ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Կոմպրադորական բուրժուազիայի անցյալն ու ներկան

04 Մարտ 2026

Ժամանակակից քաղաքական գործընթացների վերլուծությունը հաճախ սահմանափակվում է առանձին իրադարձությունների, գործիչների կամ կարճաժամկետ որոշումների մեկնաբանությամբ՝ ստվերում թողնելով այն խորքային կառուցվածքները, որոնք ձևավորում են իշխանության, տնտեսության և գաղափարախոսության փոխհարաբերությունները։ Այդ բացը հատկապես նկատելի է փոքր և կախյալ պետությունների պարագայում, որտեղ քաղաքական փոփոխությունները հաճախ ներկայացվում են որպես ինքնուրույն ընտրության արդյունք՝ անտեսելով գլոբալ համակարգից կախվածություներն ու պայմանականությունները։

Այս հոդվածը փորձ է այդ բացը լրացնելու՝ անդրադառնալով կոմպրադորական բուրժուազիային ոչ միայն որպես պատմական կամ տեսական հասկացության, այլ որպես կենսունակ երևույթի, որը շարունակաբար դրսևորվում է տարբեր հասարակական և քաղաքական իրողություններում։ Կախվածության տեսության դասական մոտեցումների, ինչպես նաև համաշխարհային համակարգի վերլուծության հիման վրա հոդվածը դիտարկում է, թե ինչպես են արտաքին շահերի հետ սերտորեն կապվող տեղական էլիտաները ձևավորում քաղաքական օրակարգեր, «արժեքային» մտածողություն և կառավարման մոդելներ, որոնք աստիճանաբար հարաբերական են դարձնում ազգային ինքնիշխանության բովանդակությունը։

Ներկայացված վերլուծությունը չի հավակնում լինելու ակադեմիական ուսումնասիրություն։ Այն չի սահմանափակվում տեսական մոդելների խորքային քննարկմամբ կամ նեղ մասնագիտական բանավեճով, այլ առաջարկում է վերլուծական–լրագրողական դիտանկյուն, ըստ որի տեսական հասկացությունները համադրվում են պատմական օրինակների և ժամանակակից քաղաքական գործընթացների հետ։ Այս մոտեցումը նկատի է ունենում, ոչ թե առանձին դեպքեր, այլ կառուցվածքային օրինաչափություններ՝ առանց դրանք անձնավորելու կամ ռեդուկցիայի ենթարկելու, ընթացիկ քաղաքական խոսույթի տրամաբանությամբ։

Կոմպրադորական բուրժուազիան ժամանակակից քաղաքական-տնտեսական իրականության այն սոցիալական շերտերից է, որի էությունը հնարավոր չէ հասկանալ՝ առանց կախվածության, միջնորդության և արտաքին շահերի հետ օրգանական կապերի։ Ինչպես ներկայացվում է կախվածության տեսության դասական մոտեցումը՝ հասարակագետ, քաղաքական տնտեսության և զարգացող երկրների տնտեսագիտության տեսաբան Սամիր Ամինի և տնտեսագետ ու սոցիոլոգ, կախվածության տեսության և ծայրամասային տնտեսությունների վերլուծության տեսաբան Անդրե Գունդեր Ֆրանկի աշխատություններում, նման շերտերը ձևավորվում են ոչ թե որպես ազգային կապիտալի կրողներ, այլ որպես արտաքին կապիտալի տեղական գործակալներ։ Կոմպրադորական բուրժուազիան հասարակական շերտ է ոչ այնքան ստեղծարար կամ արտադրական իմաստով, որքան գործառութային՝ որպես կապող օղակ արտաքին կապիտալի և տեղական հասարակության միջև։

Նրա պատմական ձևավորումը կապված է գաղութատիրության, կիսագաղութային կարգերի և հետագայում՝ նեոգաղութային համակարգի հաստատման հետ, որտեղ տեղական իշխող խավը հիմնականում հրաժարվում է ազգային զարգացման ինքնուրույն նախագծերից և իր տնտեսական ու քաղաքական գոյությունը կապում է արտաքին կենտրոնների հետ։ Այս իմաստով կոմպրադորական բուրժուազիան ոչ միայն սոցիալ-տնտեսական խավ է, այլ նաև հատուկ մտածողության, հոգեբանության և վարքագծի կրող։

Կոմպրադորական բուրժուազիայի մտային և հոգեբանական կառուցվածքի առանցքում ընկած է կախվածության ինստիտուցիոնալացումը։

Սամիր Ամինը այս երևույթը բնորոշում է որպես «արտաքին ուղղորդված վերարտադրություն», երբ տնտեսության և քաղաքականության ներքին տրամաբանությունը ենթարկվում է արտաքին կենտրոնների պահանջներին։ Արտաքին ուժերից կախվածությունը տվյալ մտածողության մեջ ոչ թե ժամանակավոր պայման է, այլ գոյության բնական վիճակ։ Սուվերենությունը դիտարկվում է որպես հարաբերական, ազգային շահը՝ որպես ճկուն հասկացություն, իսկ արտաքին հովանավորը՝ որպես անվտանգության, կայունության և առաջընթացի հիմնական երաշխիք։ Այս աշխարհընկալումը ամբողջությամբ համընկնում է հասարակագետ և պատմաբան Իմմանուել Վալերշտայնի համաշխարհային համակարգի տեսության հետ, որտեղ ծայրամասային էլիտան գիտակցաբար վերարտադրում է սեփական ստորադաս դիրքը՝ կենտրոնի հետ ինտեգրվելու համար։

Այս մտային կառուցվածքի կարևոր բաղադրիչներից է արժեքային ցինիզմը։ Ինչպես նշում էր Անդրե Գունդեր Ֆրանկը, կոմպրադորական բուրժուազիան չունի սեփական պատմական առաքելության գիտակցում, այլ մշտապես հարմարվում է ուժային հարաբերությունների փոփոխությանը։ Գաղափարները նրա համար նպատակ չեն, այլ գործիք։ Ժողովրդավարությունը, ազատ շուկան, մարդու իրավունքները, անվտանգությունը կամ ավանդական արժեքները գործի են դրվում ըստ քաղաքական նպատակահարմարության։ Ճգնաժամային իրավիճակներում նույն շերտը կարող է նույն համոզմամբ պաշտպանել և՛ լիբերալ, և՛ ավտորիտար մոդելներ՝ պայմանով, որ վերջիններս ապահովեն կապիտալի, իշխանության և արտաքին կապերի պահպանումը։ Այդ պատճառով կոմպրադորական բուրժուազիայի աշխարհայացքը հիմնականում էկլեկտիկ է, ներմուծված և ածանցյալ՝ առանց ամբողջական, ինքնուրույն գաղափարախոսության։

Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի հետ գաղափարական կապը կոմպրադորական բուրժուազիայի համար ունի ոչ միայն մշակութային կամ կրթական նշանակություն, այլ խորապես քաղաքական ենթատեքստ։ Վալերշտայնի ձևակերպմամբ՝ համաշխարհային համակարգի կենտրոնը հաստատում է ոչ միայն տնտեսական, այլև իմացաբանական հեգեմոնիա։ Արևմտյան աշխարհակարգը կոմպրադորական բուրժուազիայի համար դառնում է լեգիտիմության աղբյուր։ Նրա էլիտան հաճախ կրթվում է արևմտյան համալսարաններում, մտածում է ըստ արևմտյան խոսութների, հետևում է արևմտյան մեդիային և սեփական հասարակությանը դիտարկում է այդ չափանիշներով՝ հաճախ օտարացած և վերևից։ Այս մտածողության մեջ հասարակությունը ներկայացվում է որպես մշտապես «անպատրաստ» կամ «հետամնաց», ինչը Սամիր Ամինը բնորոշում է որպես ինքնաարատավորող ծայրամասային գիտակցություն։

Այս աշխարհայացքային հիմքի վրա ձևավորվում է նաև կոմպրադորական բուրժուազիայի գործողությունների տրամաբանությունը, որի առանցքում կարճաժամկետ շահերի և անձնական անվտանգության համադրությունն է։ Գունդեր Ֆրանկի դիտարկմամբ՝ նման էլիտաները խուսափում են երկարաժամկետ ազգային նախագծերից, քանի որ դրանք ենթադրում են բախում կենտրոնի շահերի հետ։ Նրանք նախընտրում են ներմուծման, ֆինանսական միջնորդության, արժույթային կապիտալի և պետական ռեսուրսների վերահսկման ուղիները։ Ճգնաժամերի ժամանակ այս վարքագիծը դրսևորվում է առավել բացահայտ՝ կապիտալի արտահոսքով, արտաքին միջամտության լեգիտիմացմամբ և ներքին սոցիալական դիմադրության սահմանափակմանն աջակցությամբ։

Պատմական փորձը բազմիցս հաստատել է այս օրինաչափությունը։ Կուբայում մինչև 1959 թվականի հեղափոխությունը տնտեսության առանցքային ոլորտները վերահսկվում էին ամերիկյան կապիտալի կողմից, իսկ տեղական բուրժուազիան գործում էր որպես դրա շահառու և ենթակապալառու։ Նրա աշխարհընկալումը համընկնում էր Վաշինգտոնի քաղաքական տրամաբանության հետ, իսկ Բատիստայի բռնապետությունը ընկալվում էր որպես կայունության ընդունելի երաշխիք։ Հեղափոխության հաղթանակից հետո այդ շերտը կորցրեց իր կառուցվածքային հիմքը և քաղաքական դերակատարումը։

Նմանատիպ օրինաչափություն դրսևորվեց նաև Չիլիում՝ Սալվադոր Ալիենդեի կառավարության տարիներին։ Արդյունաբերության ազգայնացումը և սոցիալական պետության կառուցման փորձերը հարվածում էին կոմպրադորական բուրժուազիայի հիմնական շահերին, ինչի հետևանքով այն դարձավ տնտեսական սաբոտաժի, կապիտալի արտահոսքի և քաղաքական դավադրությունների ակտիվ կազմակերպիչ։ ԱՄՆ-ի աջակցությամբ լեգիտիմացված Պինոչետի զինվորական հեղաշրջումը ուղեկցվեց զանգվածային բռնաճնշումներով և հասարակության երկարատև տրավմայով։

Իրանում, շահական վարչակարգի տարիներին կոմպրադորական բուրժուազիան սերտորեն կապված էր արևմտյան, հատկապես ամերիկյան նավթային և արդյունաբերական շահերի հետ։ Նրա տեխնոկրատական և արևմտամետ մտածողությունը խորապես օտարված էր հասարակության կրոնական և մշակութային հիմքերից։ Ճգնաժամի պահին արտաքին հովանավորների վրա հենվելը չփոխարինեց ներքին լեգիտիմությանը, և հեղափոխության հաղթանակից հետո այդ շերտը քաղաքականապես վերացվեց։

Այս օրինակները կարևոր են ոչ թե որպես անցյալի առանձնահատուկ դեպքեր, այլ որպես կառուցվածքային օրինաչափության դրսևորումներ, որոնք հնարավոր է ճանաչել տարբեր աշխարհագրական և ժամանակային կոնտեքստներում։ Այդ նույն տրամաբանությունը շարունակում է գործել նաև ժամանակակից գլոբալացված պայմաններում, հատկապես փոքր և ծայրամասային պետությունների դեպքում։ Այս դիտանկյունից հնարավոր է ավելի կոնկրետ վերլուծել նաև Հայաստանի ընթացիկ քաղաքական զարգացումները։

Հայաստանի ներկա քաղաքական խոսույթում գերիշխող «ժողովրդավարական անցման», «բարեփոխումների» և «ինստիտուցիոնալ արդիականացման» հռետորաբանությունը հիմնականում դրսևորվում է ոչ միայն որպես ներքին քաղաքական օրակարգ, այլ որպես արտաքին լեգիտիմության ձևավորման հիմնական միջոց։ Քաղաքական իշխանության արդյունավետությունը հաճախ չափվում է ոչ թե երկարաժամկետ ազգային զարգացման նախագծի առկայությամբ, այլ արտաքին դերակատարների գնահատականներով, վարկանիշներով և աջակցությամբ։ Պետական կառավարման առաջնահերթությունները ձևավորվում են վարկային ծրագրերի պայմանականությունների, դոնորական օրակարգերի և «լավ կառավարման» միջազգային չափորոշիչների շրջանակում, ինչի արդյունքում քաղաքական հաշվետվողականությունը աստիճանաբար տեղափոխվում է հասարակությունից դեպի արտաքին ինստիտուցիոնալ միջավայր։

Այս գործընթացը կարելի է դիտարկել որպես կախվածության «փափուկ վերարտադրություն»՝ Գունդեր Ֆրանկի նկարագրած իմաստով, որտեղ ենթակայությունը չի դրսևորվում բաց ճնշման կամ ուղղակի միջամտության ձևով, այլ նորմալացված կառավարման լեզվի միջոցով։
Ժողովրդավարությունը, խաղաղությունը, անվտանգությունը և ինքնության հարցերը այս համատեքստում ձեռք են բերում գործիքային բնույթ՝ կիրառվելով ոչ թե որպես ինքնուրույն քաղաքական արժեքներ, այլ որպես արտաքին միջավայրում ընդունելի լինելու և ֆինանսական ու քաղաքական աջակցություն ապահովելու միջոցներ։

Այս պայմաններում Հայաստանի գործող իշխանական վերնախավը կարելի է բնութագրել որպես մի քաղաքական շերտ, որը գործում է գլոբալացված կառավարման մոդելով՝ առաջնահերթություն տալով մակրոկայունությանը, վարկային քաղաքականությանը և ինստիտուցիոնալ համապատասխանությանը՝ հաճախ անտեսելով հասարակության ներսում ձևավորվող սոցիալական դիմադրությունը և ինքնիշխանության բովանդակային խնդիրները։ Ինստիտուցիոնալ արդիականացումը ներկայացվում է որպես ինքնիշխանության գործառնական փոխարինիչ, իսկ միջազգային ճանաչելիությունը՝ որպես ներքին լեգիտիմության փոխհատուցում։

Այս մոտեցման շրջանակում ազգային շահը վերածվում է հարաբերական և բանակցելի կատեգորիայի, իսկ պետական ռազմավարությունը՝ կարճաժամկետ հարմարվողականության արդյունքի։ Արտաքին կենտրոնների հետ հարաբերությունների կառավարումը գերակշռում է ինքնուրույն զարգացման նախագծի ձևավորմանը, ինչի հետևանքով քաղաքականությունը զրկվում է երկարաժամկետ հհեռանկարից։ Առանց տեխնոկրատական կախվածության այս տրամաբանությունից դուրս գալու և ներքին սոցիալական փոխզիջման վրա հիմնված ազգային զարգացման ռազմավարություն ձևավորելու փորձի՝ կոմպրադոր մտածողությունը շարունակում է վերարտադրվել արդեն նոր, արդիականացված և ինստիտուցիոնալացված ձևերով։

Այսպիսով, կոմպրադորական բուրժուազիան պատմականորեն հանդես է գալիս որպես կայուն, սակայն գաղափարապես սնամեջ կառույց։ Այն կարող է փոխել հռետորաբանությունը, ինստիտուցիոնալ ձևերը և դաշնակիցներին, սակայն ի վիճակի չէ ձևավորել ապագային միտված, ինքնուրույն ազգային ռազմավարական նախագիծ։ Այն հասարակություններում, որտեղ նման մտածողությունը դառնում է իշխող, ինքնիշխանությունը հարաբերականացվում է, քաղաքականությունը զրկվում է երկարաժամկետ հորիզոնից, իսկ ճգնաժամերը ստանում են կառուցվածքային բնույթ։ Այդ պատճառով կոմպրադորական բուրժուազիայի քննադատական վերլուծությունը այլևս միայն տեսական զբաղմունք չէ, այլ քաղաքական անհրաժեշտություն այն հասարակությունների համար, որոնք իրենց ապագան փորձում են կառուցել սեփական, այլ ոչ արտաքին օրակարգերի տրամաբանությամբ։

Արամ Շահնազարյան

«Դրօշակ» թիվ 2, 2026թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company