Ամբիցիաների վտանգները քաղաքական գործընթացներում
04 Մարտ 2026
Առհասարակ, պարզ մարդկային ցանկությունների և հավակնությունների միջև եղած սահմանը թափանցիկ է: Հեշտ չէ շատ արագ որոշել, թե ինչն է հավակնություն և ինչը՝ պարզ մարդկային ձգտում: Որպես կանոն՝ հավակնությունները կամ օտար բառով ասած՝ ամբիցիաները իրենց գոյության սկզբնափուլում ունենում են ընդունելի ու հասկանալի տեսք: Մի՞թե վատ է, երբ մարդն ուզում է բարձրակարգ կրթություն ստանալ, հասնել լավ վարձատրության, ունենալ կարգավիճակ, շրջապատի մարդկանց համար դառնալ հեղինակություն, ունենալ ամուր դիրքեր հասարակության մեջ և այլն: Իհարկե՝ ոչ: Ցանկացած մարդու ինքնաիրացումն անցնում է նաև այս ամենի միջով:
Հավակնությունը, ասես, մարդու վառելիքն է, այն նրան մղում է ակտիվ գործունեության և ստիպում լինել համառ ու աշխատասեր: Առանց հավակնությունների մարդը հնարավոր է դոփի տեղում, ուստի նա դրա շնորհիվ իր առջև դնում է առավել բարձր նպատակներ ու պայքարում է նոր բնագծեր նվաճելու համար: Ամբիցիան նաև շարժիչ ուժ է, որն անhատի պոտենցիալը վերածում է ուժի: Օրինակ, բիզնեսում հավակնոտությունը բարձր է գնահատվում: Այն մարդու ակտիվության հոմանիշն է: Սակայն խոսքը չափավոր ամբիցիոզության մասին է, այլապես չափն անցած հավակնոտությունը սկսում է ապականել բիզնես ծրագրերը, կտրում է իրականությունից և ամեն ինչ տանում փակուղի: Ամբիցիոզությունը հաճախ ասոցացվում է հպարտության, էգոիզմի և ագրեսիվության հետ: Այն կարող է իր հետևից թողնել ավերակներ՝ դառնացնել ընտանիքի անդամներին, ընկերներին և օտարել մարդուն մերձավորներից: Հավակնությունների գերության մեջ հայտնված մարդը նաև մի կողմ է դնում իր սկզբունքները, ավելի ստույգ՝ դրանք թողնում է անցյալում: Օրինակ, շատ դեպքերում քաղաքական գործիչները գիտեն միայն ամբիցիայի լեզուն:
Նրանք այլ լեզու չգիտեն ու նաև անասելի սևեռված են իրենց նպատակների բարեհաջող իրականացման վրա և աշխատում են չթուլանալ: Դա, բնականաբար, ստեղծում է պատնեշներ՝ մարդկային նկարագրի և հոգևոր որակների միջև: Մարդն այլևս զգայուն և կարեկից չէ իրեն շրջապատողների հանդեպ: Այս մարդիկ ակնհայտորեն ունեն թերարժեքության տեսանելի և քողարկված բարդույթներ: Եթե այս բարդույթները չլինեին, նրանք այդքան ակնհայտ ամբիցիոզ չէին լինի: Մի խոհեմ մարդ, որի անունը, ավա՜ղ, չեմ մտապահել, այսպես է բնութագրել ամբիցիա երևույթը. «Ամբիցիոզությունը ոսկեջրած դժբախտություն է, թաքնված թույն, քողարկված համաճարակ, ստերի ակունք, նախանձ ծնող, բազում արատների սկզբնաղբյուր:
Այն նաև սրտեր է կուրացնում և բուժիչ դեղը վերածում հիվանդության»: Կույր ամբիցիաները ստիպում են, որ մարդը վաճառի իր հոգին, զոհաբերի սկզբունքները: Նա պատրաստ է օգտագործել բոլորին, ովքեր կհայտնվեն իր ճանապարհին: Եթե հնարավոր լիներ ամբիցիաների հարցում ստեղծել մի մոտավոր վիճակագրություն, ապա բոլորս կսարսռայինք դրանց սոսկալի հետևանքներից: Հենց այս որակներն էին, որ ստեղծեցին չինգիզխաններ, հուլիոսկեսարներ, ներոններ, նապոլեոններ, հիտլերներ, լենին-ստալիններ, կադաֆիներ, սադամհուսեիններ և դեռ շարունակում են ստեղծել ու ստեղծել:
Հոգեպես թույլ և մտքով տկար մարդիկ իրենց ձեռքում հայտնված իշխանության ուժով գնացին մեկը մյուսից զազրելի ոճրագործությունների, դարձան միլիոնավոր անմեղ մարդկանց կործանման պատճառ, ապականեցին մարդկության կյանքը, արյան մեջ թաթախեցին ամեն լուսավոր բան: Եվ պետք է իմանալ, որ սերն ու ամբիցիան չեն կարող ապրել կողք կողքի: Կամ մեկը պիտի լինի, կամ՝ մյուսը: Տարիներ առաջ առիթ եմ ունեցել կարդալու մի կիսագաղտնի փաստաթուղթ, որում ասվում էր, թե հատկապես ինչ որակներ ու նկարագիր պետք է ունենան գաղտնի ծառայությունների կողմից ընտրվող և օգտագործվող գործակալները: Ըստ այդ ուղեցույցի՝ այդպիսի մարդիկ պետք է լինեն ներքին ուժից զուրկ, մարդկային ազնվությունից հեռու, հոգևոր ատաղձ չունեցող խեղճ, բայց պարտադիր ամբիցիոզ անձեր, որովհետև նրանց կառավարելը և ամենատհաճ, կեղտոտ գործերի մեջ ներգրավելը հեշտ է: Նրանք նաև մատաղացու գառներ են՝ ցանկացած պահի զոհաբերվելու հարմար:
Երբ չկան ներքին հոգևոր զսպանակներ, նրանք շատ հանգիստ դառնում են, թե՛ ազգուրացներ, և թե՛ իրենց սկզբունքների վաճառականներ:
Մեր երկրի Ազգային Ժողովում նստած մի հոծ զանգված՝ ՔՊ անունով, ուղղակիորեն հաստատում է ասվածը: Իզուր չէ, որ ժողովրդի մեջ շրջանառվում է «քրչապետ» բառը: Այո, հատկապես «քաղաքական քրչերի» վերածված մի զանգված, որն ամեն ինչի համաձայն է՝ մանդատը մի քիչ էլ գրպանում պահելու համար: Ասում են, որ վարչապետը այս մարդկանց դեմ զանազան կոմպրոմատներ ունի: Հավատում ենք, բայց առավել ճշգրիտ է այն միտքը, որ դրանք ինքնակամ ճորտության հանձնված, իրենց խղճուկ ամբիցիաներին գերի դարձած մարդիկ են, ուստի պետք չէ նրանց անհարկի գունազարդել, ասելով, թե նրանք դրության տերը չեն: Ամբիցիաների հիմքում իշխանության անհագուրդ ծարավն է: Դուք չեք գտնի իր գործում լիովին կայացած մի մարդու, որը հիվանդագին հակում ունենա իշխանության հանդեպ: Դա նրա ինչի՞ն է պետք: Նրա կիրքը և մղումն իր մասնագիտությունն է:
Ճարտարապետը ապրում է իր նախագծած շենքի խնդիրներով, լավ բժշկի խնդիրը հիվանդին ոտքի կանգնեցնելն է, մանկավարժը սիրում է իր սաներին և փորձում լավ սերունդ դաստիարակել և այլն: Կայացած մասնագետների համար իշխանության կաբինետներում նստելը ձանձրալի բան է, իսկական տանջանք: Իսկ իրենց գիտելիքներով և նախասիրություններով քաղաքական կյանքի ձգտող անհատները սիրում են քաղաքական գործով ծառայել մարդկանց և այդ բանն անում են այնպես, ինչպես կանեին ցանկացած այլ գործ: Ամբիցիոզ մարդկանց դեպքում այդպես չէ, նրանք իրենց և կյանքը չեն ընդունում այնպիսին, ինչպիսին կա: Էգոն չի թողնում, որ նրանք հաշտ լինեն կյանքի և իրենք իրենց հետ: Նրանք ճգնում են լինել ավելին, ավելի հզոր, ազդեցիկ, ամեն գնով իշխանություն հաստատել այլոց վրա, մտածելով, որ այդ կերպ կդառնան դրության լիակատար տերը:
Ամբիցիոզ ղեկավարի աճի բարձրակետը բռնապետ դառնալն է: Ամբիցիաների տենդախտն անխուսափելիորեն հանգեցնում է դրան: Բոլոր բռնապետների դեպքում գործընթացներն ու օրինաչափությունը նույնն են՝ ճիշտ կողմնորոշվել խառնակ օրերին, գնահատել սեփական հնարավորությունները և ճղճիմ մղումները, թույլ տրված սխալների համար անվերջ մեղավոր նշանակել ուրիշներին, ոչնչացնել կամ չեզոքացնել հակառակորդներին, շուրջը համախմբել իրենց կուրորեն նվիրված անդեմ և թուլակամ մարդկանց, հորինել դատարկ կարգախոսներ ու խորհրդանիշներ և իհարկե՝ լինել նպատակասլաց, անզիջում և դաժան: Նրանք սկզբում ձևանում են թունդ ժողովրդասեր, ժողովրդապաշտ գործիչներ, հետո ոտքերը սրբում են իրենց իշխանության բերողների վրա: Սա է բռնապետների անփոփոխ քաղաքական երթուղին, որը նրանց, ի վերջո, կանգնեցնում է պատասխանատվության առաջ, իսկ ոմանց էլ կանգնեցնում է գնդակահարության պատի տակ:
Մի պահ նայենք Նիկոլի հետագծին և կհամոզվենք, որ այդպես է: Միայն բարդույթավորված մարդկանց համար է կաբինետներում հայտնվելը դառնում գերագույն տենչանք։ Ու շատ էլ կարևոր չէ, տվյալ գործից բան հասկանո՞ւմ են, թե՞ ոչ: Մեր երկրում արդեն յոթ-ութ տարի է իրենց տկարամիտ ուղեղներով անմիտ, անհեթեթ օրինագծեր են հրապարակ հանում, որոշումներ են կայացնում և ձեռքը կրակն ընկնում: Ասել է թե՝ ամբիցիան կա, ուղեղը և կարողությունը՝ ոչ: Եվ ինչպես քաղցած գամփռները չեն հանդուրժում երբ մեկը փորձում է իրենց առջևից տանել ոսկորը, այնպես էլ նմանները թույլ չեն տալիս, որ իրենց իշխանությունից մի գրամ, մի սանտիմետր պակասի:
ՔՊ-ակաները ճանկերով ցանկացածին կբզկտեն, եթե զգան, որ մի բան այն չէ: Նրանց ուժն իրենց նմաններին առավելագույնս օգտագործելու, շանտաժի ենթարկելով կախյալ վիճակներում պահելու մեջ է: Այս մարդկանց համար այլևս պատվախնդրության հարց չկա: Ի՞նչ եք կարծում, Նիկոլը չգիտի՞, որ ինքը հիմնահատակ հեղինակազրկված մարդ է: Այն էլ ի՜նչպես գիտի, բայց դա ևս սեփական շահերին ծառայեցնելու միջոց է՝ «Ճիշտ է, ես ատելի եմ, ու ես գիտեմ, բայց դա ինձ նաև թույլ է տալիս իմ տերերի հրահանգները կատարել առանց կաշկանդվելու և այդ կերպ ապավինելով նրանց՝ պահպանել իմ դիրքերը: Ես այլևս չեմ վախենում հասարակության ունեզուրկ խավից, թոշակառուների անեծքներից և կասեմ ու կանեմ այն, ինչ խելքիս կփչի․․․»: Բռնապետների համար նախատեսված «ձեռնարկներում» ասված է, որ ինչքան շատ խեղճացնես քո երկրի խեղճերին ու ունեզուրկներին, անտեսես ու արհամարհես օրենքները, այնքան հեշտ է լինելու նրանց վերահսկողության տակ պահելը և ուղղորդելը: Այդպես վարվել են գրեթե բոլոր բռնակալները:
Այս ամենը վկայում է, թե ինչքան հեռու կարող են գնալ իրենց հոգին սատանային ծախած ամբիցիոզ մարդիկ: Ամբիցիոզության իշխանական մակարդակի վերաբերյալ կարող ենք էլի խոսել, քանզի դրա նրբերանգները շատ են, բայց բավարարվենք այսքանով: Հիմա փորձենք քննել քաղաքական ու հասարակական մյուս մակարդակներում դրսևորվող հավակնությունների ոչ պակաս մերժելի դրսևորումները, որոնք ի հայտ են գալիս և սրված ձևերով արտահայտվում են արդեն ընտրությունների շեմին: Խոհեմ և սրտացավ գործչի համար կան արարքների թույլատրելիության սահմաններ։
Կարո՞ղ է, օրինակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրականությունից կտրված բաներ ասել, ամբոխահաճո ճառեր արտասանել: Բացառվում է: Կամ՝ ասենք ՀՅԴ գործիչները՝ Արթուր Խաչատրյանը, Արմեն Ռոստամյանը, Գեղամ Մանուկյանը, Լիլիթ Գալստյանը և մյուսներն էժան միավորներ վաստակելու մտասևեռումներ ունենան, չգիտակցեն իրենց ասած խոսքի իմաստն ու հետևանքները: Նույնպես բացառվում է:
Նրանք սովորել, հղկվել ու կայացել են այնպիսի դպրոցում, որտեղ ցանկացած ինքնանպատակություն մերժվում է ի սկզբանե: Հայրենիքին, պետությանը և հասարակությանը ծառայելը նրանց համար գերագույն արժեք է, անվիճելի բան: Այս ամենի անունը մի բառով «պատասխանատվություն է»: Հիմա ընտրությունների նախաշեմին ենք, և պարզ է, որ ամբիցիոզ մարդկանց մի նոր խումբ գլուխները կբարձրացնի անհայտությունից, կստեղծվեն կուսակցություններ, որոնցից յուրաքանչյուրի թվակազմը չի գերազանցի, ինչպես ընդունված է ասել՝ մի խաշի սեղանը։ Նրանք ոտքի վրա կմոգոնեն նախընտրական ծրագրեր, կարգախոսներ ու կնետվեն հանրային և քաղաքական հրապարակ, կձգտեն հասարակությանը ներկայանալ իրենց կասկածելի ինտելեկտով և կարողություններով, ինչ է թե օրենքը դեմ չէ նման գործունեություն ծավալելուն: Բայց մի՞թե օրենքն է խնդիրը: Իսկ ո՞ւր մնաց քաղաքական մշակույթը, խիղճը, պատասխանատվության տարրական զգացումը, մարդկային պարկեշտությունը: Իրենց քաղաքական դաշտ ինքնամոռաց նետողներին ուզում ես ասել․ «հարգելիներս, չէ՞ որ դուք պարահրապարակ չեք մտնում, երբ պարել չգիտեք: Ինչո՞ւ եք կարծում, թե կարելի է, լինելով այդքան անտեղյակ, անփորձ, մտածել, թե կարող եք երկիր կառավարել»:
1999 թ. Նախագահական ընտրություններն էին, առաջատարները Կարեն Դեմիրճյանն ու Ռոբերտ Քոչարյանն էին, հավակնորդների ցանկում կար ևս 12 մարդ: Բավականին լուրջ ու ակտիվ քարոզարշավ էր, մրցապայքարը թեժանում էր օր օրի:
ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Ալեքսան Կիրակոսյանը Ռոբերտ Քոչարյանին համակրում էր: Սա իմանալով՝ նրան հրավիրեցի Հանրային ռադիո՝ հարցազրույցի: Համաձայնեց սիրով:
Իր ելույթում Քոչարյանի մասին ասաց. «Պինդ տղա է, ուժեղ ձեռքեր ունի, լավ ու հմուտ հեծյալի պես կկարողանա համակարգի սանձերը ձեռքում պահել, ամբիցիաներին գերի չի դառնա….»: Զգուշորեն հարցրի, թե ի՞նչ կարծիք ունի մյուս հավակնորդների մասին: Հասկացրեց, որ կնախընտրեր նրանց մասին բան չասել, բայց, այնուամենայնիվ չդիմացավ ու մեկ երկու բան ասաց. «Շատերին չեմ էլ ճանաչում՝ նայում ես ո՛չ քաղաքացի է, ո՛չ գյուղացի, ո՛չ էլ մտավորական, ո՛չ մտքի խորություն ունի, ո՛չ էլ իր մասնագիտության ոլորտում է կայացել, երկրին ծառայություններ չի մատուցել: Լավ, էդ ո՞նց են որոշել, որ կարող են պետություն կառավարելուց գլուխ հանել: Դրանք երևի մտածում են՝ երկիր կառավարելն ի՞նչ է որ, լոր խփելու պես մի բան է՝ տուր ու գցիր տոպրակդ»։ Իմ այն հարցին, թե որևէ վատ բան տեսնո՞ւմ է թեկնածուների այդ բազմամարդության մեջ, ասաց. «Իհարկե, իհարկե դա լավ բան չի: Նրանք իրենց խղճուկ եսը առաջ մղելով պետական ծանրակշիռ մարդու, քաղաքական լուրջ գործչի նշաձողն են իջեցնում: Մի քանի ճոռոմ ելույթ ունենալով երկրի առաջնորդ չեն դառնում, այդպես չի կարելի»:
Մեր ժողովուրդը գոնե հիմա պետք է իրեն հաշիվ տա, թե ինչ է լինում, եթե կառավարման ղեկին հայտնվում են կիսատ պռատ, կամազուրկ, գործից անտեղյակ, անազնիվ, տգետ ու ամբիցիոզ մարդիկ: Մարդիկ պետք է գիտակցեն, որ հրապարակ ելած մարդկանց հիվանդոտ էգոն միայն նոր աղետներ է գուժում: Աշխարհում մեծագույն առաքելությունը Աստվածահաճո, մարդասեր արարքն է, ազգին ազնվորեն ծառայելու մարդկային ձգտումը: Եվ ինչպես մեր էպոսի դյուցազունը՝ Դավիթը, մի քանի անգամ հավատաց ու ներեց Մսրա Մելիքին, բայց վերջին զարկով երկու կես արեց նրան, այնպես էլ մեր ժողովուրդը գալիք ընտրությանը պետք է ստախոսներին ու ժողովրդի կյանքը ապականողներին վռնդի իշխանությունից, ասելով. «Ես էի քեզ ծնել, ես էլ կոչնչացնեմ»:
Մանվել Մկրտչյան
