Ակնարկ. TRIPP-ի իրականութիւնը
25 Նոյեմբեր 2026
Հայաստանի ինքնիշխանութիւնը, ամերիկեան տնտեսական ներկայութիւնը, Իրանի ռազմավարական մտահոգութիւնները եւ մի հարց, որին դեռեւս լիարժէք պատասխան չի տրւել` Հայաստանը հաղորդակցութեան նոր ուղի՞ է կառուցում, թէ՞ իր տարածքով ձեւաւորում է մի նոր աշխարհաքաղաքական իրականութիւն, որի հետեւանքները դեռեւս ամբողջութեամբ գնահատւած չեն։
2026 թւականի նոյեմբերի 22-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսաուղերձներով ազդարարեցին TRIPP նախագծի պաշտօնական մեկնարկը։ Հրապարակւած պաշտօնական փաստաթղթերի եւ վերջին զարգացումների ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ TRIPP-ի շուրջ քննարկումը վաղուց դուրս է եկել ճանապարհաշինութեան եւ տարածաշրջանային հաղորդակցութիւնների ապաշրջափակման շրջանակից։ Այն դարձել է Հարաւային Կովկասում ուժերի յարաբերակցութեան, արտաքին դերակատարների ներկայութեան, Հայաստանի պետական ինքնիշխանութեան եւ Իրանի անվտանգային շահերի փոխկապակցւած խնդիր։
Այս հարցում ուշագրաւ է նաեւ Թեհրանի ներսում ի յայտ եկած տարբեր մօտեցումները։ Սակայն հիմնական հարցերը հետեւեալն են. ի՞նչ է իրականում ստորագրել Հայաստանը, ի՞նչ իրաւունքներ է նախատեսում այդ համաձայնութիւնը եւ ի՞նչ երկարաժամկէտ հետեւանքներ կարող է ունենալ այն։
ՃԱՆԱՊԱՐՀ ՈՐԸ ՍԿՍՒՈՒՄ ԵՒ ԱՒԱՐՏՒՈՒՄ Է ադրբեջանի ՏԱՐԱԾՔՈՒՄ
TRIPP-ը նախատեսում է ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցութիւն՝ Հայաստանի Սիւնիքի մարզով։ Այսինքն՝ ճանապարհի երկու ծայրերը պատկանում են նոյն պետութեանը, իսկ տարանցումն իրականացւում է երրորդ պետութեան՝ Հայաստանի ինքնիշխան տարածքով։ Սա է այս ծրագրի աշխարհաքաղաքական առանցքային առանձնայատկութիւնը։
Հայաստանը տրամադրում է իր տարածքը, որի միջոցով ադրբեջանը կապ է հաստատում առանձնացւած Նախիջեւանի հետ։ Միաժամանակ նախագիծը նախատեսւում է ներառել Կասպից ծովից դէպի Եւրոպա ձգւող Անդրկասպեան առեւտրային հաղորդակցութիւնների աւելի լայն համակարգում։
Հետեւաբար հարցը միայն այն չէ, թէ ինչպէս պէտք է կառուցւի երկաթուղին կամ ճանապարհը։ Հարցն այն է, թէ ո՞վ է կառավարելու ենթակառուցւածքը, ո՞վ է վերահսկելու դրա շահագործման որոշումները, ինչպէ՞ս են իրականացւելու սահմանային ու մաքսային գործողութիւնները եւ ի՞նչ երաշխիքներ կան, որ Հայաստանի տարածքը չի վերածւի արտաքին ուժերի աշխարհաքաղաքական մրցակցութեան գործիքի։
Չմոռանանք որ Հաղորդակցութիւնների ապաշրջափակումը կարող է բխել Հայաստանի տնտեսական եւ պետական շահերից, սակայն դա չի նշանակում, որ ցանկացած կառավարման կամ շահագործման մոդել ինքնաբերաբար համապատասխանում է այդ շահերին։
49 տարի, 74 տոկոս եւ 26 տոկոս. ի՞նչ է ասում փաստաթուղթը
Ծրագրի իրաւական եւ տնտեսական կառուցւածքի ամենակարեւոր փաստաթուղթը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ TRIPP-ի ռազմավարական համագործակցութեան շրջանակային համաձայնագիրն է, որի ամբողջական տեքստը հրապարակւել է 2026 թւականի մայիսի 26-ին, իսկ ստորագրումը տեղի է ունեցել յունիսի 4-ին։
Փաստաթուղթը նախատեսում է TRIPP Development Company (TDC) համատեղ ընկերութեան ստեղծում՝ Հայաստանում գրանցւած բաժնետիրական ընկերութեան ձեւով։ Ընկերութեան ամերիկեան կողմը պէտք է պատկանի ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսաւորման կորպորացիային (DFC) ամբողջութեամբ պատկանող դելաւէրեան ընկերութեանը։ Բաժնեմասերի նախատեսւած բաշխումը հետեւեալն է.
ԱՄՆ կողմ՝ 74 տոկոս, այսինքն՝ վերահսկիչ բաժնեմաս։
Հայաստանի Հանրապետութիւն՝ 26 տոկոս։
Համաձայնագրի 3-րդ յօդւածով նախատեսւում է, որ սկզբնական 49-ամեայ ժամկէտի աւարտին կողմերը կարող են փոխադարձ համաձայնութեամբ երկարաձգել պայմանաւորւածութիւնները եւս 50 տարով։ Այդ դէպքում Հայաստանի բաժնեմասը կը բարձրանայ 49 տոկոսի՝ առանց լրացուցիչ ներդրում կատարելու։ Կարեւոր է ընդգծել, որ երկարաձգումը ինքնաբերաբար չի կատարւում. այն կախւած է կողմերի փոխադարձ համաձայնութիւնից։
Սակայն բաժնեմասերի այս թւաբանութիւնը պէտք է դիտարկել ոչ միայն տնտեսական, այլեւ կառավարման տեսանկիւնից։ 74 տոկոսը նշանակում է ամերիկեան կողմի վերահսկիչ մասնակցութիւն ընկերութեան բաժնետիրական կառուցւածքում։ Հայաստանի 26 տոկոսը, ինքնին, չի ապահովում ընկերութեան սովորական կառավարման որոշումների նկատմամբ վերահսկողութիւն։ Փաստաթուղթը նախատեսում է որոշ վերապահւած հարցերի լուծում փոխադարձ համաձայնութեամբ, սակայն դրանց ամբողջական եւ գործնական նշանակութիւնը կախւած է նաեւ դեռեւս ձեւաւորւելիք ընկերութեան կանոնադրութիւնից եւ բաժնետէրերի համաձայնագրից։
Աւելին, համաձայնագրի 6-րդ յօդւածը նախատեսում է, որ Հայաստանը 49 տարով ընկերութեանը կը տրամադրի ծրագրային տարածքների օգտագործման եւ զարգացման բացառիկ իրաւունքներ։ Այդ իրաւունքները կարող են փոխանցւել ընկերութեան դուստր կառոյցներին՝ SPV-ներին (Յիշեցնեմ, որ ԱՄՆ-ում նմանատիպ բազում տնտեսական ընկերութիւններ իսրայէլական ծագում ունեն)։ Միեւնոյն ժամանակ հողատարածքների՝ Հայաստանի սեփականութիւնը դարձնելու եւ երրորդ անձանց իրաւունքներից ազատելու հետ կապւած ֆինանսական ծախսերը ստանձնում է հայկական կողմը։
Այստեղ առաջանում է մի կարեւոր հարց. եթէ տարածքը, պետական պատասխանատւութիւնը եւ դրա նախապատրաստման ծախսերը Հայաստանի վրայ են, ապա տնտեսական կառավարման հիմնական լծակների ինչպիսի՞ բաժանումն է արդարացնում ամերիկեան վերահսկիչ մասնակցութիւնը։
Սա ինքնիշխանութեան փոխանցում համարելու իրաւական հիմք չէ, բայց պետական շահերի եւ տնտեսական իրաւունքների բաշխման առումով պահանջում է առաւել մանրակրկիտ գնահատում։
ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ. թղթի վրայ եւ գործնական կառավարման մէջ
Փաստաթուղթը նախատեսում է մասնաւոր օպերատորների ներգրաււում սահմանային անցակէտերում քաղաքացիներին եւ փոխադրողներին սպասարկելու համար։ Այստեղ տարբերութիւն պէտք է դնել ծառայութիւն մատուցելու եւ պետական իշխանութիւն իրականացնելու միջեւ։ Առաջինը կարող է յանձնարարւել մասնաւոր ընկերութեան, երկրորդը՝ ոչ։
Ամէնադժւար հարցը, հետեւաբար, ոչ թէ միայն այն է, թէ ով է ստորագրելու սահմանային փաստաթուղթը, այլ այն, թէ ինչպէս է իրականում գործելու պետական վերահսկողութիւնը՝ տեխնիկական, տեղեկատւական եւ անվտանգային համակարգերի միջոցով։
Միւս կողմից, համաձայնագրի 3-րդ յօդւածը նախատեսում է, որ ընկերութեան կանոնադրութեամբ եւ բաժնետէրերի համաձայնագրով որոշ կարեւոր հարցեր կը պահանջեն կողմերի փոխադարձ համաձայնութիւնը։ Սակայն բաժնետէրերի համաձայնագիրը նախատեսւում է կարգաւորել ԱՄՆ–ի եւ Նիւ Եօրք նահանգի իրաւունքով, մինչդեռ ընկերութեան կանոնադրութիւնը՝ Հայաստանի իրաւունքով։ Այս երկակի իրաւական կառուցւածքը յատուկ ուշադրութեան է արժանի։
Աւելին, 5-րդ յօդւածի 5-րդ կէտը նախատեսում է, որ համաձայնագիրը, Հայաստանի Սահմանադրութեանը համապատասխան, կիրառելի է լինելու հայկական օրէնսդրութեան հետ հակասութեան դէպքում։ Սա պահանջում է իրաւական շատ ճշգրիտ մեկնաբանութիւն. միջազգային համաձայնագրի գերակայութիւնը սովորական օրէնքների նկատմամբ չի նշանակում Սահմանադրութեան գերակայութեան վերացում։ Բայց հարց է առաջանում, թէ ինչպիսի՞ն է լինելու այդ դրոյթի գործնական կիրառութիւնը, եթէ հետագայում ընկերութեան առեւտրային շահերը հակասեն Հայաստանի պետական կամ հանրային շահերին։
Հարկային դրոյթներին էլ պէտք է չանտեսել։ Համաձայնագրի 9-րդ յօդւածը նախատեսում է ընկերութեան եւ դրա դուստր կառոյցների համար մի շարք հարկային արտօնութիւններ, այդ թւում՝ որոշ շահաբաժինների եւ բաժնետոմսերի փոխանցման հարկումից ազատում։
ԻՐԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ. տարածաշրջանային անվտանգութիւն, թէ՞ աշխարհաքաղաքական ազդեցութիւն
Իրանի մտահոգութիւնները միայն քաղաքական յայտարարութիւններով պայմանաւորւած չեն։ Դրանք ունեն աշխարհագրական, անվտանգային, տնտեսական եւ պատմական հիմքեր։
Մի կարեւոր ճշգրտում. 750-765 կիլոմետրի սահմանը վերաբերում է Իրան-ադրբեջան սահմանին, ոչ թէ Իրան-Հայաստան սահմանին։ Իրանի եւ Հայաստանի ընդհանուր սահմանը շուրջ 40-42 կիլոմետր է։ Սակայն այդ կարճ սահմանը ռազմավարական նշանակութիւն ունի, քանի որ Հայաստանի միջոցով Իրանը ցամաքային կապ է պահպանում դէպի Հիւսիսային Կովկաս եւ ԵԱՏՄ տարածք՝ առանց ադրբեջանի կամ Թուրքիայի տարածքով անցնելու։
Իրանի համար Հայաստանի հետ սահմանը միայն աշխարհագրական սահմանագիծ չէ։ Այն նաեւ հիւսիսային ուղղութեամբ արտաքին աշխարհի հետ կապի, տարածաշրջանային ուժերի հաւասարակշռութեան եւ սեփական հաղորդակցային ուղիների բազմազանութեան խնդիր է։
Այստեղ պէտք է հաշւի առնել նաեւ ադրբեջանի հետ Իրանի բարդ յարաբերութիւնները։ Երկու երկրներն ունեն երկար սահման, լեզւական ու մշակութային կապեր, սակայն նրանց միջեւ կան նաեւ քաղաքական, անվտանգային եւ տարածաշրջանային մրցակցութեան խնդիրներ։ Իրանի մտահոգութիւններից մէկը ադրբեջանի եւ Իսրայէլի ռազմավարական համագործակցութիւնն է, ինչպէս նաեւ Հարաւային Կովկասում ամերիկեան ազդեցութեան ընդլայնումը։
Այս պայմաններում TRIPP-ի ամերիկեան մասնակցութիւնը Թեհրանի համար միայն տնտեսական ներդրում չէ։ Այն կարող է դիտարկւել որպէս ամերիկեան (միգուցէ անգամ իսրայէլական) երկարաժամկէտ ներկայութեան ինստիտուցիոնալ յենարան՝ Իրանի հիւսիսային սահմանների մօտ։
Այդ մտահոգութիւնը պէտք է տարբերել այն պնդումից, թէ ամերիկեան ընկերութեան մասնակցութիւնն ինքնին նշանակում է ամերիկեան ռազմական ներկայութիւն։ Հրապարակւած համաձայնագիրը նման ռազմական տեղակայման դրոյթ չի պարունակում։ Սակայն տնտեսական կառավարման, հաղորդակցութիւնների եւ ենթակառուցւածքների նկատմամբ երկարաժամկէտ ազդեցութիւնը նոյնպէս աշխարհաքաղաքական նշանակութիւն ունի։
Իրանի ԱԳՆ խօսնակ Էսմայիլ Բաղային 2026 թւականի նոյեմբերի 9-ին յայտարարել է, որ Թեհրանը դէմ չէ տարածաշրջանային հաղորդակցութիւնների ապաշրջափակմանը, բայց անընդունելի է համարում տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութիւնը։ Նա նաեւ նշել է, որ Հայաստանը Իրանին հաւաստիացրել է՝ ծրագիրը չի յանգեցնելու սահմանների փոփոխութեան։
ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին նոյնպէս նշել էր, որ Թեհրանի համար կարեւոր են Հայաստանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան պահպանումը, եւ որ ներկայ քննարկւող TRIPP ծրագիրը չի նոյնանում Բաքւի ու Անկարայի առաջ քաշած սկզբնական «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարին։
Այսինքն՝ Իրանի պաշտօնական դիրքորոշման մէջ կայ կարեւոր տարբերակում. հաղորդակցութիւնների բացումը ընդունելի է, իսկ Հայաստանի ինքնիշխանութեան կամ տարածաշրջանի աշխարհաքաղաքական յարաբերակցութեան փոփոխութիւնը՝ ոչ։
Սակայն ամենակարեւոր հարցը սա է. որքանո՞վ է Թեհրանը պատրաստ իր յայտարարութիւնները վերածելու երկարաժամկէտ եւ գործնական քաղաքականութեան։ Նշենք նաեւ որ Հայաստանը ինքնիշխան պետութիւն է եւ իր միջազգային համաձայնութիւնները կնքելու իրաւունք ունի։ Բայց ինքնիշխանութեան իրական բովանդակութիւնը միայն պայմանագիր ստորագրելու իրաւունքը չէ. այն նաեւ սեփական պետական շահերի երկարաժամկէտ պաշտպանութեան կարողութիւնն է։
ՄԻ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԽՕՍՔ
Այս ամբողջ քննարկման մէջ կայ մի հանգամանք, որը պէտք է առանձնացնել, որովհետեւ այն վերաբերում է ոչ միայն Իրանի արտաքին քաղաքականութեան, այլեւ տարածաշրջանում ազգային իրաւունքների նկատմամբ սկզբունքներին։
2020 թւականի նոյեմբերի 3-ին, Ղարաբաղեան երկրորդ պատերազմի օրերին, Իրանի այն ժամանակւայ գերագոյն նահատակ առաջնորդ այաթօլլահ Ալի Խամենէին յայտարարեց, որ Ղարաբաղում ապրող հայերի անվտանգութիւնը պէտք է ապահովւի։
2023 թւականի սեպտեմբերի 22-ին Իրանի այն ժամանակւայ նախագահ, այժմ նահատակ Էբրահիմ Ռայիսին եւս հրապարակայնօրէն ընդգծեց Ղարաբաղի հայ բնակչութեան իրաւունքների պաշտպանութեան անհրաժեշտութիւնը։
Սակայն 2023 թւականի սեպտեմբերից յետոյ տեղի ունեցած հայաթափման հետեւանքով Ղարաբաղի հայ բնակչութեան բռնի տեղահանութիւնը նոր իրաւական եւ քաղաքական իրականութիւն ստեղծեց։ Այսօր հարցը միայն բնակչութեան անվտանգութեան մասին չէ, այլ նաեւ վերադարձի իրաւունքի, սեփականութեան, անձնական անվտանգութեան, մշակութային ժառանգութեան, քաղբանտարկեալների եւ տեղահանւածների իրաւունքների վերականգնման։
Այստեղ անհրաժեշտ է տալ մի հարց, որը քաղաքական առումով զգայուն է, բայց իրաւական առումով՝ անխուսափելի. եթէ Իրանի նահատակ գերագոյն առաջնորդը կարեւորում էր Ղարաբաղի հայ բնակչութեան անվտանգութեան պահպանումը, ապա ինչո՞ւ այսօր, երբ այդ բնակչութիւնն այլեւս իր պատմական հայրենիքում չէ, Իրանի պաշտօնական քաղաքական օրակարգում այդ մարդկանց վերադարձի եւ իրաւունքների վերականգնման հարցը նոյն յստակութեամբ չի հնչում, ինչպէս հնչում են TRIPP-ի եւ ամերիկեան ներկայութեան վերաբերեալ մտահոգութիւնները։
Պէտք է ճշգրտել՝ սա չի նշանակում, թէ Իրանը երբեւէ չի անդրադարձել Ղարաբաղի հայ բնակչութեան իրաւունքներին։ Սակայն ներկայիս պաշտօնական յայտարարութիւնների շեշտադրումների համեմատութիւնը բացայայտում է մի կարեւոր անհամաչափութիւն, տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխութիւնների հարցում Թեհրանը յստակ եւ հետեւողական խօսում է, մինչդեռ հայ բնակչութեան վերադարձի եւ իրաւունքների հարցը նոյն մակարդակի շարունակական քաղաքական առաջնահերթութիւն չի դարձել։
Սա Իրանի քաղաքականութեան նկատմամբ ոչ թէ զգացական, այլ սկզբունքային հարցադրում է։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՒՈՒԹԻՒՆԸ
Նիկոլ Փաշինեանի կառավարութեան քաղաքականութեան հիմնական հիմնաւորումն այն է, որ TRIPP-ը բացում է Հայաստանի տարածաշրջանային հաղորդակցութիւնների հնարաւորութիւնները, ամրապնդում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցութիւնը եւ ապահովում է Հայաստանի ինքնիշխանութեան պահպանումը։
Այս հիմնաւորումները քննարկելի եւ որոշ առումներով հասկանալի են։ Հայաստանը շրջափակւած հաղորդակցային համակարգից դուրս գալու, նոր տնտեսական կապեր հաստատելու եւ իր անվտանգային միջավայրը բազմազանեցնելու կենսական անհրաժեշտութիւն ունի։ Սակայն այստեղ իշխանութիւնների առջեւ ծառացած պատասխանատւութիւնը շատ աւելի մեծ է, քան ծրագրի քաղաքական ներկայացումը։
Նախ՝ ինչո՞ւ հայկական հասարակութիւնը մինչեւ համաձայնագրի քաղաքական հաստատումը եւ դրա իրաւական ամրագրումը չունեցաւ բոլոր առեւտրային, կառավարման եւ անվտանգային փաստաթղթերի ամբողջական եւ բաւարար հրապարակային քննարկման հնարաւորութիւն։
Երկրորդ՝ ինչո՞ւ դեռեւս ամբողջութեամբ պարզաբանւած չեն ընկերութեան կանոնադրութեան, բաժնետէրերի համաձայնագրի, վերապահւած որոշումների եւ մասնաւոր օպերատորների իրական լիազօրութիւնների մանրամասները։
Երրորդ՝ ինչպէ՞ս է ապահովւելու փոխադարձութիւնը։ Օրինակ՝ ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցութեան համար նախատեսւում է անարգել տարանցում Հայաստանի տարածքով։ Իսկ ի՞նչ երաշխիքներ կան Հայաստանի քաղաքացիների եւ հայկական բեռների համար՝ ադրբեջանի տարածքով հաղորդակցւելու հարցում։
Չորրորդ՝ ինչպէ՞ս է գնահատւել Սիւնիքի մարզի ժողովրդագրական, տնտեսական եւ անվտանգային երկարաժամկէտ նշանակութիւնը։
Տարանցիկ ճանապարհը չի կարող դիտարկւել միայն որպէս ենթակառուցւածքային ներդրում։ Այն անցնում է Հայաստանի ռազմավարական նշանակութիւն ունեցող տարածքով, հետեւաբար պահանջում է պետական ներկայութեան, բնակչութեան շահերի եւ տարածքային զարգացման յատուկ քաղաքականութիւն։
Ի վերջոյ, Հայաստանի իշխանութիւնները պէտք է հասկանան, որ արտաքին քաղաքականութեան մէջ գործընկերութիւնների բազմազանեցումը չի կարող փոխարինել ազգային շահերի յստակ սահմանմանը։
ԱՄՆ-ի հետ համագործակցութիւնը կարող է Հայաստանի համար նոր հնարաւորութիւններ ստեղծել, բայց այդ համագործակցութեան արդիւնաւէտութիւնը պէտք է չափւի Հայաստանի պետական ինքնուրոյնութեան եւ անվտանգութեան ամրապնդմամբ, ոչ թէ միայն միջազգային գործընկերների քաղաքական աջակցութեամբ։
ԻՐԱՒԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ. միջանցքի եւ տարանցիկ ճանապարհի տարբերութիւնը
Միջազգային իրաւունքը չի ճանաչում որեւէ պետութեան ինքնիշխան տարածքով անցնող ճանապարհի նկատմամբ ինքնաբերաբար ծագող արտատարածքային վերահսկողութեան իրաւունք։ Տարանցիկ հաղորդակցութիւնը կարող է կարգաւորւել միջպետական համաձայնագրերով, սակայն դրա պայմանները որոշւում են կողմերի համաձայնութեամբ եւ տարածքային պետութեան իրաւասութիւնների շրջանակում։
TRIPP-ի պարագայում, համաձայնագրի հրապարակւած տեքստով, Հայաստանի ինքնիշխանութիւնը եւ իրաւազօրութիւնը ճանաչւած են։ Սակայն այստեղ կայ մէկ այլ խնդիր. միջազգային իրաւունքի տեսանկիւնից ինքնիշխանութեան ձեւական ճանաչումը եւ դրա գործնական իրականացումը նոյն բանը չեն։
