Ինչո՞ւ է նվազում դոլարի գինը և ե՞րբ կարելի է ակնկալել փոխարժեքի աճ
04 Հունիս 2019 Վերջին 3 ամսվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը 490 դրամից նվազել է՝ հասնելով 480 դրամի։ Թեև ԿԲ պաշտոնական տվյալներով տատանումը միայն 10 դրամի սահմաններում է եղել, սակայն փոխանակման կետերում փոխարժեքը երբեմն հասել է 460 դրամի։Դոլարի փոխարժեքի նվազումը բացասական ազդեցություն է ունենում հատկապես արտահանման վրա։ Դրա արդյունքում նվազում է Հայաստանից արտահանված ապրանքների մրցունակությունը, իրացման շուկաներում դրանք դառնում են ավելի թանկ։ Armdaily.am-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասաց, որ հենց սրա պատճառով է, որ վերջին 4 ամիսերի ընթացքում մենք ունենք 8.6 տոկոս արտահանման անկում։
«Դրամի փոխարժեքի վրա մեծ ազդեցություն է ունենում հարկաբյուջետային քաղաքականությունը Այս կառառվարությունը 28 տոկոս պրոֆիցիտ է ապահովել, այսինքն ավելի շատ հավաքագրել է տնտեսությունից դրամ, քան ծախսել է, դրա հետևանքով տնտեսության մեջ նվազել է դրամի շրջանառության ծավալները։ Փոխարժեքի վրա ազդող գործոններից են նաև նավթի գների անկումը, ԱՄՆ-ի ֆեդերալ բանկի կողմից վարվող քաղաքականությունը, ինչպես նաև ՀՀ ԿԲ բանկի քաղաքականությունը, որը տարիներ շարունակ վարում է կայուն դրամի քաղաքականություն, ԿԲ-ն ամեն կերպ փորձում է պահել դրամի փոխարժեքը, բայց դրա արդյունքում որոշակի կորուստներ են ունենում հատկապես արտահանողները։
Այս իրավիճակը կարծում եմ երկար չի տևի և աշնանը սպասվում է դոլարի փոխարժեքի կտրում աճ»,-ասաց տնտեսագետն՝ ընդգելով, որ դոլարի փոխարժեքի նվազմանը նպաստում է ամռանը նկատվող արտարժույթի ներհոսքով, ինչը պայմանավորված է գյուղատնտեսական մթերքների արտահանմամբ, ինչպես նաև զբոսաշրջային ծառայությունների աճով։ «Սակայն, կարծում եմ, աշնանը կունենանք դոլարի փոխարժեքի զգալի աճ։ Ինչը կարող է պայմանավորված լինել նաև օտարերկրյա ներդրումների կրճատվմամբ։ Այսինքն, տնտեսությունում կնկատվի արտարժույթի պակաս, որն էլ կհանգեցնի դրամի որոշակի արժեզրկման»,-ասաց նա։
