ԹՐԻՓՓ-ն այս վիճակով չի կարող ճեղքել ՀՀ շրջափակումը
19 Մարտ 2026
Այսօր, մարտի 19-ին Եվրախորհրդարանում՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի նիստում, ելույթ է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նա խոսել է Հայաստանում տիրող իրավիճակի մասին, մասնավորապես անդրադարձ է կատարվել Փաշինյանի կողմից Հայաստանի Անկախության հռչակագրի եւ հանրաքվեի նսեմացման փորձերին։
Արթուր Խաչատրյանը Եվրախորհրդարանում փաստերով, քարտեզներով ցույց է տվել, որ ԹՐԻՓՓ-ն այս վիճակով չի կարող ճեղքել ՀՀ շրջափակումը, անհրաժեշտ է, որ ՀՀ-ն երկաթուղային կապ ունենա թե՛ արևելյան ճանապարհով, այսինքն՝ գործի Իջևան-Ղազախ ճանապարհը, և թե՛ բացվի ՀՀ-Թուրքիա կապը։
Նա խոսել է խաղաղության մասին և ասել, որ չի կարող լինել խաղաղություն, երբ օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են․ լավագույն դեպքում ունենք հրադադար։ Եվ որպեսզի հրադադարը դառնա իրական խաղաղություն, պետք է ջանքեր թափենք, ստիպենք Ադրբեջանին վերջացնել իր ագրեսիվ քաղաքականությունը և պաշտպանենք ՀՀ-ի շահերը։
Արթուր Խաչատրյանը ԵԽ-ում նաև անդրադարձել է արցախցիների վերադարձի իրավունքին։ «ԵԽ-ն բազմաթիվ բանաձևեր ունի, որով պահանջում է իրականացնել վերադարձի իրավունքը։ Իսկ այսօր Փաշինյանը փորձում է արգելել մարդկանց վերադառնալ իրենց հայրենիքը, և ցավոք մենք այս ամենի քաղաքական արձագանքը տեսնում ենք նաև Եվրոպական խորհրդարանում։ Կփոխվի Նիկոլ Փաշինյանը, կփոխվի թե եվրոպական քաղաքականությունը, թե ամերիկյանը․ չենք կարող ակնկալել որևէ երրորդ երկրից ՀՀ իշխանություններից ավելի հայանպաստ լինել»,-ընդգծել է նա։