ՄԱԿ-ի կանոնադրութեան 2-րդ յօդւածի 4-րդ կէտը պաշտպանում է պետութիւնների տարածքային ամբողջականութիւնը եւ քաղաքական անկախութիւնը։ Վիեննայի՝ պայմանագրերի իրաւունքի մասին 1969 թւականի կոնւենցիայի 26-րդ յօդւածը ամրագրում է պայմանագրերի բարեխիղճ կատարման սկզբունքը, իսկ 27-րդ յօդւածը պետութեանը թոյլ չի տալիս վկայակոչել իր ներքին օրէնսդրութիւնը՝ պայմանագրային պարտաւորութիւնները չկատարելու համար։
Այս դրոյթները կարեւոր են TRIPP-ի գնահատման համար։ Հայաստանի ստանձնած պարտաւորութիւնները պէտք է կատարւեն, բայց դրանք չեն կարող մեկնաբանւել Հայաստանի տարածքային ինքնիշխանութիւնը վերացնելու կամ պետական գործառոյթները մասնաւոր կառոյցին փոխանցելու իմաստով։
Հետեւաբար անհրաժեշտ է հրապարակել եւ իրաւական փորձաքննութեան ենթարկել ոչ միայն շրջանակային համաձայնագիրը, այլեւ ընկերութեան կանոնադրութիւնը, բաժնետէրերի համաձայնագիրը, ենթակառուցւածքների շահագործման պայմանագրերը եւ անվտանգութեան ու սահմանային կառավարման մանրամասն ընթացակարգերը։
Մինչեւ այդ փաստաթղթերի ամբողջական ուսումնասիրութիւնը հնարաւոր չէ վերջնական գնահատական տալ ծրագրի կառավարման ամբողջական իրաւական կառուցւածքին։ Բայց արդէն հրապարակւած պայմանները բաւարար են հասկանալու համար, որ Հայաստանի առջեւ դրւած է երկարաժամկէտ ռազմավարական պատասխանատւութիւն։
ՎԵՐՋԱԲԱՆ. Հայաստանը պէտք է լինի ոչ թէ ճանապարհ, այլ տարածաշրջանային դերակատար
TRIPP-ի շուրջ ստեղծւած իրավիճակը չի կարելի ներկայացնել որպէս պարզ ընտրութիւն՝ Արեւմուտքի եւ Իրանի, կամ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ։ Հայաստանի համար խնդիրը շատ աւելի խորն է։ Այն պէտք է կարողանայ համագործակցել տարբեր ուժային կենտրոնների հետ՝ առանց իր արտաքին քաղաքականութիւնը որեւէ մէկի ռազմավարական շահերին ստորադասելու։
Հայաստանի իշխանութիւնները պէտք է պատասխանեն ոչ միայն այն հարցին, թէ ինչպէս է գործարկւելու TRIPP-ը, այլեւ՝ ինչպիսի՞ Հայաստան է լինելու այդ ճանապարհի կառուցումից եւ 49-ամեայ կառավարման իրաւունքների տրամադրումից յետոյ։
Որովհետեւ պետական ինքնիշխանութիւնը միայն սահմանների անձեռնմխելիութիւնը չէ։ Այն նաեւ սեփական տարածքում որոշումներ կայացնելու, սեփական տնտեսական շահերը պաշտպանելու, անվտանգային միջավայրը վերահսկելու եւ արտաքին քաղաքականութեան մէջ ինքնուրոյն գործելու կարողութիւնն է։
Հայաստանը պէտք է լինի ոչ թէ ուրիշների աշխարհաքաղաքական ծրագրերի տարանցիկ տարածք, այլ այն պետութիւնը, որի միջոցով տարածաշրջանային հաղորդակցութիւնները բացւում են՝ իր պետական շահերի եւ ինքնիշխանութեան հիման վրայ։
ԱՐՏՈՅՏ ԶՈՀՐԱԲԵԱՆ
«Ալիք»
