Հարցը կալանքով լուծելը պետք է լիներ ամենավերջին գործիքը
09 Ապրիլ 2019Ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ «Սպայկայի» շուրջ ստեղծված իրավիճակը ներդրումային միջավայրի վրա, Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանում է ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրային համակարգող Թադևոս Ավետիսյանը։
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը հայտարարել էր, որ եվրոպացի գործընկերներին մտահոգել է իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու փաստը, ինչի պատճառով Եվրոպական զարգացման բանկից հայտնել էին, որ ժամանակավորապես կասեցնում են «Սպայկայի» նոր ներդրումային ծրագրի ֆինանսավորումը։ «Խոշոր տնտեսվարողների նկատմամբ ցանկացած նմանատիպ դրսևորում խնդրահարույց է ընդհանուր ներդրումային միջավայրի տեսանկյունից»,-կարծում է Թադևոս Ավետիսյանը։
Փորձագետի խոսքով` կարևոր է, թե որքանով է իրավաչափ պետության մոտեցումը տնտեսվարող սուբյեկտին։
«Երբ հետևում ենք պետական եկամուտների կոմիտեի և տնտեսվարող սուբյեկտի հիմնավորումներին, առնվազն առաջին հայացքից ակնհայտ է, որ իրարամերժ մոտեցումներ կան»,-նկատում է Ավետիսյանը։
Տնտեսագետի կարծիքով, հարցը կալանքով լուծելը պետք է լիներ ամենավերջին գործիքը, որը կարող էր կիրառվել այս պատմության մեջ։