Իշխանությունը կոռուպցիոն գործարք է առաջարկում դատավորներին
14 Օգոստոս 2019 Արդարադատության նախարարը «ՍԴ մասին» օրենքում փոփոխություն է առաջարկում, ըստ որի Սահմանադրական դատարանի դատավորները մինչև 2019 հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում կպահպանեն հրաժարականի պահին իրենց ունեցած աշխատավարձը և այլ սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո կօգտվեն դատավորի համար օրենքով սահմանված կենսաթոշակից։Անդրադառնալով այս օրենսդրական նախաձեռնությանը՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փաստեց, որ քաղաքական իշխանությունն ամեն ինչ անում է դատական համակարգը սեփականաշնորհելու ուղղությամբ:
«Սկզբնական շրջանում փորձելով հասնել Սահմանադրական դատարանի սեփականաշնորհմանը և չկարողանալով՝ հիմա արդեն դիմում են այլ տարբերակի: Իշխանությունն օրենքի տեսքով ակնհայտ կոռուպցիոն առաջարկ է անում դատավորներին, որը անթույլատրելի, միևնույն ժամանակ՝ ստորացուցիչ առաջարկ է: ՍԴ այն անդամները, ովքեր կընդունեն այդ առաջարկը, հստակորեն կգնան կոռուպցիոն գործարքի», – նշեց Ի. Սաղաթելյանը՝ ավելացնելով, որ այս քայլը իշխանությունների գործողությունների տրամաբանական շարունակությունն է, և սրանով մեկ անգամ ևս քաղաքական իշխանությունները ապացուցում են, որ իրենք պատրաստ են ցանկացած քայլի, նույնիսկ անբարոյական առաջարկների՝ դատական համակարգը վերջնականապես սեփականաշնորհելու, այն նվաճելու համար:
«Սա իրենց անհրաժեշտ է, քանի որ դատական համակարգին լիակատար տիրապետելն իշխանություններին հարկավոր է իրենց անձնական – քաղաքական շահերը սպասարկելու համար: Այս գործողությունները, խորքի մեջ, ոչնչացնում են դատական համակարգը, ինչն անընդունելի է և դատապարտելի», եզրափակեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: