Միացումից անկախացում
04 Մարտ 2026 (Արցախյան շարժման 36-րդ տարեդարձի առիթով)Ներածություն: Չնայած ԽՍՀՄ-ի գոյության 70-տարիների ընթացքում գործադրված բռնություններին ու հալածանքներին՝ արցախահայությունը երբեք չի դադարեցրել Մայր Հայաստանին միանալու իր համառ պայքարը։
Միութենական հանրապետության կարգավիճակ ունեցող Խորհրդային Հայաստանի և նրանից արհեստականորեն տարանջատված ու Ադրբեջանին բռնակցված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մերձեցման ու վերամիավորման քաղաքական ձգտումները Միացյալ Հայաստանի համար պայքարի յուրօրինակ դրսևորում էին ԽՍՀՄ բռնատիրական վարչակարգի պայմաններում։
Տասնամյակներ շարունակ Խորհրդային Հայաստանում ու Արցախում դիմումների, խնդրագրերի և ժողովրդական հուզումների ձևով արտահայտված այդ համառ պայքարի առանձին դրվագները լռեցվել կամ ճնշվել են խորհրդային ղեկավարության կողմից։ Ու միայն 1985 թվականից հետո ԽՍՀՄ-ում ստեղծված համեմատաբար նպաստավոր քաղաքական պայմանները հնարավորություն ընձեռեցին նորից կյանքի կոչելու միացման գաղափարը: Գորբաչովյան, այդպես կոչված, «վերակառուցման» քաղաքականությունը նպաստեց արցախահայության քաղաքական պայքարի ծավալմանը, և ազատագրումն ադրբեջանական բռնատիրությունից դարձավ օրակարգի հարց: Իսկ ավելի ուշ՝ ԽՍՀՄ-ի փլուզման արդյունքում, Շարժման սևեռուն նպատակը՝ «Միացումը», փոխակերպվեց անջատման միջոցով անկախության նվաճման հիմնախնդրի, որը երկարաձգում, բայց ամենևին էլ չի փակում Միացյալին հասնելու ժամկետներն ու ուղիները։
Արցախյան շարժման նոր փուլը սկզբնավորվեց համաժողովրդական զարթոնքի հորձանուտում: Արտաքուստ թվում էր, թե ընդհանուր շարժումը ղեկավարվում է մեկ կենտրոնի կողմից, սակայն վերլուծելով պատմական դեպքերը և քաղաքական իրադարձությունների հաջորդականությունը, կարելի է ենթադրել, որ որքան էլ պարադոքսալ է նրա ղեկավարման հիմքում կանգնած էին իրար ծայրահեղ հակոտնյա երկու քաղաքական ուժեր:
Սույն հոդվածում կփորձենք բացահայտել և համակարգային վերլուծության ենթարկել այնպիսի փոխկապակցված, միմյանց փոխպայմանա-վորող էական հիմնահարցեր, ինչպիսիք են քաղաքական դաշտի ձևավորման նախադրյալները, քաղաքական ուժերի դիրքորոշումները, ինչ-պես նաև ներքաղաքական հակասությունների պատճառները:
Խնդրո առարկա հիմնահարցը լուսաբանվել և վերլուծվել է արխիվա-յին նյութերի, տպագիր սկզբնաղբյուրային գրականության, մամուլի հրապարակումների, հետազոտությունում արծարծված հիմնահարցերին վե-րաբերող գիտական գրականության հիման վրա:
Կարևոր սկզբնաղբյուրներ են իրադարձությունների մասնակիցների և ականատեսների հուշագրությունները, օրագրություններն ու փաստագրությունները: Այս ժանրի գրավոր աղբյուրների արժեքն այն է, որ, պարունակելով մանրամասներ, լրացնում ու հարստացնում են իրադար-ձությունների մասին պատկերացումները, օգնում ամբողջականորեն հասկանալու դեպքերի զարգացման տրամաբանությունը, դրանց պատ-ճառահետևանքային կապը, պատասխանել բազմաթիվ հարցադրումների:
Ուսումնասիրության մեջ տեղ են գտել քաղաքական տարբեր կողմնո-րոշումներ ունեցող քաղաքական գործիչների վկայություններ:
Այսպիսով՝ ամբողջությամբ օգտագործված սկզբնաղբյուրները հնա-րավորություն կտան վերականգնելու ուսումնասիրվող շրջանի քաղաքա-կան գործընթացների ամբողջական պատկերը:
Արցախյան շարժման նոր փուլի սկզբնավորումը
Արցախյան ազգային-ազատագրական շարժումը նոր փուլ թևակոխեց Խորհրդային Միությունում գորբաչովյան, այդպես կոչված, «վերակա-ռուցման» քաղաքականությանն անցնելուց հետո: 1980-ական թվականնե-րի կեսերից մտավորականության և ուսանողության շրջանում արդեն սկսել էին բարձրաձայն քննարկվել ԼՂԻՄ-ում տասնամյակներ շարունակ կուտակված քաղաքական, տնտեսական, մշակութային հիմնախնդիրնե-րը` մատնանշելով հայկական երկրամասը մայր Հայաստանին վերա-միավորելու վաղեմի իղձերի իրագործման ուղիները:
Քննարկվող հարցերի գործնական ընթացքն ապահովելու նպատակով դեռևս 1981 թ. Ստեփանակերտում ստեղծվել էր «Արցախ» ընդհատակյա կազմակերպությունը, իսկ 1986 թ. այն վերանվանվեց «Արցախական միություն» կամ «Արցախյան ազգային միություն»:
Կազմակերպության ստեղծման գործում մեծ դերակատարություն ու-նեցան Արկադի Կարապետյանը, Հակոբ Խաչատրյանը, Իգոր Մուրադյա-նը, Արթուր Մկրտչյանը, Մանվել Սարգսյանը, Էմիլ Աբրահամյանը և այլք։ Կազմակերպության կենտրոնական կոմիտեի նախագահ ընտրվեց Արկադի Կարապետյանը, իսկ քարտուղար՝ Հակոբ Խաչատրյանը: Միության մեջ ընդգրկված էին նաև երիտասարդ մտավորականներ, ուսանողներ, որոնք ընդհատակյա պայքարի փորձ ձեռք բերեցին ու ազատագրական շարժման կրողները դարձան` հետագայում ստանձնելով ուսանողության կազմակերպման, նրանց գաղափարական կողմնորոշման առաքելությունը:
1987 թ. վերջերին 1988 թ. սկզբներին արցախյան ազգային-ազատագրական պայքարը նոր թափ ստացավ: Շարժման մեջ ներգրավվածները սկզբնական շրջանում հարցի լուծումը փնտրում էին Խորհրդային Միության նոր ղեկավարության հետ ակտիվ շփումների մեջ։ Շարժման ղեկավարությունն ամեն առիթով փորձում էր մոսկովյան ատյաններում ար-ցախցիների պայքարը ներկայացնել վերակառուցման և հրապարակայ-նության գաղափարների լույսի ներքո՝ դրան օրինական տեսք տալու համար:
Դրա առաջին դրսևորումը դարձավ Լեռնային Ղարաբաղը Հայաստա-նի հետ վերամիավորելու 1987 թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած ստորագրահավաքը: Կազմակերպության ջանքերով հավաքվում էին Արցախի և Ադրբեջանի տարածքում հայության իրավունքների ոտնահարումը և «սպիտակ ցեղասպանությունը» հաստատող փաստեր:
1988 թ. փետրվարի սկզբին կազմակերպությունը լուծարվում է՝ անդամների քաղաքական տարաձայնությունների պատճառով։
Շարժման մեջ, բացի ազգային-ազատագրական պայքարի գաղափա-րով առաջնորդվող հայրենասիրական ուժերից, ներգրավվեցին նաև կոմունիստական կուսակցական ակտիվը, ինչպես նաև հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարները:
Միաժամանակ նշենք նաև, որ գոյություն ունի կարծիք, թե և՛ Արցախում, և՛ Հայաստանում արդեն թափ հավաքած շարժման մեջ ընգրկվեցին խորհրդային հատուկ ծառայությունների գոր-ծակալներ, ովքեր կարողացան շարժման վերահսկողությունը վերցնել ի-րենց ձեռքը՝ փոխելով դրա ընթացքը և ուղղությունը՝ ազգային նպատակ-ներից անցնելով Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) ժողովրդավարացման համար ընդհանուր պայքարի: Այսօր նրանց գործունեության պատմությունը դեռևս լուսաբանված չէ:
1988 թ. փետրվարի կեսերին «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագ-րատանը ստեղծվում է մի նոր նախաձեռնող խումբ, որի ղեկավար ընտրվեց Արկադի Մանուչարովը։ Քիչ անց, 1988 թ. մարտի 1-ին ստեղծվեց «Կռունկ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը կամ կոմիտեն: Հիմնադիր ժողովում ընտրվեց խորհուրդ՝ հետևյալ կազմով. Արկադի Մանուչարով (նախագահ), Ռոբերտ Քոչարյան, Վարդան Հակոբյան, Մաքսիմ Միրզոյան (տեղակալներ), Գուրգեն Գաբրիելյան, Հրաչյա Բեգլարյան, Ժաննա Գալստյան, Համլետ Գրիգորյան, Արկադի Կարապետյան, Վալերի Մարության, Համլետ Մովսիսյան, Յուրի Ներսիսյան, Բենիկ Օվչյան։ Կոմիտեն իր աշխատանքները կանոնավոր հունի մեջ դնելու նպատակով ստեղծում է հանրահավաքների կազմակերպման, լոզունգնե-րի պատրաստման, ֆինանսների, քաղաքական հարցերի, գաղթի և արտագաղթի, լրատվության, հասարակական կարգի պահպանման, անվ-տանգության և քարտուղարության հանձնաժողովներ։
1988 թ. մարտի 24-ին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշեց լուծարել «Կռունկ» կոմիտեն, արգելել ցույցերը, գործադուլները և հանրահավաքները: Կոմիտեն անցավ ընդհատակ, իսկ 1988 թ. հուլիսի 29-ին տրոհվեց, վերջինիս հենքի վրա ստեղծվեցին «Տնօրենների խորհուրդ» և «Միացում» կազմակերպությունները։ «Տնօրենների խորհուրդ» կազմակերպությունը գլխավորեց Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի տնօրեն Բորիս Առուշանյանը, իսկ «Միացումը»՝ Ռոբերտ Քոչարյանը:
Սակայն այս նոր մարմիններն ի զորու չէին Արցախի ողջ տարածքում համակարգել օրեցօր թափ առնող ազատագ-րական պայքարը:
Դրան զուգահեռ, 1988 թ. փետրվարի 24-ին «Արցախյան ազգային միություն» կազմակերպության հիմքի վրա ստեղծվում է «Հայոց Ընկերվարական Արցախական Կուսակցությունը» (ՀԸԱԿ)։ Սկզբնական շրջա-նում այն ավելի շատ դեկլարատիվ բնույթ էր կրում` չուներ ծրագիր և կա-նոնադրություն: 1988 թ. սեպտեմբերի 17-ին հրավիրված ընդհանուր ժո-ղովը հաստատում է կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը։ Ծրագրի առանցքը կազմում էր Հայ Դատը: Որպես գործունեության սկզբունք ՀԸԱԿ-ը որդեգրել էր ապակենտրոնացումը, հաշվի առնելով հայության և մասնավորապես` արցախահայության ազգային ու քաղաքական իրականության առանձնահատկությունները: Կազմավորվեց ղեկավարություն հետևյալ կազմով՝ Հակոբ Խաչատրյան (նախագահ), Լևոն Ավանեսյան (քարտուղար), Արկադի Կարապետյան (մարտական գործերի պատասխանատու), Գենադի Ներսիսյան, Աշոտ Սարգսյան, Վարդան Արզումանյան, Ալեքսանդր Ավետիսյան: ՀԸԱԿ ղեկավար մարմնին կից գործում էին գաղափարախոսության-քարոզչության, մար-տական, տնտեսական և հատուկ բաժինները :
ՀԸԱԿ-ը հրատարակում է «Վերածնունդ» պաշտոնաթերթը: ՀԸԱԿ ղեկավարությունը գտնում էր, որ հարցի լուծման, այսպես կոչված, քաղաքական՝ խաղաղ տարբերակը ցանկալի է, բայց ոչ իրատեսական, ուստի կոչ էր անում արցախահայությանը համախմբվել, զինվել և նախա-պատրաստվել ինքնապաշտպանության: Նույնիսկ Սումգայիթյան եղեռ-նագործությունից հետո ՀԸԱԿ-ը որոշում է արյանը արյամբ պատասխա-նել` պատժիչ գործողություն իրականացնել ադրբեջանաբնակ Ջամիլու գյուղում: Արցախի քաղաքական այլ ուժերը տեղեկանալով այդ մասին, կանխում են` «համոզելով», որ նման գործողությունը կվնասի ազգային-ազատագրական պայքարի քաղաքական ոգուն։
Ղեկավարության հրահանգով ստեղծվեցին գաղտնի ինքնապաշտպանական ջոկատներ, որի կազմակերպման և զինման գործառույթները դրվեցին Արկադի Կարապետյանի և Աշոտ Ղուլյանի վրա (Բեկոր): Ինքնապաշտպանական ջոկատների հիմնական զինանոցը ինքնաշեն զենքերն էին: Այդ ժամանակ Արցախում լայն թափ էր ստացել ինքնաշեն զենքերի արտադրությունը: 1988 թ. նոյեմբերին փորձարկվում են Աշոտ Ղուլյանի նախագծած ականներն ու նռնակները, ինչպես նաև ականանետը:
Այսպիսով, վերոնշյալ սպառնալիքների պայմաններում՝ 1988 թ. փետրվարյան բուռն իրադարձությունների բովում ծնված զինված ազատագրական և ինքնապաշտպանության գաղափարը դարձավ հրամայա-կան անհրաժեշտություն: Սակայն վերոնշյալ կազմակերպությունները չէին կարող լիարժեք ստանձնել ազգային-ազատագրական պայքարի առաջատարի դերը, քանի որ չունեին քաղաքական ու զինված պայքարի փորձ և մշակված ռազմավարություն, այսինքն՝ այն, ինչ պահանջում է ազգային-ազատագրական շարժման տրամաբանությունը: Նշված դերակատարությունները կարող են ստանձնել միայն փորձառու ազգային կուսակցությունները, որոնք, ավելի ուշ միացան շարժմանը:
Ստեղծված իրավիճակում ՀԸԱԿ ղեկավարությունը քաղաքական ո-րոշում կայացրեց խորհրդակցություններ իրականացնել Հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր ձևավորել ազգային-ազատագրական պայքարի տրամաբանությանը համահունչ միասնական քաղաքական օրակարգ, ինչպես նաև համագործակցության ուղիներ:
Այս համատեքստում 1989 թ. ապրիլին Երևանում գաղտնի խորհրդակցություններ տեղի ունեցան ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Երկարատև քննարկումներից հետո ՀԸԱԿ ներկայացուցիչները ՀՅԴ Բյուրոյի հետ համաձայնության եկան այդուհետ հանդես գալու որպես ՀՅԴ Արցախի կառույց: ՀԸԱԿ ծրագիրն ու գործելաոճը շատ մոտ էր ՀՅԴ գաղափարական ու կազմակերպական նախասիրություններին։ 1989 թ. մայիսի 3-ին ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ հատուկ շրջաբերականով ստեղծվեց ՀՅԴ Արցախի «Անտառ» կոմիտեն՝ հետևյալ կազմով. Հակոբ Խաչատրյան, Լևոն Ավանեսյան, Արկադի Կարապետյան, Գենադի Ներսիսյան, Աշոտ Սարգսյան:
ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ Արցախ է գործուղվում Բյուրոյի գործիչ Վարանդ Փափազյանը: Նրա ցուցումներով և ակտիվ գործունեության շնորհիվ վերակազմվում են նախկին կուսակցական (ՀԸԱԿ) խմբերը, ստեղծվում են նորերը։
Հետագայում ներքին տարաձայնությունների պատճառով Հակոբ Խաչատրյանը և մի շարք ՀԸԱԿ անդամներ դուրս եկան ՀՅԴ շարքերից: Վերջիններս 1990 թ. հիմնադրեցին «Հայ ազգայնական ճակատ» կազմակերպությունը, որի գաղափարական հիմքը Գարեգին Նժդեհի կողմից մշակված Ցեղակրոն գաղափարախոսությունն էր։ «Հայ ազգայնականութ-յան ճակատ» կազմակերպությունը, բացի քաղաքական թևից, ուներ նաև ռազմական թև, որը կոչվել է «Ցեղակրոն» կամավորական ջոկատ: Այն կազմավորվել է 1990 թվականի օգոստոսի 11-ին։
Ջոկատում հիմնակա-նում ընդգրկվել են ուսանողներ։ 1990–1993 թվականներին ջոկատը մասնակցել է Արցախի Հանրապետության Մարտունու (Ղարադաղլու), Ասկերանի (Փառուխ, Դահրազ, Սառնաղբյուր), Շուշիի (Բերդաձորի են-թաշրջան), Մարտակերտի (Տոնաշեն, Թալիշ, «Պուշկինյալ» և հեռուստաաշտարակի բարձունքների, Դրմբոն, Առաջաձոր) շրջանների ինքնա-պաշտպանական և ազատագրական մարտերին։ Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ ջոկատը տվել է 27 զոհ: 1992–1993 թթ. Արցա-խում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակում (ԼՂՀ առաջին գու-մարման ԳԽ նախագահության և Պաշտպանության պետական կոմիտեի միջև ծագած քաղաքական հակամարտության շրջանում) ջոկատի մի մասը ստանձնել է ԼՂՀ ԳԽ շենքի և նախագահության անդամների պահպանությունը: 1993 թվականին ջոկատը լուծարվել է:
Արցախում ստեղծված քաղաքական նոր իրողության պայմաններում ջոկատի մարտիկների մի մասը նույնպես ձերբակալվեց քաղաքական հայացքների պատճառով: Նրանք անցան խոշտանգումների միջով, սակայն հանցակազմի բացակայության պատճառով ազատ արձակվեցին: Նույն բախտին արժանացավ նաև Հակոբ Խաչատրյանը։ Վերջինս բանտից ազատվելուց հետո ունեցավ հոգեբանական լուրջ խնդիրներ և մինչև մահկանացուն կնքելը չկա-րողացավ համակերպվել արժեհամակարգային փոփոխության իրողության հետ: Միաժամանակ նշենք, որ Հակոբ Խաչատրյանը չարժանացավ պետական որևէ ուշադրության։
Քաղաքական գործընթացների հետագա ծավալումը Արցախում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձևավորումը
ՀՅԴ-ն լինելով ազգային-ազատագրական պայքարի գաղափարակիր՝ նոր մարտահրավերներին դիմակայելու նպատակով անմիջապես իր վրա վերցրեց Արցախում ինքնապաշտպանական ջոկատների ստեղծման և զինման գործը:
Ընդառաջ գնալով օրվա հրամայականին՝ ՀՅԴ գործիչները, տեղի ազգային ուժերի հետ միասին, առաջին գործնական քայլերը ձեռնարկեցին ինքնապաշտպանության ջոկատները միավորելու ուղղությամբ: 1990 թ. կեսերից Արցախում արդեն գործում էր կենտրոնական շտաբ: Արցախի պաշտպանության կազմակերպման գործընթացը սկսվեց համակարգվել մեկ կենտրոնից: Շտաբի ձևավորման գործընթացում մեծ դերակատարություն ունեցան Սամվել Աղայանը Մուրադ Պետրոսյանը և այլն: Շտաբի պետ և ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանա-տար դարձավ Արկադի Կարապետյանը (Դաշնակ Ագո)։ Հետագայում հետախուզության պետ նշանակվեց Վալերի Բալայանը։ Յուրաքանչյուր շրջան ուներ իր հրամանատարությունը, որոնք ենթարկվում էին կենտրո-նական շտաբին՝ բացառությամբ մի քանի ջոկատների։
Ինքնապաշտպանական ուժերը մարտական առաջին մկրտությունը ստացան Հյուսի-սային Արցախում և Հադրութում:
Շարժումը ղեկավարելու և քաղաքական գործընթացները համակար-գելու նպատակով կենտրոնական շտաբին կից ստեղծվեց 7 հոգուց բաղկացած այսպես կոչված՝ «Կոորդինացիոն խորհուրդ», որի կազմում ընդգրկված էին Արցախում գործող քաղաքական ուժերի ներկայացուցիչները (Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան, Գեորգի Պետրոսյան, Վալերի Բալայան, Ժաննա Գալստյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Մուրադ Պետրոսյան): Միաժամանակ նշենք, որ Կոորդինացիոն խորհրդի ստեղծմամբ փորձ կատարվեց համախմբել այդ ժամանակաշրջանում Արցախում գործող հակոտնյա երկու քաղաքական ուժերը: Խորհուրդը, հատկապես Շարժման առջև կանգնած դիվանագիտական բնույթի հարցերի լուծման գործում, ոչ միայն ցուցաբերում էր մեծ ակտիվություն, այլև դարձել էր գործողությունների օրինական, իրավական հիմքերի մշակ-ման կենտրոն:
Մինչև ԼՂՀ հռչակումը և ԳԽ ընտրությունները, Արցախում որոշ չա-փով պահպանվում և գործում էին խորհրդային իշխանության մարմինները, սակայն մարզում ստեղծված իրադրությամբ և դեպքերի զարգացման ընթացքով թելադրված հիմնախնդիրները լուծելու գործում վերջիններս ցուցաբերում էին երկչոտություն, ինչը բացասական ազդեցություն էր թողնում մարզի կառավարման համակարգի արդյունավետության վրա: Ստեղծված իրավիճակով պայմանավորված Կոորդինացիոն խորհուրդը մասամբ իր վրա վերցրեց կառավարման համակարգի լիազորություննե-րը:
Արցախահայության վիճակն ավելի ծանրացավ ԽՍՀՄ լուծարման նախաշեմին: 1991 թ. օգոստոսից հետո՝ ԽՍՀՄ-ի փլուզման գործընթացի արագացման համատեքստում ստեղծվեց քաղաքական նոր իրադրություն. օգտվելով նպաստավոր պայմաններից՝ ԽՍՀՄ տարածքում գտնվող ազգային միավորումները հռչակեցին իրենց անկախությունը, որպեսզի չմնան կայսրության փլատակների տակ:
Մինչ այդ, ԽՍՀՄ պետական բարձրագույն օրենսդիր ատյանը 1990 թ. ապրիլի 3-ին ընդունել էր «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետությունների դուրս գալու հետ առնչվող հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքը: Այս օրենքը հստակեցնում էր ոչ միայն բոլոր միութենական հանրապետությունների, այլև ինքնավար կազմավորումների, անգամ ինքնավար շրջանների, և հոծ ապրող ազգային խմբերի՝ ԽՍՀՄ-ից դուրս գալու իրավական հիմունքները:
Օրենքի 3-րդ հոդվածում ասվում էր. «Իր կազմում ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր ու շրջաններ ունեցող միութենական հանրապետություններում հանրաքվեն անց է կացվում յուրաքանչյուր ինքնավարության հաշվով առանձին: Ինքնավար հանրապետությունների և կազմավորումների ժողովուրդներին է մնում ԽՍՀՄ-ում կամ դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու, ինչպես նաև իր պետական կարգավիճակի հարցը դնելու իրավունքը:
Այն միութենական հանրապետությունում, որտեղ կան տվյալ վայրի բնակչության մեծամասնություն կազմող և հոծ թվով բնակվող ազգային խմբերի տարածքներ, հանրաքվեն հանրագումարելիս քվեարկության արդյունքները հաշվի էի առնվում առանձին»։
Այդ օրենքի ընդունման օրից հոծ բնակվող ազգային խմբերը ԽՍՀՄ-ի լուծարման պարագայում ԽՍՀՄ պետական իրավունքի կրողներ էին դարձել:
Բայց հիմք ընդունելով հենց 1990 թ. ապրիլի 3-ի օրենքը՝ Ադրբեջանի ԳԽ-ն 1991 թ. օգոստոսի 30-ին ընդունում է «Ադրբեջանի Հանրապետության անկախության վերականգնման մասին» հռչակագիր, որով Բաքուն հրաժարվում է Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդությունից և վերականգնում 1918-1920 թթ. գոյություն ունեցած ԱՀ-ի պետականությունը: Իսկ հոկտեմբերի 18-ին ընդունվեց Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին սահմանադրական ակտը, որով Բաքուն ամրագրեց իր հրաժարումը Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդությունից։
Պետք է ընդգծել, որ Բաքուն, վերադառնալով 1918-1920 թթ. իրողություններին, վերականգնեց Ազգերի լիգայի կողմից դե-յուրե չճանաչված մուսավաթական ԱՀ-ի պետականությունը, որը չուներ ճանաչված, լեգիտիմ սահմաններ և չէր վերահսկում ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ էլ Նախիջևանը: Նկատենք նաև, որ Ադրբեջանի անկախությունն ընդունվեց ոչ թե հանրաքվեի արդյունքում, այլ հայտարարվեց հանրապետության գերագույն օրենսդիր մարմնի կողմից, որի կազմի մեջ չկար ներկայացուցիչ ո՛չ ԼՂԻՄ-ից, ո՛չ էլ հայաբնակ այլ տարածքներից: Մյուս կողմից էլ՝ Հայաստանի ՀՀՇ-ական իշխանությունը լիովին չէր կողմնորոշվել Արցախի վերամիավորման՝ համայն հայության պահանջի հարցում: 1991 թ. սեպտեմբերի 2-ին Մոսկվայում կայացած ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանում Լ. Տեր-Պետրոսյանը պահանջեց միայն բարձրացնել ինքնավար մարզի կարգավիճակը։
Ստեղծված անորոշության պայմաններում և հաշվի առնելով Հայաստանի հետ վերամիավորման պահանջի բավարարման անհնարինությունը՝ ԽՍՀՄ-ում ու միջազգային որոշ կազմակերպություններում, ինչպես նաև նկատի ունենալով խնդիրը որպես Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնություն դիտվելու վտանգը, ինչը կարող էր անկասելի դարձնել հայ-ադրբեջանական պատերազմը, ԼՂ իշխանություններն ընտրեցին միակ ճիշտ, հանգրվանային տարբերակը՝ սեպտեմբերի 2-ին ընդունելով ԼՂՀ անկախության մասին հռչակագիր։ Դրանով ԼՂ-ն մի կողմից՝ իրեն հայտարարեց Ադրբեջանից դուրս, մյուս կողմից՝ առերես հրաժարվեց Հայաստանի հետ վերամիավորումից։ Այդ պահից փոխվեց Արցախյան շարժման բնույթը, և այն ընդունեց անկախ պետականություն կերտելու շեշտված ուղղվածություն։
Այսպիսով, ԽՍՀՄ-ի լուծարման հետևանքով նախկին Ադր. ԽՍՀ-ի տարածքում կազմավորվեցին երկու անկախ պետություններ՝ ԼՂՀ-ն և Ադրբեջանի Հանրապետությունը (ԱՀ):
Պետական ինսիտուտների կազմավորման սկիզբը:
ԼՂՀ-ի հռչակումից հետո սկսվեց նոր իշխանական կառույցների, առաջին հերթին՝ օրենսդիր մարմնի՝ ԳԽ-ի ձևավորման գործընթացը: Պետական և ռազմական շինարարության խնդիրները լուծվում էին չընդհատվող ռազմական գործողությունների պայմաններում: ԼՂՀ առաջին գումարման ԳԽ-ում, որը հետագայում անվանվեց ԼՂՀ խորհրդարան (այժմ՝ ԼՂՀ Ազգային ժողով), պետք է ընտրվեր 81 պատգամավոր: Ընտրությունների օրը նշանակվեց 1991 թ. դեկտեմբերի 28-ը: Կազմավորվեց 81 ընտրատարածք։
1991 թ. դեկտեմբերի 28-ին կայացան ԼՂՀ ԳԽ ընտրությունները, որոնք անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով՝ ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ:
Հանրապետության ԳԽ ընտրությունների մասին տեղյակ էր պահվել Շուշիի, ինչպես և ադրբեջանաբնակ մյուս բնակավայրերի բնակիչներին։ Ադրբեջանցիները կատարեցին ԱՀ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հրամանը և չմասնակցեցին ընտրություններին, ինչպես որ չէին մասնակցել հանրաքվեին։
ԼՂՀ ԳԽ ընտրություններից հետո՝ 1992 թ. հունվարի 6-ին, Ստեփանակերտում՝ նախկին մարզխորհրդի նիստերի դահլիճում, 80 դիտորդների ու լրագրողների ներկայությամբ, «Հայր մեր» տերունական աղոթքով իր աշխատանքներն սկսեց ԼՂՀ առաջին գումարման ԳԽ առաջին նստաշրջանը: Նույն օրն ընդունվեց «ԼՂՀ պետական անկախության հռչակագիրը»։
Հանրապետության սահմանները պաշտպանելու և բնակչության անվտանգությունն ապահովելու համար հենց առաջին նիստում որոշվեց ստեղծել հանրապետության իշխանության բարձրագույն մարմիններին ենթակա սեփական ռազմական ուժեր, հասարակական կարգի պահպանության ու պետական անվտանգության մարմիններ և բոլոր ռազմական ուժերը միավորել մեկ հրամանատարության ներքո։
Հունվարի 7-ի նիստում պատգամավորները ձեռնամուխ եղան ԳԽ նախագահի ընտրության հարցի քննարկմանը:
Առաջադրվեցին 7 թեկնածուներ՝ Լեոնարդ Պետրոսյան, Օլեգ Եսայան, Ռոբերտ Քոչարյան, Արթուր Մկրտչյան, Լևոն Մելիք-Շահնազարյան, Արկադի Մանուչարով և Շահեն Մեղրյան: Թեկնածուներից հինգը ինքնաբացարկ հայտարարեցին, և մնացին Արթուր Մկրտչյանն ու Լեոնարդ Պետրոսյանը: Մի քանի անգամ քվեարկություն կատարվելուց հետո 42 ձայնով ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ ընտրվեց ՀՅԴ անդամ, պատմական գիտությունների թեկնածու, 33-ամյա Արթուր Մկրտչյանը:
Արթուր Մկրտչյանի ընտրությունը շատերի համար անսպասելի էր: Ըստ ԼՂՀ առաջին գումարման ԳԽ պատգամավոր, «Արցախի ժողովրդական ճակատ» կազմակերպության ղեկավար Մուրադ Պետրոսյանի. «Ոչ ոք կասկածի տակ չէր դնում, որ նախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի Քոչարյանը, որին, ամեն ինչից բացի, աջակցում էր պաշտոնական Երևանը:
Բայց Ռոբերտը մինչև նիստն սկսվելը հայտարարում է. «Նախագահի պաշտոնի համար առաջադրվելու է Լեոնարդ Պետրոսյանը»: Ինչքան էլ որ նրան բացատրեցինք, որ «Լեոնարդը չի անցնի», անօգուտ եղավ: Մեր կանխագուշակումը հաստատվեց. Պետրոսյանն ընդամենը 8 ձայն հավաքեց: Քոչարյանն ու շատերը շոկի մեջ էին ոչ միայն Մկրտչյանի սենսացիոն ընտրությունից: Պարզվեց, որ խորհրդարանի պատգամավորների կեսը Դաշնակցության անդամներ են»։
ՀՅԴ-ի հաղթանակը քաղաքական ցնցում հանդիսացավ նաև Հայաստանի նոր իշխանության համար, որը տակավին չէր հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվում Արցախում: ՀՀ իշխանությունները չշնորհավորեցին ԼՂՀ նորընտիր իշխանություններին: Պատճառը պարզ էր. Արցախում իշխանության էին եկել Հայաստանի Հանրապետության ՀՀՇ-ական ղեկավարության համար ոչ ցանկալի ուժեր: Փաստորեն, պաշտոնական Երևանը ԼՂՀ-ի համար այդ դժվարին պայմաններում գնաց բացահայտ քաղաքական առճակատման Ստեփանակերտի հետ:
Դրա արտահայտությունը դարձան ԼՂՀ իշխանությունների նկատմամբ ՀՀ ղեկավարության հետագա վերաբերմունքն ու ձեռնարկած քայլերը:
Ստեղծվեց նաև Նախարարների խորհուրդ (ՆԽ), որի նախագահ հաստատվեց Օլեգ Եսայանը, իսկ տեղակալ՝ Բորիս Առուշանյանը: Ընտրված պատգամավորների մեծամասնությունը ՀՅԴ անդամներ էին, սակայն ԳԽ նախագահի ընտրություններում հաղթանակ տանելով՝ ՀՅԴ-ն որոշում ընդունեց երկրում ներքաղաքական կայունությունը պահպանելու նպատակով մի շարք կարևոր ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ ՆԽ նախագահի պաշտոնը, հանձնել մյուս քաղաքական ուժերին: ԼՂՀ ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանի առաջարկով ԼՂՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալի պաշտոնի համար առաջադրվեց Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, սակայն փակ գաղտնի քվեարկության ժամանակ թեկնածուն անհրաժեշտ քվեներ չստացավ: Նախագահի առաջին տեղակալի պաշտոնը մնաց թափուր :
Հունվարի 11-ին տեղի ունեցան ԼՂՀ ԳԽ պատգամավորների լրացուցիչ ընտրություններ. 11 թափուր տեղի համար ընտրվեց 9 պատգամավոր, որոնց իրավունքները հաստատվեցին ԳԽ նստաշրջանի հունվարի 17-ի նիստում: Նույն օրը ԼՂՀ ԳԽ նախագահի տեղակալ ընտրվեց ՀՅԴ անդամ Գեորգի Պետրոսյանը, քարտուղար՝ պատմական գիտությունների թեկնածու, անկուսակցական Վլադիկ Հակոբյանը :
ԳԽ նստաշրջանն ընդունեց «Արտակարգ դրության մասին» օրենքը: Ապա կազմավորվեցին ԳԽ մշտական հանձնաժողովները և հետևյալ խումբ-խմբակցությունները՝ ՀՅԴ խմբակցություն, «Արցախի ժողովրդական ճակատ» պատգամավորական խումբ, «Մարտակերտցիների խումբ», «Միացում» պատգամավորական խումբ, չեզոք անդամներ ու զինվորականներ։
ԼՂՀ ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանը հունվարի 26-ից փետրվարի 2-ը կատարեց իր առաջին պաշտոնական այցը Երևան:
Պաշտոնական տեղեկագրերում մանրամասներ չեն պահպանվել այդ այցի վերաբերյալ, սակայն գոյություն ունեն տեսակետներ այն մասին, թե ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Արթուր Մկրտչյանին ընդունել է խիստ սառը և պահանջել հրաժարական տալ։
Իսկ ռազմական իրադրությունը ԼՂՀ-ում շարունակում էր շիկանալ: Օրեցօր սաստկացող մարտական գործողությունները հրամայաբար պահանջում էին կատարելագործել ոչ միայն ինքնապաշտպանական ուժերի (ԻՊՈՒ) կառուցվածքային ու մարտական հնարավորությունները, այլ նաև կառավարման համակարգը։ Մարտի 4-ի ԳԽ նախագահության նիստում Արցախի ԻՊՈՒ հրամանատար նշանակվեց գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանը։ Նույն օրը նախագահությունը որոշեց, ԼՂՀ ԳԽ 1992 թ. հունվարի 9-ի որոշմանը համապատասխան, հաստատել ԼՂՀ պաշտպանության խորհրդի (ՊԽ) կազմը։
Այնուհետև ԳԽ նախագահությունը ձեռնամուխ եղավ նաև կառավարության մի շարք պաշտոնների նշանակմանը, ԼՂՀ ՆԽ կազմը հաստատելուն, ԼՂՀ կառավարության անհատական կազմի մասին որոշումների նախագծերի քննարկմանը։
«ԼՂՀ ՆԽ-ի մասին» ԼՂՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան հաստատվեց ԼՂՀ կառավարությունը, և առաջնորդվելով «ԼՂՀ ՆԽ-ի մասին» ԼՂՀ օրենքով՝ հանձնարարվեց վերջինիս անցնել իր լիազորությունների կատարմանը։
Այսպիսով, ոչ վերջնականապես, բայց ձևավորվեց ԼՂՀ գործադիր իշխանությունը, որը պետք է լուծեր երկրին վերաբերող սոցիալ-տնտեսական և մի շարք այլ հարցեր։ Սակայն պետք է նշել, որ կազմավորելով ԼՂՀ կառավարությունը՝ ԼՂՀ ԳԽ նախագահությունը գործադիր իշխանության կարևորագույն լիազորություններն իրեն վերապահեց մինչև 1992 թ. օգոստոս (Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումը)։ Դա մեծապես պայմանավորված էր նրանով, որ իրադրությունը ռազմաճակատում դեռևս անչափ լարված էր և հնարավորություն չէր տալիս ԳԽ նախագահությանն ավարտել իշխանական լիազորությունների օպտիմալ բաշխումը, կառավարման համակարգի կենտրոնացումն ու կատարելագործումը:
Ելնելով ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրադրությունից և ղեկավարվելով «ԼՂՀ ՆԽ-ի մասին» ԼՂՀ օրենքի 24-րդ հոդվածով՝ հանրապետության անվտանգության և պաշտպանության ապահովման անհետաձգելի միջոցառումների մշակման ու իրագործման շրջանակներում մինչև ԼՂՀ պաշտպանության նախարարության կազմավորումը՝ 1992 թ. մարտի 26-ին, ԼՂՀ ՆԽ-ին առընթեր ստեղծվեց ԼՂՀ պաշտպանության կոմիտե (ՊԿ)։
Հանրապետությունում ներքին կայունություն պահպանելու նպատակով` ԼՂՀ ԳԽ նախագահությունը, ներքին պայմանավորվածության համաձայն, ստիպված որոշում կայացրեց ՊԿ-ի նախագահ նշանակել Սերժ Սարգսյանին։ ԼՂՀ ԳԽ նախագահության և ինքնապաշտպանության ուժերի հրամանատարության ազդեցիկ ղեկավարների մեծամասնությունը դեմ էր Սերժ Սարգսյանին այդ պաշտոնում նշանակմանը: Վերջինիս նշանակման գործընթացում մեծ դերակատարություն ունեցավ նաև այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը: Ըստ ԼՂՀ ԳԽ նախագահության որոշ անդամների վկայությունների՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանը, ՊԿ-ի նախագահի ընտրության նիստի ժամանակ ԼՂՀ ղեկավարության և ինքնապաշտպանության ուժերի հրամանատարության վրա ազդելու նպատակով օգտագործել է այնպիսի գործիքակազմեր, որոնք դուրս են քաղաքականության մեջ երկխոսության և բանավեճերի ընդունված նորմերից։
Այդ որոշումից հետո ԳԽ նախագահությունը նպատակահարմար գտավ, որ ԼՂՀ ԳԽ նախագահը մի անգամ ևս հանդիպի ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հետ՝ երկկողմ հարաբերությունների բարելավման նպատակով։ Ա. Մկրտչյանը Երևան մեկնեց մարտի 30-ին և հաջորդ օրը հանդիպեց ՀՀ նախագահի հետ: Զրույցի ընթացքում ՀՀ նախագահը Արթուր Մկրտչյանին նորից հասկացրել է, որ նա իր տեղը պետք է զիջի ՀՀՇ-ական որևէ մեկին, հակառակ դեպքում Հայաստանը կարող է դադարեցնել ռազմական օգնության ցուցաբերումը Արցախին։
ԼՂՀ ԳԽ նախագահության և ԻՊՈՒ հրամանատարության ազդեցիկ ղեկավարների մեծամասնությունը դեմ էր նախագահի պաշտոնից Ա. Մկրտչյանի հնարավոր հրաժարականին։ Մինչդեռ առանց ՀՀ-ի ամենաբարձր մակարդակով օգնության՝ հնարավոր չէր պաշտպանել Արցախը։ Փաստորեն, ԼՂՀ ԳԽ նախագահը կանգնած էր երկընտրանքի առջև։ Եվ այդ ժամանակ էլ Արցախում արդեն նշմարվում էր երկիշխանության ուրվականը:
Այս համատեքստում չենք կարող չհիշատակել մի իրադարձություն, որը տեղի ունեցավ Արցախում մինչև Արթուր Մկրտչյանի մահը: Արտաքին ուժերի ազդեցության ներքո փորձ կատարվեց մասնատել նորաստեղծ պետականությունը, և այդ գործընթացի սկիզբը դրվեց Մարտակերտում: Հարկ է նշել, որ այս իրադարձության վերաբերյալ նշված ժամանակաշրջանի քաղաքական գործիչների շրջանակներում մինչ օրս էլ կան իրարամերժ կարծիքներ։ Սակայն երևի այդ իրադարձությունից դրդված՝ ապրիլի 3-ին ԼՂՀ ԳԽ նախագահությունը դիմում հղեց ԼՂՀ բնակչությանը, որում, մասնավորապես, ասվում էր. «…Հայրենակիցներ, մենք Ձեզ կոչ ենք անում սթափ և սառնասիրտ գնահատել Արցախի ներկա իրավիճակի ողջ բարդությունը, չենթարկվել խուճապահարույց սադրանքների։ Ժամանակի հրամայականն է՝ դիմակայել ցանկացած դավերի։ Մեր ինքնապաշտպանական ուժերը հրաշքներ են գործում։ Անհավասար կռվում հայրենիքի անձնվեր զավակների թափած արյան գնով թիզ առ թիզ ազատագրվող այս սուրբ հողը չենք զիջի ոչ մեկին։
Մեկ անգամ ևս հիշենք. անարգ ու բիրտ ուժին բոլորս միասին դիմագրավենք՝ որպես մեկ հոգի և մեկ մարմին։
Պատմության օրենքն է՝ ազատությունը ձեռք է բերվում ուժերի գերագույն լարումով, վերանձնական զոհողությամբ, տքնաջան աշխատանքով և կազմակերպվածությամբ։
Մեր պայքարը խարսխվում է մեր անդառնալի որոշման, անկոտրում կամքի վրա, որոնք կռվաններն են մեր հուսալի ապագայի։ Այդ ապագան մեզ է վիճակված կերտելու՝ ի պահ սերունդների»։
Հակված ենք կարծելու, որ ԼՂՀ-ում Արթուր Մկրտչյանի և ՀՅԴ-ի կողմից պատերազմական իրադրությունում ժողովրդավարական պետություն կառուցելու ուղղություն ընտրելը և իշխանության մի շարք կարևոր պաշտոններ ընդդիմադիր գործիչներին հանձնելն ամենևին էլ ճիշտ հաշվարկված քայլ չէր։ Նման ռազմավարությունն իրեն կարդարացներ, թերևս, արտաքին միջամտության բացակայության դեպքում: Քանզի հետագայում կնկատենք, որ Ա. Մկրտչյանի մահից հետո պետության ներսում ստեղծվեց քաոսային իրավիճակ։
Այսպիսի ծայրաստիճան լարված ռազմաքաղաքական իրադրություն էր տիրում հակամարտության գոտում, երբ տեղի ունեցավ ԼՂՀ ներքաղաքական կյանքի ամենաողբերգական իրադարձությունը, որը շրջադարձային կետ հանդիսացավ ԼՂՀ պետական շինարարության գործընթացում. ապրիլի 14-ի երեկոյան զոհվեց ԼՂՀ ԳԽ նախագահ Ա. Մկրտչյանը։
Մինչ օրս դժվար է պատասխան տալ այն հարցին, թե արդյո՞ք մտատանջություններն ու հուսահատական ապրումները դարձան կատարված ողբերգության պատճառը։ Պատմական փաստն այն է, որ Արթուր Մկրտչյանն իրենից հետո թողեց քաղաքական ու բարոյական բարձր չափանիշեր. նա ավանդույթներ ստեղծեց, որոնք պահպանվեցին մինչև Գ. Պետրոսյանի հրաժարականը, որը տեղի ունեցավ արդեն պաշտոնական Երևանի հետ ծանր պայքարի պայմաններում։
Ժամանակակիցների վկայությամբ՝ նույն օրը տեղի ունեցավ ԼՂՀ ԳԽ նախագահության և պաշտպանության խորհրդի համատեղ արտակարգ նիստ: Մինչև նիստի բացումը որոշ քաղաքական ուժերի կողմից տարբեր հասցեներով մեղադրականներ հնչեցին պատահարի առնչությամբ։ Ստեղծվել էր պայթյունավտանգ իրավիճակ, երբ ամեն մի անզգույշ քայլ կարող էր ապակայունացնել ներքաղաքական իրադրությունը և հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:
Լիակատար պատրաստականության էին բերվել ԻՊ ուժերում գտնվող ՀՅԴ զինված կազմավորումները, որոնց մեծ մասը կենտրոնացել էր Ստեփանակերտում։ ԼՂՀ ՆԳ նախարարի պաշտոնակատար Ա. Իսագուլովի առաջարկությամբ՝ մինչև հետաքննության նախնական եզրակացությունը ԳԽ նախագահության անդամների և Ա. Մկրտչյանի ընտանիքի պահպանությունն ուժեղացնելու նպատակով, ներքին կարգով, համալրվեց ԳԽ պահակախումբը (մեծամասնությունը՝ ՀՅԴ զինված կազմավորումներից): Միաժամանակ ԳԽ նախագահության անդամներին առաջարկվեց մնալ շենքում։ Այդ միջոցառումների իրականացման պատասխանատվությունը դրվեց ԼՂՀ ԳԽ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Վալերի Բալայանի վրա։
ԼՂՀ ԳԽ նախագահությունը, ելնելով ստեղծված իրավիճակից և առաջնորդվելով «ԼՂՀ ԳԽ-ի մասին» ԼՂՀ օրենքի 15-րդ հոդվածով և 16-րդ հոդվածի 5-րդ կետով, ԼՂՀ ԳԽ նախագահի պարտականությունների իրականացումը դրեց ԼՂՀ ԳԽ նախագահի տեղակալ Գեորգի Պետրոսյանի վրա։
ԼՂՀ ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանի ողբերգական մահից հետո ստեղծված ներքաղաքական անկայուն իրադրությունը չսասանեց ԼՂ պետականության հիմքերը, ավելին՝ ԼՂՀ իշխանությունների վճռականության շնորհիվ 1992 թ. մայիսին ԻՊ ուժերը կարողացան ազատագրել Շուշին և Լաչինի շրջանի մի մասը՝ ցամաքային կապ հաստատելով հայկական երկու պետությունների միջև: Դա կարելի է համարել հայոց ազատագրական պայքարում արցախահայության ռազմական ու քաղաքական ամենամեծ նվաճումներից մեկը և կարևոր գրավական ԼՂ-ի պետականության ամրապնդման համար:
Եզրակացություն
Այսպիսով՝ ԽՍՀՄ-ի գոյության 70-տարիների ընթացքում՝ չնայած արցախահայության հանդեպ գործադրված բռնություններին ու հալածանքներին՝ երբեք չդադարեց Մայր Հայաստանին միանալու համար նրա անհավասար պայքարը։ Իսկ 1985 թվականից հետո ԽՍՀՄ-ում ստեղծված նպաստավոր քաղաքական պայմանները հնարավորություն ընձեռեցին նորից կյանքի կոչելու Մայր Հայաստանի միացման գաղափարը:
Ազատագրական պայքարում ներգրավված ուժերը, հաղթահարելով ի-րենց առջև ծագած վայրիվերումները, շրջանցելով քաղաքական և գաղա-փարական տարաձայնությունները, վճռականության շնորհիվ կարողացան շարժվել ժամանակի քաղաքական պահանջներին համահունչ՝ իրենց հետ տանելով նաև ազատագրական պայքարի կազմակերպման ողջ ծանրությունը:
ԼՂՀ հռչակումից հետո սկսվեց նոր իշխանական կառույցների ձևավորման գործընթացը: Այդ կառույցների ստեղծումը, չնայած ռազմաքաղաքական դժվարին կացությանը, անցավ միջազգային ժողովրդավարական չափանիշներին լիովին համապատասխան: Արցախում պետական շինարարության առանձնահատկությունն այն է, որ նույնիսկ նկատվող ներքաղաքական բարդ իրադրության և սաստկացող ռազմական գործողությունների պայմաններում իշխանության գլուխ անցած նոր ուժերը, անկախ կուսակցական պատկանելությունից, փորձեցին ինքնուրույնաբար ստեղծել հիմքերն իրավական և ժողովրդավարական մի պետության, որին վիճակված էր դիմակայել Ադրբեջանի ագրեսիային և պահպանել իր անկախությունը: Սակայն այդ փորձերը բախվեցին ՀՀ իշխանությունների կողմից ներքաղաքական նկատառումներով հարուցված անհաղթահարելի խոչընդոտներին:
Տարոն Վլադիկի Հակոբյան
