Նպատակը՝ երկրի ուղղութիւնը ճիշտ ուղի վերադարձնելն է
03 Հունիս 2026 Հայաստանում սպասւող Ազգային ժողովի ընտրութիւնների նախաշեմին ներքաղաքական զարգացումները, ընդդիմադիր դաշտի վերադասաւորումները եւ հասարակական սպասումները շարունակում են մնալ քաղաքական քննարկումների կիզակէտում։ Ընտրական գործընթացի, ընդդիմադիր համագործակցութիւնների, քաղաքական հեղինակութիւնների դերի, ինչպէս նաեւ Հայաստանի քաղաքական ուղղութեան վերաբերող հարցերի շուրջ «ԱԼԻՔ»-ը զրուցել է Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Սեւան Դանիէլեանի հետ։Խօսելով ընտրական գործընթացների շուրջ ձեւաւորւող մթնոլորտի մասին՝ Սեւան Դանիէլեանը կարեւորել է հանրային տրամադրութիւնների ազդեցութիւնը՝ նշելով, որ հասարակական կարծիքը յաճախ ձեւաւորւում է նաեւ ժամանակաւոր քաղաքական ազդակների ներքոյ։ Միեւնոյն ժամանակ նա անդրադարձել է «Հայաստան» դաշինքի շրջանակում ձեւաւորւած համագործակցութեանը՝ ընդգծելով, որ այս ընտրութիւններում Դաշնակցութեան հիմնական նպատակը ոչ թէ իշխանութեան հասնելն է ինքնանպատակ կերպով, այլ Հայաստանի քաղաքական ընթացքի փոփոխութիւնը։
– Պրն. Դանիէլեան, սկսենք հիմնական հարցից. որպէս քաղաքական մեծ փորձ ունեցող կուսակցութիւն՝ ի՞նչ ակնկալիքներ եւ առաջնահերթութիւններ ունի Հ.Յ.Դ.-ն առաջիկայ ընտրութիւններում։
– Այս հարցին տարբեր առիթներով անդրադարձ եղել է, բայց փորձեմ մի փոքր այլ դիտանկիւնից ներկայացնել։ Անկախ ընտրական փուլերից կամ հանրային տրամադրութիւններից՝ Դաշնակցութիւնը մշտապէս եղել է այն քաղաքական ուժը, որը հետեւողականօրէն հակադրւել է, ազգային շահերին հակասող քաղաքականութիւններին՝ անկախ այն հանգամանքից, թէ որ ուժն է գտնւել իշխանութեան ղեկին։
Միեւնոյն ժամանակ Հ.Յ.Դ.-ն երբեք չի մերժել համագործակցութիւնը, երբ այն միտւած է եղել Հայաստանի եւ հայ ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը։ Ներկայ իշխանութեան պարագայում եւս Դաշնակցութիւնը առաջին իսկ օրերից հանդէս է եկել քննադատական դիրքերից՝ համարելով, որ որդեգրւած քաղաքականութիւնը վնասակար է երկրի ու պետականութեան համար։
Վերջին ութ տարիների ընթացքում, գործող իշխանութեան քաղաքական ուղեգծի դէմ ձեւաւորւել են տարբեր հանրային ու քաղաքական շարժումներ՝ իշխանափոխութեան կամ առնւազն իշխանութեան քայլերը կասեցնելու նպատակով։ Այդ համատեքստում յիշատակելի են «Հայրենիքի փրկութեան շարժումը», «Դիմադրութեան շարժումը», «Սրբազան պայքարը» եւ այլ նախաձեռնութիւններ, որոնց արդիւնքում, թէեւ իշխանափոխութիւն տեղի չունեցաւ, սակայն յաճախ հնարաւոր դարձաւ խափանել կամ առկախել իշխանութեան մի շարք ծրագրեր։ Այդ ամբողջ ընթացքում, սակայն, Դաշնակցութիւնը մնաց այն եզակի քաղաքական ուժերից, որը հետեւողականօրէն հաւատարիմ մնաց իր սկզբունքային դիրքորոշումներին՝ չհամակերպւելով գործող իշխանութեան քաղաքական ուղղութեան հետ։
– Տարբեր ժամանակահատւածներում Հ.Յ.Դ.-ն համագործակցել է տարբեր իշխանութիւնների հետ եւ ներգրաււած է եղել պետական կառավարման համակարգում։ Փաշինեանի պաշտօնավարման սկզբնական շրջանում եւս Դաշնակցութիւնը մասնակցել էր ձեւաւորւած կառավարութեանը: Ի՞նչ սկզբունքներով է պայմանաւորւել այդ համագործակցութիւնը։
– Հիմքում միշտ եղել է մէկ սկզբունք՝ ազգային շահերի սպասարկումը։ 2018 թւականի քաղաքական փոփոխութիւններից յետոյ, մինչեւ նոր իշխանութեան իրական նպատակների ամբողջական բացայայտումը, Դաշնակցութիւնը պատրաստ էր աջակցել այն նախաձեռնութիւններին, որոնք կարող էին օգտակար լինել Հայաստանին եւ պետական համակարգի զարգացմանը։
Այդ պատճառով էլ սկզբնական փուլում համագործակցութիւնը չմերժւեց։ Սակայն շատ արագ պարզ դարձաւ, որ իշխանութեան քաղաքական մօտեցումներն էապէս տարբեր են մեր պատկերացումներից։
Արժէ ընդգծել, որ նախարարների հրաժարականը չուշացաւ նոյն՝ այդ Փաշինեանի ապակառուցողական քաղաքականութեան պատճառով, ինչը նա հանրութեանը ներկայացրեց՝ պաշտօնից ազատելու հերթական նարէյտիւով… Այնպէս, որ մեր նպատակը եղել եւ մնում է ազգային արժէքների պաշտպանութիւնը եւ այդ օրակարգի պահպանումը։ Նախկին իշխանութիւնների հետ համագործակցութիւնն էլ նոյն տրամաբանութեամբ է ձեւաւորւել։
Ասեմ, որ շատ արագ ակնյայտ դարձաւ նաեւ, որ ներկայ իշխանութեան պայմաններում ազգային մօտեցումները չեն խրախուսւում անգամ Սփիւռքի հետ աշխատանքում։ Օրինակ՝ Սփիւռքի նախարարութեան վերացումը, իսկ նոր ուղղութեան վերաձեւաւորումը մեր գնահատմամբ լի էին բացասական հետեւանքներով:
– Պրն. Դանիէլեան, դուք նշում էք, որ Հ.Յ.Դ.-ն երբեք չի հրաժարւել իր քննադատական դիրքորոշումից։ Որո՞նք էին այն հիմնական հարցերը, որոնց շուրջ Դաշնակցութիւնը սկզբունքային տարաձայնութիւններ ունեցաւ գործող իշխանութեան հետ։
– Դաշնակցութիւնը երբեք չի հրաժարւել իր քննադատական դիրքորոշումից։ Օրինակները բազմաթիւ են, անդրադառնանք թարմներին… Դեռեւս 2020 թւականի պատերազմից առաջ մենք հրապարակայնօրէն ընդդիմանում էինք կրթական ոլորտում իրականացւող մի շարք փոփոխութիւնների, մասնաւորապէս՝ ազգային բաղադրիչի նւազեցման միտումներին։ Իսկ պատերազմի մեկնարկից յետոյ առաջնահերթ դարձաւ հայրենիքի պաշտպանութիւնը, եւ ամբողջ ներուժը կենտրոնացւեց այդ նպատակի շուրջ։
Հայաստանի վերանկախացումից ի վեր մեր քաղաքական հիմնական օրակարգերից մէկը եղել է տարբեր իշխանութիւնների եւ հասարակական-քաղաքական շրջանակների հետ համագործակցութիւնը՝ մէկ անփոփոխ նպատակով՝ ծառայել մեր ժողովրդին եւ նպաստել ազգային ռազմավարական մտածողութեան վրայ հիմնւած հզօր Հայաստանի ու կայուն պետականութեան կերտմանը։
– Հ.Յ.Դ.-ն Հայաստանի անկախացումից ի վեր մասնակցել է գրեթէ բոլոր ընտրութիւններին։ Միեւնոյն ժամանակ յետխորհրդային հասարակութիւններում ընտրութիւնը յաճախ պայմանաւորւած չէ ծրագրերով կամ կուսակցութեան գաղափարախօսութեամբ: Փոխարէնը խօսում է քաղաքական հեղինակութիւն համարւող անձանց ազդեցութիւնը։ Այս իրողութեան պայմաններում ինչպէ՞ս է Դաշնակցութիւնը գնահատում սեփական յաջողութիւնը։
– Մեր առաջնային նպատակներից մէկը Հայաստանում քաղաքական մշակոյթի եւ քաղաքական ինստիտուտների ձեւաւորումն է եղել։ Մենք մշտապէս կարծիք ենք ունեցել, որ քաղաքացին պէտք է ընտրի ոչ թէ անձին, այլ գաղափարներն ու ծրագրերը։
Իհարկէ, փոքր երկրներում քաղաքական համակարգի կայացումը բարդ գործընթաց է, մանաւանդ երբ քաղաքական դաշտը չափազանց մասնատւած է։ Այսօր մեծ թւով կուսակցութիւններ են յայտ ներկայացրել ընտրութիւններին, սակայն ակնյայտ է, որ ոչ բոլորն ունեն քաղաքական ծանրակշիռ ներկայութիւն։
Դաշնակցութեան մօտեցումը եղել է առողջ քաղաքական մրցակցութեան ձեւաւորմանը նպաստելը, յատկապէս ընդդիմադիր դաշտում: Կան նոր ուժեր եւ նոր քաղաքական դերակատարներ, յատկապէս ընդդիմադիր դաշտում, ինչը կարող է որոշակի բազմազանութիւն բերել ընտրական գործընթացին։ Այսօր քաղաքացին, եթէ համաձայն չէ որեւէ քաղաքական դէմքի հետ, բայց կիսում է ընդհանուր ծրագրային մօտեցումները, կարող է ընտրութիւն կատարել ընդդիմադիր տարբեր բեւեռների միջեւ։
– Հայաստանի ներքաղաքական ներկայ պատկերի պայմաններում ո՞ր ուժերն էք համարում հիմնական դերակատարներ ընդդիմադիր դաշտում։
– Ըստ առկայ գնահատականների եւ քաղաքական զարգացումների՝ կան մի քանի ուժեր, որոնք կարող են յաղթահարել ընտրական շեմը։ Այդ շարքում են «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը», «Բարգաւաճ Հայաստանը», «Միասնութեան թեւերը»:
– Հ.Յ.Դ.-ն «Հայաստան» դաշինքի շրջանակում համագործակցում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի հետ։ Ո՞րն էր նման որոշման հիմնական պատճառը։
– Անկախ քաղաքական գնահատականներից կամ հիմնականում գործող իշխանութեան կողմից շրջանառւող տարբեր մեկնաբանութիւններից՝ Ռոբերտ Քոչարեանը, մեր գնահատմամբ, այն քաղաքական գործիչներից է, ով ունի պետական կառավարման, դիւանագիտական աշխատանքի եւ բանակցային գործընթացների զգալի փորձառութիւն։
Տարածաշրջանում առկայ բարդ զարգացումների, Հայաստանի անվտանգային մարտահրաւէրների եւ աշխարհաքաղաքական փոփոխութիւնների պայմաններում Դաշնակցութիւնը նպատակայարմար համարեց ներկայանալ «Հայաստան» դաշինքի ձեւաչափով՝ հաշւի առնելով նաեւ պրն. Քոչարեանի հետ ունեցած նախկին համագործակցութեան փորձը։ Եւ ինչպէս նախորդ հարցին պատասխնելիս նշեցի, սա ընդդիմութեանը միաւորելու ծրագրի վառ օրինակներից է:
– Միջազգային դերակատարների հետաքրքրութիւնը Հայաստանի ընտրութիւնների նկատմամբ աճել է։ Ինչպէ՞ս էք գնահատում արտաքին ազդեցութիւնների հնարաւորութիւնը։
– Հայաստանը գտնւում է չափազանց զգայուն տարածաշրջանում, ուստի բնական է, որ միջազգային դերակատարները մեծ ուշադրութեամբ հետեւեն Հայաստանում ընթացող գործընթացներին։ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, ինչպէս նաեւ տարածաշրջանային այլ ուժերի շահերի բարդ համադրութեան պայմաններում էական նշանակութիւն ունի, թէ Հայաստանում ինչպիսի իշխանութիւն կը ձեւաւորւի։
Այս համատեքստում է տեղաւորւում, օրինակ, Մարկօ Ռուբիոյի այցը Հայաստան, Թրամփի յայտարարութիւնը, ըստ որի՝ Փաշինեանին դիտարկում է, որպէս լաւ գործընկեր, ինչպէս նաեւ Եւրամիութեան՝ Երեւանում վերջին գագաթնաժողովն անցկացնելու որոշումը։ Նոյն տրամաբանութեան շրջանակում է ընկալւում նաեւ այն հանգամանքը, որ Եւրամիութիւնը 12 միլիոն դոլար է յատկացրել ընտրութիւնների «պատշաճ» կազմակերպման համար։ Այս ամէնը, որոշ գնահատականներով, կարելի է դիտարկել նաեւ որպէս ընտրական գործընթացների վրայ ներգործելու կամ քաղաքական ուղղութիւնների վրայ ազդեցութիւն ունենալու փորձ։
Միեւնոյն ժամանակ պէտք է նկատի ունենալ, որ Հայաստանը ներկայումս գտնւում է նոր աշխարհաքաղաքական վերաձեւաւորումների առանցքում։
Ճիշտ եւ հեռատես քաղաքականութեան դէպքում մեր երկիրը կարող էր դառնալ այդ գործընթացների շահառուներից մէկը՝ ամրապնդելով իր դերակատարութիւնն ու ռազմավարական նշանակութիւնը տարածաշրջանում։ Սակայն, մեր գնահատմամբ, ներկայ իշխանութեան պարտւողական եւ յաճախ ոչ բաւարար կերպով հաշւարկւած քաղաքականութեան հետեւանքով Հայաստանը դարձել է աւելի խոցելի, իսկ նրա տարածաշրջանային դերակատարութիւնը՝ զգալիօրէն թուլացած։
– Ընտրական գործընթացների ընթացքում մշտապէս հնչում են վարչական լծակների կամ ընտրակեղծիքների մասին մտահոգութիւններ։ Այս ֆոնին ինչպէ՞ս էք մեկնաբանում նաեւ Ռոբերտ Քոչարեանի այն յայտարարութիւնը, թէ «եթէ փորձեն մեզնից յաղթանակը խլել՝ յեղափոխութիւն կը լինի»։
– Ընտրական գործընթացների նկատմամբ անվստահութիւնը չի ձեւաւորւում միայն քւէարկութեան օրը տեղի ունեցող հնարաւոր խախտումներով։
Ոչ պակաս կարեւոր է նաեւ նախընտրական միջավայրը, որտեղ վարչական ռեսուրսների կիրառումը կարող է նպաստել հասարակութեան մէջ վախի մթնոլորտի ձեւաւորմանը, իսկ պոտենցիալ ընտրողների մօտ՝ աշխատանքը կորցնելու կամ այլ ճնշումների ենթարկւելու մտավախութիւնների առաջացմանը։ Փոքր համայնքներում մարդիկ յաճախ ունենում են վերահսկւելու զգացողութիւն, ինչը կարող է ազդել ազատ կամարտայայտութեան վրայ։
