Լիզբոնի ոգին. պատմական պատասխանատվության, քաղաքական կամքի և ազգային դիմադրողականության գաղափարը
27 Հուլիս 2026
«Մեզ վարանումներ չեն հարկաւոր, այլ հաւատ,
մեզ խօսքեր չեն հարկաւոր, այլ գործեր,
մեզ թերահաւատութիւն չէ հարկաւոր, այլ եռանդ,
մեզ տատանումներ չեն հարկաւոր, այլ վճռականութիւն եւ հանդգնութիւն»։
Քրիստափոր Միքայելյանի այս խոսքերը, որոնք ծնունդ են առել Հայ Յեղափոխական Դաշնակցության կազմավորման և ազգային-ազատագրական պայքարի գաղափարական մթնոլորտում, արտահայտում են ոչ միայն պայքարի կոչ, այլև պատմության նկատմամբ ազգային պատասխանատվության ամբողջական փիլիսոփայություն։ Դրանք հիմնված են այն համոզման վրա, որ ժողովուրդները ոչ միայն պատմության կրողներն են, այլև սեփական պատմական ընթացքը ձևավորող ուժ, եթե ունեն գաղափարական հստակություն, քաղաքական կամք և հավատ սեփական ուժերի նկատմամբ։
Քրիստափորի մտքի առանցքում կրավորական քաղաքական մտածողությանը, որը սեփական նախաձեռնությունը փոխարինում է արտաքին հանգամանքների փոփոխության սպասումով, հակադրվում է ազգային ուժի ձևավորման և գիտակցված գործողության գաղափարը։ Նրա համար ազգային պայքարը սկսվում է ոչ միայն պատմական իրավիճակի գիտակցումից, այլև այն փոխելու պատասխանատվությունից՝ կամքի, կազմակերպվածության և նպատակասլացության միջոցով։ Վարանման, թերահավատության և տատանման դեմ ուղղված նրա կոչը վերաբերում է ժողովրդի քաղաքական հոգեբանության հիմնարար հարցին՝ ժողովուրդը պատրա՞ստ է արդյոք դուրս գալ պատմական իրադարձությունների դիտորդի դերից և դառնալ սեփական պատմության ակտիվ կերտողը։
Այս իմաստով «հավատը», «գործը», «եռանդը» և «վճռականությունը» պարզապես բարոյական հատկանիշներ չեն, այլ ազգային և քաղաքական գոյության նախապայմաններ։ Պատմական շրջադարձային պահերը ինքնաբերաբար չեն վերածվում հնարավորությունների. դրանք օգտագործում են այն հասարակությունները, որոնք նախապես ձևավորել են իրենց ներքին ուժը և պատրաստ են պատասխանատվություն ստանձնել սեփական ապագայի համար։ Ազգային նպատակները չեն իրականանում միայն հայտարարություններով կամ անցյալի հիշողության պահպանմամբ. դրանք պահանջում են կազմակերպված ուժ և գիտակցված կամք։
Տասնամյակներ անց նույն գաղափարական տրամաբանությունն է արտահայտում Սարգիս Զեյթլյանը՝ գրելով.
«Այն ազգերը, ազատագրական այն շարժումները, որոնք յուսատու պայմաններու կը սպասեն, որպէսզի ճիգերու առաւելագոյն լարումով հրապարակ իջնեն եւ համապարփակ պայքարի ձեռնարկեն, դատապարտուած են անխուսափելի սնանկութեան, որովհետեւ նախապայմանը այն չէ, որ նախ դէպքերը հասուննան, ապա ճամբայ ելլելու համար, այլ այն, որ ենթակայ ազգերը կամ ազատագրական շարժումները ի՛րենք պատրաստ ու հասուն վիճակի մէջ գտնուին՝ պատեհ առիթին իրենց ճակատագիրը վերափոխելու աստիճան անհրաժեշտ ուժն ու կարողութիւնը ցուցաբերելու համար»։
Զեյթլյանը զարգացնում է այս միտքը՝ ընդգծելով, որ պատմության մեջ չկան նախապես որոշված պահեր, երբ ժողովուրդները պարզապես սպասում են բարենպաստ պայմանների։ Պատմական հնարավորությունները վճռորոշ են դառնում միայն այն դեպքում, երբ ժողովուրդն արդեն ձևավորել է ազգային նպատակի գիտակցությունը, քաղաքական կամքը և դրանք իրագործելու կազմակերպված կարողությունը։
«Պատմութիւնը, բոլոր յեղափոխութեանց եւ ազատագրական բոլոր շարժումներու պատմութիւնը ցոյց կու տայ աներկբայօրէն, որ ոչ մէկ ազգ, ազատագրական ոչ մէկ շարժում ճամբայ ելած է յուսատու պայմաններու հետ որոշակի ժամադրութեամբ։ Ժողովուրդներու, առհասարակ քաղաքական եւ յեղափոխական կեանքի պատմութիւն նման «ժամադրութիւն»ներ ու «ժամադիր»ներ չի ճանչնար եւ այս տարրական կանոնը անսաստողները կը տրորէ իր անողոք հոլովոյթի գլաններուն տակ»։
Այս երկու մտքերի միջև ժամանակային մեծ հեռավորություն կա, սակայն դրանց գաղափարական առանցքը նույնն է։ Քրիստափոր Միքայելյանի մոտ այն արտահայտվում է ազգային գործին նվիրված, կազմակերպված ուժի ձևավորման շեշտադրմամբ, իսկ Զեյթլյանի մոտ՝ ժողովրդի և ազգային շարժման քաղաքական հասունության գաղափարով։ Երկուսն էլ մերժում են այն մտածողությունը, ըստ որի պատմությունը միայն արտաքին պայմանների կամ պատահական զարգացումների արդյունք է։ Նրանց համար ժողովուրդը ոչ թե պատմական իրադարձությունների կրավորական կրողն է, այլ պատմության ընթացքի վրա ներգործելու ունակ ուժ։
Այս գաղափարական ընկալումը նոր նշանակություն ստացավ 20-րդ դարի երկրորդ կեսին, երբ հայկական հարցը հայտնվեց միջազգային քաղաքականության բարդ հորձանուտում։ Հայոց ցեղասպանությունից հետո տասնամյակներ շարունակ ցեղասպանության ճանաչման և պատմական արդարության վերականգնման հարցերը չէին ստանում իրենց պատմական նշանակությանը համարժեք քաղաքական արձագանքը։
Չնայած աշխարհասփյուռ հայկական համայնքները պահպանել էին ազգային հիշողությունը, մշակութային ինքնությունը և պատմական ժառանգության հետ կապը, այդ ներուժը դեռևս չէր վերածվել միջազգային քաղաքականության վրա ազդեցություն ունեցող գործոնի։ Հայոց ցեղասպանության հարցը շարունակում էր մնալ միջազգային որոշումների կայացման գործընթացներից և լայն քաղաքական օրակարգից դուրս։
Միևնույն ժամանակ Թուրքիան պետական մակարդակով շարունակում էր ժխտել Հայոց ցեղասպանությունը՝ օգտվելով նաև Սառը պատերազմի աշխարհաքաղաքական իրողություններից, երբ ռազմավարական շահերը հաճախ գերակայում էին պատմական արդարության հարցերին։ Այս իրավիճակը հատկապես ազդեց այն սերնդի վրա, որը չէր ապրել 1915 թվականի ողբերգությունը, սակայն իր ինքնության, ընտանեկան հիշողության և ազգային գիտակցության մեջ կրում էր դրա հետևանքները։
Սփյուռքի նոր սերնդի համար ցեղասպանության հարցը աստիճանաբար դադարեց լինել միայն պատմական հիշողության խնդիր և վերածվեց պատմական արդարության, քաղաքական պահանջատիրության և ազգային ինքնահաստատման հարցի։
1965 թվականը՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը դարձավ համահայկական ազգային զարթոնքի և քաղաքական ինքնագիտակցության նոր փուլի շրջադարձային հանգրվանը։ Այն ցույց տվեց, որ հայ ժողովուրդը պատրաստ չէ միջազգային անտարբերությունն ու լռությունն ընդունել որպես անփոփոխ իրողություն և հրաժարվել պատմական արդարության պահանջի հրապարակային արտահայտումից։
Միաժամանակ ավելի ակնառու դարձավ մեկ այլ իրողություն․ միջազգային քաղաքականության մեջ նույնիսկ ամենաակնհայտ պատմական ճշմարտությունը չի վերածվում քաղաքական գործոնի, եթե այն չի ուղեկցվում կազմակերպված, հետևողական և նպատակասլաց պայքարով։
Այս գիտակցությունից աստիճանաբար ձևավորվեց այն համոզումը, որ հայկական հարցի առաջմղումը պահանջում է ոչ թե առանձին նախաձեռնություններ կամ բարենպաստ պայմանների սպասում, այլ գաղափարապես հստակ, քաղաքականորեն կազմակերպված և ռազմավարական մտածողությամբ առաջնորդվող ազգային պայքարի նոր փուլ։ Նպատակն էր պատմական արդարության պահանջը վերածել միջազգային քաղաքական օրակարգի վրա ազդեցություն ունեցող գործոնի, որպեսզի Հայոց ցեղասպանության հարցն այլևս հնարավոր չլիներ պահել միջազգային անտեսման և լռության պատերի հետևում:
1970-ական թվականներին ձևավորվող հայկական զինյալ պայքարը պետք է դիտարկել հենց այս պատմական և գաղափարական միջավայրի խորապատկերում։ Այն հանկարծակի ծնված երևույթ չէր, այլ տարիների ընթացքում հասունացած գաղափարական բյուրեղացման, ազգային քաղաքական ինքնագիտակցության և նոր ռազմավարական մտածողության արդյունք։
Հատկապես Հայ Յեղափոխական Դաշնակցության գաղափարական շրջանակում ձևավորվեց այն համոզումը, որ մինչ այդ կիրառված քաղաքական միջոցները բավարար չէին հայկական հարցը միջազգային քաղաքական օրակարգ բարձրացնելու համար։ Այդ գիտակցությունից բխում էր նաև այն հետևությունը, որ անհրաժեշտ են ավելի նախաձեռնողական և ազդեցիկ պայքարի ձևեր, որոնք կարող էին փոխել ձևավորված քաղաքական իրավիճակը և միջազգային ուշադրությունը կենտրոնացնել երկար տարիներ անտեսված պատմական խնդրի վրա։
Այս տրամաբանության շրջանակում զինյալ պայքարը դիտարկվում էր ոչ միայն որպես դիմադրության ձև, այլև որպես հայկական հարցի քաղաքական տեսանելիությունը վերականգնելու միջոց։ Դրա հիմքում ընկած էր այն համոզումը, որ պատմական արդարության պահանջը չի կարող իրական քաղաքական ազդեցություն ունենալ, եթե չի վերածվում միջազգային գործընթացների վրա ներգործելու ունակ կազմակերպված գործունեության։
Հետևաբար պայքարի հիմնական նպատակները փոխկապակցված էին և ծառայում էին մեկ ռազմավարական խնդրի՝ Հայոց ցեղասպանության հարցը դարձնելուն միջազգային քաղաքական քննարկման առարկայի։ Այդ նպատակին էին միտված ցեղասպանության միջազգային ճանաչման առաջմղումը, Թուրքիայի պետական ժխտողական քաղաքականության դեմ պայքարը, հայ ժողովրդի պատմական իրավունքների քաղաքական ներկայացումը և միջազգային հանրության շրջանում այդ հարցերի վերաբերյալ քաղաքական գիտակցության ձևավորումը։
Այս գործընթացում իրենց դերակատարությունն ունեցան տարբեր կազմակերպություններ, որոնց թվում առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում Հայ Յեղափոխական Դաշնակցության գաղափարական ազդեցության ներքո ձևավորված պայքարի ուղղությունները։ Այդ խորապատկերում Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկների, իսկ հետագայում նաև Հայ Հեղափոխական Բանակի գործունեությունը ուղղված էր վերականգնելու հայկական հարցի նկատմամբ միջազգային քաղաքական ուշադրությունը և այն դարձնելու միջազգային օրակարգի մաս։
Այս տեսանկյունից 1970-ականներին ծնունդ առած զինյալ պայքարը պետք է դիտարկել որպես նախորդ տասնամյակների գաղափարական որոնումների և քաղաքական հասունացման շարունակություն։ Դրա հիմքում ընկած էր այն համոզումը, որ հայկական հարցը չի կարող սահմանափակվել միայն պատմական փաստի արձանագրմամբ կամ բարոյական պահանջով, եթե նպատակն այն միջազգային քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունեցող գործոն դարձնելն է։
Այդ պատճառով անհրաժեշտ էր ձևավորել այնպիսի քաղաքական իրականություն, որի պայմաններում Հայոց ցեղասպանության հարցը և հայ ժողովրդի պատմական իրավունքների պահանջը կդառնային միջազգային քաղաքական օրակարգի կայուն բաղադրիչ։
1983 թվականի հուլիսի 27-ի Լիզբոնի գործողությունը դարձավ այդ պայքարի գագաթնակետը և նրա ամենախորհրդանշական դրվագը։ Այն առանձնացավ մինչ այդ իրականացված գործողությունների շարքում՝ արդեն ձևավորված քաղաքական նպատակներին հաղորդելով նոր խորհրդանշական ուժ և գաղափարական խորություն։
Լիզբոնը դարձավ այն պահը, երբ պայքարի գաղափարը ստացավ իր առավել ամբողջական արտահայտությունը՝ քաղաքական պահանջը կապելով ինքնազոհողության, գիտակցված ընտրության և այդ ընտրության հետևանքների համար անձնական պատասխանատվության հետ։
«Մենք հայ ժողովրդի զաւակներն ենք։ Զինուած պայքարի դիմելու մեր որոշումը ծնուել է այն պատճառով, որ Թուրքիայի պետութիւնը և նրան աջակցող ուժերը հրաժարուել են լսել հայ ժողովրդի արդար և խաղաղ պահանջները։
Թուրքիան և միջազգային հանրութեան որոշ շրջանակներ, արհամարհելով արդարութեան և միջազգային իրաւունքի սկզբունքները, մեզ համոզեցին, որ հայկական արդար դատի հետապնդման համար մնացել է զինուած պայքարի ճանապարհը։
Տասնամեակներ շարունակ հայ ժողովուրդը սպասել է, որ միջազգային արդարութիւնը լուծում կը տայ հայկական հարցին։ Հայերը կազմակերպել են ցոյցեր և բողոքի միջոցառումներ, դիմել են Միաւորւած ազգերի կազմակերպութեանը և աշխարհի խոշոր պետութիւններին։ Սակայն այդ ջանքերը չեն տուել շոշափելի արդիւնքներ՝ Հայ ժողովրդի քաղաքական և տարածքային իրաւունքների ճանաչման ուղղութեամբ…»։
Ինչպես ասված է Հայ Հեղափոխական Բանակի հրապարակած հայտարարության մեջ, զինված պայքարի դիմելու որոշումը ներկայացվում էր որպես երկար տարիների քաղաքական փակուղու հետևանք։ Այդ ընկալման համաձայն՝ խաղաղ քաղաքական միջոցների սահմանափակ արդյունավետությունը հանգեցրել էր այն համոզմանը, որ հայկական հարցի քաղաքական առաջմղման համար անհրաժեշտ են պայքարի այլ ձևեր։
Վաչե Դաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սարգիս Աբրահամյանը, Արա Քերջլյանը և Սիմոն Յահնիյանը իրենց քայլով ոչ միայն շարունակեցին արդեն ընթացող պայքարը, այլև այն տեղափոխեցին նոր խորհրդանշական հարթություն, որտեղ պատմական արդարության պահանջը և Հայոց ցեղասպանության հարցի բարձրաձայնումը արտահայտվեցին առավելագույն վճռականությամբ։
«Մենք դիմում ենք միջազգային հանրութեանը՝ բացատրելու մեր գործողութեան պատճառները։ Սա ինքնասպանութիւն կամ խելագարութիւն չէ, այլ մեր պայքարին տրուած գերագոյն նուիրում է։
Թող մեզ անուանեն արկածախնդիրներ, ահաբեկիչներ կամ այլ կերպ. դա չի փոխի մեր համոզումը, որ հայ ժողովրդի իրաւունքները երկար ժամանակ անտեսուել են։
Մենք պահանջում ենք, որ Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանութեան պատասխանատւութիւնը և յարգի հայ ժողովրդի արդար պահանջները։
Հայ ժողովուրդը իրաւունք ունի ապրել ազատ և արժանապատիւ կեանքով իր պատմական հայրենիքում»։
Այս իմաստով Լիզբոնի գործողությունը դարձավ ոչ միայն զինյալ պայքարի գաղափարական բյուրեղացման խորհրդանիշ, այլև այն կետը, որտեղ երկար տարիների ընթացքում ձևավորված քաղաքական մտածողությունը ստացավ իր առավել ընդգծված խորհրդանշական արտահայտությունը։
Քրիստափոր Միքայելյանի՝ «խոսքեր չեն հարկավոր, այլ գործեր» պատգամը և Սարգիս Զեյթլյանի այն միտքը, որ ժողովուրդը պետք է պատրաստ լինի նախքան պատմական հնարավորությունների հասունացումը, Լիզբոնի գործողության մեջ ստացան գաղափարական շարունակություն։ Այդ գործողությունը ներկայացվեց որպես նախորդ տասնամյակների ընթացքում ձևավորված քաղաքական մտածողության գործնական արտահայտություն և գաղափարի նկատմամբ ամբողջական նվիրումի խորհրդանիշ։
Լիզբոնի ողջակեզ հերոսների քայլը, այս տեսանկյունից, ընկալվում էր ոչ միայն որպես պայքարի շարունակություն, այլև որպես այն համոզմունքի արտահայտություն, որ ազգային նպատակների իրականացման ճանապարհին կարող են լինել պատմական պահեր, երբ անհատը կանգնում է գիտակցված և վերջնական ընտրության առջև։
Լիզբոնի գործողության նշանակությունը, սակայն, պետք է գնահատել ոչ միայն նրա անմիջական ազդեցության, այլև այն քաղաքական գործընթացների ֆոնին, որոնք ձևավորվեցին 1970–80-ական թվականների հայկական զինյալ պայքարի ընթացքում։
Անկախ այդ պայքարի վերաբերյալ գոյություն ունեցող տարբեր գնահատականներից՝ դրա կարևոր հետևանքներից մեկն այն էր, որ Հայոց ցեղասպանության հարցը ձեռք բերեց ավելի լայն միջազգային տեսանելիություն և աստիճանաբար սկսեց դիտարկվել ոչ միայն որպես պատմական արդարության, այլև որպես միջազգային քաղաքական օրակարգի խնդիր։
Միևնույն ժամանակ նման պատմական երևույթների գնահատումը չի կարող սահմանափակվել միայն դրանց նպատակներով կամ անմիջական արդյունքներով։ Դրանք պահանջում են դիտարկել նաև այն պատմական պայմանները, գաղափարական շարժառիթները և քաղաքական հետևանքները, որոնց մեջ ձևավորվել և զարգացել են։ Միայն այդ համադրությամբ է հնարավոր հասկանալ ոչ միայն որոշակի քաղաքական քայլերի պատճառները, այլև դրանց ազդեցությունը պատմական գործընթացների վրա։
Այս տեսանկյունից Լիզբոնի հիշողությունը կարևոր է ոչ միայն որպես անցյալի մի դրվագ, այլև որպես քաղաքական և գաղափարական հարցադրում՝ ինչպիսի՞ ներքին պատրաստվածություն, քաղաքական գիտակցություն և նպատակային մտածողություն պետք է ունենա ժողովուրդը պատմական մարտահրավերների պայմաններում։
Այն հիշեցնում է, որ նման իրավիճակներում վճռորոշ նշանակություն ունեն ոչ միայն արտաքին պայմանները, այլև ժողովրդի կարողությունը՝ իրատեսորեն գնահատելու սեփական հնարավորությունները, ձևավորելու անհրաժեշտ ներուժը և գիտակցված ընտրություններ կատարելու սեփական ապագայի վերաբերյալ։ Ժողովուրդների պատմական ընթացքը պայմանավորվում է ոչ միայն այն հանգամանքներով, որոնցում նրանք հայտնվում են, այլև այն ձևով, որով արձագանքում են այդ հանգամանքներին։
