ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Այսօր Վահան Հովհաննիսյանի հիշատակի օրն է

28 Դեկտեմբեր 2025 Դեկտեմբերի 28-ը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, մտավորական, պատմաբան, քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հիշատակի օրն է:

Ստորեւ ներկայացնում ենք Վահան Հովհաննիսյանի հոդվածը տպագրված yerkir.am-ում (29-ը հուլիսի 2013թ)։

Ազատության ճանապարհների վախեցնող բացակայությունը

Այն տպավորությունն ունեմ, թե մենք մի շատ կարևոր բան ենք բաց թողել: Աչքաթող ենք արել: Թույլ ենք տվել, որ մեր կողքով անցնի: Կամ էլ ինքներս ենք մեր կյանքի ինչ-որ կարևոր բանի կողքով անցել և նույնիսկ չենք էլ նկատել այդ կորուստը: Հետ հայացք եմ ձգում 80-ականների վերջերին, 90-ականներին, նույնիսկ 2000-ականների սկզբին և տեսնում, որ մենք ամենեւին չէինք ծրագրում հայտնվել նման կեղտի մեջ, որում, ներեցեք արտահայտությանս համար, հայտնվել ենք: Ընդ որում` այս ոչ այնքան պարկեշտ արտահայտությունը դժվար չէ արդարացնել, և դժվար թե մեր այսօրվա կեցության համատեքստում գտնվեն այն մեղմել ցանկացողներ:

Թող «կեցություն» բառը ձեզ չապակողմնորոշի: Ես չեմ պատրաստվում գրել մարդկային արժանապատվությունը նվաստացնող մեր կենցաղի, սոցիալական, տնտեսական ու բնապահպանական ճնշող խնդիրների, ամենակուլ կոռուպցիայի, իշխանական վերնախավի զգալի մասի մասնագիտական լիակատար անկարողության կամ հանցագործ հակումների մասին, թեեւ հիանալի գիտակցում եմ, որ մեր հասարակության մեջ շատերին, դրանից բացի, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում:

Աշխարհընկալման ձեւափոխումը մեզանում կատարվեց աստիճանաբար, այնպես, որ հասարակական տրամադրությունների զանազան վիճակների միջև սահմանագծերն անզեն աչքով կարող ես և չնկատել` «Ոչ միայն հացիվ» ազնիվ կարգախոսից մենք անցանք նախ «Հաց և զվարճանք» պահանջին, բայց հաց չի եղել և հիմա էլ չկա, իսկ միայն զվարճանքներով, որոնցով մեզ կերակրում է հանրապետական իշխանությունը, չես կշտանա, այնպես որ` հասարակական տրամադրությունները սահուն կերպով վերածվեցին «Որտեղ հաց՝ այնտեղ հայրենիք» քաղքենիական խորիմաստությանը: Եվ դա պատահական չէ:

Ինչ-որ տեղ մեր ճանապարհին սխալ նրբանցք ենք թեքվել: Ո՞վ է դրանում մեղավոր, և ինչո՞ւ այդպես ստացվեց՝ հիմա քննարկելն անիմաստ է, այսինքն` առանց այդ էլ ամեն ինչ հասկանալի է: Դա չէ կարևորը:

«Ազատության ճանապարհների վախեցնող բացակայությունը». այս արտահայտությունը ես կարդացել եմ շատ տարիներ առաջ ամերիկացի գրող Թորնթոն Ուայլդերի «Մարտյան իդեր» հրաշալի վեպում: Եվ հաճախ էի հիշում, երբ Հայաստանն անկախության ճանապարհին իր առաջին քայլերն անելիս հայտնվեց ճամփաբաժանին: Ո՞ր ճանապարհն ընտրել: Միշտ էլ սխալվելու վտանգ կա` փորձ չունենք, իսկ մեր քաղաքական ու աշխարհագրական դրությունն այնպիսին է, ինչպես սակրավորի պարագայում` սխալը կարող է միայն մեկը լինել՝ ճակատագրական և վերջինը:

Վերջի՞նը: Ախ, երանի այդպես լիներ: Բայց ոչ, այս հարցում մեր բախտը չի բերել: Ի տարբերություն ականապատ դաշտի, քաղաքական դաշտն ունի մեկ առանձնահատկություն՝ պայթյունը հազվադեպ է անմիջապես հաջորդում արված սխալին, այդ պատճառով էլ դրա հետևանքները միանգամից նկատելը հաճախ դժվար է լինում: Եթե սխալների հետևանքներն անմիջապես նկատելի դառնային, կկարողանայինք ընթացքում փոխել ձախորդ «սակրավորներին», այսինքն’ տարբեր տրամաչափերի ու տեսակի ղեկավարներին և առաջ շարժվել՝ սրբագրելով և շտկելով մեր ճանապարհի ուղղությունը: Ավաղ, փոցխը անմիջապես չի խփում ճակատին եւ ոչ նրանց, ովքեր դրա վրա կանգնել են: Եվ մեր ճակատագրերի ինքնագոհ արարիչները շարունակում են մեկը մյուսի հետևից սխալներ գործել՝ չնկատելով, թե ինչ բավիղներ են մտցնում երկիրը՝ մինչև վերջապես չի գալիս հատուցման ժամանակը: Ձեզ չի՞ թվում, որ մեր շոգեքարշը, որն «առաջ է սլանում» (Առա՜ջ, Հայաստան) այն մարդկանց ղեկավարությամբ, ովքեր չեն կարողանում տեսնել, ընդունել և ուղղել իրենց և իրենց նախորդների սխալները, մոտենում է հենց այդ կանգառին: Ճիշտ է, այդ ամենը հատուցելը ավելի ծանր կլինի մեզ, այլ ոչ թե նրանց համար, սակայն դա արդեն նշանակություն չունի:

Մարտավարական, ռազմավարական, դժվար շտկվող այդ սխալների հետևանքները մենք տեսնում ենք բոլոր ոլորտներում՝ տնտեսական, սոցիալական, մշակութային, բարոյական և քաղաքական:

Անձամբ ինձ թվում է, թե մեր հույսերին հասցված ամենաուժգին հարվածը քաղաքացի լինելու զգացումի՝ ազգային օրգանիզմի հիմնական իմունային մեխանիզմի կորուստն էր: Ասածս բացատրելու համար ես ստիպված կլինեմ խոսել պարզ, թվում է՝ այբբենական ճշմարտությունների մասին: Սրանք սոսկ բառեր չեն: Ի՞նչ է քաղաքացի լինելու զգացումը: Դա ընդամենը պատասխանատվության զգացումն է: Բայց ոչ միայն ընտանիքի, մտերիմների, երեխաների առողջության և սեփական բարեկեցության նկատմամբ: Պատասխանատվություն՝ հայրենիքի նկատմամբ: Պատասխանատվություն, որն անհնար է դնել ուրիշի, նույնիսկ սեփական կառավարության ուսերին: Պատասխանատվություն, որը չի կարելի վաճառել, ինչպես ձայն են վաճառում ընտրությունների ժամանակ:

Հիշենք 80-ականների վերջը, հիշենք Ղարաբաղի համար մղվող պատերազմը: Ի՞նչը մեզ դարձրեց հպարտ, վճռական, քաջ: Ի՞նչը մեզ դարձրեց քաղաքացիներ: Ի՞նչն էր մեզ միավորում: Ազգային պատկանելությո՞ւնը, լեզո՞ւն, եզակի այբուբե՞նը, ընդհանուր պատմությո՞ւնը, «Ջերմուկ» հանքային ջո՞ւրը, ազգային ինքնության գիտակցո՞ւմը, եկեղեցի՞ն, սերը տոլմայի ու խաշի նկատմա՞մբ: Ո’չ, թվարկածները և շատ այլ բաներ մեզ դարձնում են հայ, բայց Հայաստանի քաղաքացի մեզ դարձնում էր մեկ այլ բան` պատասխանատվության զգացումը: Ղարաբաղյան շարժումը մեզ քաղաքացիական պարտքի զգացումով պարուրեց: Մենք մեզ զգացինք մասը այն հասարակության, որը գիտակցում է իր պատասխանատվությունը, և մտածել անգամ չէինք կարող այն մասին, որ այդ պատասխանատվությունը դնենք «պոլիտբյուրոյի» կամ նման՝ մեզ չենթարկվող այլ կազմակերպությունների ինչ-որ «քեռիների» ուսերին: Այդ պատճառով էլ հաղթեցինք մեզ պարտադրված պատերազմում:

Բայց հետո ինչ-որ մեկը վարպետորեն տեղափոխեց մեր ուղենիշները: Կամ գուցե պատճառ դարձավ ազգային շահերին համարժեք քաղաքական օրակարգ ձևակերպելու` մեր սեփական անկարողությունը:

Որպես քաղաքացիական հասարակություն՝ մենք ձևավորվեցինք ղարաբաղյան շարժման ընթացքում, բայց հետո հեռացանք դրանից և, որպես հետևանք, դադարեցինք լինել քաղաքացիական հասարակություն, թեեւ հենց այդ շարժումը կարող էր լինել մեր ներքին զարգացման ու առաջընթացի խթանը: Ոմանք հոժարակամ դուրս մնացին դրանից՝ բավարարված վերջին երկու նախագահների ղարաբաղյան ծագումով (իբր՝ սրանք չեն դավաճանի), մյուսներին մեղմորեն (ոմանց էլ՝ կոպտորեն) դուրս մղեցին իրական քաղաքական ակտիվությունից: Եվ մենք ձեզ հետ լողացինք դեպի ոչ մի տեղ՝ հրապուրվելով կեղծ փարոսներով, կեղծ ուղեցույցներով: Մենք’ հայ ժողովուրդը, դադարեցինք լինել Ղարաբաղյան շարժման հիմնական բաղկացուցիչը, իսկ առանց մեզ այն շուտով կորցրեց իր կենսատու բնույթը՝ վերածվելով քաղաքական խարդավանքի` դարձյալ «պոլիտբյուրոյի» «քեռիների» ակտիվ մասնակցությամբ, բայց արդեն ոչ թե խորհրդային, այլ միջազգային:

Մենք լուռ նայում էինք, թե ինչպես մեր ղեկավարների ձեռքով Ղարաբաղը դուրս էր մղվում բանակցային գործընթացից, մենք համակերպվում էինք, երբ մեր դիվանագիտության «հանճարները» միջազգային համաժողովներին մասնակցելու մեկնողներին մեծամտորեն սովորեցնում էին մեծահոգի լինել ադրբեջանցիների հակահայկական հիստերիկ գրոհների նկատմամբ, իբր մեր կոշտ արձագանքը դուր չի գալիս մեր արևմտյան գործընկերներին, իսկ ճշմարտությունն առանց դրա էլ բոլորը գիտեն: Մենք լուռ կողքի քաշվեցինք, երբ պարզ դարձավ, որ իրար հաջորդող կառավարություններից եւ ոչ մեկը չի պատրաստվում իրական քայլեր ձեռնարկել ազատագրված տարածքները հայերով բնակեցնելու հարցում: Դաշնակցականները բողոքում էին դրա դեմ: Բայց դե դա դաշնակցականներն են, հասկանո՞ւմ եք,- բազմանշանակ քմծիծաղ էին տալիս դիվանագետները: Երբևէ վառոդի հոտ չառած, բայց իրենց երևակայող պաշտոնյաների մռութներին չէինք հասցնում, երբ նրանք ամեն առիթով և առանց առիթի բոլոր լսարաններում արիաներ էին երգում, թե Հայաստանը պատրաստ է զիջումներ անել: Մենք սովորեցինք ադրբեջանական էմիրության ներկայացուցիչների լկտի սպառնալիքներին՝ մոռանալով, որ նրանք մեր զսպվածությունն ընկալում են որպես թուլություն և վախկոտություն:

Մեզ հետ վարժեցրին պայքարից: Դուք շատ լավ գիտեք, թե ինչու` հնազանդների հետ իշխանություններն իրենց ավելի հանգիստ են զգում:

Մեզ ազատեցին պատասխանատվությունից: Եվ մենք չգիտակցելով, որ օտարի ձեռքն ենք հանձնում քաղաքացի լինելու մեր կոչումը, հեշտությամբ դեն նետեցինք սեփական երկրի համար պատասխանատվության բեռը: Եվ Սփյուռքը, նայելով մեզ, արեց նույն բանը՝ երես թեքեց ու սկսեց զբաղվել իր գործերով:

Իսկ մենք ընկանք մեկ այլ տարերքի մեջ: Մեզ գրավեց ազատությունը: Նախ` ինչպես երեխաներն են անսպասելիորեն ձեռք բերում չփորձված ազատությունը, մենք սկզբում չէինք վախենում նրա ճանապարհների բացակայությունից: Չունենալով փորձ՝ նաև չէինք լսում նախազգուշացումները և չէինք սովորում տարբերել միջոցներն ու մեթոդները նպատակներից, գլխավորը՝ երկրորդականից: Ազգային շահերի հստակ ցանկը, որի առաջին տողում եղել և մնում է Ղարաբաղի հարցը, մեր գիտակցության մեջ հետ մղվեց, իսկ առաջին տեղը եկան զբաղեցնելու թեեւ շատ կարեւոր, սակայն օժանդակ հարցեր` ժողովրդավարական վերափոխումներ, վարչական բարեփոխումներ և այլն: Հետո դրանք էլ կորցրեցին իրենց արդիականությունը: Դրանց փոխարինելու եկան խարդավանքները, սկանդալները, և բամբասանքը դարձավ ավելի ու ավելի նեխող հասարակության տեղեկատվության հիմնական աղբյուրը:

Եվ համընդհանուր անտարբերության այս հենքին մեր երկիրն այսօր ստիպված է լուծել ռազմավարական կարևորության հարցեր: Խոսքը ոչ միայն եվրոպական ինտեգրման նոր փուլերի և ռուսական կողմնորոշման միջև բարդ ընտրության մասին է: Դրան մենք դեռ կանդրադառնանք: Խոսքը մեր հասարակության կենսունակ մոդելի ընտրության մասին է: Ինչպե՞ս ելք փնտրել:

Հիմա, երբ մենք հոգնած, հիասթափված, երբեմնի բոլոր պատրանքները կորցրած հայտնվել ենք փակուղում, ժամանակն է, որ վարվենք այնպես, ինչպես սովորաբար վարվում են քարանձավում մոլորվածները՝ հարկավոր է դանդաղ, խարխափելով հետ դառնալ ՝ մինչև գտնենք այն, ինչ կորցրել ենք, մինչև գտնենք մեր ուղեցույց թելը, մինչև գտնենք ինքներս մեզ: Նույն գետը երկու անգամ չես մտնի, բայց ուրիշ գետ չկա:

Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company