«Դրօշակ»-ի Առաջնորդող. Քաղաքական դաշինքներ և միասնություն ընդհանուր նպատակի շուրջ
02 Փետրվար 2026
Իշխանությունը, որը մշտապես խաբում է սեփական ժողովրդին, օտարվում է նրանից, հայտնվում է նրա հետ հակադրության մեջ և իր հետագա պաշտոնավարումը ծառայության առաքելությունից վերածվում է դիմակայության, ծագող հակասություններն ամեն կերպ հաղթահարելու շարունակական ճիգի։
Եթե անդրադառնանք Հայաստանի իշխանությունների վարքագծին, ապա կարձանագրենք, որ գործող իշխանությունը մշտապես ձգտել է ներքաղաքական կյանքում օրակարգ թելադրել՝ չդադարող հետապնդումներով ձերբակալություններով, ու զանազան մանիպուլյացիաներով, նախաձեռնությունը պահել իր ձեռքում։ Այս նույն մարտավարությամբ անցնող ամիսներին ևս իշխանությանը հաջողվեց հասարակական, քաղաքական շրջանակներին շեղել ընտրությունների նախօրյակի համար վտանգավոր ներքաղաքական սրացումներից։ Նախընտրական շրջանը առանց այդ էլ քաղաքական, հասարակական ակտիվացման ժամանակահատված է, իսկ Հայաստանում առկա դժգոհությունների պայմաններում այն կարող է ձնագնդի պես ուռճանալ և անկասելի ուժով ազդել իրադարձությունների ընթացքի վրա։
Հետևաբար, իշխանությանն անհրաժեշտ է իր օրակարգերի շրջագծում պահել բոլորին առնվազն մինչև գարուն, երբ հնարավորություն կունենա ծրագրված միջոցառումներով ու քայլերով ուղղորդելու գործընթացները։ Հիշենք, որ այս շրջանում Հայաստանում տեղի են ունենալու եվրոպական երկու մեծ համաժողովներ, որոնց ժամանակ արևմտյան առաջնորդները շատ ավելի շռայլ կլինեն հայ ժողովրդին եվրոպական ապագա խոստանալու հարցում, ամենատարբեր բնույթի աջակցություն ցույց կտան գործող իշխանությանը։ Անշուշտ, սրան զուգահեռ, կլինեն այլ «անակնկալներ», երբ որոշակի «բարեկամական» քայլերով Ադրբեջանն ու Թուրքիան կարող են իրենց լուման ներդնել ՔՊ-ին իշխանության վրա պահելու գործում (արդեն իսկ «նախընտրական բենզինը» փոքր քանակներով Ադրբեջանը վաճառում է Հայաստանին, երեքուկես տասնամյակի ընդհատումից հետո Ադրբեջանի տարածքով ապրանքատար գնացք է մտել Հայաստան, փոխանակման կարգով Բաքվից հայ քաղբանտարկյալներ են վերադարձվել Երևանին): Սրա կողքին ծավալվում է խաղաղության մասին կեղծ խոսույթը, տպավորություն ստեղծելու համար, թե այն այլևս կայացած և անդառնալի իրողություն է։
Տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանրային ուշադրությունն ուղղորդում է Հայոց եկեղեցու դեմ ձեռնարկած ասպատակությունների կողմը։ Որ ազգային ինքնագիտակցությունն արմատախիլ անելու առաջադրանքը որդեգրած Փաշինյանի համար 1700-ամյա անկախ եկեղեցու կազմալուծումն ու ենթարկումը հակազգային ծրագրերին ռազմավարական նպատակ է՝ կասկած չկա, միաժամանակ այն շեղող թիրախ է ծառայում՝ երբ եկել է տրված խոստումների համար հաշվետվություն ներկայացնելու ժամանակը։
Ապագայի խոստումով իշխանական մանդատների տիրացած Փաշինյանն Արցախը տարել է վերջնական կորստի, ճակատագրական փորձությունների առջև է կանգնեցրել Հայաստանը, իր ղեկավարած թիմի հետ նա չի կարող պարծենալ որևէ ասպարեզում ձեռքբերած հաջողություններով։ Ավելին, Փաշինյանի իշխանությունը հասավ ու անցավ նախորդներին բոլոր այն մեղքերում, որոնցում մեղադրում էր վերջիններիս։ Այս իշխանությունը կորցրեց բոլոր այն «հաղթաթղթերն» ու «հմայքները», որոնց շահարկմամբ եկել էր իշխանության։ Խոստացված ժողովրդավարության փոխարեն Նիկոլ Փաշինյանը երկիրը վերածեց բռնապետության, իշխանության թևերի հակակշռելիությունը մեծացնելու փոխարեն արժեզրկեց վերջիններիս՝ վերածելով իրեն սպասարկող կցորդների։ Այդ դերաբաշխման մեջ ամենակեղտոտ ու անշնորհակալ դերը հանձնարարվեց ուժային կառույցներին։ Բանտերը լցվեցին անհիմն մեղադրանքներով ձերբակալված քաղբանտարկյալներով։ Մեծ արագությամբ հարստացան Փաշինյանի հարազատները, մերձավորներն ու թիմակիցները։
Պատահական չէ, որ որպես կոռումպացված բուրգի գլուխ Փաշինյանն ատամներով պաշտպանում է համակարգի արատավորված անդամներից յուրաքանչյուրին, հասկանալով, որ եթե համակարգը ճաքեր տա, բացահայտումները կարող են տարածվել ու խորանալ և փլուզել ավազի վրա սարքված ողջ կառույցը։ Փաշինյանի հաղթաթղթերից մեկը նախկիններին պատժելու խոստումն էր, այնինչ իր մեղադրանքներից մնացին չհիմնավորված, կեղծ ամբաստանություններ, որոնք ունեն խիստ անձնավորված բնույթ, իսկ նույն ժամանակ, իշխանության շուրջը խմբվեցին նախկին համակարգի արատավորված ներկայացուցիչները։ Երբ իր շարժմանը զանգվածային աջակցություն էր անհրաժեշտ, Փաշինյանը նվազագույն եկամուտ ունեցող տարբեր շերտերին խոստացավ, թե ազատելու է հարկային բեռից, նվազեցնելու է տուրքերը, այնինչ այսօր ողջ հասարակությունը կքած է աննախադեպ չափերի հասած հարկերի, տուրքերի և տուգանքների բեռան տակ։
Հանրությանն իր կողմը գրավելու գրավիչ «խայծերից» մեկն ընտրական գործընթացները թափանցիկ և օրինական դարձնելու խոստումն էր, սակայն վերջին տարիներին տեղի ունեցող համայնքային մակարդակի ընտրությունները բացահայտում են, որ Փաշինյանը պատրաստ է ոտնահարելու ամեն մի օրենք ու սկզբունք, թույլ չտալու համար, որ ժողովրդի մոտ հասունանան իշխանափոխության հույսերը։ Նիկոլ Փաշինյանը վերականգնեց վաղուց մոռացված հոսանքն անջատելու և ընտրական արկղերը լցոնելու ընտրակեղծարարության հնացած հնարքը։ Այլ հարցերի մեջ հաջողվեց մոռացության մատնել Վրաստանի մաքսավորների կողմից բռնագրավված 190.000 նոր տպված անձնագրերի առեղծվածը։ Հավանական է որ կեղծ անձնագրերով ընտրություններ անցկացնելու հնարքը փորձ արվի կիրառելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանին վաղուց լքել է «ժողովրդի ծոցից դուրս եկած», արդարության համար պայքարող անկաշառ հայրենասերի միֆը։