Այսօր հայ ժողովուրդը կրկին կանգնած է բարդ և գոյաբանական նշանակություն ունեցող մարտահրավերների առջև։ Անվտանգության, պետականության, ինքնության և ազգային ապագայի հարցերը պահանջում են ոչ միայն արձագանքել ընթացիկ զարգացումներին, այլև ունենալ երկարաժամկետ մտածողություն, պատմական իրողությունները գնահատելու կարողություն և ապագայի նկատմամբ գիտակցված վերաբերմունք։
Այս խորապատկերում Լիզբոնի ոգին պետք է ընկալել ոչ միայն որպես անցյալի մի գործողության հիշողություն, այլև որպես քաղաքական և ազգային մտածողության սկզբունք։ Այն հիմնված է այն համոզման վրա, որ ժողովուրդների ճակատագիրը պայմանավորվում է ոչ միայն արտաքին հանգամանքներով, այլև սեփական ներքին կարողությամբ՝ հասկանալու ժամանակի պահանջները, ձևավորելու անհրաժեշտ ներուժը և պատասխանատվություն ստանձնելու սեփական ապագայի համար։
Քրիստափոր Միքայելյանի պատգամը՝ հավատ, գործ, եռանդ և վճռականություն, այսօր էլ պահպանում է իր գաղափարական նշանակությունը։ Այն չի ենթադրում անցյալի քայլերի մեխանիկական կրկնություն, այլ մատնանշում է ազգային նպատակների նկատմամբ հետևողական, պատասխանատու և գիտակցված վերաբերմունքի անհրաժեշտությունը։
Նույն տրամաբանությամբ Սարգիս Զեյթլյանի միտքը՝ պատմական պահերին պատրաստ լինելու մասին, հիշեցնում է, որ յուրաքանչյուր դարաշրջանի մարտահրավերներին դիմակայելու կարողությունը չի ձևավորվում ճգնաժամի պահին։ Այն արդյունք է նախապես կատարված աշխատանքի, կազմակերպվածության և անհրաժեշտ ներուժի ձևավորման։
Այս իմաստով Լիզբոնի ոգին առաջին հերթին քաղաքական հասունության և ազգային դիմադրողականության գաղափար է։ Այն հիշեցնում է, որ ժողովուրդները չեն կարող իրենց ապագան ամբողջությամբ պայմանավորել արտաքին զարգացումներով կամ պատահական հանգամանքներով։ Պատմական փորձը վկայում է, որ իրենց ճակատագիրը ձևավորելու կարողություն ունեն այն հասարակությունները, որոնք հասկանում են իրենց ժամանակի պահանջները, ձևավորում են անհրաժեշտ ներուժը և պատրաստ են գիտակցված պատասխանատվություն ստանձնել սեփական ապագայի համար։
Հուլիսի 27-ը, այդ պատճառով, միայն անցյալի հիշատակի օր չէ։ Այն նաև ներկային ուղղված հարցադրում է՝ հայ ժողովուրդը պատրա՞ստ է արդյոք ճանաչել իր ժամանակի մարտահրավերները, ձևավորել անհրաժեշտ կարողությունները և ստանձնել պատմական պահի պահանջած պատասխանատվությունը։
Պատմությունը չի հանդուրժում մշտական վարանումների, խարխափումների և սպասումների մեջ գտնվող ժողովուրդներին։ Այն պատկանում է նրանց, ովքեր կարողանում են ըմբռնել իրենց ժամանակի պահանջները, գնահատել պատմական հնարավորությունները և գործել դրանց համարժեք վճռականությամբ։
Լիզբոնի գլխավոր դասը հենց սա է. ժողովրդի ապագան որոշվում է ոչ միայն այն պայմաններով, որոնցում նա հայտնվում է, այլև այն կարողությամբ, որով արձագանքում է այդ պայմաններին։ Ազգային գոյությունը պահպանվում և զարգանում է այն ժամանակ, երբ պատմական փորձը վերածվում է գիտակցության, գիտակցությունը՝ քաղաքական կամքի, իսկ քաղաքական կամքը՝ նպատակային և պատասխանատու գործողության։
Արամ Շահնազարյան
