Իշխանությունը պետք է սովորի ընդդիմախոսներին լսել
05 Հունիս 2019 Երեկվա «Ես եմ ծեծել» ակցիան կուսակցության կողմից կազմակերպված չէր, ինքնաբուխ ակցիա էր, որին մասնակցեցին դաշնակցականներ. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:«Ակցիայի մասնակիցների ուղերձը հստակ էր՝ այն զգոնության կոչ էր իշխանություններին: Երկրում տևական ժամանակ, հետևողականորեն բռնության խոսք և քարոզ է հնչում, իսկ անպատժելիության և քաղաքական, իրավական գնահատականի բացակայության պայմաններում այն վերածվում է համապատասխան վարքագծի: Երկրում տիրող բարոյահոգեբանական ծանր մթնոլորտի, անհանդուրժողականության, ագրեսիվ մերժումի վերաբերյալ Դաշնակցության գնահատականները բազմիցս են հնչել, և արձանագրել ենք, որ այսպիսի իրականության պատասխանատվությունը իշխանություններինն է: Իշխանությունը պետք է սովորի ընդդիմախոսներին լսել:
![](https://www.arfd.am/wp-content/uploads/2019/06/Իշխան-Սաղաթելյան-1024x577.png)
Մենք կողմ ենք օրենքի գերակայությանը, դատապարտում ենք բռնությունը և գնահատում Նիկոլ Փաշինյանի՝ բռնությունը դատապարտող այսօրվա հայտարարությունը: Բայց նաև հստակ արձանագրում ենք, որ բռնության և ատելության կոչեր հնչում են հենց իշխանության և նրանց հարող շրջանակների կողմից: Եթե անցած մեկ տարվա ընթացքում դրա դեմն առած լինեին, այսօր այս իրավիճակը չէինք ունենա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Փաշինյանի այսօրվա հայտարարության տողատակին, թե մարդիկ, որոնք ազգային արժեքներից են խոսում, իշխանության մաս կազմելով` թալանել են երկիրը, Իշխան Սաղաթելյանը նշեց. «Դա անհասցե մեղադրանք է, և ես չեմ պատրաստվում դրան արձագանքել: Դաշնակցությունը երբեք թալանի մասնակից չի եղել: Իսկ ինչ վերաբերում է ազգային արժեքներին եւ ազգային արժանապատվությանը, ապա ՀՅԴ-ն այն միշտ է պաշտպանել, շարունակելու է պաշտպանել եւ այդ ուղղությամբ որևէ ոտնձգություն թույլ չի տա»:
https://youtu.be/UV9JHDWDp4Y
Որևէ մեկը մեզ հետ թող սպառնալիքներով չխոսի
«Արդեն մեկ տարի է՝ իշխանությունն է բռնության քարոզ իրականացնում և հետևողականորեն։ Մենք բռնությանը դեմ ենք և բռնություն քարոզողների դեմ ենք, և ակցիան դրան էր ուղղված։ Դա ընդամենը քաղաքական և քաղաքացիական ակցիա էր, որը դեմ էր բռնությանը։ Մենք միշտ էլ դատապարտել ենք բռնությունը, միայն վերջին մեկ ամսվա ընթացքում նմանատիպ երեք հայտարարություն ենք արել։ Բայց երբ իշխանությունը քայլեր չի ձեռնարկում բռնություն քարոզողների նկատմամբ՝ երկրում ստեղծվում է նման լարվածություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված ՀԱԿ ակտիվիստի հետ տեղի ունեցած միջադեպին։
«Չեմ ցանկանում մեկնաբանել անհասցե մեղադրանքները, քանի որ 30 տարի առաջ Դաշնակցությունն Արցախում սահման էր պահում։ 25 տարի առաջ էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, Դաշնակցությունը բանտերում էր։ Այսինքն՝ սա անհասցե մեղադրանք է, հետևաբար՝ չեմ պատրաստվում պատասխանել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հարցին՝ ինչպես վարչապետն է ասել՝ գուցե այդ ակցիան իրականացնելիս Դաշնակցությունն իշխանությունների բարեկրթությունը շփոթե՞լ է թուլության հետ, Ի. Սաղաթելյանը պատասխանեց՝ իշխանությունը պետք է սովորի ընդդիմության հետ խոսելու ձևը, քանի որ այդ ոճով ընդդիմության հետ չեն խոսում։
«Մենք բարեկրթություն էլ գիտենք և ամեն ինչ լավ հասկանում ենք, որևէ մեկը մեզ հետ թող սպառնալիքներով չխոսի։ Մենք քննադատում ենք իշխանությանը, ցույց ենք տալիս նրա սխալները, բայց իշխանությունը կրկին ասում է՝ ասֆալտին կփռի, և այլն, ում հետ՝ ինչ, ոնց, բայց Դաշնակցության հետո որևէ մեկն իրավունք չունի այդ ոճով խոսել։ Այսինքն՝ խոսում ենք համերաշխությունից, բայց վերջում տողատակով ասում ենք՝ նայեք հա, ասֆալտին կփռենք»,- եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։
Զվարթ Խաչատրյան