Մտնելով արտաքին ուժերի հետ մութ գործարքների մեջ, մյուս կողմից նախապես չունենալով արտաքին քաղաքական գործունեության որևէ փորձառություն, նա ոչ միայն տապալեց ու գլխիվայր շուռ տվեց Արցախի հարցում ձևավորված բանակցային գործընթացի տրամաբանությունը, այլև պատանդ դարձավ արտաքին ուժերին, որոնք նրան պարտադրում են վարելու ազգային շահերին հակասող քաղաքականություն։ Նիկոլ Փաշինյանը խոսում է ոչնչով չամրագրված խաղաղության հաստատման մասին, երբ «խաղաղասեր» հարևանը ռազմական դիրքերն է ամրապնդում Հայաստանից գրաված տարածքներում, Բաքվում անօրինական դատավարություն է իրականացնում հայ քաղաքական ու ռազմական ղեկավարության դեմ։ Ադրբեջանը հայտարարում է, որ անվերահսկելի իրավունքներ ունի Զանգեզուրի միջանցքը շահագործելու հարցում, ինչպես և հրապարակայնորեն հայտարարում է, թե Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է։ Նույն ժամանակ Զանգեզուրի որպես պանթուրանիզմի ճանապարհի հետ կապված իր ծրագրերը չի թաքցնում Թուրքիան։ 2026 թ. հունվարի 6-ին Ի. Ալիևը լրագրողների առջև հրապարակայնորեն հայտարարել է. «Այսօրվա աշխարհում միջազգային իրավունք գոյություն չունի. բոլորը պետք է մոռանան դրա մասին։ Կա ուժ, կա համագործակցություն և կա դաշինք»։
Այս ամենի առջև խուլ ու կույր ձևանալով Հայաստանի իշխանավորները թութակի պես կրկնում են իրենց առաջնորդի ստերը խաղաղության հաստատման մասին և ժողովրդին մոլորեցնելով հայտարարում են, թե Հայաստանը միայն իրենց օրոք է դարձել իրապես անկախ։ Միայն թե նախկինները հաղթանակներ էին տանում թշնամուն ծնկի բերելով, իսկ ներկաները անկախությունն «ամրապնդում են» պատերազմներում պարտվելով, երկրի սահմանները հանձնելով, բանակը կազմաքանդելով և վերացնելով նրա դիմադրական ներուժը։ Իրենց անկախ երկրի ղեկավարներ հայտարարողներն արտաքին քաղաքականության մեջ գնում են շարունակական զիջումների՝ երբեք չընդդիմանալով որևէ պահանջի և երբեք չներկայացնելով հայկական կողմի որևէ պահանջ։ Նրանք դրսում վարկաբեկում են երկրի ազգային ուժերին ու աջակցություն են մուրում նրանց դեմ պայքարելու և իշխանությունը պահպանելու համար։ Եթե ավելի հստակ սահմանագծենք նախկինների և ներկաների միջև եղած տարբերությունը, ապա կարելի է պատկերավոր ասել, որ ներկաները չոքած են այն թշնամու առջև, որը չոքած էր Հայաստանի նախկին իշխանությունների առջև։ Նիկոլ Փաշինյանին օդի ու ջրի պես անհրաժեշտ է, որ արտաքին ուժերը չպարտադրեն իր խոստացած զիջումները, մինչև որ կհաջողացնի գալիք ընտրություններում ապահովել իր թիմի հաղթանակը։ Իսկ առկա բոլոր զգայուն ու բարդ հարցերից ժողովրդին շեղելու համար նա պատրաստ է ամեն օր փոթորկել երկրի ներքին մթնոլորտը, և դրա համար ավելի զգայուն խնդիր չկա քան ոտնձգությունները Մայր եկեղեցու դեմ։
Իհարկե, ադրբեջանաթուրքական տանդեմը պատրաստ է իր հավակնությունները զսպել ժամանակավորապես, Փաշինյանին ուղղակի և անուղղակի կերպով թիկունք լինելու համար, սակայն կասկածում է վերջինիս հաղթանակին, և դրանով իսկ Հայաստանի նկատմամբ ունեցած գիշատչական ծրագրերի իրականացման հեռանկարին։ Հետևաբար, վերջինս, անկյուն քշված գազանի վիճակում հայտնված Փաշինյանից պահանջում է և դեռ պահանջելու է որոշակի զիջումներ՝ մինչև ընտրությունները։
Փաշինյանը, զգայուն թեմաներ նետելով հրապարակ, հասարակական միտքը շեղում է ոչ միայն իր կատարած բազում հանցավոր գործերից, այլև այն ամենից, ինչը դեռ պետք է կատարի առաջիկ ամիսներին և, մանավանդ, իշխանության վրա վերահաստատվելուց հետո։ Ադրբեջանաթուրքական և Արևմտյան օրակարգերում են մնում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը (սահմանադրական կարգի տապալումը), 300.000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում, որով փաստացի կլուծեն Սյունիքի թուրքացման հարցը, Ռուսաստանի հետ տնտեսական և էներգետիկ կապերի փոխարինումը թուրք-ադրբեջանականով։ Նույն օրակարգում է Հայկական ատոմակայանի փակման և Թուրքիայից էներգետիկ կախման մեջ հայտնվելու ծրագիրը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում փակելու է մոտ 250 դպրոց, կազմալուծելու է գիտական համակարգը՝ ՀՀ ազգային ակադեմիայի, ակադեմիական ինստիտուտների լուծարմամբ։ Կրթական համակարգերից դուրս են բերվում, սահմանափակվում ու աղավաղվում են հայագիտական առարկաներն ու նրանց ծրագրերը։ Երկրում հալածվելու և վերացվելու է այն ամենը, ինչը ազգային հիշողության, ազգային ինքնության տարրեր է պարունակում և կարող է հիմք ծառայել հայկական ինքնության, երկրի ու պետության վերածնության համար։ Նիկոլ Փաշինյանը և ազգային ինքնությունից օտարված նրա թիմն առաջիկա ամիսներին շարունակելու են տաք պահել Եկեղեցու և իրենց արհեստածին օրակարգի մյուս հարցերը հասարակությանը առկա հիմնահարցերից շեղելով, մինչև որ օրենքի ու օրինականության ոտնահարմամբ հաջողեն երկարաձգել իրենց իշխանությունը։ Նրանք փորձում են հասարակության մի հատվածի գիտակցությունը պահել այն անբարո մտայնության ազդեցության տակ, որ տարածաշրջանում մեր ապագան պետք է կապված լինի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, և որ վերջիններս գերադասելի են «սեփական նախկիններից»։
Աղետալի հեռանկարը կանխելու համար այժմվանից ազգային ուժերը պետք է հրապարակ իջեցնեն իրենց օրակարգերը, իշխանություններին կանգնեցնեն բարդ հարցերի պատասխանելու, յոթ տարվա խոստումների և արվածի համար բացատրություն տալու պարտադրանքի առջև։ Յուրաքանչյուրը, ով հավակնում է երկրի համար պատմականորեն ծանր ժամանակահատվածում կանգնելու նրա տարուբերվող ղեկի մոտ, պետք է ներկայացնի իր դրական և այլընտրանքային ծրագրերը։ Մեր համոզմամբ ժողովրդի տարիներ ձգվող կրավորականությունը պայմանավորված է ճանապարհային քարտեզով հիմնավորված ծրագրերի բացակայությամբ, որոնք իրատեսական հույսեր կներշնչեին հանրությանը։ Իրատեսական, հավասարակշիռ, կառուցողական, համախմբող, ինքնավստահ, գործունյա, քաղաքական դաշինքները դեռևս կարող են ընդհանուր նպատակի շուրջ ձևավորված համաձայնություններով կասեցնել դրսերում մշակված դավադիր ու հայակործան ծրագրերը։
