ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հայտարարությունը
24 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD), դատապարտում է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի՝ 2026 թվականի նոյեմբերի 21-ին «Tagesschau»-ին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած վերջին հայտարարությունները, որոնցում նա նշել է, որ Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը կամ ընդունի նորը՝ որպես Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու նախապայման։
Սահմանադրությունը փոխելու կամ նորը ընդունելու հարցը ինքնիշխան ընտրության և իրավունքի հարց է, որը բացառապես պատկանում է Հայաստանի ժողովրդին։ Հայաստանի Սահմանադրությունը բանակցություններում սակարկության առարկա դարձնելը երկրի ներքին գործերին անընդունելի միջամտություն է։
Թեև նախարար Վադեֆուլը ցանկություն է հայտնել ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի գործընթացը և բացել տարածաշրջանային տրանսպորտային ու էներգետիկ ուղիները, ագրեսորին՝ մասնավորապես Ադրբեջանին, որը, ի թիվս այլոց, Եվրոպական խորհրդարանի կողմից նույնպես որակվել է որպես էթնիկ զտում իրականացրած կողմ, զիջումներ կատարելը, ցավոք, խաթարում է այդ գործընթացի նկատմամբ վստահությունն ու դրա կողմերի բարոյական հեղինակությունը։
Ավելին, խաղաղությունը միակողմանի սահմանադրական փոփոխությունների հետ պայմանավորելը ուղղակիորեն խաթարում է իրական խաղաղության և հաշտեցման սկզբունքները։ Իրական և տևական խաղաղությունը չի կարող կառուցվել հարկադրանքի վրա։ Պատմությունը, այդ թվում՝ հենց Եվրոպայի պատմությունը, բազմիցս ցույց է տվել, որ անարդար զիջումներ պահանջելը և ագրեսորի նկատմամբ հանդարտեցման քաղաքականություն վարելը կայունության չեն հանգեցնում։ Ընդհակառակը՝ դրանք քաջալերում են ագրեսորին, նպաստում հետագա սրմանը և քայքայում վստահությունը։
Եթե Եվրոպական միությունը և նրա անդամ պետությունները իրապես ձգտում են Հարավային Կովկասում հաստատել տևական և արդար խաղաղություն, ապա պետք է հարգեն միջազգային իրավունքն ու Հայաստանի ինքնիշխանությունը և դադարեցնեն միակողմանի նախապայմանների լեգիտիմացումը, որոնցով, ըստ էության, խրախուսվում են ուժի սպառնալիքն ու դրա կիրառումը։
Բրյուսել, 23 նոյեմբերի 2026 թ
