ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«Խաղաղութեան» պայմանագրի նախագծի սնանկութիւնը

26 Մարտ 2025

Մարտի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը պաշտօնական յայտարարութիւն տարածեց առ այն, որ ընդունում է «Հայաստանի Հանրապետութեան եւ Ատրպէյճանի Հանրապետութեան միջեւ խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցուած երկու յօդուածների վերաբերեալ Ատրպէյճանի առաջարկութիւնները եւ առաջարկել է հանդէս գալ համատեղ յայտարարութեամբ՝ խաղաղութեան համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցուած լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցութիւնների աւարտի մասին»։ Պաշտօնական Պաքուն, որ նոյնիսկ չէր ընդունել համատեղ յայտարարութեամբ հանդէս գալու Երեւանի առաջարկը, նախքան ՀՀ արտաքին գործերի նախարարութեան յայտարարութիւնը, Ճէհիւն Պայրամովի միջոցով տարածեց խաղաղութեան պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցութիւնների աւարտի մասին լուրը միաժամանակ նշելով․ «Յաջորդ փուլում Պաքուի ակնկալիքը հետեւեալն է՝ Հայաստանը պէտք է փոփոխութիւններ կատարի իր Սահմանադրութիւնում, որում դեռեւս տարածքային պահանջներ կան Ատրպէյճանի հանդէպ»։ Նախ միջանկեալ նշենք, որ Պաքուն նոյնիսկ այս դէպքում չպահպանեց դիւանագիտական աշխարհում ընդունուած փոխադարձութեան սկզբունքը եւ, ըստ էութեան, Երեւանի համար թերեւս անակնկալ միակողմանի յայտարարեց համաձայնագրի բանակցային գործընթացի աւարտի մասին։ Նման արձանագրում կայ նաեւ ՀՀ ԱԳՆ Մարտի 13-ի հաղորդագրութիւնում։

Մինչեւ սոյն յօդուածի հիմնական ասելիքին անդրադառնալը, հիմնական գծերի մէջ հասկանանք թէ իրականում իրենից ինչ է ներկայացնում այսպէս կոչուած խաղաղութեան համաձայնագրի նախագիծն ու որքանով է դա լուծում այն խնդիրների շրջանակը, որոնք Ատրպէյճանն ու Հայաստանն ունեն։

Դատելով բաց աղբիւրներում համաձայնագրի կարգաւորման ոլորտների վերաբերեալ քննարկումներից՝ ակնյայտ է, որ այn աւելի շատ նմանւում է շրջանակային համաձայնագրի, որով երկու կողմերը աւելի շատ փորձ են անում յստակեցնել իրենց յարաբերութիւնները սկզբունքները, քան լուծել այն խնդիրները, որոնք ունեն։ Աւելին, համաձայնագրի տեքստի բազմաթիւ յօդուածներ, ըստ ամենայնի, ՄԱԿ-ի կանոնադրութեամբ, Հելսինկիի եզրափակիչ ակտով սահմանուած՝ միջազգային յարաբերութիւնների հանրահռչակ սկզբունքների գրեթէ մեխանիկական շարադրանքներ կը լինեն, շարահիւսական որոշակի փոփոխութիւններով ու համապատասխանեցումներով։

Արդէն իսկ պարզ է, որ համաձայնագրի նախագիծը մասնաւորապէս չի կարգաւորելու կամ վերջնականապէս չի կարգաւորելու․

_ Ղարաբաղեան հակամարտութիւնը

_ Հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը

_ Հայաստան-Ատրպէյճան սահմանազատման ու սահմանագծման խնդիրը

_ Ատրպէյճանի կողմից բռնագրաւուած՝ ՀՀ ինքնիշխան տարածքի վերադարձը

_ Չի նախատեսւում իրաւապայմանագրային այնպիսի հենք, որ վերջ կը տայ Հայաստանի նկատմամբ ատրպէյճանական պահանջներին

Նկատենք, որ յիշեալ կէտերից որեւէ մէկի առկայութիւնն արդէն իսկ էապէս կասկածի տակ է դնում երկարաժամկէտ ու արժանապատիւ խաղաղութեան ցանկացած հնարաւորութիւն։

Գալով խաղաղութեան համաձայնագրի աւարտի մասին երկուստեք, սակայն իրարից անկախ, արուած յայտարարութիւններից յետոյ ստեղծուած իրավիճակին, առանձնացնենք հետեւեալ երկու կէտերը․

Ատրպէյճանի կողմից Հայաստանի հանդէպ առաջադրուած այնպիսի պահանջների շրջանակի ընդլայնում, որոնք տեղ չեն գտել խաղաղութեան համաձայնագրի նախագծում եւ քարոզչական համապատասխան գրոհ։
Իբր թէ Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերեալ ատրպէյճանական մեղադրանքներ։
Ինչպէս նշեցինք, Հայաստանի հետ բանացութիւնների աւարտի մասին յայտարարելիս արդէն իսկ, Ատրպէյճանի արտաքին գործերի նախարարը խօսել է նախապայմանների, մասնաւորապէս ՀՀ Սահմանադրութիւնը փոխելու անհրաժեշտութեան մասին։ Եթէ փորձենք ամփոփել ներկայումս Հայաստանի նկատմամբ ատրպէյճանական ամենատարբեր շրջանակների կողմից առաջադրուող պահանջները, ապա դրանք ըստ էութեան հետեւեալներն են․

Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան փոփոխութիւն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում, խորհրդային շրջանից մնացած անկլաւների տրամադրում, ատրպէյճանցիների վերադարձ Հայաստան՝ այսպէս կոչուած «Արեւմտեան Ատրպէյճանի» քաղաքական կոնցեպտի շրջանակում, ՀՀ բանակի սպառազինութեան գործընթացի դադարեցում եւ ձեռքբերուած սպառազինութեան վերադարձ եւ այլն։

Յիշեալ նախապայմաններն ի հարկէ իրենց ուրոյն տեղն ունեն թշնամական քաղաքականութեան ու քարոզչութեան համատեքստում, սակայն պաշտօնական Պաքուն երկու նախապայման առանցքային է համարում փաստաթղթի ստորագրման համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւնը։ Արդէն Մարտի 19-ին, այս անգամ արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական հաղորդակցութեամբ Պաքուն հաստատեց, որ համաձայնագրի ստորագրման համար նախապայման է դիտում ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւնը։

Համաձայնագրի դրոյթների համաձայնեցուած լինելու վերաբերեալ յայտարարութիւնից յետյ, Մարտի 22-ի դրութեամբ ատրպէյճանական կողմը աւելի քան մէկ տասնեակ հաղորդագրութիւններ է տարածել՝ յայտարարելով, որ հայկական բանակի առաջապահ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը։

Այսինքն, համաձայնագրի նախագծի համաձայնեցման վերաբերեալ յայտարարութիւնից յետոյ ստեղծուել է մի իրավիճակը, որը ենթադրւում էր, որ պէտք է յանգեցնի կրքերի հանգստութեան, լարուածութեան լիցքաթափման, սակայն լրիւ հակառակ ազդեցութիւնն ունեցաւ՝ որոշակիօրէն բարձրացնելով ռազմական էսկալացիայի սպառնալիքը, ինչի ցուցիչ կարող է լինել ատրպէյճանական կողմից ապատեղեկատուութեան գրոհը։

Միջազգային յարաբերութիւններում, եւ ոչ միայն ընդունուած է այն սկզբունքը, ըստ որի «ոչինչ համաձայնեցուած չէ, քանի դեռ ամէն ինչ համաձայնեցուած չէ»։ Հայաստանի իշխանութիւնները, շարունակաբար դէմ գնալով այս ճշմարտութեանը, յոյս ունեն, որ Պաքուին կարող են վերադարձնել բովանդակային երկխօսութեան եւ կառուցողականութեան դաշտ։ Սակայն Պաքուի կողմից մի դէպքում շատ յստակ նախապայմանների առաջ քաշումը, միւս պարագայում սահմանային իրավիճակի վերաբերեալ ապատեղեկատուութիւնը, գալիս են փաստելու, որ թշնամական պլաններում այս համաձայնագրի ստորագրումը ուղղակի չկայ։

Ներկայ դրութեամբ Պաքուի կողմից առաջադրուող նախապայմաններին ու սահմանային սադրանքների խնդրին անդրադառնանք առանձին-առանձին՝ փորձելով որոշակի վերլուծութեան ենթարկել Ատրպէյճանի քաղաքական վարքի հիմնական նպատակադրումները։

Նախ, Մինսկի խմբի մասով։ Ակնյայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյութիւնը ենթադրում է դրա Մանդատի քաղաքական գոյութիւն, ինչն էլ ենթադրում է ղարաբաղեան հակամարտութեան քաղաքական լուծում։ Ուքրանական պատերազմից յետոյ լարուած աշխարհաքաղաքական իրավիճակում, ինչպէս նաեւ ՀՀ իշխանութիւնների կողմից Արցախը Ատրպէյճանի մաս ճանաչելուց յետոյ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ յարակից կառոյցների գործունէութիւնը գրեթէ ամբողջութեամբ դադարեցուած է։ Սակայն Պաքուն մտավախութիւններ ունի առ այն, որ Մինսկի խմբի գոյութեան փաստը ինքնին նշանակում է հակամարտութեան իրաւական առկայութիւն։ Միւս կողմից ԱՄՆ-Ռուսաստան յարաբերութիւնների կարգաւորման յընթացս գործընթացի որոշակի հանգրուանում համանախագահ երկրները կարող են դիտարկել Մինսկի խմբի վերագործարկման հնարաւորութիւնը, ինչից եւս պաշտօնական Պաքուն վախենում է։

Ակնյայտ է նաեւ, որ Հայաստանի իշխանութիւններն ընդունել են Մինսկի խմբի լուծարումը, իսկ վարչապետը նաեւ պատրաստակամութիւն է յայտնել սկսելու նման գործընթաց։ Թէեւ Հայաստանի ու Ատրպէյճանի համատեղ դիմումի արդիւնքում ԵԱՀԿ-ում կարող է Մինսկի խմբի լուծարման պահանջի լեգիտիմութիւնը մեծ լինել, սակայն ԵԱՀԿ որոշումներն ընդունւում են կոնսենսուսով, իսկ աշխարհաքաղաքական այնպիսի հաշուարկով ստեղծուած ինստիտուտ, ինչպիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութիւնն է, լուծարումը դժուար թէ այդքան հեշտ մի գործընթաց լինի։ Իր հերթին ԵԱՀԿ-ն պարտաւորութիւն ունի զբաղուելու իր տարածքում հակամարտութիւնների արդար կարգաւորմամբ, իսկ էթնիկ զտման ցեղասպանական գործողութիւնների արդիւնքում ղարաբաղեան հակամարտութիւնը ոչ միայն չի լուծուել, այլ հակամարտութեան հետեւանքները աւելի են խորացել՝ համապատասխանաբար պահանջելով միջազգային աւելի մեծ ուշադրութիւն ու ներգրաւուածութիւն։

Գալով Սահմանադրութեան փոփոխութեան պահանջին․ Պաքուի բռնապետը կա՛մ իսկապէս չի պատկերացնում, որ չնայած Հայաստանի իշխանութիւնների հակաժողովրդավարական գործողութիւններին, Հայաստանն Ատրպէյճան չէ, եւ, որ մէկ մարդու քմահաճոյքով Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը չի կարող փոխուել, կամ չի՛ հասկանում, որ Փաշինեանը չունի հանրային աջակցութեան այն հսկայական ծաւալը, որ նրան թոյլ կը տայ հանրաքուէով Սահմանադրութիւն փոխել, կա՛մ փորձ է անում այս պահանջով առհասարակ սաբոտաժի ենթարկել «խաղաղութեան գործընթացը»։ Վերջինը թերեւս աւելի իրապաշտական արձանագրում է։ Չնայած Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ ակնյայտ քաղաքական ուղղորդման ընդունուած որոշմանը, չնայած համաձայնագրի նախագծի այն յօդուածին, ըստ որի ներպետական օրէնսդրութիւնը չի կարող խնդրայարոյց լինել համաձայնագրի կիրարկման համար, պաշտօնական Պաքուն շարունակում է հետապնդել Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութեան պահանջը որպէս համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող հիմնական խնդիր՝ վստահ իմանալով, որ դա կարճ ժամանակի խնդիր էլ չէ։

Գալով թերեւս շատերի համար անակնկալ սահմանային իրավիճակի լարման վերաբերեալ ատրպէյճանական կեղծ յայտարարութիւններին։ Փորձենք հասկանալ Ատրպէյճանի կողմից հետապնդուող հիմնական նպատակները։ Դրանք, ի թիւս այլնի, կարող են լինել հետեւեալները․

1._ Ցոյց տալ որ Հայաստան անկեղծ չէ իր ձգտումներում եւ յայտարարութիւններում, ցանկանում է ապակողմնորոշել միջազգային հանրութեանն ու իբր թէ շարունակել քօղարկուած ռեւանշիստական քաղաքականութիւնը եւ բանակի վերազինմամբ պատրաստուել նոր պատերազմի։ Սա իրականացւում է հայկական բանակի վերազինման վերաբերալ շարունակաբար իրականացուող տեղեկատուական «բացայայտումների» ետնապատկերում։ Միջազգային հանրութեանը նման պահանջով «կերակրելը» Ատրպէյճանի համար կարեւոր է իր կողմից ապագայում ձեռնարկուելիք ռազմական սադրանքների լեգիտիմութեան բարձրացման ու միջազգային ընկալունակութեան ապահովման տեսանկիւնից։

2._ Վախեցնել Հայաստանի իշխանութիւններին, որ ձեռք բերուած համաձայնութիւնը Պաքուի ռազմաքաղաքական ղեկավարութեան համար զսպող գործօն չէ սահմանային էսկալացիայից խուսափելու համար։ Այս ձեւով Հայաստանի իշխանութիւնների վրայ ուժի կիրառման սպառնալիքի պահպանումը Ատրպէյճանին հնարաւորութիւն կը տայ Հայաստանում բացառել այն մտայնութիւնը եւ դրանից բխող քաղաքական պլանաւորումը, որ Պաքուն հրաժարուել է խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու մտադրութիւնից։ Ակնյայտ է, որ ուժի եւ դրա սպառնալիքի կիրառումը ատրպէյճանական արտաքին քաղաքականութեան կարեւոր գործիքներից մէկն է եւ պաշտօնական Պաքուն ամէն կերպ փորձում է պահպանել այդ գործիքի աշխատունակութիւնը։

3._ Անընդհատական կերպով լարուած պահել ներհայկական քաղաքական դիսկուրսն ու ահաբեկել հայ հասարակութիւնը։

4._ Ատրպէյճանական հասարակութեան մէջ վառ պահել թշնամու, նրանից եկող վտանգի կերպարը՝ ի թիւս այլնի նաեւ ներքաղաքական հաշուարկներով ու անձնապէս բռնապետ Ալիեւի իշխանութեան անսասանութիւնը պահպանելու համար։

Մէկ այլ խնդիր է Հայաստանի համաձայնութիւնը Ատրպէյճանի նկատմամբ ներկայացուած միջպետական գանգատները յետ քաշելու վերաբերեալ։ Այս խնդիրը բաւական բազմաշերտ է, իրականացման տեսանկիւնից խիստ բարդ ու դժուար պատկերացնելի։ Ուստի մէկ այլ քննարկման նիւթ է։

Վերոշարադրեալից կարելի է գալ մի քանի հիմնական եզրայանգումների՝

_ Ատրպէյճանը ամէն կերպ խուսափում է նոյնիսկ Հայաստանի իշխանութիւնների միակողմանի զիջումների արդիւնքում համաձայնեցուած խաղաղութեան համաձայնագրի նախագծի ստորագրումից։

_ Բանակցուած փաստաթուղթը ոչ լիարժէք, ղարաբաղա-ատրպէյճանական եւ Հայաստան-Ատրպէյճան հակամարտութիւններին վերջնական ու արդար լուծում չտուող, երկուստեք առկայ ամենակնճռոտ հարցերի լուծում չենթադրող փաստաթուղթ է, որն իր էութեամբ խաղաղութեան մասին չէ։

_ Համաձայնագրի նածագծի շուրջ համաձայնութիւնը կայացել է Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման քաղաքականութեան արդիւնքում, ուստի համաձայն միջազգային իրաւունքի, զուրկ է լեգիտիմութիւնից եւ Հայաստանի Հանրապետութեան կողմից ապագայում պէտք է ենթակայ լինի վիճարկման, քանի որ համաձայն Միջազգային պայմանագրերի իրաւունքի մասին Վիէննայի 1969 թ․ կոնվենցիայի 52-րդ յօդուածի «Պայմանագիրը համարւում է առոչինչ, եթէ այն կնքուած է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով Միաւորուած ազգերի կազմակերպութեան կանոնադրութեամբ ամրագրուած միջազգային իրաւունքի սկզբունքների խախտմամբ»։

Ամփոփելով նաեւ նշենք, որ ստեղծուած բանակցային գործընթացը որոշակիօրէն կարելի է բնութագրել որպէս «պատային»՝ դրանից բխող հետեւանքներով եւ դրանցից խուսափելու խիստ սահմանափակ, բայց հնարաւոր գործիքակազմով, ինչին կ’անդրադառնանք մեր յաջորդ յօդուածում։

Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

«Հորիզոն»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
44-օրյայի զեկույցում առկա են փաստեր,

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան»

20 Հունվար 2026
ՔՊ-ականների նախագիծը չի համապատասխանու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

20 Հունվար 2026
Իշխանությունը խաղաղություն ասված հնարք

«Այսօր Հայաստանը որպես պետություն չկա, կա Նիկոլ Փաշինյանի կալվածք, որն ինքը տն

20 Հունվար 2026
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Որևէ հայ չի կարող դեմ լինել Հայրենիքի համար նահատակների հիշատակը հարգելու համա

20 Հունվար 2026
Տեսակէտ. Իրան` Կործանման Եզրի՞ն

Մեր աշխատակիցին յօդուածին տեղ կու տանք, առանց բաժնելու յատկապէս ներիրանեան իրա

20 Հունվար 2026
Ակնարկ. Պատմութեան Անցնելու Համար

Կրինլանտի խնդիրի սրացումը տարբեր շարժառիթներ ունի: Նշենք սակայն, որ անոր ռազմա

20 Հունվար 2026
Հայակերտումը եւ ազգային ինքնութեան կեր

21-րդ դարու երկրորդ քառորդի շեմին կանգնած սփիւռքահայութեան դիմաց պարզուող մարտ

19 Հունվար 2026
«Մենք կանք». չնայած դժվարություններին`

«Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգե

19 Հունվար 2026
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումներ

«Հայաստան» խմբակցությունը քաղաքացիների հետ հանդիպումների շարք է սկսել,- այս մա

17 Հունվար 2026
Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը Ընդունեց ՀՅԴ

Արամ Ա․ վեհափառ հայրապետը այսօր՝ 17 յունուարի առաւօտուն ընդունեց ՀՅԴ Լիբանանի

17 Հունվար 2026
Ակնարկ. Հեռու` Տեղեկատուական Աղմուկէ

Արցախի պատերազմի 4 ռազմագերիներու վերադարձը քաղաքական որոշ դիտարկումներու կ՛առ

17 Հունվար 2026
Հոգեւոր կեանքի վերանորոգման հրամայական

Վերջին տարիներու ընթացքին, Մեծի Տանն Կիլիկիոյ հայրապետական յատուկ հռչակագրով լ

16 Հունվար 2026
Այս իշխանութեան մնալը մեզ սպառնում է,

«Հորիզոն»-ի ամանորեայ բացառիկի զրուցակիցն է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Հայաստանի

16 Հունվար 2026
Սա է իրականությունը, որտեղ կաշառքն այլ

Ինչու է Նիկոլի ռեժիմը ատում և հետապնդում իր գործի, մասնագիտության, աշխատանքի մ

16 Հունվար 2026
Յ. Բագրատունի Այցելեց Խորհրդարանի Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու երեսփոխան Յակոբ Բագրատունի այցե

16 Հունվար 2026
Հայ Դատը Թրամփի Վարչակազմին Կոչ Ըրաւ՝

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը յայտարարեց, թէ Չորեքշաբթի օր տեղի ունեցած գերի

16 Հունվար 2026
Հանդիպել են Հայ Ազգային Կոնգրեսի և Հայ

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր հանդիպում է տեղի ունեցելՀայ

15 Հունվար 2026
«Հայկական իրավական կենտրոնի» հայտարարո

Հայ դատի համակարգում գործող «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավակ

15 Հունվար 2026
Ակնարկ. Դէպի Երկրորդ Փուլ. Առկախումներ

Պէյրութի վարչապետարանին մէջ կայացած Հնգեակի (Սէուտական Արաբիոյ, Միացեալ Նահանգ

15 Հունվար 2026
Կյանքի ու հայրենիքի մարդը. տեղի ունեցա

Հունվարի 14-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի

15 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company