ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մայիսի 28-ը և Միացյալ Հայաստանի կենարար տեսլականը

28 Մայիս 2026 «Եթէ աշխարհագրական սոսկական տարածութեան մը նոր որակ նուաճելու եւ հայրենիքի խորհուրդով կենսաւորուելուն նախապայմանը ազգի գոյառումն է, իբրեւ ընկերային ու պատմա-մշակութային հաւաքական անհատականութիւն, ապա հայրենիքը, իբրեւ այդպիսին, իր հերթին, տուեալ ազգի գոյատեւման երաշխիքն է, որպէս անոր ֆիզիքական ու հոգեմտաւոր հարազատ աճելավայր, իսկ ամէն հայրենիքի յարատեւման ու իմասատաւորման գրաւականաը պետական անկախութիւնն է, մինչ այս բոլորին բնականոն զարգացման հանրագումարը ազգային ինքնուրոյն մշակոյթի կերտումն է, անտարակոյս, իբրեւ մարդուն եւ մարդկային ընկերութեան յարաճուն մարդկայնացման ակնաղբիւր:

Առանց ազգութեան, յայտնապէս, հայրենիք չկայ, ինչպէս առանց հայրենիքի, փաստօրէն, ազգ չկայ եւ չի կրնար գոյատեւել երբեւէ, իսկ առանց պետական անկախութեան՝ հայրենիքը կը վերածուի աշխարհագրական պարզունակ հասկացութեան եւ կը դադրի ազգային հաւաքականութեան կամ անոր հաւաքական անհատականութեան (իմա՝ սեփական ինքնուրոյն մշակոյթի) բնօրրան ըլլալէ:

Այս գիտակցութեամբ է, որ ազգերը յանձնառու կ՛ըլլան, ի հարկին, ծով արիւն թափելու եւ բազում հերոսամարտներ եւ դիւցազնամարտներ մղելու, յանուն հայրենիքի եւ անկախ պետականութեան ստեղծման ու ապահովման, սերունդէ սերունդ յաջորդաբար:

Հայոց պատմութիւնը հայ ժողովրդի ազգային այդ գիտակցութեան ամէնէն պերճախօս վկայարանն է, անտարակոյս»:

Սարգիս Զէյթլեան, «Կենարար Ստորոգելին (Անկախութեան տօնին առթիւ)», «Ազդակ Շաբաթօրեակ Դրօշակ», թիւ 20, 26 մայիսի 1984թ.

Դաշնակցական մեծ տեսաբան և գաղափարախոս Սարգիս Զեյթլյանի այս պատմափիլիսոփայական բանաձևումը, իր ամբողջ գաղափարական խորքով և ներքին ամբողջականությամբ, Մայիսի 28-ի խորհրդի ամենախորքային մեկնաբանություններից է, և միաժամանակ՝ հայ քաղաքական մտքի այն եզակի առանցքներից մեկը, որոնց մեջ ազգային գոյության ճշմարիտ տրամաբանությունը ներկայանում է իր օրգանական ամբողջության մեջ։ Ազգ, հայրենիք, պետականություն, մշակույթ. սրանք առանձին-առանձին գոյաբանական միավորներ չեն, այլ մեկ միասնական և փոխպայմանավորված ամբողջության դրսևորումներ։ Ազգը, որ կտրված է հայրենիքից, դատապարտված է պատմական քայքայման ու հոգևոր այլասերման։ Հայրենիքը, որ զուրկ է պետական անկախությունից, վերածվում է աշխարհագրական սոսկական տարածքի։ Իսկ պետականությունը, որ խզված է ազգի պատմական առաքելությունից և հավաքական հիշողությունից, աստիճանաբար պարպվում է իր բովանդակությունից ու դադարում ազգային կամքի քաղաքական մարմնավորում լինելուց։

Մայիսի 28-ը հենց այն պատմական հանգրվանն է, որտեղ Զեյթլյանի ձևակերպած ազգ–հայրենիք–պետականություն օրգանական ամբողջությունը ստանում է իր քաղաքական-քաղաքակրթական մարմնավորումը։ Դա պարզապես անկախության հռչակման օր չէ, այլ այն սահմանային պահը, երբ հայ ժողովրդի պատմական գոյությունը, ցեղասպանության, հայրենազրկման և պետականազրկման հետևանքով ձևավորված գոյաբանական խզման պայմաններում, վերակազմակերպվում է որպես ինքնակա քաղաքական ինքնուրույնություն։ Այստեղ խոսքը ոչ թե պատմության մեջ «վերադարձի», այլ պատմական ընթացքի ներսում ժողովրդի՝ որպես ինքնիշխան կամքի վերհառնման մասին է։

Այս իմաստով մայիսյան հերոսամարտերը չպետք է դիտարկվեն լոկ որպես ռազմական առանձին իրադարձություններ. դրանք նաև քաղաքակրթական բեկումնային գործողություններ էին, որոնց արդյունքում որոշվում էր հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը։ Այդ ճակատամարտերի հանգուցալուծմը չէր սպառվում միայն հայ ժողովրդի ֆիզիկական գոյության խնդրով, այլ՝ ձևավորվում էր հիմնարար պատմափիլիսոփայական տարբերակումը՝ հայ ժողովուրդը կպահպանվի՞ որպես սեփական պատմությունը կերտող և իր ճակատագիրը որոշող ինքնուրույն պատմական միավոր, թե՞ կվերանա մարդկության պատմության թատերաբեմից՝ ամբողջապես դուրս մղվելով պատմական զարգացումների ընթացքից։

1918 թվականին Հայաստանի Հանրապետությունը ձևավորվեց ոչ թե միջազգային իրադրության բարենպաստ համադրության արդյունքում, այլ ազգային կամքի այնպիսի կուտակված և պայթունային արտահայտությամբ, որը պատմական անհրաժեշտությամբ պարտադրում էր անկախ պետականության վերականգնումը։ Այդ կամքը քաղաքական ձևակերպում ստացավ այն գաղափարական միջավայրում, որտեղ պետականությունը ընկալվում էր ոչ որպես վարչական կառուցվածք, այլ որպես ազգի պատմական գոյության անբաժանելի դրսևորում։ Այս իմաստով Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հանդես եկավ որպես այն քաղաքական ուժը, որը ազգային ինքնապահպանության գիտակցությունը վերածեց պետական կառուցման պատմական գործողության՝ հաստատելով այն սկզբունքը, որ առանց պետական կազմակերպվածության ազգը աստիճանաբար կորցնում է իր պատմական ինքնակայությունը և ենթարկվում արտաքին աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանությանը։

Մայիսի 28-ի խորհուրդը, սակայն, չի սահմանափակվում միայն անկախ պետականության վերականգնման փաստով։ Նրա խորքային իմաստն այն է, որ հայ ժողովուրդին հաջողվեց վերագտնել իր ազգային-պատմական ամբողջականության գիտակցությունը՝ սեփական գոյության ժամանակային և քաղաքակրթական շարունակականության ընկալմամբ։ Առաջին Հանրապետությունը երբեք ինքն իրեն չէր դիտարկում որպես աշխարհագրորեն վերջնական ազգային հանգրվան. նրա գոյության գաղափարական հորիզոնը ձևավորվում էր Միացյալ Հայաստանի տեսլականի շուրջ՝ ոչ իբրև պատմական պատրանքայնության արտահայտություն, այլ որպես ազգային գոյության ներքին տրամաբանությունից բխող և պատմականորեն անխուսափելի հեռանկար։

Առաջին Հանրապետության հիմնադիր քաղաքական ուժն ու գաղափարապես ձևավորողները չէին կարող սահմանափակել ժողովրդի քաղաքական ինքնագիտակցությունը այն նվազագույն աշխարհագրական տարածքով, որը մնացել էր ցեղասպանության և աշխարհաքաղաքական իրադարձությունների հետևանքով։ Որովհետև նրանք գիտակցում էին, որ ազգը չի կարող սահմանափակվել իրեն պարտադրված աշխարհագրական սահմաններով. այն պատմական հիշողության, մշակութային շերտերի, ազգային-հոգևոր ու քաղաքական աշխարհագրության և հավաքական կամքի օրգանական ամբողջություն է։ Ազգը, որը հրաժարվում է իր պատմական ամբողջականության գիտակցությունից, ժամանակի ընթացքում ոչ միայն կորցնում է իր պատմական առանցքն ու ճանապարհը, այլև սկսում է աստիճանաբար քայքայել իր ինքնության ներքին հիմքերը՝ դառնալով ինքն իրենից օտարված հավաքականություն։

Միացյալ Հայաստանի տեսլականը հենց այդ պատճառով շարունակում է մնալ հայ քաղաքական մտքի գոյաբանական առանցքներից մեկը։ Այն տարածքային առավելապաշտության կամ անցյալի հանդեպ զուտ զգացական վերաբերմունքի արտահայտություն չէ, այլ հայ ժողովրդի պատմական ինքնության քաղաքականացված ձևակերպումը։ Կարսը, Վանը, Մուշը, Սասունը, Կարինը, Կիլիկիան, Արցախը կամ Նախիջևանը միայն պատմական հիշողության միավորներ չեն. դրանք հայկական քաղաքակրթության ձևավորման կենդանի տարածական շերտերն են՝ ազգային ինքնության կառուցվածքային բաղադրիչներով։

Ազգը կորցնում է սեփական ինքնության ամբողջականությունը, երբ կտրվում է իր պատմական և ազգային-հոգևոր աշխարհագրությունից։ Երբ ազգային գիտակցությունից արմատախիլ է արվում պատմական հայրենիքի գաղափարը, այն այլևս պարզապես հիշողության կորուստ չէ. դա ազգային կամքի կառուցվածքային քայքայում է, որի հետևանքով ժողովուրդը աստիճանաբար զրկվում է ինքնակազմակերպման իր պատմական հնարավորությունից։ Այս իմաստով Միացյալ Հայաստանի տեսլականի ժխտումը ոչ թե գաղափարական ընտրություն է, այլ ազգային գոյության հիմքերի թուլացման գործընթաց, որը երկարաժամկետ հեռանկարում վերածվում է ինքնության համակարգային անկման։

Միացյալ Հայաստանի տեսլականի դեմ պայքարը երբեք չի սահմանափակվել միայն արտաքին քաղաքական հարթությամբ։ Այն իր բնույթով նաև ներհասարակական և ներհոգեբանական գործընթաց է՝ ուղղված հայ ժողովրդի պատմական ինքնագիտակցության կառուցվածքային վերաձևմանը։ Դարեր շարունակ թուրքական քաղաքականությունը ոչ միայն հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջման, այլև նրա պատմական հիշողության համակարգված խեղման ռազմավարություն է իրականացրել։ Հայոց ցեղասպանությունը, այդ իմաստով, միայն ժողովրդի ֆիզիկական ոչնչացման փորձ չէր. այն նաև քաղաքակրթական հիշողության դեմ ուղղված գործողություն էր՝ նպատակաուղղված պատմական շարունակականության խզմանը։

Այդ նույն տրամաբանության շարունակությունն է, որ այսօր դրսևորվում է հոգեբանական ճնշման ձևերով՝ հայ ժողովրդին պարտադրելով այն ընկալումը, թե իր գոյության ապահովման միակ ուղին սեփական պատմական իրավունքներից, հիշողությունից և քաղաքակրթական ամբողջականությունից հրաժարվելն է։ Այս գործընթացի առավել համակարգված քաղաքական արտահայտությունը Հայաստանի գործող իշխանությունների կողմից առաջ քաշված, այսպես կոչված «իրական Հայաստանի» տեսությունն է, որը, իր էությամբ, ոչ թե պարզապես քաղաքական մոտեցում է, այլև հայ քաղաքական մտքի ապապատմականացման, ապագաղափարկանացման և բովանդակազրկման փորձ։ Այն նպատակ ունի պետականությունը տարանջատել ազգի պատմական տրամաբանական ընթացքից և վերածել այն պարտադրված աշխարհագրական սահմաններում ամփոփված վարչական կառույցի՝ զուրկ պատմական ինքնությունից, առաքելությունից և քաղաքակրթական խորքից։

Այդ մոտեցման ներքո պետությունը այլևս չի ընկալվում որպես ազգի պատմական առաքելության իրականացման գործիք, այլ որպես ինքնանպատակ կառույց, որի թվացյալ կայունությունը ապահովվում է հիշողության, իդեալների և պատմական պահանջների վերջնական և անվերադարձ չեզոքացման հաշվին։ Սակայն նման պետական համակարգերը, որքան էլ արտաքին առումով կայուն թվան, պատմական հեռանկարում ունեն ներքին խոցելիություն, քանի որ զրկված են իրենց գոյությունը իմաստավորող գաղափարական առանցքից։ Պետությունը, որը կորցնում է իր ազգային-հոգևոր և քաղաքակրթական հենքը, վաղ թե ուշ կորցնում է նաև իր քաղաքական կենսունակությունը՝ վերածվելով ձևի՝ առանց բովանդակության։

Հայաստանի և հայ ժողովրդի առջև այսօր ծառացած մարտահրավերները գոյաբանական բնույթ ունեն։ Խնդիրը միայն սահմանների կամ անվտանգային համակարգերի ճարտարապետության մեջ չէ։ Խնդիրը ազգային ինքնագիտակցության խորքային ճգնաժամն է, երբ կասկածի ենթարկվում պետության բովանդակային ձևն ու ժողովրդի ինքնությունը՝ որպես պատմական շարունակական գործընթաց։

Արցախյան պատերազմում պարտությունից և Արցախի կորստից հետո հայ իրականության մեջ նպատակադրված կերպով սերմանվում է պարտության հետ համակերպվելու հոգեբանությունը։ Հայ ժողովրդին փորձում են համոզել, թե պատմական իրավունքներից հրաժարումը «խաղաղության» նախապայմանն է, իսկ ազգային իդեալներից հրաժարումը՝ պետականության «պահպանման» գինը։ Սակայն իրականությունը, իր քաղաքական տրամաբանությամբ, հակառակն է ցույց տալիս:

Արցախի կորուստը բացահայտեց մի հիմնարար օրինաչափություն՝ զիջումների քաղաքականությունը ոչ թե սահմանափակում, այլ ընդլայնում է թշնամու ճնշման, պահանջների և առավելապաշտության դաշտը։ Ազգային իրավունքներից հրաժարվող ժողովուրդը չի ստանում անվտանգություն, որովհետև նման նահանջը հակառակ կողմի ընկալմամբ դառնում է ոչ թե խաղաղության ազդակ, այլ կամազրկման և դիմադրողականության անկման ցուցիչ։ Այսպիսով, խնդիրը դուրս է գալիս տարածքային կամ դիվանագիտական հարթությունից և վերածվում է գոյաբանական հիմնախնդրի։

Աներկբա փաստ է, որ թուրք-ադրբեջանական ռազմավարության նպատակը վաղուց արդեն միայն հայկական տարածքների բռնազավթումը չէ։ Նրանց հիմնական նպատակը հայկական պետականության բովանդակազրկումն է։ Նրանք ձգտում են, որպեսզի Հայաստանը դադարի ազգային պետություն լինելուց և վերածվի պատմական հիշողությունից զուրկ, աշխարհաքաղաքականորեն հնազանդ վարչաքաղաքական միավորի։ Այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է նախ և առաջ կազմաքանդել հայ ժողովրդի հավաքական տեսլականը՝ այն գաղափարական առանցքը, որի վրա ձևավորվում է ազգային ինքնագիտակցությունը։

Հետևաբար թիրախավորվում է մեր պատմուական հիշողությունն ու ժառանգությունը,Մայիսի 28-ի խորհուրդը և Հայ դատի պայքարի վերջնանպատակը՝ Միացյալ Հայաստանի տեսլականը։ Քանզի, քանի դեռ այդ տեսլականը կենդանի է, հայ ժողովուրդը շարունակում է մնալ պատմության գործուն դերակատար, այլ ոչ թե արտաքին խաղացողներին և գործընթացներին ենթակա և կառավարելի միավոր։

Մայիսի 28-ի խորհուրդը հենց այստեղ է բացահայտում իր այժմեական ամբողջ ուժը։ Միացյալ Հայաստանի տեսլականը այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է ոչ միայն ազգային ինքնության պահպանման, այլև հենց Հայաստանի Հանրապետության ամրապնդման և պատմական կենսունակության ապահովման համար։ Պետություններն իրենց երկարաժամկետ պատմական գոյությունը պահպանել են ոչ միայն ռազմական հզորության կամ դիվանագիտական հաշվարկների շնորհիվ, այլ՝ նախ և առաջ այն պատճառով, որ իրենց հիմքում ունեցել են համազգային նպատակ և քաղաքակրթական ինքնագիտակցություն։ Պետականությունը կենսունակ է այնքանով, որքանով այն արտահայտում է ժողովրդի պատմական կամքը և ապագայի վերաբերյալ նրա հավաքական տեսլականը։

Այն ազգը, որը կորցնում է իր պատմական առաքելության զգացումը, ժամանակի ընթացքում կորցնում է նաև դիմադրելու ներքին կարողությունը, որովհետև դադարում է հասկանալ սեփական գոյության պատմական իմաստը։ Իսկ ժողովուրդը, որը շարունակում է ապրել հավաքական իդեալով և պատմական ամբողջականության գիտակցությամբ, նույնիսկ ամենածանր պարտություններից հետո վերագտնում է իր վերածնության ուժը։ Հայ ժողովրդի պատմական փորձառությունն ինքնին դրա ամենախոսուն վկայությունն է։

Այս իմաստով Միացյալ Հայաստանը նախ և առաջ ազգային-հոգևոր և քաղաքական ամբողջականության գաղափար է։ Այն սկսվում է ազգային գիտակցությունից և այն համոզումից, որ հայ ժողովրդի գոյատևումը պատմական պատահականությունների համընկնման արդյունքը չէ։ Հայ ժողովուրդը պատմության ընթացքում իր գոյությունը պահպանել է ոչ թե արտաքին ուժերի բարեհաճության, այլ սեփական քաղաքակրթական կենսունակության, մշակութային ստեղծագործ ուժի և ազգային ինքնապահպանության կամքի շնորհիվ։ Այդ պատճառով էլ նրա գոյությունը չի կարող սահմանափակվել տվյալ պահի աշխարհաքաղաքական հարաբերակցություններով կամ ժամանակավոր քաղաքական իրադրություններով։

Այդ իսկ պատճառով Մայիսի 28-ի պատգամը միայն անցյալի հիշատակ չէ․ այն նախ և առաջ ապագային ուղղված գաղափարական և քաղաքական պատգամ է։ Այն մեզ հիշեցնում է, որ պետականության երկարատև պահպանումը հաջողվում է այն ժողովուրդներին, որոնք ունեն համազգային նպատակ, պատմական առաքելության գիտակցություն և ազգային ինքնագիտակցության բարձր աստիճան։ Անկախ պետականությունը սոսկ սահմանադրական կամ միջազգային-իրավական կարգավիճակ չէ։ Այն ազգային ուրույն հոգեվիճակ է, ժողովրդի հավաքական կամքի արտահայտություն՝ ապրելու որպես սեփական պատմությունը կերտող կենսունակ ուժ։

Եվ եթե այսօր հայ ժողովուրդը ցանկանում է հաղթահարել իր առջև վեր հառնած գոյաբանական ճգնաժամը, ապա նա պարտավոր է տեր կանգնել իր ազգային գերագույն տեսլականին։ Մայիսի 28-ի խորհուրդը մեզ պարտավորեցնում է մերժել մեր ինքնագիտակցության խեղման և պատմական իրավունքների անտեսման բոլոր փորձերը։ Այն մեզ հիշեցնում է, որ հայկական պետականությունը չի կարող երկար գոյատևել, եթե կտրված է համահայկական ազգային ներուժից, պատմական հիշողությունից և համազգային տեսլականից։ Հայաստանի Հանրապետությունը կարող է իրական ամրություն և կենսունակություն ձեռք բերել միայն այն դեպքում, երբ դառնա ամբողջ հայության հավաքական կամքի, պատմական հիշողության և քաղաքակրթական ինքնագիտակցության քաղաքական մարմնավորումը։ Իսկ դա հնարավոր է միայն այն պարագայում, երբ ազգային կյանքը կրկին առաջնորդվի մեծ գաղափարով։

Այդ մեծ գաղափարը Միացյալ Հայաստանն է՝ ոչ իբրև վերացական կարգախոս կամ զգացական երազանք, այլ՝ ինչպես Սարգիս Զեյթլյանն է բանաձևել՝ որպես հայ ժողովրդի պատմական գոյության «կենարար ստորոգելին»: Եվ որքան էլ փորձեն խամրեցնել այդ տեսլականը, այն պետք է շարունակի մնալ հայ ազգային ինքնության խորքային առանցքներից մեկը, որովհետև ժողովուրդները կարող են ժամանակավորապես պարտվել, կարող են կորցնել տարածքներ, պետականություն և նույնիսկ սերունդներ, սակայն մինչ այն պահը, երբ կենդանի է նրանց պատմական հիշողությունն ու հավաքական իդեալը, նրանք շարունակում են պահպանել պատմության մեջ վերածնվելու և վերականգնվելու իրենց հնարավորությունը։

Մայիսի 28-ի անժամանցելի խորհուրդն էլ հենց սա է. մեր ազգը գոյատևելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի հրաժարվել իր ամբողջական ինքնությունից, իր պատմական իրավունքներից և իր ապագայի տեսլականից՝ Միացյալ Հայաստանի գաղափարից:

Արամ Շահնազարյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Յաւերժական են հայրենիքն ու պետականութե

«­Ժա­մա­նա­կա­ւոր են ղե­կա­վար­նե­րը: ­Յա­ւեր­ժա­կան են ազ­գերն ու հայ­րե­նիք­

29 Մայիս 2026
Սարդարապատ ունեցող ազգը չի՛ հանձնվելու

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան

28 Մայիս 2026
Հանրապետության անկախության օրը Սարդարա

Մայիսի 28-ին, Առաջին Հանրապետության օրվա առիթով, Սարդարապատ էին այցելել «Հայաս

28 Մայիս 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, 1918 թվականի Մայիսի 28-ը հայոց պատմության բեկումնայի

28 Մայիս 2026
Խմբագրական. Հայաստանը նոր Մայիս 28-ներ

Մայիս 28-ին, Նիկոլ Փաշինեան կը պատրաստուի Երեւանի մէջ կազմակերպել լայնածաւալ զ

28 Մայիս 2026
Խմբագրական. Հայաստանի Անկախութիւնը Ազգ

1918ի Մայիս 28ին, դարերով կայսերական իշխանութեանց տակ ապրելէ ետք, Հայաստան իր

28 Մայիս 2026
Կործանման Դիմաց… Մայիս 28,1918 Եւ Այսօ

1918-ի եւ ներկայ օրերու տարբերութիւնը յստակ է։ 1918-ին պետականութիւն չունէ

28 Մայիս 2026
Մայիսի 28-ը և Միացյալ Հայաստանի կենար

Դաշնակցական մեծ տեսաբան և գաղափարախոս Սարգիս Զեյթլյանի այս պատմափիլիսոփայական

28 Մայիս 2026
Վեհօրէն Հսկող Յուշահամալիրը` Արարատին

Արարատ-Արագած թովիչ երազէն զգաստացնելով եւ ձայնը քիչ մը բարձրացնելով ոտքերս կր

28 Մայիս 2026
Շարունակելու ենք մեր որդեգրած գիծը

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը ուղերձ է հղել Բաքվի բանտից, ո

27 Մայիս 2026
ՀՀ իշխանությունները կատարել են հերթակա

Սիրելի' հայրենակիցներ Օգտվելով այն հանգամանքից, որ այս օրերին ուշադրություն

27 Մայիս 2026
28 Մայիս 1918-ն Իրական Անկախութեան Հիմ

Մեր ժողովուրդի իրական եւ վաւերական պատմութեան մէջ 28 մայիս 1918-ն հայութեան վե

27 Մայիս 2026
Խմբագրական. Հաւատարիմ` Հանրապետութեան

Հայաստանի Հանրապետութեան զինանշանին ամփոփած խորհուրդները այսօր այժմէական նշանա

27 Մայիս 2026
Հայ Ազգի Փրկութեան Բանալին

1917-ին ռուս զինուորները, Լենինի տունդարձի «հայրական» կոչին անսալով, լքեցին ճա

27 Մայիս 2026
28 Մայիսը Տօնն Է Վերանկախացած Հայաստան

Հայկական Բարձրաւանդակին վրայ հայկական վերջին պետութիւնը` Բագրատունեաց թագաւորո

27 Մայիս 2026
Տեղի ունեցավ Զարեհ Խրախունու «100 բան

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի ու Խաչատուր Աբ

27 Մայիս 2026
Եթե Փաշինյանն արգելի որևէ ընդդիմադիր կ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր նախընտրական քարոզարշավը՝ Հայաստանի օրենսդրութ

26 Մայիս 2026
Լիբանանի Բաժանման Ծրագիրը Անվերադարձ Վ

Շաբաթավերջին ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփո

25 Մայիս 2026
Մեր պայքարը իր իրական տարողութեամբ

Տարրական տրամաբանութեամբ, Փաշինեանի մտագարութիւնները պէտք է լրջօրէն տագնապահար

25 Մայիս 2026
Ակնարկ. Հիմա, 60 Օր Եւ Հարաւի Ազատագրո

Շաբաթ օրէն սկսեալ միջազգային լրատուադաշտը կը խօսի Միացեալ Նահանգներ-Իրան համաձ

25 Մայիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company