Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել ամերիկացի կոնգրեսականին
01 Մարտ 2019ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Ջուդի Չուին՝ Սումգայիթում, Կիրովաբադում (հայ.՝ Գանձակ, ադրբ.՝ Գյանջա) և Բաքվում հայերի դեմ իրագործված ջարդերի տարելիցի կապակցությամբ ազդեցիկ հայտարարությամբ հանդես գալու համար:
Հայտնի է, որ դեմոկրատ կոնգրեսականը դատապարտել է 1988թ. փետրվարի 28-ից Ադրբեջանում սկիզբ առած հայկական ջարդերը:
«Խորհրդային միության սահմանների անկման ֆոնին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը համախմբվել էր հանուն սեփական ապագայի ու Ադրբեջանից ավելի շատ անկախություն ստանալու կոչի շուրջ: Հանուն ինքնորոշման ու ազատության այս խաղաղ շարժմանը հաջորդեցին նախապես ծրագրված և կառավարության կողմից հովանավորված հարձակումները»,-հայտարարել է Չուն:
Նա նշել է, որ հաջորդ երկու տարվա ընթացքում Արցախի հայ բնակչությունը պարբերաբար Հայոց ցեղասպանության դառը օրերի մասին հիշեցնող ռասայական բնույթի դաժան հարձակումների զոհ է դարձել:
«Հարյուրավոր մարդիկ են սպանվել, հազարավորները՝ տեղահանվել»,-նշել է կոնգրեսականը՝ ընդգծելով, որ «Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի դաժան հարձակումների սպիները շարունակում են բաց մնալ հայերի սրտերում»:
Այնուհետև Չուն հիշեցրել է Արցախյան պատերազմի մասին՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն առ այսօր ստիպված է ապրել Ադրբեջանի կողմից հրադարարի ռեժիմի մշտական խախտման պայմաններում:
Կոնգրեսականն իր հայտարարությունը եզրափակել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման և դրա բնակիչների՝ սեփական ապագան վճռելու համար ազատություն ունենալու մաղթանքով: