Իրանի արժանապատիվ ժողովուրդը չի հանդուրժի իշխանափոխության արտաքին փորձերը
20 Հունիս 2025
Հունիսի 19-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պատմաբան Կարեն Խանլարյանը: Նա խոսել է իսրայելա-իրանական հակամարտության խորքային պատճառների, ընթացող պատերազմի բնույթի և նորահայտ նպատակների, հակամարտության կողմերի հետապնդած աշխարհաքաղաքական շահերի, ինչպես նաև տարածաշրջանային զինված գործընթացներում Հայաստանի Հանրապետության հնարավոր ներգրավման վտանգների մասին:
Կարեն Խանլարյանի կարծիքով՝ Իսրայելի հետապնդած նպատակները չեն սահմանափակվում Իրանի միջուկային հզորությունների և արդյունաբերության տկարացման շրջագծով: «Այստեղ ընդհուպ իշխող կարգերի փոփոխության հարց է դրված, ինչը Իրանի արժանապատիվ ժողովուրդը թույլ չի տա: Սա արդեն միջազգային օրենքների և նորմերի կոպիտ խախտում է, ու նաև դա է պատճառը, որ Իսրայելի սանձազերծած այս ավանտյուրան միանշանակ ընկալում չունի նույնիսկ նրա դաշնակիցների շրջանում»,- ասել է Կարեն Խանլարյանը:
Անդրադառնալով Հայաստանի խնդիրներին և երկրին սպառնացող վտանգներին՝ Կարեն Խանլարյանը նշել է, որ ինչքան էլ փոքր լինեն մեր կարողությունները, մենք պետք է ապավինենք մեր ռազմական ուժին: «Դաշնակիցներն իրենք կհայտնվեն մեր կողքին, երբ տեսնեն, որ մենք պատրաստ ենք թե քաղաքական կամքով և թե բանակով մինչև վերջ պայքարել մեր անկախության ու ինքնիշխանության համար»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում
