Հայոց պետականության գաղափարի հարցը՝ ըստ Ստ. Նազարյանցի «Հայերի կոչումը մարդկության մէջ» հրապարակման
08 Օգոստոս 2023
Մուտք
19-րդ դարի 40-60-ական թվականներին, հայ հասարակական-քաղաքական հոսանքների ձևավորման և մտքի վերելքի ժամանակաշրջանում, արտաքին ու ներքին ազդակներով պայմանավորված, հայ ժողովրդի հետագա ճակատագրի, հայրենիքի ազատագրության ու հայոց պետականության վերականգնման գաղափարները պիտի ավելի պարարտ հող գտնեին ու ավելի առարկայական քննության բնույթ ստանային: Այդ շրջանից թե՛ արևելահայ և թե՛ արևմտահայ իրականության մեջ սկսում են աստիճանաբար արմատավորվել եվրոպական արժեհամակարգի տարրեր, այդ թվում՝ Ֆրանսիական մեծ հեղափոխության (1789-1793 թթ.) հռչակած ազատության, հավասարության, ժողովրդավարության, եղբայրության սկզբունքները։ 19-րդ դարակեսերին եվրոպական բազում երկրներում ծավալված բուրժուա-դեմոկրատական և ազգային-ազատագրական շարժումները հայ ինտելեկտուալ շրջանակներին մտավոր ու հոգևոր առումներով խորհելու նյութ էին տալիս՝ արծարծելու ազատաբաղձության, ազգային ու հայրենասիրական թեմաներով խնդիրներ: Իսկ մինչ այդ հայ առաքելական եկեղեցու կողմից դարերով քարոզվող ու արմատացած հպատակվելու և հնազանդվելու ասիական մտայնությանը աստիճանաբար փոխարինելու էր գալիս «ազատության տեսլականը» :
Դարակեսերից հայ գրական, հասարակական-քաղաքական, գաղափարական շրջանակներին հաջողվում է կրոնական համայնքի մտածելակերպից ավելի ու ավելի անցում կատարել եվրոպական քաղաքական-գաղափարական ու մշակութային ազգերին բնորոշ արժեհամակարգին, ինչը գրական-գեղարվեստական, գեղագիտական և այլ ձևերով ու արտահայտչամիջոցներով մարմնավորում էր գտնում իրենց երկերում, ստեղծագործություններում, մամուլում, հրապարակախոսությունում և այլուր: Ամենից առաջ երկատված հայրենիքի, ճնշված ու հարստահարված ազգի ազատագրության գաղափարները պիտի դառնային հայ առաջադեմ մտքի շարժիչ ուժն ու գլխավոր նպատակը: Առաջին պլանում է հայտնվում ազգ ու հայրենիք գաղափարների միասնացման խնդիրը, որը պիտի տաներ հող-հայրենիքի ազատագրմանն ու պետականության վերականգնմանը:
Հայոց պետականազուրկ, դարերի ընթացքում հայ հասարակական-քաղաքական մտքի պատմագիտական քննության կարևորագույն հիմնահարցերից են հայոց պետականության ու քաղաքական անկախության հարցերը: Դարեր շարունակ դա հետաքրքրել ու հուզել է հայ աշխարհիկ և հոգևոր շրջանակներին: Բանն այն է, որ հին և միջին դարերում հայ ժողովուրդն իր քաղաքական շրջանակներով կերտել է պետականությունների մի ամբողջական շարք-շղթա: Սակայն հետագայում, արտաքին ու ներքին աննպաստ գործոններով պայմանավորված, Հայաստանն ու հայ ժողովուրդը կորցրին իրենց պետականությունը, այն ընկավ օտար նվաճողների գերիշխանության տակ, ենթարկվեց տարածքային բաժանումների, կրեց սոցիալ-տնտեսական, ազգային ու կրոնական հարստահարություններ, դժնդակ հալածանքներ ու հետապնդումներ և այլն: Այստեղից էլ կարող է օրինական հարց ծագել, թե ինչո՞ւ այդպես դասավորվեց:
Այդ համատեքստում, ինչպես պատմական անցյալում, նույնպես և արդի ժամանակներում հայ հոգևոր և աշխարհիկ շրջաններում մշտապես չթուլացող հետաքրքրության երկընտրանքային հարցերից է եղել քաղաքական կառույց հանդիսացող պետության և հոգևոր հիմնարկություն համարվող եկեղեցու հարարաբերությունների հարցը: Եվ այդ առումով հայ հասարակական շերտերին մեծապես հետաքրքրել է՝ ունենալ քաղաքակա՞ն, թե՞ կրոնական անկախություն:

Ահա այս հարցի քննությանն ու պարզաբանմանն է նվիրված 19-րդ դարի հայ հասարակական-քաղաքական մտքի նշանավոր ներկայացուցիչ, ականավոր հրապարակախոս, գրող, գիտնական, պրոֆեսոր Ստեփանոս Նազարյանցի (1812-1879 թթ.) հիմնադրած «Հիւսիսափայլ» ամսագրի 1859 թ. հունվարյան համարի առաջաբան-խմբագրականը՝ «Հայերի կոչումը մարդկութեան մէջ» վերտառությամբ :
Մենք կփորձենք ընթերցողի ուշադրությունը հրավիրել հանդեսի հիշյալ վերտառությամբ խմբագրական հոդվածում Ստ. Նազարյանցի կողմից բարձրացված քաղաքական կարևոր իմաստ պարունակող կրոնակա՞ն, թե՞ քաղաքական անկախության երկընտրանքի հարցին: Նախ՝ հեղինակը հոդվածում զարգացնում է հետևյալ մտահոգիչ միտքը. «Մեզանում պակասել է հայրենիքի ու պետականութեան պահպանութեան ընդհանրական գաղափարը» : Այս կապակցությամբ պատմագիտական գնահատականի առումով վաստակաշատ պատմաբան Լեոյի (Առաքել Բաբախանյանի) կողմից Ստ. Նազարյանցի այդ հոդվածին տրված մեկնաբանության մեջ նշվում է, որ, իրոք, դարերի ընթացքում հայերը հաճախ չեն հասկացել (գիտակցել) քաղաքական անկախության նշանակությունը, և այդ անկախությունը, ցավոք, զոհաբերվել է կրոնական անկախությանը : Եվ դա, ըստ էության, համարվել է պետության և եկեղեցու հարաբերության հարցը հայ հանրության գիտակցության մեջ և նրա ընկալումներում:
1. Հարցի նազարյանական մեկնաբանությունը և գնահատականը
Նախ՝ հեղինակը, թռուցիկ հայացք նետելով աշխարհի ու երկրների ավելի քան 6 հազարամյա պատմությանը, դրվատանքով ընդգծում է հին դարերում հայերի քաղաքական կյանքի, այսինքն՝ պետականության առկայության մասին: Միաժամանակ նշում է թագավորական իշխանության դեմ մինչև 240-ի հասնող հայ նախարարական տների կենտրոնախույս ձգտումների և գործողությունների մասին, որոնք «անխորհրդաբար աշխատել են միշտ սահմանափակել ու նեղացնել թագաւորի իշխանութիւնը և այդպէս թուլացնել բոլոր թագաւորութեան զօրութիւնը» : Ստ. Նազարյանցը անցյալում հայոց պետականությունների կորուստը բացատրում է նաև Հայաստանի աշխարհաքաղաքական բարդ պայմաններով, երբ նա հայտնվեց «մի կողմից՝ Պարսից քրիստոնեատեաց ազգի, իսկ մյուս կողմից՝ ֆանատիկոս դաւաճան Բիւզանդիայի միջև» : Նազարյանցի կարծիքով՝ մեր պատմական անցյալում Հայք (հայերը) բավարար ուշադրություն ու նվիրում չեն ցուցաբերել հայոց պետականության պահպանությանը, իսկ դրա փոխարեն ավելի կարևորվել է հավատքի, դավանանքի պաշտպանությունը: Իբրև դրա արտահայտություն՝ Ստ. Նազարյանցը բացառիկ մեծարանքի արժանի երևույթ է համարում 5-րդ դարի ազատագրական պատերազմը, երբ «հայերը անվեհեր քաջութեամբ թափել են իրենց արիւնը, գնացել են նահատակութեան և մարտիրոսութեան՝ հանուն յուրյանց հավատի» : Այդ մասին ակնարկելով՝ Նազարյանցն ամենից առաջ նկատի է ունեցել 5-րդ դարի «Վարդանանց» և «Վահանանց» ազատագրական պատերազմները՝ հանուն հավատի, բայց վերջին հաշվով՝ հանուն ազգի ու հայրենիքի պահպանության (ազատագրության):
Հետագա դարերում պետականության կորուստը հայ աշխարհիկ և հոգևոր բարձր շրջանակներում խորհելու տեղիք պիտի տար՝ ջանալ առաջին հերթին վերականգնել պետականությունը:
Ավելին, Ստ. Նազարյանցի պատկերմամբ՝ հայերը մեծ կարևորություն են տվել ոչ միայն կրոնական, այլև դավանական տարբերությանը: Եվ այդ հողի վրա դարերով թշնամացել են քաղկեդոնական Բյուզանդիայի, նույնն է, թե հույների հետ: «Հայք իբրև քրիտոնեայք,— գրում է հոդվածագիրը, —պիտոյ է միշտ հաւատարիմ դաշնաւոր մնային Յունաց հետ՝ վեհանձնութեամբ տանելով Յունաց կրօնական նեղսրտութեանը և տեղիք չտալով մի քանի դավանաբանական տարբերութիւնների, որ կային Յունաց ու Հայոց մէջ» : «Հայք հանուն իւրանց ազգի պահպանութեան,— կշտամբանքով շարունակում է Նազարյանցը,— պարտական էին իւրանց բնական դաշնակից ու թիկունք համարել Բիւզանտիոնը, բայց Հայոց պօլիտիկան (քաղաքականությունը) այդպէս չէ եղել» :
Նույն քաղաքագետ-հրապարակախոսի դիտարկմամբ՝ պետականությունը՝ իբրև գերագույն արժեք. «թագաւորութիւնն է, որ, իբրև մարմնացած հոգի և զօրութիւն, գործ է կատարում ազգի թէ՛ նիւթական և թէ՛ իմացական բաղդաւորութեան համար. թագաւորութիւնն է, որ ամենայն բան ազգի մէջ կարգի ու սահմանի տակ է պահում» : Նազարյանցը իրավացիորեն կատարյալ չէր համարում այն ազգային կյանքը, որը հիմնված է միայն կրոնի վրա: Ըստ նրա՝ նման տեսակի կյանքի մեջ չի կարող լինել լայն աշխարհիկ կրթություն, գրականություն, նյութական և իմացական բախտավորություն: Դրա համար հայերը առաջնային կարևորություն պիտի տային ոչ այնքան եկեղեցական, որքան քաղաքական անկախությանը, քանզի ամեն մի ազգի ինքնության կեցության և զարգացման ամենամեծ նեցուկը նրա քաղաքական անկախության մեջ է : Վերը բերված մտքերը մեզ հիմք են տալիս եզրակացնելու, որ Ստ. Նազարյանցին իրավամբ կարելի է համարել Հայաստանի անկախ պետականության գաղափարի ջերմ ջատագովն ու պաշտպանը: Եվ նա պատմական անցյալի նյութերի համադրմամբ կշտամբանքի խոսքեր է ուղղում Հայոց եկեղեցուն և հոգևոր առաջնորդներին: Եվ պատահական չէ, որ հայ ազատական, մեզանում պետականության գաղափարակիր, առաջադեմ մտածող Ստ. Նազարյանց գործիչը և նրա խմբագրած «Հիւսիսափայլ» հանդեսը հաճախակի ենթարկվել են հայ եկեղեցու հայրերի ու կղերական ու պահպանողականի համարում ունեցող «Ճռաքաղ», «Մասյաց աղավնի», «Մեղու Հայաստանի», «Կռունկ» և այլ պարբերականների բանավիճային հարձակումներին:
Ի դեպ, Ստ. Նազարանցի սույն հրապարակմանը անդրադարձել է վաստակաշատ պատմաբան Լեոն, որը հիմնականում հավանություն է տվել եկեղեցու և պետականության հարցի շուրջ նրա արտահայտած մտքերին, դատողություններին ու տրված գնահատականին :
19-րդ դարակեսերի հայ հասարակական-քաղաքական մտքի ականավոր ներկայացուցիչ, հրապարակախոս Ստ. Նազարյանցի կարծիքով. «Հայք միշտ ընդգծել են իրենց քրիստոնեական հաւատին հավատարիմ լինելու մասին փաստը, բայց դա,— ըստ նրա,— շատ փոքր բան է», որ «հաւատն առանց իշխանական գաւազանի թևարկութեան, խաչն առանց սրի տկար են և չե՛ն կարող ազգաշինութեան պատճառ լինել»:
«Եթէ սուտ է մեր ասածը,— շարունակում է հրապարակախոսը,— թո՛ղ ցույց տան մեզ աշխարհի երեսին մի լուսաւորեալ, քաղաքացեալ (քաղաքակիրթ-Ա. Հ.), հզօր և հրամայող ազգ, որ միայն կրօնի զօրութեամբ՝ առանց քաղաքական կեանքի և մեծութեան հասած լիներ որևիցե ազգաշինութեան, բարեկարգութեան և ազգային պարծանքի մարդկութեան ազգերի մէջ» : Իբրև օրինակ նա նշում է, որ պարսիկը զորեղ է ոչ թե իր «պղտոր մահմեդականութեամբ, այլ իր քաղաքական կեանքով, թագաւորութեամբ: Նոյնն է եւ սունիթական տաճիկը» : Նազարյանցը հասկացնել էր տալիս, որ «թագաւորութիւնն է, որ իբրև մարմնացած հոգի և զօրութիւն, գործ է կատարում ազգի թէ՛ նիւթական և թէ՛ իմացական բաղդաւորութեան համար. թագաւորութիւնն է, որ ամենայն բան ազգի մէջ կարգի ու սահմանի տակ է պահում» : Բայց և միաժամանակ արձանագրում է, որ, ցավոք, հազարամյակով «Հայոց կեանքը զուրկ է եղել դրանից» : Նազարյանցի կարծիքով՝ արդեն 19-րդ դարակեսին չորս միլիոնի հասնող հայությունը, ընդ որում 500 հազարը՝ ռուսական տիրապետության տակ, իսկ մնացյալ մասը՝ Տաճկաստանում, Եվրոպայում, Ասիայի ու Աֆրիկայի այլ երկրներում, կորած չէ, «նա մի մեծ եւ գեղեցիկ խորհուրդ ունի» , այլ խոսքով՝ նա լավատես էր, որ մի գեղեցիկ օր հայ ժողովուրդը կհասնի ազատագրության ու անկախության գաղափարի նյութականացմանը:
Հանրագումարի բերելով Ստ. Նազարյանցի դիտարկումները կրոնական (եկեղեցական), թե քաղաքական (պետական) անկախության հարցում՝ կարելի է եզրահանգել, որ իբրև ազատական ու ժողովրդավարական մտածողության գործիչ՝ Ստ. Նազարյանցը եղել է հայոց անկախ պետականության գաղափարի ջերմ պաշտպան և այդ ճանապարհին հայոց պատմական անցյալի հոգևոր ու աշխարհիկ կյանքի թեմայի համադրմամբ քննադատական խոսք է ուղղում հայ շրջանակների կողմից կրոնական (դավանական) մոտեցմանը նախապատվություն տալուն: Բայց կարծում ենք, որ Ստ. Նազարյանցի արտահայտած կարծիքն ու գնահատականը դավանական առումով Բյուզանդիայի (հույների) հետ զիջող ու հաշտ լինելու հարցում միակողմանի է ու ոչ ամբողջական: Բանն այն է, որ Բյուզանդիայի վարած քաղաքականությունն ու հանդես բերած վերաբերմունքը պայմանավորված չէին միայն ինչ-որ դավանաբանական խնդիրներով, այլ դրա հիմքում ընկած էին քաղաքական, գերիշխելու-մեծապետական, նվաճողական և այլ նպատակներ:
Մյուս կողմից՝ ճշմարտությունն այն է, որ ազգի կրոնն ու դավանանքը, իբրև ազգի հոգևոր և մշակութային ինքնության դրսևորում, ինչպես մայրենի լեզուն, դպրոցը, կրթությունը, մշակույթը և այլն, չպետք է բաժանել (տարանջատել) ազգային պետականության ու անկախության գաղափարից: Կարծում ենք, որ դրանք, որպես ազգային-հոգևոր արժեքներ, պետք է դիտարկել մեկ նպատակի ուղղորդված միասնության մեջ: Ինչ վերաբերում է Հայոց եկեղեցուն, ապա նա իր հոգևոր զորեղ լծակներով պիտի նեցուկ լինի Հայոց պետականությանը:
Ամփոփում
Այսպիսով՝ քննելով ու գնահատելով Ստ. Նազարյանցի ստեղծած գրական, գիտական, հոգևոր, հրապարակախոսական վաստակը՝ կարելի եզրակացնել, որ նա հայտնի էր ոչ միայն որպես ազգային կրթա-լուսավորական գաղափարների կրող ու տարածող, դրանց զարգացման հետևորդ, եվրոպական արժեքային համակարգի արմատավորման հետևողական պաշտպան մտավորական գործիչ, այլև եղել է Հայաստանի անկախ պետականության վերականգնման գաղափարի ջերմ պաշտպան, ինչի ապացույցը նրա հրապարակախոսությունն է և ի մասնավորի՝ «Հիւսիսափայլի» սույն հրապարակումը:
______________________________________
Հղում
Խուդինյան Գ., Հ. Յ. Դաշնակցության ծնունդը, Եր., «Արտագերս» հրատ., 2000, էջ 7:
2 Նազարեանց Ստ., Հայերի կոչումը մարդկութեան մէջ, տե՛ս «Հիւսիսափայլ», Մոսկվա, 1859, թիվ 1 (հունվար), էջ 1-14:
3 «Հիւսիսափայլ», Մոսկվա, 1859, թիվ 1 (հունվար), էջ 4:
4 Ստեփանոս Նազարյանց, «Հյուսիսափայլի» շրջանը (1858-1864), տե՛ս Լեո, Երկերի ժողովածու (տասը հատորով), հ. 6, Եր., «Հայաստան» հրատ., 1987, էջ 103:
5 «Հիւսիսափայլ», Մոսկվա, 1859, թիվ 1 (հունվար), էջ 3:
6 «Հիւսիսափայլ», նույն տեղում, էջ 4:
7 Նույն տեղում, էջ 5:
8 Նազարեանց Ստ., Հայերի կոչումը մարդկութեան մէջ, «Հիւսիսափայլ», Մոսկվա, 1859, թիվ 1 (հունվար), էջ 4:
9 «Հիւսիսափայլ», նույն տեղում, էջ 4:
10 «Հիւսիսափայլ», նշվ. աշխ., էջ 6:
11 Ստեփանոս Նազարյանց, «Հյուսիսափայլի» շրջանը (1858-1864), տե՛ս Լեո, Երկերի ժողովածու, հ. 6, Եր., «Հայաստան» հրատ., 1987, էջ 103:
12 Տե՛ս Լեո, Երկերի ժողովածու (տասը հատորով), հ. 6, Եր., «Հայաստան» հրատ., 1987, էջ 103-104:
13 «Հիւսիսափայլ», նշվ. աշխ., էջ 5:
14 «Հիւսիսափայլ», նույն տեղում:
15 «Հիւսիսափայլ», նույն տեղում, էջ 6:
16 «Հիւսիսափայլ», նույն տեղում:
17 «Հիւսիսափայլ», նույն տեղում, էջ 7:
Արարատ Հակոբյան
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
