ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Իրանի ներքին անկայունությունը՝ որպես Բաքվի «հնարավորությունների պատուհան»

02 Փետրվար 2026

Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ սեղմվող աշխարհաքաղաքական օղակը 2026 թվականի սկզբին թևակոխել է մի փուլ, որտեղ ներքին սոցիալական դժգոհությունները սերտաճում են արտաքին կազմակերպված միջամտությունների հետ։ Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ Իրանի դեմ պայքարն այլևս չի սահմանափակվում միայն միջուկային ծրագրի շուրջ վեճերով կամ տնտեսական պատժամիջոցներով։ Այսօր մենք ականատեսն ենք Իրանի պետականության հիմքերի թիրախավորմանը՝ էթնո-դավանաբանական պառակտման միջոցով։ Այս գործընթացում առանցքային դերակատարում է ստանձնել Ադրբեջանը, որն իր արտաքին քաղաքականության հիմքում դրել է պանթյուրքիզմի գաղափարախոսությունը։ Թեհրանի համար սա էկզիստենցիալ մարտահրավեր է, իսկ Հայաստանի համար՝ անվտանգային աղետի նախերգանք։

Պանթյուրքականությունը՝ որպես քաղաքական հայեցակարգ, ձգտում է թյուրքալեզու ժողովուրդների միավորմանը մեկ ընդհանուր քաղաքական կամ տնտեսական տիրույթում։ Իրանի պարագայում սա նշանակում է երկրի առնվազն մեկ քառորդի՝ հյուսիսային նահանգների անջատում։

Բաքվի ռազմավարությունը հիմնված է «Միացյալ Ադրբեջանի» կեղծ-պատմական թեզի վրա։ Չնայած Ադրբեջանը պաշտոնապես չի բարձրացնում «հարավային Ադրբեջանի» հարցը պետական մակարդակով, վերջին օրերին ադրբեջանական պետական քարոզչությունը ողողված է «Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերով բաժանված ազգի» մասին լեգենդներով։ Սա պարզապես պատմական էքսկուրս չէ, այլ ուղղակի հրահանգ Իրանի ներսում գործող քնած բջիջներին։ Բաքուն օգտագործում է ցանկացած սոցիալական դժգոհություն՝ այն ներկայացնելով որպես էթնիկ ճնշումների դեմ պայքար։ Ըստ էության, սա ոչ միայն Իրանի անվտանգության համակարգի համար է մարտահրավեր, այլև Իսլամական հեղափոխության գաղափարախոսության։ Պանթյուրքիզմի ներթափանցումը Իրանի հյուսիսային շրջաններ նպատակ ունի կոտրելու իրանական միասնական ինքնությունը։

Վերջին ցույցերի ընթացքում սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում նկատելի դարձան ազգային ինքնության, լեզվի և «թուրքական միասնության» շեշտադրումներ, որոնք անմիջականորեն կապվում են պանթյուրքական գաղափարաբանության հետ։ Չնայած այս կարգախոսները ցույցերի հիմնական շարժիչ ուժը չեն, դրանք ստեղծում են տեղեկատվական ֆոն, որն օգտագործելի է արտաքին դերակատարների համար՝ այդ թվում Ադրբեջանի։

Պանթյուրքական գաղափարախոսությունը Ադրբեջանի արտաքին քաղաքականության պաշտոնական դոկտրին չէ, սակայն այն ակտիվորեն շրջանառվում է պետականորեն վերահսկվող կամ խրախուսվող հանրային դիսկուրսում։ Իրանի դեպքում այս գաղափարախոսությունը կարող է ծառայել որպես երկարաժամկետ ճնշման միջոց՝ ոչ թե անմիջական ապակայունացման, այլ Թեհրանի նկատմամբ մշտական զգոնություն պահպանելու նպատակով։

Իրանի համար պանթյուրքականության տարածումը ներքին անվտանգության լուրջ մարտահրավեր է, քանի որ այն համադրում է ազգային ինքնության հարցերը սոցիալական դժգոհության հետ։ Ադրբեջանը, իր հերթին, շահագրգռված է այդ գործոնը պահպանել «ակտիվ, բայց վերահսկելի» վիճակում՝ առանց բացահայտ բախման Իրանի հետ։

Ադրբեջանի հիմնական ակնկալիքը Իրանում ընթացող գործընթացներից ոչ թե ռեժիմի փոփոխությունն է, այլ Թեհրանի արտաքին ակտիվության սահմանափակումը։ Թուլացած, ներքին խնդիրներով ծանրաբեռնված Իրանը պակաս ռեսուրս և ուշադրություն կհատկացնի Հարավային Կովկասի վրա ազդելու համար։ Սա Բաքվի համար ռազմավարական առավելություն է, հատկապես հաշվի առնելով Իրանի զգուշավոր, երբեմն հակակշռող դիրքորոշումը Ադրբեջանի տարածաշրջանային նախաձեռնությունների հանդեպ։

Բացի այդ, Իրանի երկարատև ներքին լարվածությունը կարող է նրան ստիպել վերանայելու արտաքին գործընկերների հետ հարաբերությունների առաջնահերթությունները, ինչը Բաքվում դիտարկվում է որպես հնարավոր դիվանագիտական պատուհան՝ սեփական շահերն առաջ մղելու համար։

Այս համատեքստում Ադրբեջանի Հանրապետության դերակատարումը դադարել է լինել լոկ դիտորդի կամ հարևանի դեր. Բաքուն այսօր հանդիսանում է Իրանի դեմ ուղղված «հիբրիդային պատերազմի» հիմնական հարթակներից մեկը։ Իրանի տարբեր քաղաքներում ծավալված բողոքի ակցիաները, որոնք սկզբնավորվել էին տնտեսական դժվարությունների և էներգակիրների սակագների բարձրացման պատճառով, արագորեն տրանսֆորմացվեցին քաղաքական օրակարգի, որտեղ ադրբեջանական հետքը դառնում է ավելի քան տեսանելի։

Ադրբեջանի ներգրավվածությունը նախևառաջ դրսևորվում է տեղեկատվական և գաղափարական դիվերսիաների մակարդակում։ Բաքվի պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, ինչպիսիք են «AzTV»-ն կամ «Real TV»-ն, լարվածության աճի օրերին իրենց եթերաժամանակի զգալի մասը հատկացնում էին Իրանի հյուսիսային նահանգներում տեղի ունեցող իրադարձություններին՝ դրանք անվանելով «Ազատության շարժում Հարավային Ադրբեջանում»։ Սա պարզապես տերմինաբանական նախասիրություն չէ, այլ Իրանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված բացահայտ քաղաքական դիրքորոշում։ Որպես օրինակ կարելի է դիտարկել Բաքվում կազմակերպվող տարբեր համաժողովները՝ նվիրված «բաժանված ադրբեջանական ազգին», որոնք ուղղակիորեն խրախուսում են Թեհրանի դեմ անջատողական տրամադրությունները Թավրիզում, Ուրմիայում և Արդաբիլում։

Ադրբեջանի խորհրդարանում (Միլլի Մեջլիս) հնչող ելույթները, որոնք կոչ են անում Իրանի թյուրքախոսներին «ազատագրվել պարսկական լծից», այլևս առանձին պատգամավորների նախաձեռնություն չեն։ Սա պետական ուղղորդված քաղաքականություն է։ Իսկ Թավրիզի փողոցներում հայտնվող «Գորշ գայլերի» նշանները կամ Ադրբեջանի դրոշները ուղղակի մարտահրավեր են Իրանի ինքնիշխանությանը։
Բաքուն միաժամանակ շրջանառության մեջ է դրել Հայաստանի տարածքային ամբողջականությունը մերժող և Իրանի հյուսիսային նահանգները յուրացնող քարտեզներ։ Սա նպատակ ունի ստեղծել միասնական թյուրքական աշխարհագրություն, որտեղ Հայաստանը և Իրանի հյուսիսը դիտարկվում են որպես «ժամանակավորապես կորսված տարածքներ»։

Գաղտնիք չէ, որ Իրանն ունի բարդ էթնիկ կազմ։ Եթե ադրբեջանական սեպարատիզմը հաջողություն ունենա, դա ազդանշան կդառնա քրդական, բելուջական և արաբական խմբավորումների համար։ Երկիրը կարող է վերածվել քաղաքացիական պատերազմի թատերաբեմի։ Իսկ Բաքուն և Անկարան հաշվարկել են, որ տնտեսական ճնշումների համատեքստում էթնիկական կարգախոսները ավելի արագ են «վաճառվում» բնակչությանը։

Ադրբեջանի ռազմավարական ակնկալիքները բազմաշերտ են։ Առաջնային պլանում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խնդիրն է։ Թեհրանը հետևողականորեն հայտարարում է, որ Հայաստանի հետ սահմանի ցանկացած փոփոխություն իր համար «կարմիր գիծ» է, և անհրաժեշտության դեպքում Իրանը ռազմական ուժ կկիրառի՝ կանխելու համար Սյունիքով անցնող արտատարածքային միջանցքի ստեղծումը։ Բաքվի հաշվարկը պարզ է. որքան շատ լինեն ցնցումները Իրանի ներսում, այնքան թույլ կլինի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուշադրությունը հյուսիսային սահմանների նկատմամբ։ Այս համատեքստում Իրանի ներքին անկայունությունը Բաքվին «հնարավորությունների պատուհան» է բացում՝ Սյունիքի դեմ նոր ագրեսիա իրականացնելու համար՝ հույս ունենալով, որ Թեհրանը, զբաղված լինելով սեփական վարչակարգի փրկությամբ, չի միջամտի ռազմական գործողություններին։

Մեկ այլ կարևոր գործոն է Իսրայել-Ադրբեջան ռազմավարական դաշինքը։ Լարվածության օրերին իրանական հետախուզությունը մի քանի հայտարարություններ է տարածել այն մասին, որ Ադրբեջանի տարածքում գործող իսրայելական տեխնոլոգիական կենտրոններն օգտագործվում են Իրանի ներսում կապի միջոցները խափանելու և ցուցարարներին կոորդինացնելու համար։ Բաքուն, ըստ էության, վերածվել է Իրանի դեմ ուղղված գործողություններում Թել Ավիվի «առաջնագծի»։ Ի պատասխան սրան՝ Իրանը վերջերս Արաքսի ափին անցկացրեց հերթական զորավարժությունը՝ ցույց տալով, որ պատրաստ է հարվածել Ադրբեջանի ենթակառուցվածքներին, եթե վերջինս շարունակի աջակցել ներքին խռովություններին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանությունը նույնպես դարձել է առավել ագրեսիվ։ Նրա վերջին ելույթները, որտեղ նա շեշտում է, որ «Ադրբեջանի սահմանները չեն սահմանափակվում միայն այսօրվա քարտեզով», ուղղակի ազդակ են Իրանի թյուրքալեզու բնակչությանը։ Սա ուղեկցվում է սոցիալական ցանցերում հազարավոր «բոթերի» և ակտիվիստների աշխատանքով, որոնք Իրանի տարածքում իրանական դրոշի այրման և ադրբեջանական խորհրդանիշների տեղադրման տեսանյութեր են տարածում։ Ըստ էության, Բաքուն փորձում է ստեղծել մի իրավիճակ, որտեղ ցանկացած տնտեսական բողոք Իրանում կարող է վերածվել էթնիկական բախման։

Այնուամենայնիվ, Բաքվի այս քաղաքականությունը էկզիստենցիալ ռիսկեր է պարունակում հենց Ադրբեջանի համար։ Իրանը Ադրբեջանի ներսում դեռևս պահպանում է ազդեցության լուրջ լծակներ՝ ի դեմս հավատացյալ շիա բնակչության որոշակի շերտերի։ Իրանամետ «Հուսեյնիյուն» խմբավորման ակտիվացումը և Բաքվի կողմից իրականացվող զանգվածային ձերբակալությունները «իրանական լրտեսական ցանցի» մեղադրանքով փաստում են, որ Ի․ Ալիևը վախենում է Թեհրանի սիմետրիկ պատասխանից։

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ Իրանի վերջին ցույցերը Ադրբեջանի համար ոչ թե ժողովրդավարական արժեքների պայքար են, այլ սառը աշխարհաքաղաքական հաշվարկ։ Իրանի ներկա ճգնաժամը լոկ ներքին խնդիր չէ։ Սա աշխարհաքաղաքական վերադասավորումների մի մեծ փազլ է, որտեղ Ադրբեջանը փորձում է իրագործել իր դարավոր երազանքը՝ Իրանի հաշվին դառնալ տարածաշրջանային գերտերություն։ Հայաստանի համար Իրանի տարածքային ամբողջականությունը սեփական անվտանգության անբաժանելի մասն է։

Բաքվին ձեռնտու է Իրանի կազմաքանդումը կամ այնպիսի թուլացումը, որը թույլ կտա վերջնականապես կտրել Հայաստանը Իրանից և հաստատել թուրք-ադրբեջանական անընդհատական կապը դեպի Կենտրոնական Ասիա։ Հայաստանի համար այս իրավիճակը պահանջում է առավելագույն զգոնություն, քանի որ Իրանի «հյուսիսային դարպասների» ցանկացած թուլացում ուղղակիորեն հարվածելու է մեր ազգային անվտանգությանը։ Ադրբեջանը Իրանի ցույցերի միջոցով փորձում է լուծել իր «պատմական» հարցը՝ միավորել թյուրքական աշխարհը և վերացնել Հայաստանը՝ որպես խոչընդոտ։ Թեհրանի դիմակայությունը այս գործընթացին Հայաստանի համար կյանքի և մահվան հարց է։

Լիանա Պետրոսյան
«Դրօշակ» թիվ 1 2026 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company