցներին կոչ անելով հոկտեմբերի 25-ին անվարան գնալ ընտրատեղամասեր և ձայնը տալԴաշնակցությանը:
Հանրահավաքն ավարտվեց հայրենասիրական երգերով՝ երգիչ-երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի կատարմամբ:
Այնուհետեւ մասնակիցները երթով շարժվեցին դեպի Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցի:
Մանրամասները՝ տեսանյութում






