ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

«Հայ Մարդն Իր Ողջ Պատմութեան Մէջ Այսքան Թշնամու Կամքին Հնազանդ Չի Եղելէ». Ռուբինա Փիրումեան

27 Ապրիլ 2026

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԳՐԱԿԱՆԱԳԷՏ, ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԴՈԿՏՈՐ ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆԻ ՀԵՏ



Ամերիկահայ համայնքի ձեւաւորման, հայագիտութեան, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ու կրթութեան գործում բացառիկ դեր ունի նուիրեալ մտաւորական, ազգային եւ հասարակական գործիչ դոկտոր Ռուբինա Փիրումեանը: Նրա կենսագրութիւնը Իրանի ու Միացեալ Նահանգների Սփիւռքի իւրատեսակ պատմութիւնն է նաեւ՝ լի մարտահրաւէրներով ու յաղթանակներով, որ Փիրումեանը յաղթահարել է բացառիկ ուժի, հաւատի ու նուիրումի շնորհիւ: Նրա կեանքն ու գործունէութիւնը՝ հայրենիքին ու ազգին նուիրումի ոգեշնչող օրինակ է, որից դրուագների կարող էք ծանօթանալ Փիրումեանի՝ «Ասպարէզ»ին տրուած բացառիկ հարցազրոյցում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր կեանքի պատմութիւնը անհաւանական ուժի, հաւատի, դիմադրողականութեան պատմութիւն է՝ սկսած ձեր մանկութեան ապրումներից՝ պայմանաւորուած ձեր հօր առեւանգումով, մինչեւ ձեր ճարտարագէտի մասնագիտութիւնն ու այդ ճանապարհին մարտահրաւէրների յաղթահարումը, եւ յետագայում՝ նոր երկիր տեղափոխուելն ու նոր մասնագիտութեան ընտրութիւնը: Ինչպէ՞ս են ձեր կեանքի տարբեր փորձառութիւնները ձեւաւորել ձեր մօտեցումը կեանքին եւ աշխատանքին:

ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ.- Նախ շնորհակալ եմ այս առիթի համար: Ասեմ, որ ընթերցողս, եթէ ծանօթ է ինձ, գիտի թէ վերջին տասնամեակներում գիտահետազօտական կեանքս նուիրուած է եղել պեղելու, ուսումնասիրելու Հայոց Ցեղասպանութեան դրոշմած ցաւագին ազդեցութիւնը վերապրող սերունդների հոգիներում: Եղել եմ գործուն գիտական աշխարհում՝ հրատարակութիւններով եւ միջազգային գիտաժողովներին կարդաց իմ զեկոյցներով: Սակայն, աւելի քան մէկ տարի առաջ ստիպուեցի կանգ առնել: Տեսողութեանս արագընթաց խաթարումը սահմանափակեց կարողութիւններս: Այլեւս ժամանակն էր յետ նայել, գնահատել, կատարածս ու տուածս չափել՝ գիտական աշխատանք, ջանք՝ հայ սերունդներին փոխանցելու հայ ժողովրդի դէմ կատարուած ու անպատիժ մնացած անարդարութիւնը, դատը եւ այդ պատմական յիշողութիւնից բխած պահանջատիրութիւնը, այսինքն՝ այն, ինչ որ ես պիտի թողնեմ իմ ետին: Ընտանիքիս օգնութեամբ եւ մանաւանդ՝ արհեստագիտութեան օժանդակութեամբ եւ քաջալերանքով, սկսեցի հաւաքել, դասաւորել ու խմբաւորել այն, ինչ որ պահել էի՝ մենագրութիւններ, դասագրքեր, յօդուածներ, ժողովածուներում եւ հանրագիտարաններում լոյս տեսած ամբողջ գլուխներ ու յօդուածներ, գիտաժողովներին կարդացած եւ հրատարակուած զեկուցումներս, գրախօսականներ ու նոյնիսկ ստացածս պատուոգրեր եւ շքանշաններ եւ, վերջապէս, կենսագրութիւնս որպէս նախաբան: Դա կոչել եմ «Վերջին Զեկուցագիրս»՝ rubinaperoomian.com կայքով ներկայացուած: Հետաքրքրուողներին հրաւիրում եմ այցելել դիւրութեամբ հասանելի կայքս:

Իսկ հիմա փորձեմ պատասխանել հարցումներին՝ որքան կարելի է հակիրճ:

Ասում են կեանքի խոչնդոտներին, արգելակող երեւոյթներին ու ձախողումներին դէմ գալով, կամ ընկրկում ես, կոտրւում, կամ դառնում ես աւելի վճռական, աւելի անյողդողդ՝ որքան հնարաւոր է դժուարութեան դէմ մաքառելու: Ես այս երկրորդ կենսաոճն եմ ընտրել: Ի հարկէ, դա չի նշանակում, որ միշտ յաջողել եմ: Չմոռանամ ասելու, որ միշտ ցաւս կիսող, ինձ սփոփող ու քաջալերող թիկունք եմ ունեցել՝ մայրս՝ Փառիկը (Փառանձեմ) եւ կեանքիս ընկերը՝ Նուշիկը (Նշան):

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք ընդամէնը եօթ տարեկան էիք, երբ ձեր հայրը՝ Բաղդիկ Մինասեանը, ստալինեան բռնատիրութեան զոհերից դարձաւ: Սակայն դա խոչնդոտ չհանդիսացաւ ձեր հօր յետագայ ազգային գործունէութեան համար: Պատմէք ձեր հայրիկի մասին: Ի՞նչ ազդեցութիւն է ունեցել ձեր կեանքում:

ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ.- 1944ի Յունուար 3ին, խորհրդային բանակի կողմից գրաւուած Ատրպատականում, Թաւրիզի «Չեկա»ի առջեւից առեւանգուեց հայրս եւ ուղարկուեց Երեւանի բանտ. վեց ամիս մեկուսի խուց, յետոյ Սիբիր: Հայրս՝ Բաղդիկ Մինասեանը, ժամանակի ՀՅԴ Ատրպատականի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, դատապարտուեց «որպէս պատկանող հակայեղափոխական լրտեսական կազմակերպութեան եւ ահաբեկչական միտումներ ունեցող»: Ինչպէս ինքն է հաշուել, «տասը տարի, տասն ամիս եւ տասնեօթ օր» հայրս սիբիրեան «գուլագ»ում տաժանակիր աշխատանքին եւ անմարդկային պայմաններին դիմադրելով, Ստալինի մահից յետոյ, ռազմագերիների ընդհանուր ներումի շրջանակում, ինքն էլ վերադարձաւ: Սոսկալի հիւծուած էր, առողջութիւնը կորցրած, բայց հոգեպէս անկոտրում՝ շարունակելու իր կիսատ թողած պայքարը՝ յանուն հայ ժողովրդի շահերի եւ բարձրագոյն նպատակների իրագործման՝ դասախօսութիւններ, կուսակցական դասընթացներ, գաղութէ-գաղութ այցելութիւններ:

Վերադարձից յետոյ, հայրս Իրանի կրթութեան նախարարութիւնից վերստացաւ քիմիայի ուսուցչի իր պաշտօնը: Նա միաժամանակ քաղաքական-վերլուծական յօդուածներ էր տալիս «Ալիք» օրաթերթին: Ուսուցչական ասպարէզում հանգստեան կոչուելուց յետոյ, տասը տարի վարեց «Ալիք»ի գլխաւոր խմբագրի պաշտօնը: Այսքանը հօրս կեանքի մասին? իսկ մանրամասնութիւնները իմ հեղինակած My Father, A Man of Courage and Perseverance, A Survivor of Stalin’s GULAG, եւ «Թաւրիզից Ստալինեան Գուլագ, Ընդհատուած Պատմութիւն» հատորներում, որոնց ելեքտրոնային տարբերակը տեղադրուած է իմ կայքում:

Հօրս բացակայութեան տարիներին մայրիկիս մեզ՝ երեխաներիս որպէս ուժի եւ դիմացկունութեան աւիւն, անդադար ներարկած պատմութիւնները հօրս մասին՝ դժբախտ մանկութիւն, Եւրոպայում վարած դժուարին ուսանողական կեանք՝ ուժեղ կամքով եւ դիմացկունութեամբ ձեռք բերելու դոկտորական աստիճան Պրագայի Կառլի համալսարանից, եւ Իրան վերադարձից յետոյ անսահման նուիրում իրանահայութեան ազգային-կուսակցական կեանքին: Այդ բոլորի հետ միասին, հօրս վերադարձից յետոյ նրա ցուցաբերած գերմարդկային կամքն ու վճռականութիւնը չէին կարող օրինակ չծառայել եւ կեանքի ճանապարհ չներշնչել ինձ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Յեղափոխականի ձեր տեսակն արտայայտուել է երիտասարդ տարիներից, երբ յաղթահարեցիք Թեհրանի համալսարանի բարձր մրցակցային ընդունելութեան քննութիւնը, եւ 1956ին միակ կինն էիք Ճարտարագիտութեան բաժանմունքի 100 ուսանողների շրջանում: Ձեր ղեկավարները կասկածներ ունէին, որ չէք յաջողի մի միջավայրում, որ նախատեսուած չէ կանանց համար: Արդեօք մտավախութիւններ չունէի՞ք, եւ ինչպէ՞ս յաջողուեց յաղթահարել մարտահրաւէրները:

ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ.- Ճիշդ է, այդ օրերին պարսիկ մշակոյթի եւ ընկերային ընկալումների մթնոլորտում, դա մի քիչ հազուադէպ երեւոյթ էր: Դասընկերներիս եւ դասախօսներիս վերաբերմունքը իմ հանդէպ մեծ մասամբ յարգալից է եղել, բայց զգուշաւոր: Մտերիմներս երկու հայ դասընկերներս էին եւ մի քանի պարսիկ շատ առաջադէմ եւ զարգացած տղաներ: Այնուամենայնիւ յիշում եմ, ճարտարագիտական համալսարանի վարիչը ինձ մի օր իր մօտ հրաւիրեց «խրատելու», որ սովորածս եւ թափածս ճիգ ու ջանքը ի զուր են, շատ շատ կարողանամ գրասենեակային աշխատանք կատարել, դեռ ուշ չէ փոխել եւ ընտրել մի մասնագիտութիւն, ուր սովորածս լիովին կարող եմ կիրառել աշխատավայրում: Այդ մարտահրաւէրը ընդունեցի, բայց կանգ չառայ: 1960ին, աւարտելուց յետոյ, առաջին աշխատանքս Թեհրանի «Մելլի Բանք»ի հսկայ պեթոնէ շէնքի կառուցման հսկողութիւնն էր: Դա Թեհրանի պարսիկ միջավայրում էր? իսկ երբ 1963ին Իրանի ՀՅԴ ԿԿի կողմից փոխանցագիր դիմում ներկայացրի ԱՄՆում Օքլանդի «Զաւարեան» կոմիտէութեան անդամակցելու, ինձ ասացին՝ Ամերիկայում կանայք կուսակցական չեն լինում, ՀՕՄում են աշխատանք տանում: Դիմեցի Կենտրոնական կոմիտէին: Ընդունեցին ինձ: Ինձանից յետոյ երկու այլ ընկերուհիներ միացան Սան Ֆրանսիսքոյի «Նիկոլ Աղբալեան» Կոմիտէութեան:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Մասնագիտական ոլորտում գործունէութեանը զուգահեռ, ձեզ յաջողւում էր միաժամանակ գործուն մասնակցութիւն ունենալ Իրանի հայ համայնքի կեանքում՝ յատկապէս «Արարատ»ում լինելով Գործադիր յանձնախմբի անդամ եւ Գրական խմբակի նախագահ: Ի՞նչ առաքելութիւն ունէին այս միաւորները, ձեր նուիրումը որքանո՞վ էր կարեւոր, եւ ի՞նչ յաջողեցիք իրականացնել հայ համայնքի՝ մասնաւորապէս սերունդներին հայեցի կրթելու հարցում:

ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ.- Հայ Երիտասարդաց Մշակութային միութիւն, Հայ Մշակութային Արարատ միութիւն, յետոյ՝ կազմակերպութիւն, 1944ից ծնունդ առած եւ շարունակական ծաղկում ապրած այս հայաշունչ հնոցում հայեցի դաստիարակութիւնս զարգացրի, հայոց դպրոցից դուրս մնալու պակասս փորձեցի լրացնել: Ստացայ եւ կարողութեանս չափով տուեցի:

Հազիւ 8-9 տարեկան էի, երբ ինձ արձանագրեցին միութեան օժանդակ խմբակում: Այդ ժամանակ միութիւնը կոչւում էր Հայ Մշակութային Երիտասարդական միութիւն: Սիրած վայրս գրադարանն էր, ուղղակի կլանում էի եղած մանկապատանեկան գրականութիւնը: Մեր վարիչները ջանք չէին խնայում մեզ ներգրաւուելու մշակոյթի ու մարզանքի զանազան ճիւղերում՝ երգ, պար, նկարչութիւն, դասախօսութիւններ, հայերէնի դասեր եւ զանազան մարզաձեւեր: Բայց աքսորուած հօրս ճակատագիրը եւ մօրիցս ստացած ներշնչումը ինձ դէպի Դաշնակցութեան շարքերը մղեցին: Ցանկացայ մաս կազմել այն կուսակցութեան, որի գաղափարների ու նպատակների համար հայրս իր կեանքն էր զոհել: Եւ «Ալիք»ի խմբագրատունը, որ նաեւ կենտրոնն էր Դաշնակցութեան, դարձաւ իմ երկրորդ տունը: Մեր ժողովրդի անվերջանալի ազատագրական պայքարի ոգու կրողը դարձայ: Մեծ Եղեռնը վերապրած կամ մեր նորածին Հանրապետութեան անկումից եւ Հայաստանի խորհրդայնացումից յետոյ Իրան ապաստանած դաշնակցական գործիչների ու մտաւորականների շունչի տակ մեծացայ: Այդ տարիներին Եղեռնի ոգեկոչման հանդէսները սգահանդէս էին կոչում: Քանի՜ քանի սգահանդէսների եմ ասմունքով մասնակցել, լաց եմ եղել եւ լացացրել հանդիսատեսիս, մի բան, որ տարիներ յետոյ կրթական ասպարէզում տարած գործունէութեանս ընթացքում պիտի քննադատէի, մերժէի եւ խրոխտ պահանջատիրութիւն քարոզէի:

Արարատ միութեան աշխատանքներին վերադարձայ 1957ից ընկեր Հրայր Մարուխեանի նախաձեռնած գրական խմբակին մասնակցելու: Նպատակն էր մշակութային ծրագիրներով, դասախօսութիւններով եւ դասընթացներով գրաւել միութեան արի-արենուշներին, ովքեր տարիքի բերումով հեռանում էին սկաուտականից եւ «Արարատ»ից: Այս խմբակի մէջ էր, որ ծանօթացայ սկաուտականի օրուայ ղեկավարներից՝ Նուշիկ Փիրումեանի հետ: Ինչպէս ասում են՝ the rest is history (մնացեալը պատմութիւն է): 1958ի Սեպտեմբերին ընտրուեցի Արարատ միութեան վարչութեան անդամ՝ քարտուղարի հանգամանքով: Վերընտրուեցի երեք անգամ մինչեւ 1961ի Հոկտեմբեր, միշտ նոյն հանգամանքով:

Արարատ կազմակերպութիւնը մեզ նորից ներքաշեց, երբ 1965ի Նոյեմբերին Ամերիկայից Թեհրան վերադարձանք: Նոյն տարուայ Ապրիլին, Եղեռնի յիսնամեակի ոգեկոչման Ամերիկայի համատարած ցոյցերին ու հանդիսութիւններին մասնակցած եւ Դաշնակցութեան առաջադրած պահանջատիրութեան գաղափարով տոգորուած եւ Սփիւռքի հայապահպանման զուգընթաց երիտասարդութեան քաղաքականացման անհրաժեշտութիւնը որդեգրած, աշխատանքի լծուեցինք: Նշանը «Արարատ»ի եւ յետոյ մարզաւանի ղեկավարութեան մաս կազմեց, իսկ ես «Արարատ»ի Երէցների միութեան: Միաժամանակ աշխատանք էի տանում Հայ կին միութեան մէջ, Հայ Դատի յանձնախմբում: Յետոյ, հայոց աւելի քան 30 ազգային դպրոցների եւ մանկապարտէզների Կենտրոնական Հոգաբարձութեան մաս կազմեցի, յանձն առնելով նաեւ արտադասարանային աշխատանքների ծրագրումն ու գործադրումը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր կեանքի մարտահրաւէրները շարունակուեցին, երբ որոշեցիք միանալ ԱՄՆում ձեր ապագայ ամուսնուն՝ Նշան Փիրումեանին, ով ճարտարագիտութիւն էր ուսանում Պըրքլիի համալսարանում: Ամերիկայում էլ, դուք հանդիպեցիք բազում խոչնդոտների որպէս ճարտարագէտ աշխատանք փնտռելիս: Ինչպէ՞ս կարողացաք յաջողել նաեւ այս երկրում:

ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ.- Այո, շուրջ չորս տարի հեռակայ կապից յետոյ, այդ օրերին՝ միայն նամակագրութիւն, որոշեցինք մեր կեանքը միացնել ԱՄՆում: Բաւական բարձր վարձատրութիւնս Թեհրանում եւ ուրեմն խնայածս գումարը ինձ Ամերիկա հասցրին: Սան Ֆրանսիսքօ հասայ 1963ի Յունիս 6ին: Մեր պսակադրութիւնը կատարուեց Յունիս 16ին Սան Ֆրանսիսքոյի հայոց եկեղեցում: Նշանը դեռ ուսանում էր եւ ապրում իր հօրեղբօր ընտանիքի հետ եւ կիսաժամ աշխատում: Հիմա ես պիտի աշխատանք փնտռէի մեր նոր կեանքը հոգալու համար: Չգիտեմ հեռու եւ մօտիկ քանի ճարտարագիտական ընկերութիւնների դիմեցի եւ քանի մերժում ստացայ: Երեւի դիմումնագրերս ցոյց էին տալիս, որ նոր եմ այս երկրում, շինարարական օրինաչափերին անծանօթ: Անգլերէնի իմացութիւնս էլ այդքան բաւարար չէր: Ուսումս պարսկերէնով էի ստացել, օտար լեզու ունենալով ֆրանսերէնը: Բայց վերջապէս հարցը լուծուեց: Աշխատանքի ընդունուեցի Սան Ֆրանսիսքոյում, եւ մեր ապրած Ալպընի քաղաքից գործի հասնելու համար երեք հանրակառք պիտի փոխէի:

Մեր առաջնեկը՝ Վահէն, ծնուեց ԱՄՆում. Նշանը աւարտել եւ աշխատում էր արդէն, մեր կեանքը բնականոն ընթացք էր ընդունել եւ երկուսս էլ մասնակից էինք Պէյ շրջանի կուսակցական եւ հանրային կեանքին: Բայց մենք պիտի վերադառնայինք: Խոստացել էինք մեր ծնողներին «Նոյեան ագռաւ» չլինել ու վերադառնալ: Միայն, Նոյեան աղաւնու ձիթենու ճիւղի փոխարէն, ի ուրախութիւն մեր ծնողների, մենք մեր բալիկին էինք տանում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Իսլամական յեղափոխութեան պայմաններում, երբ ընտանիքով տեղափոխուեցիք ԱՄՆ, դուք հրաժարուեցիք ճարտարագէտի խոստումնալից ձեր ապագայից՝ զբաղուելու հայ գրականութեան եւ Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութիւններով: Մասնագիտութեան կտրուկ փոփոխութիւն մէկ այլ՝ բոլորովին անծանօթ ոլորտ: Ի՞նչն առիթ հանդիսացաւ նման շրջադարձային փոփոխութեան, եւ ինչպէ՞ս տեղի ունեցաւ անցումը:

ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ.- ԱՄՆ տեղափոխուելու ծրագիր չկար: 1978ի Դեկտեմբերին Ամերիկա էինք եկել տօները անցկացնելու, երբ տեղի ունեցաւ յեղափոխութիւնը: Վերադարձը անկարելի դարձաւ, ու մեզ պարտադրուած կեցութիւնը Ամերիկայում օրինական դարձնելու համար Թեհրանում մեր հիմնած շինարարական ընկերութեան մասնաճիւղը հաստատեցինք Լոս Անճելըսում եւ երկուսով լծուեցինք շինարարական աշխատանքի, իսկ մեր զաւակներին՝ Վահէին եւ Օշինին, որոշ դժուարութիւններից յետոյ Ֆերահեան Ազգային վարժարան տեղաւորեցինք:

Ասեմ, որ հայագիտութեան հետեւելը յանկարծակի որոշում չէր եւ ո՛չ էլ մի նոր ոլորտ ինձ համար: Հայագիտութեամբ զբաղուելը իմ տարիների երազն էր: Մանկուց սիրել էի հայոց գրականութիւնը, իսկ ընթերցանութիւնը դարձել էր պարտականութիւններիցս եւ յանձնառութիւններիցս դուրս իմ ամենահաճելի ժամանցը: Ամերիկան ինձ համար հնարաւորութիւնների նոր աշխարհ էր բացել: Երազս պիտի իրականացնէի եւ միջոցը առջեւումս էր՝ UCLA-ի Near Eastern Languages and Cultures Department-ի Հայագիտական ամբիոնը: Համալսարանի մուտքի քննութիւններս անցկացնելուց յետոյ դիմեցի ամբիոնի վարիչ՝ փրոֆէսոր Աւետիս Սանճեանին: Մերժեց ինձ ընդունել: Ճարտարագիտական մասնագիտութիւնս հաստատող փաստաթղթի մէջ չկար որեւէ երաշխիք, որ կարող եմ հայագիտականի յետաւարտական դասընթացները յաջողութեամբ յաղթահարել: Չյուսահատուեցի: Դիմեցի UCLAի Պատմութեան բաժանմունքի հայոց պատմութեան դասախօս՝ փրոֆէսոր Ռիչըրտ Յովհաննիսեանին, որին միայն անունով եւ համբաւով էի ճանաչում: Բացատրեցի անսահման ցանկութիւնս, նկարագրեցի ինձ մղող սէրը դէպի հայ գրականութիւն եւ ամբարածս գիտելիքը դրա մասին: Համաձայնուեց միջնորդել: Եւ յաջողուեց: Փրոֆ. Սանճեանը, երեւի դժկամութեամբ, միայն իր գործակցին չմերժելու համար, ընդունեց ինձ. բայց պայմանական՝ առաջին տարին, երեք եռամսեակին ստացածս թուանշանների նուազագոյնը B+ պիտի լինէր: Ընդունեցի մարտահրաւէրը եւ 1980ի ձմրան եռամսեակից սկսեցի ուսումնառութիւնս: Աւելացնեմ, որ ուսմանս ամբողջ ընթացքում եւ յետոյ ակադեմական աշխատանքներիս մէջ մեծագոյն խորհրդատուս եւ աջակիցս եւ յետոյ էլ մտերիմ գործակիցս եղել է փրոֆէսոր Ռիչըրտ Յովհաննիսեանը: Երախտապարտ եմ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Այս ոլորտում եւս դուք յեղափոխական էիք՝ UCLA-ի հայագիտական ծրագրի 20ամեայ պատմութեան ընթացքում առաջին PhD-ն:

ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ.- Բաւական երկար տեւեց մինչեւ փրոֆ. Սանճեանը համոզուեց, որ կարող եմ շարունակել եւ օգնեց ինձ ծրագրելու մինչեւ մագիստրոսի աստիճանին հասնելու դասածրագիրը, որ բաղկացած էր ո՛չ միայն հայագիտական ամբիոնի մատուցած դասանիւթերից, այլ նաեւ՝ անգլերէնի կատարելագործում, UCLA-ի Հայոց պատմութեան, ներառեալ բանաւոր պատմութիւն (հարցազրոյց Հայոց Ցեղասպանութեան վերապրողների հետ), Բաղդատական գրականութեան եւ Գրական քննադատութեան բաժանմունքների մատուցած դասանիւթեր, որոնք պիտի հարստացնէին գիտելիքներս՝ հայոց գրականութեան խորքային ուսումնասիրութեան համար: 1982ի Յունիսին Մագիստրոս եւ 1985ին C. Phil (դոկտորականի թեկնածու) քննութիւններս անցնելով դոկտորական թեզիս սկսեցի: Պատրաստութիւնը տեւեց չորս տարի, ուղղակի տաժանակիր աշխատանք: Արդէն գիտէի, որ թեքուած եմ դէպի Հայոց Ցեղասպանութեան գրականութեան ուսումնասիրութիւն, դա կարծեմ վաղուց էր արմատացել հոգուս մէջ: Բայց դիւրին չէր այդ արիւնոտ ծովի մէջ մխրճուել, հայ ժողովրդի տառապանքը իւրովի ապրել, օրուայ մի քանի ժամը Ցեղասպանութեան գրականութիւն կարդալ: Երեւի եթէ Նշանի հոգածութիւնն ու ըմբռնումը չունենայի, հոգեկան խանգարում պիտի ստանայի: Յիշում եմ, այդ օրերին փրոֆէսոր Իզրայէլ Չարնին, Հոլոքոստի գիտնական, այցելութեան էր եկել մեզ UCLA գրականութեան եւ պատմութեան հայ ուսանողներին եւ դասախօսներին: Մէկ առ մէկ ներկայացնում էինք, թէ ինչ թեմաներով ենք զբաղւում կամ զբաղուելու: Ես պատմեցի, խոստովանեցի, որ ինչպիսի հոգեկան տուայտանքի մէջ եմ, գիշերային «կոշմար»ներ (մղձաւանջ), զուարթ բնաւորութեանս կորուստ: Պատմեցի, որ ամուսինս ասում է, թէ եթէ մեր համայնքում տարին մէկ օր ենք Ապրիլ 24 ոգեկոչում, մեր տանը ամէն օր Ապրիլ 24 է: Ասաց՝ Իսրայէլում յատուկ հոգեբաններ կան Հոլոքոստը ուսումնասիրողներին օգնելու. միայն Հոլոքոստը վերապրողները չեն, որ կարիք ունեն օգնութեան: Ճշմարիտ, հայ իրականութեան մէջ նման օգնութիւն չստացան Ցեղասպանութեան վերապրողները, ուր մնաց ուսումնասիրողները:

Կար մէկ այլ դժուարութիւն եւս: Բացի մի քանի հպանցիկ վերլուծական յօդուածներից, հայ իրականութեան մէջ չկար հաստատուած փորձ այս ժանրի գրականութեանը մօտենալու: Սովորածս գրական քննադատական դպրոցները, մարքսիզմից մինչեւ ֆորմալիզմ եւ այլք, ատակ չէին այդ գրականութեան խորքը թափանցելու: Փրոֆ. Սանճեանը խորհուրդ տուեց Հոլոքոստի քննադատական գրականութիւնից օգտուել: Սկսեցի կարդալ: Մի հարուստ աշխարհ, անգլերէնով կամ անգլերէնի թարգմանուած: Ինչպիսի հմտութեամբ էին հրեայ գիտնականները իրենց ժողովրդի արհաւիրքը եւ դրա ազդեցութիւնը ուսումնասիրում ու աշխարհին լսելի դարձնում: Որքան խորացայ, այնքան ինձ համար աւելի աչքառու դարձան հայ եւ հրեայ ժողովուրդների ազգային աղէտների ընկալման եւ դրանց հետ հաշտեցման եզր գտնելու փորձի նմանութիւններն ու հակասութիւնները: Կարդացել էի Վահագն Տատրեանի մեծարժէք Հոլոքոստի եւ Հայոց Ցեղասպանութեան պատմական, քաղաքական, ընկերային եւ տնտեսական ազդակների համեմատական ուսումնասիրութիւնը: Դա աւելի խրախուսեց ինձ: Որոշեցի ես էլ համեմատական մօտեցում որդեգրել: Դիմեցի համեմատական գրականութեան հրեայ դասախօսիս՝ փրոֆէսոր Արնոլդ Բանդին. բայց առաջարկս մերժուեց: Այդ օրերի հրէայ գիտնականների պէս ինքն էլ համոզուած էր, որ Հոլոքոստը եզակի (unique) է եւ ոչինչ չի կարելի համեմատել դրա հետ: Մի երկու հանդիպում, եւ կարդացածներիցս բերած օրինակները համեմատութեան եզրերի մասին համոզեցին իրեն, որ կարելի է փորձել: Եւ փրոֆ. Բանդը եղաւ իմ ամենակարեւոր ուղեցոյցն ու օժանդակողը համեմատական ուսումնասիրութիւնս գլուխ բերելու: 1989ի Յունիսին յաջողութեամբ ներկայացրի աւարտաճառս, որ նորից փրոֆ. Ռիչըրդ Յովհաննիսեանի օգնութեամբ հրատարակուեց UCLA-ի Պատմութեան բաժանմունքի Von Grunebaum Center-ի կողմից, վերնագիր ունենալով՝ Literary Responses to Catastrophe, A Comparisson of the Armenian and the Jewish Experience: Թուայնացուած տարբերակը ներառնուած է իմ կայքում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր աշխատանքի բնոյթը, եթէ ընդհանրական ներկայացնենք՝ Հայոց Ցեղասպանութեան գրականութեան վաւերագրումն է եւ կրթութիւնը: Ինչպէ՞ս էք գնահատում գրականութեան դերը պատմական յիշողութեան պահպանման գործում:

ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ. -Պատասխանս համապարփակ լինելու համար շատ երկար կը լինի: Թեման չպիտի բացեմ: Դրա մասին յօդուածներ ունեմ, որոնք հասանելի են իմ կայքում: Հետաքրքրուած ընթերցողին առաջարկում եմ կարդալ դրանք, մանաւանդ՝ «Պատմական Յիշողութիւն Եւ Ժամանակակից Գրականութիւն» յօդուածս, «Բագին», Սեպտեմբեր, 2004: Միայն աւելացնեմ, որ Ցեղասպանութիւնը համարում եմ սկզբնաղբիւրը յետեղեռնեան սփիւռքահայ գրականութեան, ուր հեղինակը եւ նոյնիսկ ընթերցող սերունդներ, հաշուի են նստում իրենց ժողովրդի աղէտալի անցեալի հետ, այն դատում իրենց ներկայի եւ ներկայ ընկերային յարաբերութիւնների հետ, այսինքն՝ փնտռում ու ճանաչում են իրենք իրենց, տեսնում իրենց ինքնութիւնը: Այլ խօսքով, Աղէտը որպէս պատմական դէպք եւ ինքնաճանաչման աղբիւր գրականութեան ճամբով փոխանցւում է սերնդէ սերունդ: Չմոռանանք, որ Խորհրդային Հայաստանում արգիլուած լինելով գրել կամ խօսել Ցեղասպանութեան մասին, պատմական յիշողութեան թելը կտրուած էր: Բացառութիւն էր լռութեան մատնուած այն սերունդը, որ տիրող բռնատիրական մթնոլորտում դատապարտուած էր տատիկ-պապիկներից գաղտնօրէն իրեն փոխանցուածը յիշողութեան խոր շերտերում թաղելու: Ի հարկէ, անկախութիւնը փշրեց այդ կապանքը: Համեմատաբար, բայց ոչ լիարժէք, ազատ արտայայտութիւն գտաւ պատմական յիշողութեան շարունակականութիւնը, քննարկման առարկայ դարձաւ ազգային ինքնութեան առնչութիւնը աղէտալի անցեալի հետ: Իսկ այսօ՞ր: Իշխանութեան պարտադրանքի տակ միթէ՞ հին ու նոր կամ շարունակուող ցեղասպանութեան մոռացման եւ պատմական յիշողութեան կասեցման վտանգի առջեւ չէ Հայաստանը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք ձեր ողջ կեանքը նուիրաբերել էք Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութեանը, կրթութեան ու ճանաչման աշխատանքներին: Ի՞նչ զգացումներ ունէք, երբ Հայաստանի Հանրապետութիւնն այլեւս առաջնահերթութիւն չի համարում Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, հարցը չկայ հայ-թուրքական բանակցութիւնների օրակարգում, աւելին՝ փորձ է արւում նաեւ մոռացութեան տալ հայերի շրջանում:

ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ.- Նախորդ հարցումի պատասխանիս մէջ դիտել տուի, թէ փորձ է արւում պարտադրանքի ուժով պատմական յիշողութեան թելը կտրելու. եւ դա ո՛չ միայն Երիտթուրքերի կազմակերպած եւ անպատիժ մնացած Ցեղասպանութեան, այլ նաեւ՝ այս անգամ արցախցիների դէմ դրա շարունակութեան, որ կատարուեց թուրքի յղփացած ու լկտի եղբօր ձեռքով:

Հայ մարդը իր ամբողջ պատմութեան մէջ այսքան ստրկամիտ ու թշնամու կամքին հնազանդ չի եղել: Բառացիօրէն իր կեանքը փրկելու համար հայրենիք չի ծախել: Իսկ այսօր դրանք բաղադրիչներն են մեր արտաքին քաղաքականութեան: Այս հրէշային իրականութիւնը ապրում եմ ամբողջ հոգով՝ որպէս կեանքիս ու գործիս մէջ կրած ամէնից շատ ցաւեցնող անյաջողութիւն:

Հայաստանի անկախութիւնից յետոյ բաւական ճամբայ էինք կտրել: Աշխատել էի կրթութեան իւրաքանչիւր նախարարի հետ: Աղիւս առ աղիւս քանդւում էր խորհրդային մտայնութիւնն ու վախկոտ մօտեցումը մեր անցեալին՝ դասագիրք, գրականութիւն, ուսուցիչների ուղեցոյցներ ու աշխատանիստեր: Դեռ շատ ճամբայ կար ազգային լիակատար քաղաքականութեան ձեւաւորման հասնելու՝ երբ ամբողջ հայ ժողովուրդը իր բոլոր ուժերով եւ կարողականութեամբ կը լծուէր հայակերտման եւ հայի ու Հայաստանի գերագոյն շահերի ապահովման պայքարին:

2018ին իմ դիմաց փակուեցին կրթութեան նախարարութեան դռները: Երբ խօսեցի Հայոց Ցեղասպանութեան եւ Հայկական Հարցի դասաւանդման մասին, ինձ պատմեցին, թէ ինչպիսի բարեկամութիւն է մշակուել թուրքերի հետ, որքան հաճելի փոխադարձ այցելութիւններ, որոնց ընթացքում, ինչպէս երեւում է, մշակւում էին երկուստեք նոր դասագրքերի պատրաստութեան սկզբունքներն ու օրինաչափերը: Հայաստանում նորովի մշակուող դասագրքերը այդ օրինաչափերին հետեւեցին: Թուրքը փոխե՞ց իր դասագրքերը: Ո՛չ: Ատելութեան խօսոյթն ու հայի դէմ թշնամանքը աւելի շեշտաւորուեց թէ՛ Թուրքիայում եւ թէ՛ Ատրպէյճանում ու դպրոց մտաւ:

Այս բոլորից յետոյ, չմտածէք, թէ յոռետես եմ: Կարծեմ թէ դեռ դանակը ոսկորին չի հասել, դեռ կան միամիտներ ու խաբուածներ, կամ անտարբերներ, ովքեր մօտեցող վտանգը չեն պատկերացնում: Չեմ խօսում կենաց-մահու պայքարի մէջ մտած պատեհապաշտների ու պնակալէզների մասին: Դրանք սատարում են այսօր Հայաստանում տիրող ստալինեան բռնատիրութեան: Դրանք դիւրութեամբ ընդունեցին «իրական Հայաստան» ստրկածին վարկածը, որից դուրս էր շպրտուել Արարատ, Արցախ եւ ընդհանրապէս այն, ինչ որ կարող է թուրքին անհանգստացնել… Այս վտանգաւոր իրավիճակը չի կարող շարունակուել: Ես հաւատում եմ իմ ժողովրդի ազատասիրութեանն ու արդարադատութեանը: Ես յոյս ունեմ: Եւ ասում են՝ յոյսը
լաւ բան է:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք բազմիցս ձեր խօսքում՝ յօդուածներում, հարցազրոյցներում, նշել էք, որ Թուրքիայի ցանկութիւններն ու նպատակները՝ վերջ դնել Հայաստան քաղաքական միաւորին, չեն փոխուել: Մինչդեռ, ի հեճուկս բացայայտ փաստերի, ՀՀ իշխանութիւնները հակառակն են քարոզում: Որպէս ոլորտի մասնագէտ եւ երկարամեայ ուսումնասիրող, ի՞նչ կ՛ասէք այս հարցի շուրջ այսօր: Արդեօ՞ք Թուրքիան այլեւս սպառնալիք չէ, ինչպէս ՀՀ ներկայի ղեկավարներն են պնդում:

ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ.- Սիրելի Նանէ, յիշո՞ւմ ես մեր հարցազրոյցը 2021ին «Ասպարէզ»ի Ապրիլեան ոգեկոչման բացառիկում լոյս տեսած: Հարցազրոյցը վերնագրել էինք «Հայը Թուրքի Համար Թշնամի է Ու Թշնամի էլ Կը Մնայ Քանի Դեռ Գոյութիւն Ունի Հայաստանը՝ Մե՛ծ Խոչընդոտ Թուրք Ազգայնական Նպատակների Ճամբին»: Իմ կայքում յղում կայ «Ասպարէզ»ի այդ հարցազրոյցին: Ոչինչ չի փոխուել: Դեռ աւելի բացայայտ ու համարձակ են դարձել յոխորտանքներն ու սպառնալիքները, որոնք պահանջի կամ հրահանգի կերպարանքով հասնում են Հայաստան ու քայլ առ քայլ գործադրւում: Էրտողանը ի զուր չի ասում, որ Թալէաթի եւ Էնվէրի կիսատ թողած գործը պիտի աւարտի: Փանթիւրքիզմը, յանձինս ԱՄՆ նախագահի նոր շահակից գտած, հարաւից եւ արեւմուտքից Հայաստանի մէջ է մխրճւում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք եւ ձեր ընտանիքը ԱՄՆի Սփիւռքի յենասիւներից էք, որ ներդրում ունենալով բոլոր ուղղութիւններով՝ կրթական, կազմակերպչական, բարեգործական: Ձեր նաեւ մասնագիտական ուղու ողջ ընթացքում ձեր ամուսինը, համայնքի նշանաւոր գործիչ Նշան Փիրումեանը, մեծապէս աջակցել է ձեր ջանքերին, եւ ձեր մասնագիտական կենսագրութեան գրեթէ իւրաքանչիւր էջում է: Ինչպէ՞ս է ձեր ամուսնու աջակցութիւնը նպաստել ձեր նուաճումներին, ինչպէ՞ս է նա աջակցել համահայկական նշանակութեան հարցերում ձեր գործունէութեանը:

ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ.- Շնորհակալ եմ գեղեցիկ ու խրախուսիչ խօսքերի համար: Մենք մեր ազգային պարտականութիւնն ենք կատարել, միշտ միասին թիկունք-թիկունքի, հաւասար-հաւասարի: Ես այն բախտաւոր կանանցից եմ եղել, որի ամուսինը չի կաշկանդել, ընտանիքում «աւանդական» կոչուած բայց հնաբոյր եւ մուսուլման աշխարհից ազդուած «օրէնքներ» ու սովորութիւններ չի պարտադրել:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր երկու որդիներին էլ կրթել էք հայեցի ոգով եւ հայկականի ու հայրենիքի հանդէպ պատասխանատուութեան զգացումով: Նրանք էլ ազգային աշխատանք են իրականացնում՝ իւրաքանչիւրն իր ուղղութեամբ: Ինչպէ՞ս է ձեզ յաջողուել նման զբաղուածութեան պայմաններում նաեւ կրթել եւ դաստիարակել նուիրեալ հայերի: Ինչո՞ւ է ձեզ համար կարեւոր եղել ազգային ինքնութեան նման չափաքանակի ներդրումը ձեր որդիների կեանքում:

ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ.- Նշանը եւ ես, երկուսս էլ ազգային դաստիարակութիւն ենք ստացել թէ՛ մեր ընտանիքներում, թէ՛ «Արարատ»ի հայաշունչ յարկի տակ եւ թէ Դաշնակցութեան շարքերում: Պարզապէս այդ դաստիարակութիւնն ենք փոխանցել, մեր գործունէութեամբ կենդանի օրինակ ենք ծառայել: Մեզ օգնել են Ֆերահեան Ազգային վարժարանը, որի շրջանաւարտներն են մեր զաւակները, ՀՄԸՄի Կլենտէյլի «Արարատ» մասնաճիւղի հայ միջավայրն ու սկաուտական ուսմունքը, սկզբունքներն ու կարգապահութիւնը եւ Դաշնակցութեան ազգային ու քաղաքական նպատակների ներշնչումը: Հպարտ ենք մեր զաւակներով եւ ականատես նոյն վարքագծի, որ տարւում է նրանց կազմած երիտասարդ ընտանիքներում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Տասնամեակների ձեր գործունէութիւնն ամփոփուած է տարբեր արտայայտումներում՝ ձեր գրքերում, աւելի քան 100 հրատարակութիւններում, յօդուածներում, զեկոյցներում, դասախօսութիւններում: Ի՞նչն էք համարում Ձեր ամենակարեւոր աշխատանքը մինչ օրս եւ ինչո՞ւ:

ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ.- Չզարմանաք, եթէ ասեմ զաւակներս՝ Վահէն եւ Օշինը, որ պիտի մնան ինձանից յետոյ եւ հասնեն այն իրագործումներին, որոնց ես չհասայ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք նշում էք, որ վերլուծում էք եւ փորձում հասկանալ, պատասխան գտնել, թէ ինչո՞ւ էք ընտրել պայքարի հիմնականում քարքարոտ ուղին՝ ձեզ յաճախ զրկելով ամէնօրեայ պարզ հաճոյքներից: Գտե՞լ էք պատասխանը:

ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ.- Կարծում եմ, փորձառու հոգեբանը կը կարողանար դիւրութեամբ բացել հոգուս ծալքերը, վերլուծել կեանքիս ընթացքն ու պայմանները եւ գտնել մեծ «Ինչո՞ւ»ի պատասխանը: Բայց ես էլ եմ փորձել՝ խթան ունենալով այն հարցում/առաջարկը, որ ուղղուեց ինձ տարիներ առաջ որպէս կին ցեղասպանագէտի՝ «ի՞նչ կապ կայ կենսագրութեանդ եւ ընտրածդ մասնագիտութեան մէջ», կամ աւելի ընդհանրացրած իմաստով՝ «Connecting Biography and Research»: Դա նիւթն էր University of Laval, Quebec, Canada-ում կազմակերպուած գիտաժողովի եւ հրաւէր՝ մասնակցելու: Այդ զեկոյցումս ներառել եմ The Armenian Genocide in Literature, Perception of Those Who Lived Through the Years of Calamity հատորում, A Personal Note In Lieu of a Preface վերնագրով: Թուայնացուած տարբերակը տես իմ կայքում:

Ուրեմն, կեանքիս բոլոր հանգրուաններում եւ ասպարէզներում ցուցաբերած անհամեմատ ջանքս եւ վճռականութիւնս՝ որեւէ ալգելքի դէմ չընկրկելու, բոլոր տոգորումներս, մեր ժողովրդի դատն ու պահանջատիրութիւնը հայ աշակերտին ոգի ի բռին փոխանցելս, նոյնիսկ մեր պատմութեան սեւ էջերի մէջ անկիւնադարձային ներքաշուելս, բացի բնածին ազդակներից, ըստ հոգեվերլուծաբանների, նաեւ իր արտաքին խթանն ունէր մանկութեանս մէջ թաղուած:

Պարզ չէ՞: Հօրս առեւանգումը ինձ որբութեան էր մատնել: Ստալինեան սարսափազդու բռնաճնշումների եւ խորհրդային ծաւալապաշտութեան զոհ էր դարձել թէ՛ հայրս եւ թէ մեր ընտանիքը: Դժուար էր համակերպուել այդ մեծ կորստի հետ: Համակերպման ու հաշտեցման հինգ փուլերից գիտեմ, որ ցասումը արմատացաւ իմ մէջ: Ցասում, ընդվզում այն ուժի դէմ, որ այդ կորուստն էր պատճառել: Իսկ այդ ուժը աւելի լայն իմաստներ գտաւ: Հասկացայ, որ պատկանում եմ մի ազգի, որի դէմ անմարդկային ոճիր է կատարուել եւ աշխարհը լռել է, արդարութիւն չի հատուցուել, բազմադարեայ հայրենիքս հայաթափուել է, այնքան ցաւով ու արիւնով ձեռք բերած փոքրիկ Հայաստանիս անկախութիւնը Կարմիր Ճիւաղի զոհն է դարձել: Ինչպէ՞ս յաղթահարել այդ բոլորը, երբ թոյլ ազգ ես, ցրուած ու անմիակամ: Եւ ցասումը իմ մէջ ատելութեան չփոխուեց, դարձաւ պայքարի ոգի՝ յանուն արդարութեան՝ կեանքի բոլոր ասպարէզներում: Այսքանով բաւարարուենք:

Յուսամ այս հարցազրոյցի շրջանակում եւ միջոցով ներկայացուած կայքս, յիշեցնեմ՝ rubinaperoomian.com, որոշ պատկեր կը տայ կեանքիս ու գործիս մասին եւ օգտակար կը լինի ու հասանելի բոլոր հետաքրքրուողներին, մանաւանդ՝ հայագիտութեան ոլորտում իմ արծարծած թեմաներով հետաքրքրուած ապագայ գիտնականներին, ցեղասպանագէտներին՝ ուսումնասիրելու, քննարկելու, հարցադրումի ենթարկելու այդ թեմաները եւ ընդլայնելու, զարգացնելու Հայոց Ցեղասպանութեան գրականութեան ուսումնասիրութիւնը: Վերջապէս, այդ գրականութեան ընձեռած գեղարուեստական պատկերաւորումով մեծ անարդարութեան ներկայացումը, գուցէ աւելի ազդու եւ աւելի խօսուն են, քան փաստեր, թուեր ու վաւերագրեր. վերջ ի վերջոյ, նա պիտի սատարի արդարութեան հատուցման, որ մերժուած է հայ ժողովրդին:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գէմպրիճի մէջ ոգեկոչուեցաւ Հայոց Ցեղասպ

Կիրակի, 26 ապրիլ 2026-ին, Գէմպրիճի Հայ կեդրոնի սրահին մէջ տեղի ունեցաւ Հայոց ց

28 Ապրիլ 2026
Թորոնթոհայութիւնը ոգեկոչեց Ցեղասպանութ

Կիրակի, 26 ապրիլ 2026-ին, Թորոնթոյի Հայ կեդրոնի սրահէն ներս տեղի ունեցաւ Հայոց

28 Ապրիլ 2026
Քաղաքական բարձրաստիճան պաշտօնատարներու

Կազմակերպութեամբ Քեպէգի հայ համայնքի միացեալ մարմնին, շաբաթ, 25 ապրիլ 2026-ին,

27 Ապրիլ 2026
«Հայ Մարդն Իր Ողջ Պատմութեան Մէջ Այսքա

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր կեանքի պատմութիւնը անհաւանական ուժի, հաւատի, դիմադրողականու

27 Ապրիլ 2026
ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Բագրատունու ա

Ապրիլի 23-27-ը Ռուսաստանի Հայերի Միության հրավերով Մոսկվայում աշխատանքային այց

27 Ապրիլ 2026
Ցեղասպանությունը շարունակվում է այնտեղ

Ստորև ներկայացված խոսքը հնչեցվել է միջազգային իրավապաշտպան փաստաբան Գառնիկ Քեր

27 Ապրիլ 2026
Հայկական Երեք Կուսակցութիւններու Միացե

Հայոց ցեղասպանութեան 111-րդ տարելիցին առիթով, Լիբանանի մէջ, մենք` հայկական երե

27 Ապրիլ 2026
Պետք է փոխել երկրի զարգացման այս հակազ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստա

27 Ապրիլ 2026
ՀՅԴ Շուէտի Երիտասարդի Երիտասարդական Մի

24 ապրիլին ՀՅԴ Շուէտի երիտասարդական միութեան կազմակերպած ջահերթը կը խորհրդանշէ

27 Ապրիլ 2026
Համահայկական Պահանջատիրութեան Անհրաժեշ

Արցախ Հայաշխարհը այսօր բոլորովին տարբեր պայմաններու մէջ եւ մարտահրաւէրներու

25 Ապրիլ 2026
Աւելի Վճռական Կերպով Նուիրուինք Հայ Դա

Հայոց Ցեղասպանութեան 111րդ տարելիցին նախօրեակին, ականատես եղանք Ատրպէյճանի կող

24 Ապրիլ 2026
Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռե

Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի։ Ա

24 Ապրիլ 2026
Խաղաղության հռետորաբանության խաբեությո

Ուղերձի առանցքային թեզերից մեկը՝ «հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է», առա

24 Ապրիլ 2026
Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը խստօրէ

«Նախագահ Թրամփ կրկնապատկած է իր ամօթալի յանձնուիլը թրքական սպառնալիքներուն առջ

24 Ապրիլ 2026
Յաւերժական Հայաստանի ուխտը՝ ընդդէմ ուր

Ապրիլեան այս սրբազան օրերուն, երբ Հայոց Ցեղասպանութեան 111-րդ տարելիցը կը դիմա

24 Ապրիլ 2026
Հայ դատի պահանջատիրութեան նուիրուած «Ա

Հրապարակի վրայ է Ազատ Օրին կողմէ պատրաստուած բացառիկ թիւը, որ նուիրուած է Հայ

24 Ապրիլ 2026
Յունաստանի Հանրապետութեան նախագահ Քոնթ

Այսօր, Հայոց ցեղասպանութեան 111-րդ տարելիցին առիթով, որ գործադրուեցաւ Օսմանեան

24 Ապրիլ 2026
Հա­յոց ցեղասպանութեան ոգեկոչումը չվերա

­Տաս­նա­մեակ­ներ ա­ռաջ, երբ հա­յու­թիւ­նը տա­կա­ւին ինք­զինք կը փոր­ձէր վե­րագ

24 Ապրիլ 2026
Երբե՛ք Չվհատիլ

Գործ՝ Լիանա Մկրտչեանի – Մեծն Բրիտանիա Ապրիլ 24-ը երկար ժամանակ եղած է որպէս

24 Ապրիլ 2026
Խմբագրական. 111-Ամեակի Զգուշացումը

Հայոց ցեղասպանութեան 111-ամեակը քաղաքական, տեղեկատուական թէ կազմակերպական առու

24 Ապրիլ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company