ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Չարենցյան հուշի մի պատառիկ

08 Օգոստոս 2023

Սաքո Շատախունին 1952, 1972 թվականներին հրապարակել է երկու հուշագրություն: 1926 թ. նա Չարենցին տեսել է Երևանի ուղղիչ տանը, ուր բանտարկված էր Մարիանա Այվազյանի վրա «դաստիարակիչ» կրակոց արձակելու պատճառով:

«Չարենց բանտում», «Քաղցր եւ դառն յուշեր»-ում, ինչպես ինքն է գրում, 17-24 տարեկան բանտարկյալ դաշնակներ էին՝ ընկած խորհրդային բռնատիրության թակարդը: Իրենց բախտն ու ճակատագիրը հարվածի տակ էր, բայց բարեբախտություն էր իրենց նման կալանավորի կարգավիճակում տեսնել Չարենցին: Տարբերությունը թեև քաղաքական ու քրեական էր, բայց այդ բնորոշումների ներքո նույն դաժան իրականությունն էր:

Հիշատակվում է 1924-ին բանֆակում տեղի ունեցած մի գրական միջոցառում՝ նվիրված Դանիել Վարուժանին: Մասնակիցներից մեկի կողմից ակնարկ կա Չարենցի արտասահմանում լինելու վերաբերյալ, մինչդեռ Չարենցը արտասահմանից վերադարձել է 1925 թ. հուլիսի վերջին: Կան փաստական այլ վրիպումներ ևս, չենք միջամտում: Միօրինակացրել ենք միայն եւ-ի գրությունը և կետադրությունը:

Դավիթ Գասպարյան
ՀՀ արվեստի վատակավոր գործիչ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՉԱՐԵՆՑ ԲԱՆՏՈՒՄ
(ՔԱՂՑՐ ԵՒ ԴԱՌՆ ՅՈՒՇԵՐ)
Գրեց՝ ՍԱՔՕ ՇԱՏԱԽՈՒՆԻ

Երեւանի մէջ 1924 թուի Սեպտեմբերի վերջերն էր. մեր ընկերներից Ավետիս Ալեքսանեանի հետ (յետագային սպանուած կոլխոզացման շրջանին Վետիբասարի մէջ) բանֆակի գրադարանից դուրս էինք գալիս: Նկատեցինք, որ բազմութիւն է բարձրանում վերեւ, բանֆակի երկրորդ յարկը, ինչպէս նաեւ մի շարք բանաստեղծներ, որոնց կարգին եւ Եղիշէ Չարենցը: Վերեւ բարձրացանք եւ տեսանք, որ դահլիճը լիքն էր երկսեռ հասարակութեամբ:

Տեղեկացանք, որ գրական ասուլիս է. մեզ էլ հետաքրքրեց:

Դաբաղեանը, որ, եթե չեմ սխալւում, այդ շրջանին «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիրն էր, յայտարարեց, թէ օրուան նիւթն է Դանիէլ Վարուժանի «Հեթանոս երգեր» աշխատութիւնը:
Մի շարք սոփիստութիւններ անելուց յետոյ ասաց, թէ սխալ է այն տեսակէտը, ինչ որ պաշտպանում է ընկ. Աշոտ Յովհաննիսեանը, ըստ որում, Դանիէլ Վարուժանը եւ նմանները «մանր բուրժուական» գրողներ են, այլ Դանիէլ Վարուժանը պարզապէս բուրժուական գրող է, քանի որ նրա ստեղծագործութեան շրջանից տասնեակ տարիներ առաջ կատարւած է եղել Փարիզի կոմունան, տասնեակ յեղափոխական ընդվզումներ, որոնց մասին բազմաթիւ հատորներով գրականութիւն է գոյութիւն ունեցել, եւ այդ բոլորն ազդեց Դանիէլ Վարուժանի ստեղծագործութեան վրայ:
Ելոյթ ունեցաւ նաեւ Նայիրի Զարեանը՝ միեւնոյն ծիծաղելի մօտեցումով:

Երկու խօսողներից եւ ոչ մէկը չխօսեց գրական ստեղծագործութեան եւ գեղարուեստի մասին:

Եղիշէ Չարենցը ձայն ուզեց. մինչ այդ շատերը իրար հետ խօսակցում էին եւ ուշադրութիւն չէին դարձնում. լռութիւն տիրեց դահլիճում:

Չարենց ասաց, որ գրականութիւնը վերլուծելու համար միայն նրա դասակարգային կամ քաղաքացիական կողմը չէ, որ պիտի բնորոշել, այլ գրական ստեղծագործութիւնը եւ գեղարուեստը, ինչպէս նաեւ բանաստեղծի ազգային եւ բարոյական հասկացողութիւնները, աչքի առաջ պիտի ունենալ իր ապրած ժամանակաշրջանը եւ պայմանները: Մի պահ լռեց, ապա շարունակեց.

— Եւ խօսող ընկերները կանգ չառան յիշեալ յատկանիշների վրայ. այդ տեսակէտից Դանիէլ Վարուժան մեծ ստեղծագործող է եղել: Եթէ մենք ցանկանում ենք մեր խորհրդային հայրենիքում գրականութեանը զարկ տալ, պէտք ունենք նոր Դանիէլ Վարուժանների…
Տեղի ունեցավ մի աննախընթաց ծափահարութիւն: Դաբաղեանը պատասխանեց բարձր ձայնով.
— Ընկե՛ր Չարենց, այդ տրամաբանութեամբ էիր արտասահման գնացել եւ փոխանակ Դաշնակցութեան դէմ պայքար բացելու, տուրիստութիւն արեցիր եւ վերադարձար:
Չարենցը իր տեղից, շատ համարձակ.
— Տո՛, գրականութիւնը եւ գրիչը հրացան չէ, որ միլիոնաւոր ռուս մուժիկներ դնեն ուսին եւ Հայաստան գրաւեն. սա գրիչ է, մանաւանդ դաշնակցական գրիչ, որ մարդու հաւի նման կը փրտկէ:
Խօսեց Նայիրի Զարեան.
— Մենք դաշնակներին թաղել ենք, ուրեմն մեռելները մարդու կը փրտկե՞ն: Երեւի Չարենց արտասահման գացել է եւ նրանց յարութիւն տուել…
Չարենցը տեղից.
— Այստեղ մեռելի կամ էլ յարութեան խնդիր չկայ. սա գրական ասուլիս է:
Մի քանի րոպէ լռութիւն տիրեց. մենք շտապում էինք. հեռացանք դահլիճից:

Հետագային լսեցինք, որ այդ վէճի պատճառով Չարենցին մէկ ամիս տնային բանտարկութեան էին ենթարկած:

Աւելի ուշ Չարենցին հանդիպեցինք Երեւանի բանտում: Նախ՝ 1924 թուի Դեկտեմբերից սկսած, մեզ՝ դաշնակցականներիս դէմ նոր հալածանք սկսուեց:

Աստիճանաբար սկսուեցին ձերբակալութիւնները, մեզ պահում էին Չեկայի հին շէնքի նկուղներում՝ առանց մէկս միւսից տեղեակ լինելու:

1925 թուի սկիզբներին Մանուկ Խուշոյեանի սպանութեան առթիւ ձերբակալուեցին մեր մի շարք ընկերները անտեղի կերպով: Միեւնոյն ժամանակ Կարմիր Բանակից ձերբակալուեցին մի շարք զինուորականներ՝ նորից որպէս դաշնակցականներ:

1926 թուի Յունուար 6ի երեկոն մեզ բոլորս լեցրին մէկ կամերայի մէջ. այդ գիշեր Չեկան իրարանցման մէջ անցկացրեց, առաւօտ պարզուեց, որ մասսայական ձերբակալութիւններ են տեղի ունեցել: Մեծ մասը՝ համալսարանի ուսանողներ եւ երիտասարդներ:

Մենք՝ շատերս, մեր երեսը դեռ մազ-մօրուք չունէինք եւ 17-24 տարեկան երիտասարդներ էինք:

Մի քանի ամսից յետոյ տեղի ունեցաւ Մանուկ Խուշոյեանի չարաբաստիկ դատավարութիւնը:

Նախ՝ Մանուկ Խուշոյեանը Արագածի բնակիչ չէր, ուր ապրում էին սասունցիները: Մանուկ Խուշոյեանը եւ իր քոյրը եկած էին՝ սասունցիների մէջ պարզապէս անբարոյականութիւն անելու: Սասունցիները, լինելով նահապետական եւ պատուազգաց ժողովուրդ, չկարողացան տանիլ եւ շան սատակ արին:

Խուշոյեանի սպանութեան առթիւ բոլշեւիկների կողմից ստեղծած այդ դատավարութիւնը մի մեքենայութիւն էր Դաշնակցութեան դէմ: Դատավարութեան ընթացքին ամէն բանտախուցի «Խորհրդային Հայաստան» թերթ տուեցին, այն ինչ մինչ այդ դժուարութիւններ էին յարուցում եւ թերթ կարդալը արգիլում էին:

Երբ մենք տեղեկացանք, որ Խուշոյեանի սպանութիւնը կապում են Դաշնակցութեան, եւ Դաշնակցութիւնն է, որ պիտի դատեն, հացադուլ յայտարարեցինք եւ մեր ընկերուհի Հռիփսիմէ Մուշեղեանի միջոցով պահանջ ներկայացրինք դատարանին՝ ի մէջ ասելով. «Եթէ դուք Դաշնակցութիւն էք դատում, մենք դաշնակցականներ ենք. մեզ հնարաւորութիւն տուէք պաշտպանուելու»:

Տիկին Հռիփսիմէ Մուշեղեան անվախ կերպով մեր պահանջը ներկայացնում է դատարանին: Երզնկեանը, որը նախագահ էր դատարանին, պատասխանելով, յայտնում է, որ միայն ձեզ՝ եօթ դաշնակցականներիդ է, որ դատելու ենք:

Ամէն պարագայի տակ բոլշեւիկեան այդ պրովոկացիոն դատավարութիւնը վերջացաւ բոլշեւիկների պարտութեամբ. փաստն այն էր, որ յետագային դատավարութեան շրջանին տպուած «Խորհրդային Հայաստան» թերթը հաւաքուեց Չեկայի կողմից:

Այսպէս, ինչպէս ցարիզմի օրոք, մեր անզուգական ընկեր Համօ Օհանջանեանը ցարիզմի դատարանում պաշտպանեց Դաշնակցութիւնը՝ քննադատելով ցարիզմը եւ այդպէսով պատիւ բերեց իր ժողովրդին, նոյնպէս մեր աննման ընկեր Սահակ Թորոսեանը, որի աճիւնները հանգչում են հայրենիքից հեռու՝ Սիբիրի սառոյցների տակը, ոչ միայն ջախջախեց այդ տմարդի դատավարութիւնը, այլ եւ շատ հիմնավոր կերպով քննադատեց բոլշեւիկեան գաղափարաբանութիւնը եւ դատապարտեց կարմիր բռնապետութիւնը: Որից յետոյ Չեկայից մեր մի մասին տեղափոխեցին Երեւանի բանտի քաղաքական բաժանմունքը:

Տեղեկացանք, որ Չարենցը մի կնոջ վրայ գնդակ արձակելու պատճառաւ բանտարկուած է եւ գտնւում է մեր քաղաքական բաժանմունքի ճիշդ դիմացը, հիւանդանոցին կից մի փոքրիկ սենեակում, եւ պատուհանն էլ ճիշդ մեր դիմացն է նայում: Իմացանք նաեւ, որ բանաստեղծը իրաւունք ունի բանտի մէջ ազատ պտոյտ կատարելու:
1926 թուի Նոյեմբեր 29ի իրիկունն էր. մեզ՝ դաշնակցականներիս, հաւաքեցին բանտի դահլիճը՝ առաջի շարքերի աթոռների վրայ: Մեր ետեւ կանգնեցին 20 չեկայի զինուորներ. հինգ րոպէից ետեւի բոլոր աթոռները գրաւեցին քրէական բանտարկեալները:

Բեմի վարագոյրը բացուեց. Խորհրդային Հայաստանի 6րդ տարեդարձի առթիւ յայտարարութիւններ կային՝ չորս դին փակցուած:
Բեմի վրայ կար մի փոքրիկ սեղան, վրան էլ՝ մի զանգակ եւ մի աթոռ:
Քիչ անց մի կողմից Չարենցը բեմ մտաւ եւ մեզ յարգալի բարեւելուց յետոյ նստաւ աթոռին: Չարենցին յաջորդեց մէկ ուրիշը բեմի վրայ՝ շփացած քալուածքով եւ նայուածքով:

Չարենց վեր կացաւ եւ բացւած յայտարարեց Խորհրդային Հայաստանի 6-րդ տարեդարձի հանդէսը: Ապա խոսքը տուեց կողքին կանգնած լօպազին: Մեզ յայտնի չէր նրա հանգամանքը եւ ինքնութիւնը:

Յիշում եմ միայն, որ ղարաբաղցի էր եւ խոսում էր հայերէնի եւ ռուսերէնի խառնուրդ մի լեզուով: Հենց սկզբից նա թափ տուեց լեզուին եւ ծանր անարգանքներ տեղաց Դաշնակցութեան հասցէին:
Չարենց զանգահարեց՝ կարգի հրաւիրելով բանախօսը եւ ասաց բարձր՝ յատկապես մեզնից լսելի դառնալ ուզելով.

— Այստեղ հիւրեր կան. խնդրեմ քաղաքավարի եղէք…
Ճառախօսը շարունակեց իր բարբաջանքը, որի մէջ միակ հասկանալի բառերը էլի հայհոյանքներն էին Դաշնակցութեան դէմ:
Չարենց երկրորդ անգամ խփեց զանգը, աւելի ուժգին եւ ջղային, ապա ազդարարեց.
— Եթէ շարունակէք այդ ճամբով գնալ, իբրեւ օրուան նախագահ, ձեզ վար կ’առնեմ բեմից: Ի՞նչ բան է սա: Մեր դիմաց ունենք անզօր եւ զինաթափ դաշնակցականներ, ազատօրէն հայհոյում ենք նրանց: Լա՞վ կը լինի, որ վեր կենան եւ իրենք էլ մեզ հայհոյեն:
Մի պահ լռեց եւ ապա վերջացուց խօսքը աւելի ցած, բայց լուրջ շեշտով.
— Դուք պիտի խօսէք մեր խորհրդային իրականութեան մասին, վեր առնէք մեր գործի արժէքը եւ ոչ թէ նախատէք բացակայ մարդկանց եւ նրանց դժբախտ ընկերներին, որ այստեղ բանտումն են: Շարունակեցէ՛ք եւ ուղիղ ճամբով:
Մեզ այնպէս թուաց, թէ ճառախօսը փոքր-ինչ զգաստացաւ: Բայց հազիւ հինգ րոպէ անց էլի՛ Դաշնակցութիւն եւ մի շարք ռուսերէն բառեր, որոնց նշանակութիւնը չէինք հասկանում թէեւ, բայց Չարենցի պոռթկումը յայտնեց մեզ նրանց իմաստը: Բեմասացը շարունակում էր բղաւել, երբ յանկարծ Չարենց ելաւ աթոռից, քայլեց դեպի ետ եւ գոռաց.
— Լսի՛ր, սրիկայ: Վերջ տրւած է քո խօսքին…
Եւ հրեց նրան բեմից դուրս: Ապա դառնալով մեզ՝ առաջին շարքում նստած դաշնակցականներիս, ասաց.
— Խնդրեմ, չեղեալ համարուի այս ցաւալի դեպքը…
Խոսօղը հեռացաւ:
Մեր բանտարկեալ ընկերներից քանաքեռցի Մնօ Սահակեանը, համալսարանի ուսանող, աննման քեմանչիստ էր: Բազմիցս խնդրել էր, որ թոյլ տան իր քեմանչան մօտը ունենալ, բայց մերժել էին: Բերել էին տուել Մնօյի տնից, բայց քեմանչան մնում էր բանտապետի գրասենեակը: Այդ օր բացառաբար քեմանչան եւս բերուել էր բանտի դահլիճը եւ մնում էր բեմի վրայ: Չարենց խնդրեց Մնօյից, որ նուագի ըստ կազմւած յայտագրի:
Մնօն կանգնեց եւ բեմ բարձրանալուց առաջ պայման դրեց.
— Կը նուագեմ, ինչ որ կամենաք, բայց պիտի թոյլ տաք, որ նուագեմ ինձ հաճելի երկու կտոր:
— Եւ ի՞նչ են ձեզ համար այնքան սիրելի այդ կտորները, — հարցրեց Չարենց:
— «Կռունկը» եւ «Զեյթունի Քայլերգը», — պատասխանեց Մնօ:
Չարենց գլխով արաւ, թէ համամիտ է ինք, թէ կարող է գալ ու նուագել:
Բայց նոյն պահին միջամտեց բանտապետ Վարդանեանը.
— Ընկե՛ր Չարենց, իրաւունք չունէք թոյլ տալու…
— Եւ ինչո՞ւ չունեմ…
— Ախր, չի կարելի:

Ու սկսուեց մի վիճաբանութիւն Չարենցի եւ բանտապետ Վարդանեանի միջեւ: Խօսում էին երկուստեք յուզուած, բայց մեզ համար անլսելի ցած ձայնով: Ի վերջոյ տեղի տուողը եղաւ Չարենցը: Քեմանչան չնուագուեց: Չարենց փակուած յայտարարեց հանդէսը, ցտեսութիւն ասաց մեզ եւ հեռացաւ բեմից:

Բանտապետը հրամայեց իրենց խուցերը տանիլ քրէականները: Դահլիճում մնացինք մենք, բանտապետ Վարդանեանը եւ մեր ետեւ կանգնած զինուորները:

Անսպասելի կերպով ներս մտան Զապէլ Եսայեանը եւ Եղիա Չուբարը ու նստեցին մեզ հետ: Նրանք եկել էին յատուկ առաքելութեամբ: Ուզում էին, որ յայտարարութիւն ստորագրենք եւ խոստանում էին միջամտել, որ մեզ ազատ թողնեն: Մենք կտրուկ կերպով մերժեցինք մեր կուսակցութեան համար վարկաբեկիչ որեւէ թուղթ ստորագրել: Բանտապետը տեսնելով, որ չի յաջողւում, նշան արեց նրանց: Այցելուները մեկնեցան:

Յաջորդ գիշեր ամբողջ բանտ լսւում էր Չարենցի պոռչտուքը: Կատաղել էր, հայհոյում էր, կանչում: Երբեմն որոշակի լսում էինք իր խօսքերը: Մի անգամ ասաց.

— Սրիկանե՛ր, սրիկանե՛ր… դուք օրական մի քանի մարդ էք սպանում՝ ձեզ ներելի է, իսկ ես մէկի վրայ գնդակ եմ արձակել եւ ոչ մի վնաս չի պատճառել… եւ դեռ ասում էք, թէ տարեդարձի ամնիստիան (ներում) ինձ վրայ չի տարածւում:
Նրա մօտ գնաց բանտապետ Վարդանեանը՝ հանդարտեցնելու մտօք: Բայց պատահեց ճիշդ հակառակը: Չարենց աւելի բորբոքուեց.
— Հեռացի՛ր, դու բանտապետ եւ դահիճ. դու չէի՞ր, որ այս բակում սպանեցիր Ալեքպոլցի Սուրէնին: Ով գիտէ՝ ինչքան անմեղ արիւն ես մտել… Արիւն կայ քո ձեռքերում, հեռացի՛ր…
Հանդէսի մէջ Չարենցի կեցուածքը մեզ հանդէպ պատճառ դարձաւ, որ հիւանդանոց մուտք-ելք գործելիս մօտենանք նրան եւ զրոյց անենք: Յաճախ ասում էր նա.
— Ձեր հին ղեկավարների հանդէպ յարգանք ունեմ: Իսկ ձեր կուսակցութեանը ո՛չ թշնամի եմ, ո՛չ բարեկամ: Ես կոչումով բանաստեղծ եմ եւ ուզում եմ ապրել եւ ստեղծագործել: Չե՞ք հասկանում, խորհրդային իրաւակարգի տակ եթէ բանաստեղծը իրենից պահանջուած տուրքը չտայ, պիտի տայ մէկ ուրիշ բան. գլո՛ւխը…
Եւ Չարենց փիլիսոփայում էր.
— Մի՛ տող իսկ չեմ կարող հրատարակել իմ գրածներից, եթէ չհայհոյեմ ձեզ: Բայց դուք ինքներդ պիտի հասկանաք, որ խորհրդային երկնքի տակ Դաշնակցութեան դէմ հայհոյանքը աւելի օգտակար է ձեզ, քան լռութիւնը: Ախր, չէ՞ որ Դաշնակցութիւնը չը կայ, մեկնել է: Լռութիւնը կ’անչքացնի նրա յիշատակը երկրի մէջ: Հայհոյանքը… փայլ կը տայ…
Չարենց ուզեց լինել նաեւ փաստական.
— Տեսէք, առջի ես թոյլ չտուի, որ նախատեն ձեզ՝ դաշնակցականներիդ: Բայց երբ դուրս գամ բանտից եւ մի գիրք գրեմ բանտի մասին, ես ինքս պիտի հայհոյեմ ձեզ, եթէ ուզում եմ, որ գրածս անցնի մամուլի տակով…
Առիթից օգտուելով՝ յայտնեցի նրան Զապէլ Եսայեանի եւ Չուբարի առաքելութեան մասին: Ուշադիր լսեց եւ պատասխանեց.
— Ձեր գործն է, այդ մասին ասելիք չունեմ:
Իմացանք նաեւ, թէ մի քանի բանաստեղծներ եկել էին Չարենցին այցելելու, բայց ան կտրուկ մերժել էր:

Մի օր հիւանդանոցի դռանը ընկերներով հերթի էինք սպասում: Չարենցը պտտում էր բակում: Եկաւ Աւետիք Իսահակեանը, ձեռք տուեց Չարենցին եւ նրա հետ գնացին Չարենցի խուցը՝ առանց մեզ բարեւելու:

Շուրջ կէս ժամ յետոյ Իսահակեան դուրս եկաւ եւ այս անգամ խիստ մեծ ուշադրութեամբ նայեց մեզ: Հետեւեցինք, թէ Չարենց պիտի խօսած լինի մեր մասին: Մեր մօտով անցնելիս Իսահակեան ուզում էր բարեւել, բայց մենք շուռ տուինք երեսներս, եւ նա շարունակեց ճամբան…

Իմացել էինք արդէն, թէ մեր մասին վճիռ կայացուած է: Բոլորս ուղարկուելու ենք Սիբիր: Դաշնակցականի կորովն ու հաւատքը չէին լքել մեզ. պատրաստ էինք գնալ մեր պաշտելի առաջնորդների ճամբով եւ կրել ծանրագոյն տառապանքներ, բայց եւ այնպէս տխուր էինք, որ մեր այնքան սիրելի բանաստեղծներից մէկը՝ «Երգեր ու Վէրքեր»ի անոյշ երգիչը, դաշնակցել է մեր ոճրագործների հետ: Դրա համար էլ չուզեցինք ընդունել Աւետիք Իսահակեանի բարեւը…

Մի վերջին յուշ է մնում Չարենցից իմ հոգու մէջ նրա վերջին պատկերի հետ մեր ճակատագրին յանձնուելուց առաջ: Բանտ էին հրաւիրել մի ծերունի բժիշկ՝ Լուսինեան ազգանունով: Սրա պարտականութիւնն էր քննել մեզ եւ հաստատել, թէ կարո՞ղ ենք տոկալ Սիբիրի սառնամանիքներին: Չնայած որ բոլորս էլ վատուժ էինք եւ սնունդի պակասից բոլորովին քայքայուած, խոնաւ նկուղներում հիւծած, այնուամենայնիւ անունների դէմ գրւում էր․ «Առողջ է»: Բժիշկ Լուսինեան երկու անգամով ուզեցել էր հրաժարուել այդ պաշտոնից, բայց չէին ընդունել: Նա բարի եւ խղճի տէր մարդ էր: Չէր ուզում առողջութեան վկայաթուղթ կազմել հայ պատանիների համար, որոնք պարզապէս ոչնչանալու էին՝ դեռ տեղ չհասած: Բայց նրա կողքին նստած էր մի չեկիստ եւ պնդում էր, որ բոլորին էլ «առողջ» գրուի:

Տեղեկացել էր Չարենցը:

Երբ քննում էին մեզ, ներս մտաւ բժիշկի սենեակը, դիտեց մի պահ եւ ասաց.

— Բժի՛շկ, դու բժիշկ ես. պարտաւոր ես ուղղամիտ լինել ու արդար: Ինչպէ՞ս կարող ես առողջ գրել մարդկանց անունի դէմ, երբ նրանք այդպէս չեն…
Բժիշկ Լուսինեան՝ շփոթ ու ամօթապարտ, չէր կարողանում պատասխան ճարել, երբ միջամտեց կողքին նստած ռուս չեկիստը.
— Ո՞վ եք դուք, ի՛նչ եք ուզում, գնացէք ձեր գործին…
— Ե՞ս, — ասաց Չարենց, — ուզում եք գիտնալ, թէ ո՞վ եմ ես, ուրեմն իմացէք։ Ես բանաստեղծ եմ, Եղիշէ Չարենց եւ թքո՛ւմ եմ ձեզ վրայ…

Թքաւ գետին, ուժգին խփեց դուռը ետեւից ու գնաց…

Իսկ մենք դրանից յետոյ… Բայց մնացեալը ուրիշ պատմութիւններ են արդէն: Կրկին բանտ, աքսոր, Սիբիր՝ այդ սառոյցե դժոխքը երկրի վրայ:

Դա եղաւ Չարենցի վերջին պատկերը: Նա չկարողացաւ, իհարկե, մեզ խլել Չեկայի ճիւաղային ձեռքից: Եւ, ինչպէս ինքն էր ասել, նա շատ հայհոյանքներ արեց նաեւ Դաշնակցութեան հասցէին: Բայց մեր տառապանքի անվերջ ճամբաներում յաճախ էր մեր միտքը գալիս Չարենցի խիզախ ելոյթը, եւ մեր հոգիները ջերմանում էին նրա ժէսթից: Մխիթարական էր յիշել, թէ հայ բանաստեղծ, անգամ բոլշեւիկ Չարենցը, հէնց Չեկայի որջի մէջ իսկ ուզում էր պաշտպանել իր հարազատներին…

Նա մեծ էր տաղանդով: Նոյնքան մեծ եղաւ եւ ոգով, ինչպէս յետագային իմացանք իր վախճանի ողբերգութեամբ:

Բանաստեղծ էր Չարենց, մի մեծ եւ եզական բանաստեղծ ու եզակիօրէն քաջ էր նաեւ:

Եւ կարելի՞ է արդէն մեծ լինել՝ առանց քաջութեան…

ԹԷՀՐԱՆ
_______________________

ԾԱՆՕԹ. – Այս յօդուածը գրուած է «ՆԱՅԻՐԻԻ» ներկայ բացառիկին համար: Հեղինակը իր գրութիւնը անձամբ յանձնեց խմբագրութեանս դէպի Եւրօպա իր ճամբորդութեան ընթացքին:
«Նայիրի» շաբաթաթերթ, Բէյրութ, կիրակի, 21. 12. 1952, Ա տարի, թիւ 16-17, էջ 5:

«Դրօշակ» թիվ 7, 2023թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company