ՌԱԿ-ը ողջունում է Դաշնակցության նախաձեռնությունը
07 Մայիս 2019 Կարևոր է, որ ունենանք Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինքը. Ստեփանակերտում «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումում ելույթի սկզբում նշեց Ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:![](https://www.arfd.am/wp-content/uploads/2019/05/Հակոբ-Ավետիքյան-Ազգ-1024x566.jpg)
Նա ողջունեց ֆորումի անցկացումը և վստահություն հայտնեց, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի հասնել այդ դաշինքի կնքմանը: Ավետիքյանը կարևորեց Սփյուռքի գործոնն այդ հարցում ևս: Նրա խոսքով` Դաշնակցությունն իր Հայ Դատի գրասենյակներով ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերությունները կարգախոսային վիճակից տանել դեպի աշխատանքային դաշտ:
«Ընդամենը 15 տարի առաջ Սփյուռքում գործում էին երեք կազմակերպություններ, որոնք զբաղվում էին Հայ դատի աշխատանքներով. Դաշնակցությունը, դժբախտաբար, այժմ միակ կազմակերպությունն է, որ զբաղվում է Հայ Դատի հետապնդման գործով»,- ասաց Ավետիքյանը` հավելելով, որ Սփյուռքում անհատներ կան, որոնք հսկայական դերակատարում ունեն հայրենիքի հետ կապերի ամրապնդման և հայրենիքի զարգացման գործում: