Լեզվական ինքնություն և թվային իրականություն
04 Մարտ 2026
Փետրվարի 21-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի կողմից, սահմանվել է Մայրենի լեզվի միջազգային օր:
Որպես հիշեցում այն մասին, որ լեզուն ոչ միայն հաղորդակցության միջոց է, այլև ժողովուրդների գոյության, ինքնության և մշակութային բազմազանության պահպանման հիմնասյուն։ Հայ ժողովրդի պատմության մեջ այս ճշմարտությունն ունի բացառիկ և կենսական նշանակություն։
Լեզուն՝ որպես գոյատևման առանցք
Հայոց լեզվի դերը հայ ազգային ինքնության պահպանման գործում եզակի է, քանի որ դարեր շարունակ հայ ժողովուրդը գոյատևել է առանց պետականության և անկախ պետության։ Այդ պայմաններում լեզուն դարձել է այն առանցքը, որի շուրջ պահպանվել են ինքնությունը, հավատը, մշակույթը և պատմական հիշողությունը։
Դեռևս 5-րդ դարում հայ մտավոր և քաղաքական վերնախավը գիտակցում էր, որ լեզուն է ազգի փրկության և գոյատևման հիմնական միջոցներից մեկը։ Պատահական չէ, որ հենց այդ ժամանակ է ծագում հայոց գրերի ստեղծման գաղափարը։ Հայաստանը գտնվում էր Պարսկաստանի և Բյուզանդիայի տիրապետության տակ, և գնալով ավելի օրհասական էր դառնում հայի՝ որպես ինքնուրույն ազգ գոյություն ունենալու խնդիրը։
Գոյություն ուներ ոչ միայն կրոնական, այլև լեզվական ձուլման լուրջ վտանգ։ Թեև ժողովուրդը խոսում էր հայերեն, սակայն սեփական գիր չուներ, իսկ արքունիքի, պետական կառավարման և պաշտոնական գրագրության լեզուներն օտար էին՝ պարսկերեն, հունարեն, ասորերեն։ Սա հանգեցնում էր նրան, որ աստիճանաբար թուլանում էին ազգային և պետական ինքնության հիմքերը։
Լեզուն է, ձևավորում և փոխանցում՝
• ազգային ինքնությունը,
• քաղաքակրթական և մշակութային պատկանելությունը,
• պետական ու հոգևոր միասնականությունը,
• քաղաքական կողմնորոշումը:
Այս բոլոր գործառույթները զրկված էին ամուր հիմքից, քանի դեռ հայ ժողովուրդը չուներ սեփական գիր և պետական լեզու։ Այսպես առաջացավ հայոց գրերի ստեղծման կենսական անհրաժեշտությունը՝ որպես ազգային ինքնության, պետական կառավարման և եկեղեցու կայացման և պահպանման միջոց։
Բայց այսօր մեր կյանքի բազմաթիվ ոլորտներում տեղի է ունենում նահանջ մեր ինքնությունից, իսկ դրանցից մեկն էլ սոցցանցերում մայրենի լեզվով՝ հայատառ չգրելն է։
Սոցցանցերում մայրենի լեզվով չգրելու խնդիրը
Թվային մեր այս դարաշրջանում սոցցանցերը դարձել են հաղորդակցության հիմնական հարթակներից մեկը։ Սակայն հենց այդ միջավայրում այսօր առավել ակնհայտ է դառնում մի մտահոգիչ երևույթ՝ մայրենի լեզվով չգրելը կամ այն երկրորդ պլան մղելը։ Խնդիրը միայն լեզվական չէ․ այն ունի խորքային՝ մշակութային, հոգեբանական և ազգային ինքնությունը վտանգող հետևանքներ։
Սոցցանցերում մայրենի լեզվով չգրելու հիմնական պատճառներից են.
