ՀՅԴ հանրահավաքը՝ ամփոփ
24 Մայիս 2019Մայիսի 23-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ ՀՅԴ` «Լրջացեք հանուն խաղաղության» խորագրով հանրահավաքը, որի առաքելությունն էր ահազանգ հնչեցնել իշխանություններին, որ այսպես շարունակել այլևս չի կարելի, այլապես մենք ընդհուպ մոտենում ենք անշրջելիության կետին, որից հետո կորուստները կարող են անդառնալի լինել:
Հանրահավաքին ելույթներով հանդես եկան՝ ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանը, ՀՅԴ ԳՄ ներակայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ ԳՄ անդամներ՝ Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գաստյանը , Տարոն Տոնոյանը, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության քաղաքական-հասարակական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը:
Իրենց ելույթներում Դաշնակցության ներկայացուցիչները կոշտ քննադատության ենթարկեցին իշխանություններին` նշելով, որ հեղափոխությունից մեկ տարի անց չեն արդարացել մարդկանց սպասելիքները, կոնկրետ արդյունքներ չկան, իշխանությունը չունի տնտեսության զարգացման տեսլական, բայց փոխարենը թշնամություն և անհանդուժողականություն են սերմանում հայերի միջև, նրանց բաժանում սևերի ու սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների, հայաստանցիների ու արցախցիների։ Հանրահավաքի մասնակիցները սա մտահոգիչ համարեցին և իշխանություններին կոչ արեցին` լրջանալ, ապա նաև «դեղին» քարտ ցույց տվեցին իշխանություններին։