Հակասական վարքագծով ու անհամոզիչ որոշումներով չի կարելի մոլորեցնել հանրությանը
10 Սեպտեմբեր 2019 ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը, անդրադառնալով իշխանությունների՝ օրվա որոշումներին, գրում է.«Օգոստոսի 21-ին՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման առնչությամբ ծավալվող դեպքերին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր հայտարարության մեջ ընդգծել էր, որ հանրային լարվածության պատճառը «գործող իշխանությունների հակասական հայտարարություններն են, չկշռադատված գործողությունները, ինչպես նաև խնդրի շուրջ հասարակության լայն շրջանակներում ձեւավորված մեծ սպասումներին համարժեք քայլերի բացակայությունը»։
Խիստ մտահոգիչ էինք համարել այն իրողությունը, որ հրապարակված եզրակացությունները բավարար համոզում և վստահություն չեն ներշնչում ինչպես հանրային, այնպես էլ մասնագիտական շրջանակներում։ Կարևորելով Ամուլսարի շահագործման հնարավոր լրջագույն ազդեցությունն ու ռիսկերը, իշխանություններին կոչ էինք արել մասնագիտական լրացուցիչ քննարկումների արդյունքում հասնել համոզիչ լուծումների։
ԷԼԱՐԴ-ի ներկայացուցիչների հետ տեսաքննարկումը, ինչպես նաև եղած եզրակացության մեջ ներառված ռիսկերի արտացոլումը էլ ավելի հիմնավոր էին դարձնում հանրային անհանգստությունը և նոր ՇՄԱԳ-ի անցկացումը։
Ի վերջո, հաշվի առնելով Ամուլսարի շահագործման ռիսկերի մասշտաբայնությունը, տրամաբանական և սպասելի պիտի լիներ, որ հանրությունը իր մասնակցությունն ունենար իր ճակատագրի և հեռանկարի հետ կապվող այս լրջագույն խնդրի որոշմանը։
Ի վերջո «նոր Հայաստանում իրավիճակ էր փոխվել» և շատերը պարզապես համոզված էին, որ «իրենք ենք տերը մեր երկրի», որ ամեն մեկը մի վարչապետ է, մենք էլ ժողովրդավարության բաստիոն։
Թվում էր, թե համախոհաբար որոշում ընդունելու ճանապարհն է որդեգրելու իշխանությունը, բայց հերթական անակնկալը, դարձյալ հակասական ու նախորդ մոտեցումները հերքող․․․մոտավորապես «ազնիվ խոսք լավ ա լինելու», որ «վատ լինի՝ չենք անի» մակարդակի։
Ասել, թե այս վարքագիծը հուսահատեցնող է, ասել, թե մոտավորապեսությամբ, հակասական վարքագծով ու անհամոզիչ որոշումներով չի կարելի մոլորեցնել հանրությանը, կնշանակի ոչինչ չասել․․․»