ՀՕՄ-ի յուրաքանչյուր հանդիպում նոր գաղափարներ է ծնում
13 Փետրվար 2019
Օրերս Հայ օգնության միության (ՀՕՄ) Վանաձորի մասնաճյուղը, ՀՅԴ Վանաձորի կառույցի անդամ Արամ Ղարաբեկյանի նախաձեռնությամբ, այցելել էր Վանաձորի երկու հանրակացարաններ: Առաջնահերթ համարելով երեխաների ուսումը` նախաձեռնության հեղինակներն իրենց հետ տարել էին գրենական պիտույքներ և դպրոցական մի շարք այլ պարագաներ: Նախաձեռնությանը ֆինանսապես աջակցել էին վանաձորցի անհատ ձեռներեց Կարեն Կարապետյանը և ԱՄՆ ՀՅԴ կառույցի անդամ Լաուրա Հակոբյանը:
Հանրակացարաններում օժանդակ կառույցների առկայությունը և նկուղային տարածքները նկատելով` Արամ Ղարաբեկյանն առաջարկել է դրանք ծառայեցնել նոր բիզնես նախաձեռնություն իրականացնելուն, որից գոյացած եկամուտներով էլ հնարավոր կլինի բարելավել շենքային պայմանները:
Նախաձեռնության հեղինակները բնակիչների հետ համատեղ քննարկել են նաև հանրակացարանի բակի խնդիրը լուծելու հնարավոր տարբերակները. որոշվել է այն վերածել բերքատու ծառերով այգու:
Այցի նպատակը թվով 44 երեխաներին գրենական պիտույքներ նվիրելն էր, սակայն, ինչպես միշտ, յուրաքանչյուր հանդիպում ծնունդ տվեց նոր գաղափարների: