ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Անտեսանելի քիլլերը․ Հայաստանը ուռուցքաբանական հիվանդությունների առաջատար երկրների եռյակում

04 Մարտ 2026

Օդի որակի խնդիրը հանքարդյունաբերության մեծ ծավալներ ունեցող Հայաստանում, հատկապես դեռ խորհրդային տարիներից քիմիական և հանքշահագործման արդյունաբերության կենտրոնի վերածված Երևանում, միշտ օրախնդիր է եղել։ Պատահական չէ, որ նորանկախ Հայաստանում ընդունված առաջին օրենքներից մեկը վերաբերել է հենց օդի մաքրությանը։ 1994 թվականի մայիսին՝ արցախյան առաջին հաղթական ազատամարտից հետո, ԱԺ-ն ընդունեց «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքը, որը սակայն նախագահի կողմից դիտողություններով հետ վերադարձվեց և վերջնականորեն ուժի մեջ մտավ նույն տարվա հոկտեմբերի 11-ին։

Օրենքի հիմնական սկզբունքներն էին՝

-կրճատել աղտոտող արտանետումները,
-տնկել ծառեր ու վերականգնել կանաչ տարածքները,
-կրթել հասարակությանը այս կարևոր խնդրի հարցում։

Մայրաքաղաքի օդի աղտոտվածության խնդիրը բարձրացվել է դեռ խորհրդային տարիներին, նաև՝ արտասահմանում։
Այսպես՝ դեռ 1985 թվականին «Լոս Անջելես Թայմս» ամերիկյան պարբերականը ծավալուն հրապարակում էր արել օդի աղտոտվածության խնդրով՝ «Սովետական Հայաստանում, ինչպես Լոս Անջելեսում, ծխի գագաթը չի երևում» վերտառությամբ։ Հոդվածում նշվում է, որ խորհրդային ղեկավարությունը լուրջ միջոցառումներ է ձեռնարկում Երևանում օդի աղտոտվածության դեմ պայքարի ուղղությամբ, թե խնդրահարույցն այն էր, որ այդ տարիներին Երևանում 60.000 մասնավոր ավտոմեքենա էր շահագործվում։

1987 թ. Զորի Բալայանը «Երևանը տառապում է» վերնագրով հոդվածում գրում է «Երևանի սուր էկոլոգիական պայմանները վատթարացնում են բնակիչների առողջությունը»։

1999 թվականին ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական քաղաքականության հանձնաժողովն արձանագրել էր, որ որոշ աղտոտիչների արտանետումները հաճախ գերազանցում են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների (ՍԹԿ) սահմանը։

Մայրաքաղաքի օդի աղետալի որակի պատճառները

Այսօր լրջագույն հիմնահարց է դարձել մայրաքաղաքի օդի որակը։ Շահագործվող մեքենաների թվի բազմապատկմանը զուգահեռ ավելացել են նաև որոշիչ այլ գործոններ։ Երևանում և նրա անմիջական մերձակայքում գոյություն ունի 39 հանքավայր, դրանցից շահագործվող են 29-ը՝ իրենց ողջ բացասական հետևանքներով։ Չշահագործվող հանքերն էլ նույն ծավալով լուրջ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, քանի որ սահմանված կարգով կոնսերվացված և ռեկուլտիվացված չեն։

Սրան զուգահեռ մայրաքաղաքում հետխորհրդային տարիներին տասնապատիկ անգամ կրճատվել են կանաչ տարածքները և հատվել մեծասաղարթ ծառերը։ Վերջին գործընթացը մեծ ծավալներ ստացավ Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի օրոք և շարունակվում է մինչ օրս։

Սրան գումարվում են շինարարության աննախադեպ ծավալները։ Ավինյանի թիմն այսօր դրական է գնահատում և որպես ձեռբերում ներկայացնում խոշոր շինթույլտվությունների դիմաց համայնքի բյուջեի մուտքերը նախատեսվածից ավել հավաքագրելու փաստը։

Այսպես՝ 2025 թվականին միայն շինթույլտվությունների համար մոտ 18.7 մլրդ դրամի՝ նախատեսվածից 1 մլրդ դրամ ավել գումար է մուտքագրվել համայնքային բյուջե։

Երևանում՝ 2014 թվականին տրվել է 1430 շինթուլտվություն, իսկ 2024-ին՝ մոտ երեք անգամ ավել՝ 4236: ՔՊ-ական իշխանությունները քաղաքը վերածեցին բետոնե կառույցների՝ «ջունգլիների», հիմնականում կանաչ տարածքների հաշվին, կառուցապատման նորմատիվ պահանջների խախտմամբ։ 2025 թվականին Երևանի քաղաքապետարանը հավանություն է տվել 110 խոշոր քաղաքաշինական ծրագրի նախագծի, որոնցից յուրաքանչյուրի դեպքում տասնյակ բազմաբնակարան շենքեր են կառուցվում։

Օդի աղտոտվածության ոչ բավարար և համակարգված մոնիթորինգը

Շրջակա միջավայրի նախարարությունը Երևանում կատարում է փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի դիտարկումներ: Քաղաքում գործում է 45 շարժական դիտակետ և 5 անշարժ դիտակայան:
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում, տարբեր օրերին դիտվել են մթնոլորտային օդում համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից (ՍԹԿ) փոշու ու ազոտի երկօքսիդի պարունակությունների գերազանցումներ: Օդի որակը վատանում է ուշ աշնան և ձմռան ընթացքում։ Նոյեմբերին փոշու օրական կոնցենտրացիաները՝ ՍԹԿ-ները, միջինում գերազանցում են համապատասխանաբար՝ 1.1-6.3 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան ՝ 1.1-2.0 անգամ: Ծծմբի երկօքսիդի և գետնամերձ օզոնի գերազանցումներ համապատասխան ՍԹԿ-ից չեն դիտվում։

Իսկ ինչպիսին է պատկերը ՀՀ մյուս խոշոր քաղաքներում։

Գյումրիում գործում է 1 անշարժ և 24 շարժական դիտակետ։ Հանրապետության երկրորդ քաղաքում սովորաբար արձանագրվում է ՍԹԿ-ից մոտավորապես 14 անգամ փոշու կոնցենտրացիայի գերազանցում։

Վանաձորում կատարվում են փոշու, ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի դիտարկումներ: Քաղաքում գործում է 3 անշարժ դիտակայան և 24 շարժական դիտակետ: Խոր աշնան և ձմռան ամիսներին քաղաքի տարբեր հատվածներում, տարբեր օրերին դիտվում են փոշու պարունակության գերազանցումներ ՍԹԿ-ից: Փոշու օրական կոնցենտրացիան միջինը ՍԹԿ-ն գերազանցում է 1.1-1.6 անգամ: Ծծմբի և ազոտի երկօքսիդների գերազանցումներ համապատասխան ՍԹԿ-ից չեն դիտվում։

Հրազդան քաղաքում կատարվում են փոշու, ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի դիտարկումներ: Քաղաքում գործում է 1 անշարժ դիտակայան և 17 շարժական դիտակետ: Այստեղ փոշու կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցում է 1.1-3.5 անգամ:

Հանքարդյունաբերության կենտրոններից մեկում՝ Ալավերդիում և հարակից համայնքներում կատարվում են փոշու, ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի դիտարկումներ: Գործում է 3 անշարժ դիտակայան և 42 շարժական դիտակետ: Աշնանը և ձմռանը հատկապես փոշու կոնցենտրացիան գերազանցում է ՍԹԿ-ն՝ 1.1-3.0 անգամ: Պղնձաձուլարանի փակումից հետո վերջին տարիներին ծծմբի և ազոտի երկօքսիդների գերազանցումներ համապատասխան ՍԹԿ-ից չեն դիտվում, այն դեպքում երբ նախկինում այնտեղ ծծմբի անձրևներ էին տեղում։

Քաջարան և Կապան քաղաքների մթնոլորտային օդում համապատասխանաբար 15 և 11 շարժական դիտակետերում կատարվում են ծծմբի և ազոտի երկօքսիդների դիտարկումներ և պարբերաբար արձանագրվում են գերազանցումներ, Կապանում՝ ազոտի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդների, Քաջարանում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիաների մասով։

Մայրաքաղաքում մթնոլորտային օդի որակի խնդիրը գնալով ահագնանում է։ Հատկապես ձմռան ամիսներին Արարատյան դաշտում և Երևանում օդի աղտոտվածությունն ավելանում է, քանի որ ցածրադիր գոտում առաջանում է ինվերսիոն շերտ՝ այսպես կոչված «կեղև», որը խոչընդոտում է օդի աղտոտվածության հեռացմանը, և այն երկար ժամանակ կուտակվում ու պահպանվում է մթնոլորտում։

2013-2014 թթ. ձմեռն աչքի է ընկել երկարատև ինվերսիոն ռեժիմի պահպանմամբ և համապատասխանաբար օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներով: 2016-2017 թթ. ձմռանը, երբ ինվերսիոն շերտը պահպանվեց 90 օրից ավելի, Երևան քաղաքում արձանագրվել է փոշու միջին օրական ՍԹԿ-ի գերազանցում 10-12 անգամ։ Ներկայում փոշու միջին օրական ՍԹԿ-ի առավելագույն գերազանցումը դիտվում է 3-4 անգամ, ինչը Հայաստանում գործող կարգավորումներով համարվում է անբարենպաստ:

Տարվա մյուս եղանակներին մայրաքաղաքի և հարակից բնակավայրերի օդի որակը մի փոքր բարելավում է ոչ այն պատճառով, որ աղտոտման աղբյուրներն են նվազում, կամ դրանցից արտանետումներն են պակասում, այլ տարվա այդ եղանակին Սևանա լճից՝ հատկապես երեկոյան ժամերին, քամիներ են փչում, որոնք քշում տանում են աղտոտված օդը։

Մթնոլորտային օդի աղտոտվածությունը՝ ուռուցքաբանական հիվանդությունների խթանիչ
Մարդկանց և շրջակա միջավայրի վրա ծայրահեղ բացասական ազդեցություն ունեցող այս հիմնահարցը հնչեղություն ստացավ մի քանի տարի առաջ, երբ հասանելի դարձան Երևանի օդի աղտոտվածության վերաբերյալ շվեյցարական տեխնոլոգիական IQAir ընկերության կայքի տվյալները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանը խոշոր կառուցապատողներին պարտադրեց շինհրապարակներում օդի որակի 152 սարք տեղադրել, որոնց միջոցով դիտարկվում է փոշու մանր մասնիկների՝ PM2.5-ի և PM10-ի պարունակությունը։

Այդ սարքերը նախատեսված են լրացնելու ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ճշգրիտ մեթոդներով աշխատող սարքերին, օդի որակի վերաբերյալ տարածական առումով ավելի շատ տեղեկատվություն ունենալու համար։ Սակայն շինարարների տեղադրած սարքերն էականորեն զգայուն են արտաքին պայմանների՝ բարձր խոնավության, բարձր կամ ցածր օդի ջերմաստիճանի, մեծ աղտոտվածության հանդեպ, ինչի հետևանքով սարքերի ճշգրտությունը կազմում է ±10-40 %։ Բացի այդ, վերոնշյալ սարքավորումները դեռևս չունեն միջազգային ստանդարտացման ինստիտուտի կողմից հաստատված ստանդարտ մեթոդներ, հետևաբար, դրանց ինքնուրույն, առանց այլ սարքերի կիրառման ստուգաճշտել հնարավոր չէ։

Իսկ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, ինչպես վերը նշեցինք, մթնոլորտային օդում դիտարկում է միայն ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի, գետնամերձ օզոնի և ըստ բաղադրության չտարբերակված փոշու պարունակությունը։ Այլ կերպ ասած՝ փոշու մանր մասնիկները՝ PM2.5-ը և PM10-ը, ճշգրիտ հաշվարկող սարքեր չունենք, և, հետևաբար, հնարավոր չէ գնահատել դրանց ազդեցությունը մարդու առողջության վրա, մինչդեռ այդ մանր մասնիկները լրջագույն վնաս են հասցնում մարդուն՝ համարվելով ծանր մետաղների և այլ վնասակար նյութերի տարածման ու օրգանիզմ ներթափանցման միջոց։

Այս պայմաններում Առողջապահության նախարարությունը չի կարող գնահատել փոշու ազդեցությունն առողջության վրա, քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որպես գնահատման հիմք առաջարկում է PM2.5 և PM10 ցուցանիշները, մինչդեռ դրանց չափումներ լիազոր մարմինը՝ ՇՄՆ-ն, չի իրականացնում, իսկ քաղաքապետարանի պարտադրանքով տեղադրված սարքերն էլ ճշգրիտ և սերտիֆիկացված չեն։

Գործող իրավանորմատիվային չափորոշիչներով մթնոլորտի աղտոտվածության մակարդակները դասակարգվում է հետևյալ դասերի.

բարենպաստ – աղտոտումը չի գերազանցում յուրաքանչյուր աղտոտող նյութի համար սահմանված միջին օրական սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ),

անբարենպաստ – աղտոտումը գերազանցում է յուրաքանչյուր աղտոտող նյութի համար միջին օրական ՍԹԿ-ն մինչև 19 անգամ,

վտանգավոր – աղտոտումը գերազանցում է յուրաքանչյուր աղտոտող նյութի համար միջին օրական ՍԹԿ-ն 20-29 անգամ,

արտակարգ – աղտոտումը գերազանցում է յուրաքանչյուր աղտոտող նյութի համար միջին օրական ՍԹԿ-ն 50 և ավելի անգամ։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Երևան քաղաքում գործող կայաններով դիտարկումների արդյունքների մինչև 5%-ում հայտնաբերում է ազոտի երկօքսիդի, 1%-ում՝ ծծմբի երկօքսիդի գերազանցումներ և առյուծի բաժինը՝ մինչև 30%, դիտվել են չտարբերակված փոշու գերազանցումները սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից:

Բժիշկ-մասնագետներն անընդհատ ահազանգում են, որ Երևանում ալերգիաներով պացիենտների քանակն ավելացել է։ Մեծացել է նաև թոքի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ հիվանդների քանակը, մարդիկ գանգատվում են արցունքահոսությունից։

Երևանում առաջնային հիվանդություններն են ավելացել ու կավելանան, նաև հղիների համար է աղտոտվածությունը շատ վտանգավոր, քանի որ այն ազդում է նաև պտղի վրա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով վաղաժամ ծննդաբերությունը, նորածինների փոքր քաշը, հետագայում երեխաների մոտ լեյկոզի զարգացումը մեծապես պայմանավորված է օդի աղտոտվածությամբ։

Աղտոտման ահռելի աղբյուր է Նուբարաշենի աղբավայրը։ Այնտեղից անջատվող գազերը հաճախ հրդեհի բռնկման պատճառ են դառնում, և այդ ժամանակ այրումից արտանետվում են ԱՀԿ-ով սահմանված հիմնական բազմաթիվ աղտոտիչներ՝ դիօքսին, ազոտ, ածխածին: Այդ մասնիկները, լինելով շատ փոքր և վտանգավոր, անցնում են կենսաբանական խոչընդոտները։ Դրանք նպաստում են օնկոլոգիական հիվանդությունների զարգացմանը, ինչի հետևանքով 153 երկրների շարքում Հայաստանը գտնվում է առաջին-երկրորդ տեղերում՝ թոքերի, կրծքի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ցուցանիշներով։

Բազմաթիվ մարդիկ արդեն հասկանում են, որ օդի աղտոտվածությունն աղետալի է մարդկանց և կենդանիների առողջության համար։ Սակայն շատ ավելի քչերն են տեղյակ, թե որքան կործանարար ազդեցություն է այն ունենում բույսերի վրա։ Մինչդեռ բույսերը նպաստում են մաքուր օդի, կենսաբազմազանության և կլիմայական կայունության պահպանմանը։
Փոշին ուղիղ փոխկապակցված է մահացության ցուցանիշների հետ՝ դառնալով ինսուլտներից և ինֆարկտներից մահացության դեպքերի շուրջ 25 տոկոսի պատճառ։ Շնչառական համակարգի հիվանդությունների մոտ 43 տոկոսը և թոքերի քաղցկեղի շուրջ 30 տոկոսը պայմանավորված են հենց փոշով։

Աշխարհի բժշկական հանրույթը փոշին անվանում է «անտեսանելի քիլլեր» իսկ Երևանում և մյուս խոշոր քաղաքներում այն այնքան շատ է, որ տեսանելի է նաև անզեն աչքով։

Օդի աղտոտվածության դեմ պետության վարած անարդյունավետ պայքարը

Կառավարությունն ամեն տարի գրեթե 200-300 մլն դրամ է հատկացնում օդի որակի դիտակայաններ ձեռք բերելու և դիտարկումների արդյունավետությունը բարձրացնելու համար, բայց դրանք բավարար չեն մարդու առողջության վրա վնասակար ազդեցության ճշգրիտ դիտարկման, գնահատման և վնասակար հետևանքները մեղմելու համար։

Այս իրավիճակում գործադիր իշխանությունը պարբերաբար դիտարկում է մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ իրականացված և ընթացիկ վերահսկողական աշխատանքների արդյունքները՝ արձանագրված իրավախախտումների և կիրառված վարչական միջոցների համատեքստում, ինչպես նաև Երևան քաղաքում օդի որակի վրա առավել բացասական ազդեցություն ունեցող աղբյուրների գույքագրման ընթացքը և դրանցով պայմանավորված աղտոտվածության նվազեցման ուղղությամբ առաջարկվող միջոցառումները։

Պարբերաբար քննարկվում են նաև ավտոտրանսպորտային միջոցներից արտանետումների կանխարգելման վերահսկողական միջոցառումները՝դրանց տեխնիկական զննության շրջանակում շարժիչի արտանետումների չափման գործընթացի ամբողջական թվայնացման, զննության կայանների տեխնիկական վերազինման և վերահսկողության էլեկտրոնային գործիքների կիրառման ուղղությամբ մշակվող առաջարկությունները, սակայն դրանք շոշափելի արդյուք չեն տալիս։
2025 թ. դեկտեմբերի 26-ին միայն մթնոլորտային օդի պետական մոնիթորինգի և օդի որակի տվյալների տրամադրման կարգը հաստատելու մասին նախագծով կառավարությունը սահմանեց մոնիթորինգի իրականացման, տվյալների հավաքման, վերլուծության, գնահատման և հանրությանը տրամադրման ընթացակարգերը։ Բայց փոփոխությունն ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2028 թվականի հունվարի 1-ը:

Այս խնդրի լուծման համար նաև միջազգային դոնորներից է գումար ներգրավվում, սակայն այն իրացվում է հիմնականում՝ անարդյունավետորեն։ Օրինակ ՀՀ և Ճապոնիայի միջև «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի համաձայնագրով նախատեսվում է ՀՀ կառավարությանը տրամադրել 250.0 մլն ճապոնական յեն դրամաշնորհ (շուրջ 1.6 մլն ԱՄՆ դոլար)՝ ՇՄ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի օդի` որակի մոնիթորինգի կայանների համար սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։ Դրամաշնորհի շրջանակում նախատեսվում էր արդիականացնել դիտացանցի 3 դիտակայան՝ ժամանակակից ավտոմատ չափում ապահովող (ճապոնական Horiba) սարքավորումներով, բայց կրկին փոշու մանր մասնիկների չափման կարողություններ չեն ներդրվում։

Այստեղ տեղին է հիշել, որ մոտ 15 տարի առաջ Ճապոնիայի կառավարությունը ծրագիր ներկայացրեց՝ սեփական միջոցներով մայրաքաղաքի ամենախոշոր՝ Նուբարաշենի աղբավայրի՝ գործնականում հողածածկման և այնտեղից այրվող գազերի ստացման վերաբերյալ, որպեսզի չեզոքացնեն աղբավայրից արտանետվող ծայրահեղ վնասակար նյութերի ազդեցությունը։ Սակայն ծրագիրը կյանքի չկոչվեց, քանի որ աղբավայրը որոշ շրջանակների համար խոշոր բիզնեսի և եկամուտի աղբյուր է՝ ոչինչ, որ այն երևանցիների և հարակից բնակավայրերի բնակիչների, բառիս բուն իմաստով, կյանքի հաշվին է գոյատևում, իսկ ճապոնացիներն այդպես էլ չկարողացան հասկանալ, թե իրենց իսկ միջոցներով բնակչության առողջության համար օգտակար նման կարևորագույն ծրագիրը ինչու տապալվեց ՀՀ պատասխանատուների կողմից։

Նուբարաշենը սանիտարական աղբավայր չէ, այն ոչ մի նորմի չի համապատասխանում: Ներկայում Երևանի քաղաքապետարանում կա որոշում, որ մասնավոր-համայնք համագործակցության շրջանակում աղբի վերամշակման գործարան հիմնելու ուղղությամբ աշխատանք տարվի, որի համատեքստում տեղավորվելու է նաև Նուբարաշենի աղբավայրի փակումը։ Որոշվել է ներգրավել միջազգային կազմակերպություններին, որոնք կօգնեն երկու մրցույթի տեխառաջադրանքների ստացմանը՝ լավագույնին ընտրելու համար: Երկփուլ մրցույթն այս տարվա գարնանը կհայտարարվի։

Երևանի քաղաքապետարանն էլ նոր-նոր է սկսել օդի աղտոտվածության նվազեցման քառամյա ծրագրի մշակումը։ Ձմռանն աղտոտվածության հիմնական աղբյուրներին ավելանում է ջեռուցման նպատակով վառելիքի տարբեր տեսակների այրումը։ Քաղաքապետարանի ներկայացուցիչները և ՇՄՆ ստորաբաժանումները պարբերաբար քաղաքացիներին հորդորում են զերծ մնալ արտադրության, սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում այրման համար չնախատեսված վայրերում կամ վառարաններում այրելուց՝ տեղեկացնելով, որ դա առաջացնում է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 85.1 հոդվածով նախատեսված տույժեր։ Խախտումների վիճակագրության դիտարկումից էլ պարզվում է, որ դրանք շատ քիչ են և ձևական բնույթ են կրում։ Ավելին՝ աշնան ամիսներին նույն քաղաքապետարանի աշխատակիցներն են իրականացնում տերևների այրման գործողություններ։

Ի՞նչ պետք է անել առողջապահական այս աղետը կանխելու համար

Պետք է կրճատել աղտոտող արտանետումները, նվազեցնելով դրանց աղբյուրները, մինչդեռ մայրաքաղաքում և ՀՀ մյուս քաղաքներում շարունակաբար մեծանում է չկանոնակարգված շինարարությունը, շենքերի արտաքին հատվածներում տեղադրված փոշեկլանիչ ցանցերը հիմնականում ձևական բնույթ են կրում։ Հարյուրավոր նորակառույցների պարագայում եզակի են դեպքերը, երբ շինարարությունը, իրոք, մեկուսացվում է փոշին կլանող բազմաշերտ ցանցերով։

Պետք է տնկել ծառեր ու վերականգնել կանաչ տարածքները։ Այս կարևորագույն հրամայականի պայմաններում մայրաքաղաքում շարունակվում է մեծ սաղարթ ունեցող ծառերի հատումը և դրանք նորերով փոխարինումը, որոնք կա՛մ չեն ունենալու այնքան անհրաժեշտ փոշեկլանիչ մեծ սաղարթ, կա՛մ տասնյակ տարիներ են պետք նախկին մեծության սաղարթը վերականգնելու համար։

Երևանի քաղաքապետարանի մշակած օդի աղտոտվածության նվազեցման գործողությունների քառամյա պլանով նախատեսվել են տրանսպորտից, շինարարությունից, հանքերից արտանետումների նվազեցման միջոցառումներ։ Նախատեսվում է նաև կանաչ և ջրային տարածքների ավելացում։ Այս ամենը սակայն քաղաքապետարանը չի պատրաստվում սեփական միջոցներով անել և կրկին հայցում է միջազգային դոնոր կազմակերպությունների՝ Ասիական զարգացման բանկի, ՄԱԶԾ, Բելգիայի դեսպանատան աջակցությունը, այն դեպքում, երբ խնդրի դեմ պայքարի արդյունավետ լծակները պետության ձեռքում են։

Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ընդամենը ճիշտ օգտագործել առկա գործիքակազմը և նորմատիվ-իրավական դաշտով սահմանափակել օդի մարդածին աղտոտման աղբյուրները, ինչը հնարավոր չէ իրականացնել գործող կառավարության օրոք, քանի որ վերջին տարիների գործողություններն ավելի են խորացրել հիմնահարցը։ Նոր, գիտակ կառավարությունը պետք է կանգնեցնի այս աղետի ընթացքը, որը մոտենում է անդառնալիության կետի։

Արմեն Վարդանյան

«Դրօշակ» թիվ 2, 2026թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company