Ինչ վերաբերում է նշւած յայտարարութեանը՝ համոզւած եմ, որ բոլոր գործընթացները պէտք է տեղի ունենան օրէնքի եւ սահմանադրական կարգի շրջանակում։ Միաժամանակ, բողոքի իրաւունքը ժողովրդավարական հասարակութեան բնական իրաւունքներից է։
– Հայաստանից դուրս ապրող հայութեան համար եւս ընտրութիւնները կարեւոր նշանակութիւն ունեն։ Ի՞նչ ազդեցութիւն ունեն Հայաստանի ներքաղաքական գործընթացներն Սփիւռքի վրայ։
– Հայաստանում տեղի ունեցող քաղաքական եւ պետական ձախողումներն անմիջապէս անդրադառնում են նաեւ Սփիւռքի հոգեբանական եւ կազմակերպչական վիճակի վրայ։ Դրա ամենացաւալի օրինակներից մէկը 44-օրեայ պատերազմն էր, որը խոր ցնցում առաջացրեց ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ Սփիւռքում։ Դաշնակցութեան առաքելութիւնը նաեւ այդ հոգեվիճակից ժողովրդին դուրս բերելը, ազգային ինքնավստահութեան վերականգնումը եւ Սփիւռքի կապը Հայաստանի հետ ամրացնելն է։
Միաժամանակ պէտք է արձանագրել, որ պատերազմի հետեւանքները, ինչպէս նաեւ Հայաստանի ներկայ իշխանութիւնների վարած ապազգային քաղաքականութիւնը որոշակիօրէն խորացրել են Սփիւռքը Հայաստանից օտարելու միտումները։ Երբ պետական քաղաքականութեան մէջ նահանջում են ազգային առաջնահերթութիւնները, բնականաբար, դա անդրադառնում է նաեւ Սփիւռքի ներգրաււածութեան, վստահութեան եւ հայրենիքի հետ կապի զգացողութեան վրայ։ Հէնց այդ պատճառով այսօր առանձնակի կարեւոր է վերականգնել համազգային համերաշխութիւնը եւ ամրապնդել Հայաստան-Սփիւռք կապը՝ այն դարձնելով ոչ թէ ձեւական, այլ ռազմավարական ու կենսունակ յենասիւն։ Դաշնակցութեան առաքելութիւնն է նաեւ…. եւ կապը Հայաստանի հետ ամրացնելը:
– Ի վերջոյ, այս ընտրութիւններն ինչո՞վ են տարբեր նախորդներից։
– Այս ընտրութիւնները, մեր ընկալմամբ, սովորական քաղաքական մրցակցութիւն չեն։ Դրանք առնչւում են մեր ազգային ինքնութեան, պետականութեան ապագայի եւ գոյաբանական մարտահրաւէրների յաղթահարման հետ։ Մենք, ըստ էութեան, կանգնած ենք գոյապայքարի առաջ, եւ մեր մասնակցութիւնը պայմանաւորւած է այն համոզմամբ, որ անհրաժեշտ է վերականգնել ազգային արժէքային համակարգը, ամրապնդել ինքնութիւնը եւ երկիրը վերադարձնել ազգային շահերի վրայ հիմնւած քաղաքական ճիշտ ուղղութեան։
Միաժամանակ հասարակութեան մօտ կուտակւած են Փաշինեանի տւած ու չիրականացւած խոստումների, անվտանգային խնդիրների եւ պետական կառավարման վերաբերեալ լուրջ հարցադրումներ։ Այս պայմաններում, մեր գնահատմամբ, առաջիկայ ընտրութիւնները ոչ միայն իշխանութեան ձեւաւորման, այլ նաեւ երկրի քաղաքական ուղղութեան վերանայման ընտրութիւն են. երկիրը ներկայ իրավիճակից եւ այս քաղաքական խմբակի կառավարման հետեւանքներից դուրս բերելը։
ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ՝ ՀԱՏԻՍԻ
