Հայաստանն Ադրբեջանին «միջանցք» է տրամադրում, որի վրա իր ինքնիշխանությունը սահմանափակված է
12 Օգոստոս 2025
Մինչ իշխանությունը Վաշինգտոնում եռակողմ հանդիպման արդյունքներով ստորագրված համատեղ հռչակագիրը «հաղթանակ» ու «պատմական» է որակում, խորհրդարանական ընդդիմությունն այն «հերթական զիջողականությունն» է համարում։ ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը բացասական է գնահատում ոչ միայն Վաշինգտոնում Թրամփի, Փաշինյանի և Ալիևի ստորագրած հռչակագիրը, այլև կառավարման 7 տարվա ընթացքում Փաշինյան-Ալիև ցանկացած պայմանավորվածություն։
Ըստ նրա՝ իր կառավարման ընթացքում Փաշինյանն արտաքին քաղաքական ոլորտում որևէ ձեռքբերում չի արձանագրել։
Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ՝ Հայաստանն Ադրբեջանին տրամադրում է «միջանցք», որի վրա ՀՀ-ի ինքնիշխանությունը սահմանափակված է, փոխարենն Ադրբեջանից ոչինչ չի ստանում։ «Ադրբեջանը փոխադարձության սկզբունքի հիման վրա չի ասում՝ մենք էլ ձեզ ենք ճանապարհ տրամադրում։ Սա բացառապես զիջում է։ Ադրբեջանը շահեկան վիճակում դուրս եկավ, որովհետև ստացավ «միջանցք», 907 հոդվածը չեղարկեց։ Ադրբեջանի պահանջով ՀՀ-ն և Ադրբեջանը դիմեցին, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի։ Թող ասեն, թե ինչ իրավական ռեժիմ է գործելու այդ ճանապարհի վրա»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը։
Դիտարկմանը, որ վաշինգտոնյան հանդիպումը հաջողություն է համարվում, որվհետև Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և «Թրամփի ուղին» գործելու է ՀՀ-ի ինքնիշխանության և իրավազորության ներքո, Խաչատրյանն ընդգծեց․ «Ուրեմն, այդ մանիպուլյատորներին ասեմ, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է դեռևս 1992 թվականի ձմռանը, երբ ՀՀ-ն Հայաստանն ու Ադրբեջանն անդամակցել են ՄԱԿ-ին, երբ անդամակցել են Եվրոպական խորհրդին։ Սակայն, դա չի խանգարում, որ Ադրբեջանը օկուպացնի ՀՀ տարածքից մոտ 250 քառակուսի կմ հատված»,- նկատեց նա։
Հիշեցրինք, որ այս հարցն, ըստ իշխանությունների, սահմանազատման ընթացքում է լուծվելու, Խաչատրյանն արձագանքեց․ «Իշխանություններն այդ հայտարարությունն անում էին նաև նախորդ տարի, բայց սահմանազատման ընթացքում ՀՀ տարածքից որևէ միլիմետրով Ադրբեջանը դուրս չի եկել։ Եթե ասում են, որ դա սահմանազատման ընթացքում է լուծվելու, այս դեպքում այս թղթի արդյունքը ո՞րն է»։
Բացի այս, Խաչատրյանի խոսքով, խաղաղության պայմանագրի նախաստորագրումն իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է։
Մանյա Պողոսյան