-օտարալեզու հավելվածների գերակայությունը,
– սովորությունը, ինչն էլ իր հերթին պայմանավորված է օտարալեզու այդ հավելվածների գերակայությամբ,
– լեզվական գիտելիքների պակասը ի ցույց դնելու, լեզվական սխալներ անելու մտավախությունը,
– օտար լեզվով ստացած կրթությունը,
– բազմալեզու միջավայրը,
– սոցիալական միջավայրի ճնշումը,
– ժամանակի խնայողության պատրվակը և այլն։
Այս բոլոր պատճառների հետևանքով տեղի է ունենում մեկ պարզ, բայց վտանգավոր երևույթ՝ ազգային ինքնության թուլացում։ Լեզուն միայն հաղորդակցման մեխանիկական միջոց չէ։ Այն մտածողություն է, հոգեբանություն, աշխարհընկալում, արժեքային համակարգ ձևավորող և ազգային ինքնության հիմնական ցուցիչ։ Մարդը մտածում է իր լեզվով, ընկալում իրականությունը լեզվի միջոցով և այդ լեզվի մեջ է կրում իր պատմական հիշողությունը։
Նեյրոլեզվաբանությունն իր հերթին փաստում է, որ մայրենի լեզուն ուղեղում ձևավորվում է ամենախորը շերտերում։ Այն առաջին լեզուն է,
• որով ձևավորվում է մտածողությունը,
• որով մարդը զգում է, երազում, արձագանքում այս կամ այն երևույթին,
• կապվում է հույզերի, հիշողության և ինքնության կենտրոնների հետ (լիմբիկ համակարգ)։
Այդ պատճառով է, որ մարդը կարող է գերազանց խոսել օտար լեզվով, բայց ամենախորը զգացումներն արտահայտում է մայրենիով։
Պատահական չէ, որ օտար նվաճողները կամ այն պետությունները, որոնք իրենց ենթակայության տակ են վերցրել այլ ազգերի, առաջին հերթին սահմանափակել կամ արգելել են նրանց մայրենի լեզվի կիրառությունը կրթության, կառավարման և հանրային կյանքի ոլորտներում։ Այս գործընթացը հայտնի է որպես լեզվական ասիմիլիացիա և պատմության ընթացքում եղել է ազգերի ձուլման ամենաարդյունավետ գործիքներից մեկը։ Քանի որ մեկ բան հստակ է. ով վերահսկում է լեզվի և կրթության դաշտը, նա էլ ձևավորում է ապագա քաղաքացու ինքնությունը։ Եվ եթե լեզուն այդքան կարևոր է պետական մակարդակում, ապա նույնքան կենսական պետք է լինի նաև անհատի և համայնքի մակարդակում։
Վտանգները
Մայրենի լեզվով չգրելու շարունակական պրակտիկան բերում է լեզվի աղքատացման, կիսագրագիտության տարածման, սերունդների միջև լեզվական կապի խզման, մշակութային հիշողության թուլացման և, երկարաժամկետ առումով՝ մայրենի լեզվի դուրս մղման հանրային ու թվային տարածքներից, ինչպես և, որ ամենավտանգավորն ու ցավալին է, բերում է աննկատ նահանջի ազգային ինքնությունից։
Այս հարցն առավել հրամայական է Սփյուռքում, որտեղ հայն ապրում է բազմալեզու, օտար միջավայրում։ Այստեղ լեզվի չգործածումը շատ ավելի արագ է հանգեցնում ինքնությունից նահանջի, քանի որ մայրենի լեզուն հաճախ վերջին և երբեմն միակ կապն է ազգային ինքնության հետ։
Հայատառ գրելը և ինքնության հարցը
Հայատառ գրելու թեման հաճախ ուղեկցվում է ծայրահեղական ընկալումներով, ինչը կարևոր է հստակեցնել։ Հայատառ գրելն ինքնին չի նշանակում, որ տվյալ մարդը 100 տոկոսով հայրենասեր է, և նույնքան սխալ կլինի պնդել, թե ով չի գրում հայատառ, հայրենասեր չէ։
Սակայն փաստը մնում է փաստ․ հայատառ գրելը և հայի ինքնությունն անքակտելիորեն կապված են իրար հետ։ Դրանք փոխկապակցված են, փոխպայմանավորված և միմյանց ամրացնող։ Հատկապես Սփյուռքում հայ մնալու, ինքնությունից չնահանջելու կարևորագույն պայմաններից մեկը մայրենի լեզվի պահպանումն է։
Հայը, որտեղ էլ լինի, ամեն բան պետք է անի, որ սովորի հայերեն՝ ինքնուրույն, կազմակերպված դասընթացների միջոցով կամ համայնքային շրջանակներում։ Իսկ եթե այդ հնարավորությունը սահմանափակ է, ապա լեզվական բացը պետք է լրացվի այլ ճանապարհներով՝
– ընտանիքում հայկական միջավայր պահպանելով,
– մշակույթին, պատմությանը, ավանդույթներին հաղորդակից լինելով,
– ազգային հիշողությունը փոխանցելով։
Սակայն այս ամենը հնարավոր է միայն մեկ նախապայմանով՝ եթե կարևորվի մայրենի լեզվի դերը։ Ամեն ինչ սկսվում է կարևորելուց։
Այս համատեքստում խոսուն օրինակ է համաշխարհային ճանաչում ունեցող գրող Վիլյամ Սարոյանը։ Թեև նա հայերեն գրել չի կարողացել և իր ստեղծագործությունները գրել է անգլերեն լեզվով, սակայն ամբողջ աշխարհին ներկայացել է որպես հայ գրող։ Սարոյանն ինքն է ձևակերպել իր լեզվական և ազգային ինքնության էությունը հետևյալ խոսքերով․
«Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն»։
Սարոյանի ստեղծագործություններում հայը մշտապես ներկա է իր հոգեբանությամբ, հիշողությամբ, ընտանեկան կապերով, ազգային սովորույթներով ու բարքերով։ Նրա հերոսների մեծ մասը հայեր են, որոնք ապրում են հայկական միջավայրում, կրում են հայրենիքի պատմական հիշողությունը, Ցեղասպանության ցավը, սփյուռքահայի ինքնության բարդույթն ու հայրենիքի կարոտը։
Այս օրինակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նույնիսկ այն դեպքում, երբ լեզվի գործածումը սահմանափակ է, մայրենի լեզուն ներսում ապրեցնելն ինքնության պահպանման առանցքային գործոն է։ Իսկ երբ այդ լեզվով ոչ միայն մտածում են, այլև այն գործածում հատկապես հանրային և թվային տարածքներում, ինքնությունը դառնում է ավելի պաշտպանված և կենսունակ։
Սարոյանը, թերևս, բացառություն է, ոչ թե մոդել, քանի որ Սարոյանը կարող էր չգրել հայերեն, բայց նա ուներ հայերենով ձևավորված զգայական հիշողություն, կրում էր մայրենի լեզվով կառուցված աշխարհընկալում։ Այսինքն՝ նրա ուղեղում հայերենը ներկա էր որպես ինքնության լեզու, նույնիսկ եթե գրավոր արտահայտությունը այլ լեզվով էր։ Մյուս բոլոր դեպքերում մայրենի լեզուն չգործածելը հանգեցնում է ինքնության քայքայման։
Ինչպես հաղթահարել խնդիրը թե´ Հայաստանում, թե´ Սփյուռքում
Լուծումը պահանջում է գիտակցված մոտեցում։ Անհրաժեշտ է տեխնիկական աջակցություն, կրթական համակարգի և հատկապես ուսուցիչների ու մտավորականների օրինակելի դերակատարում, ինչպես նաև մայրենի լեզվով բովանդակության ակտիվ խրախուսում սոցցանցերում։
Եզրակացություն
Մայրենի լեզվով գրելը սոցցանցերում պարզապես լեզվական ընտրություն չէ։ Դա ինքնության պահպանման, մշակութային դիմադրության և քաղաքացիական պատասխանատվության դրսևորում է։
Փետրվարի 21-ը ոչ միայն տոն է, այլև հիշեցում․ եթե լեզուն ապրում է թվային տարածքում, այն կապրի նաև ապագայում, իսկ եթե լռում և նահանջ է ապրում այնտեղ, ապա վտանգվում է ազգի ինքնությունն ու հետագա լինելիությունը։
Անժելա Հարությունյան
