Իրանի շուրջ էսկալացիայի գեոտնտեսական չափումը և Հայաստանի ռազմավարական ռիսկերը
29 Մարտ 2026 2026 թ. փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը և Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսեցին լայնածավալ ռազմական գործողություն Իրանի դեմ։ Հարվածներ հասցվեցին Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող տասնյակ օբյեկտների, սպանվեց Իրանի ռահբարը (գերագույն առաջնորդը)` Ալի Խամենեին։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռակոծեց Իսրայելի տարածքը և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները, պայթյուններ տեղի ունեցան Դուբայի զբոսաշրջային թաղամասերում։ Թեհրանը հայտարարեց ջիհադ (սրբազան պատերազմ) ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ։ Ռազմական գործողությանը նախորդել էր երեք ամիս տևած բանակցային գործընթացը։ Իրանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը վերսկսվել էր 2026 թ. փետրվարի 6-ին՝ Օմանի միջնորդությամբ։ Խորհրդակցությունների երրորդ փուլը կայացել էր Ժնևում՝ փետրվարի 26-ին: 2025 թ. տեղի ունեցած նախորդ բանակցային փուլը նույնպես տապալվել էր հունիսի 13-ին՝ Իրանի միջուկային օբյեկտների դեմ Իսրայելի հարվածներից հետո։Իրանի շուրջ ծավալվող էսկալացիան ունի մի քանի չափում, որոնց թվում առանցքայիններից է գեոտնտեսականը: Փորձենք անդրադառնալ այդ չափմանն առավել հանգամանորեն:
«Այաքս» օպերացիան ու Ռուզվելտի թոռը
Վաշինգտոնը չի թաքցնում՝ պատերազմի առանցքային նպատակներից մեկն իրանական նավթի տնօրինումն է: ԱՄՆ էներգետիկ դոմինանտության ազգային խորհրդի ղեկավար Ջարոդ Ագենի խոսքերով՝ «Վաշինգտոնը փորձում է ազատել իրանական նավթն ահաբեկիչների ձեռքերից՝ հետագայում անխափան մատակարարումներ իրականացնելու համար, այդ թվում՝ նվազեցնելով ռիսկերը Հորմուզի նեղուցում»։
Իրականում Նահանգները միշտ էլ գերզգայուն են եղել իրանական նավթի նկատմամբ: Եվ հենց այդ գերզգայությունը ստիպեց նրանց 1953 թ. Իրանում իրականացնել «Այաքս» օպերացիան՝ ուղղված երկրի վարչապետ Մոհամմադ Մոսադեղին պաշտոնից հեռացնելուն: Վերջինս իրականացնում էր իրանական նավթային ռեսուրսների ազգայնացման քաղաքականություն, ինչն ուղիղ ռիսկ էր անգլոսաքսոնական կապիտալի, մասնավորապես «Անգլո-իրանական նավթային ընկերության» համար, որը տնօրինում էր Իրանի ողջ նավթային ոլորտը 20-րդ դարի սկզբից: Մոսադեղի քաղաքականության արդյունքում 1951 թ. խզվեցին դիվանագիտական հարաբերությունները Մեծ Բրիտանիայի ու Իրանի միջև:
«Այաքս» օպերացայի ղեկավարներն էին Քերմիթ Ռուզվելտը՝ նախագահ Թեոդոր Ռուզվելտի թոռը և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության Մերձավոր Արևելքի բաժնի ղեկավարը:
Կազմակերպված օպերացիան իր գործիքակազմով ու մեթոդներով ամբողջությամբ համընկնում է ժամանակակից «գունավոր հեղափոխությունների» իրականացման տեխնոլոգիաների հետ: Արդյունքում Մոսադեղը ձերբակալվեց և ռազմական դատարանի կողմից դատապարտվեց երեք տարվա ազատազրկման: Եվ ամենակարևորը. արևմտյան կապիտալը ստացավ իրանական նավթային համալիրը՝ ամբողջությամբ:
Մանավորապես, 1954 թ. կնքվեց միջազգային կոնսորցիումի ստեղծման մասին համաձայնագիր՝ Իրանի նավթի արդյունահանման ու արտահանման նպատակով։ Կոնսորցիումի մաժորիտար սեփականատերերն էին «Անգլո-իրանական նավթային ընկերությունը» (որը նույն 1954-ին վերանվանվեց British Petroleum-ի)` 40% բաժնեմասով և ամերիկյան ընկերությունների հնգյակը (Gulf Oil, Socal, Esso, Socony, Texaco)՝ ևս 40%: 14%-ն անցավ Shell-ին, 6%-ը՝ ֆրանսիական Total-ին:
Այսպիսի դասավորվածությունը պահպանվեց մինչև 1979 թ. իսլամական հեղեփոխություն:
Հաշվի առնելով Իրանում 200 մլրդ բարելը գերազացնող նավթի ապացուցված պաշարները (3-րդ տեղն աշխարհում), ու մյուս կողմից՝ Վաշինգտոնի էներգետիկ էքսպանսիայի ընդլայնվող քաղաքականությունը, պատերազմն ունի շատ հստակ «նավթային» բնույթ ու տեղավորվում է 20-րդ դարի ռեսուրսային հակամարտությունների ծիրում:
Գեոէներգետիկ հարթություն
Իրանի նկատմամբ իսրայելա-ամերիկյան ագրեսիայի գեոտնտեսական չափման մեջ գլխավոր հարցն էներգետիկ հոսքերի վերահսկումն է և դրանց միջոցով գլոբալ ազդեցության վերաձևավորումը։
Առաջին առանցքը Հորմուզի նեղուցն է։ Այստեղով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների մոտ 20–25%-ը և հեղուկացված բնական գազի մինչև 30%-ը։ Սա գլոբալ էներգետիկ շուկայի «սեղմման կետն» է։ Իրանը բազմիցս սպառնացել է դրա հնարավոր բլոկավորմամբ։ Եթե Վաշինգտոնը հասնի Իրանի քաղաքական ռեժիմի փոփոխության՝ ապահովելով 1982 թ. ՄԱԿ-ի ծովային կոնվենցիայի վավերացումը, ապա իրավական հարթությունում կսահմանափակվի Թեհրանի կարողությունը խոչընդոտելու նավարկությանը։ Սա ամբողջությամբ տեղավորվում է ԱՄՆ նավթային ռազմավարության մեջ։
Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Վենեսուելայի ուղղությունը։ Վաշինգտոնի ակտիվությունը Կարակասի շուրջ փաստացի նպատակ ունի վերահսկելի դարձնել Վենեսուելայի հսկայական նավթային պաշարները և ամրապնդել ԱՄՆ դիրքերը որպես առանցքային արտահանող և շուկայի կարգավորող։ Հորմուզի վերահսկումն ու Վենեսուելայի ռեսուրսների տնօրինումը միասին ձևավորում են գլոբալ մատակարարման կառավարման նոր կոնֆիգուրացիա։
Երկրորդ առանցքը Կասպից ավազանն է։ Իրանում նոր քաղաքական իրականության ձևավորման պարագայում Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի վավերացումը կարող է ստեղծել նոր իրավաքաղաքական հիմքեր՝ ԱՄՆ ռեգիոնալ շահերի առաջխաղացման համար։ Այս հաշվարկներում կարևոր տեղ է զբաղեցնում TRIPP-ը, որը պետք է դիտարկել որպես ավելի լայն գեոռազմավարության մաս։ Եթե վավերացման արդյունքում հանվեն Անդրկասպյան գազամուղի կառուցման սահմանափակումները, ապա ԱՄՆ-ը հնարավորություն կստանա ուժեղացնել ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, զսպել Ռուսաստանին և ազդել դեպի ԵՄ ածխաջրածինների արտահանման դիվերսիֆիկացիոն ռազմավարության վրա՝ TRIPP-ի միջոցով: Վերջինիս նախատեսվող 500 մ լայնությունը արդեն իսկ վկայում է, որ նախագիծը շատ ավելի լայն կոնֆիգուրացիայի մաս է կազմում:
Երրորդ առանցքը Չինաստանն է։ Իրանը Չինաստանի առանցքային նավթամատակարարներից է։ Ու այս առումով Իրանի նկատմամբ ճնշումը տեղավորվում է ԱՄՆ-Չինաստան գեոտնտեսական պատերազմի տրամաբանության մեջ։ Նավթային հոսքերի վերահսկումը նշանակում է ազդեցություն Պեկինի արդյունաբերական և ֆինանսական կայունության վրա։ Սա գեոքաղաքական ճնշման գործիք է, ահա թե ինչու, չնայած ծավալվող հակամարտությանը, նախատեսվում է Թրամփի այցը Պեկին:
Վերջապես՝ դոլարի հարցը։ Նավթային շուկաների վերահսկումը ԱՄՆ-ի գլխավոր գեոքաղաքական գործիքի՝ դոլարի ամրապնդման առանցքային մեխանիզմներից է։ Վերջին հինգ տարում միջազգային գործարքներում դոլարի կշիռը նվազել է՝ 61%-ից հասնելով 41%-ի։ Նավթի շուկաներում ԱՄՆ դիրքավորման ուժեղացումը կարող է կանգնեցնել կամ նույնիսկ հետ շրջել այս միտումը։ Էներգետիկ հոսքերի դոլարայնացումը նշանակում է ֆինանսական լծակների վերականգնում։
Իսրայելի հարվածների ֆոնին նավթի գինը հակամարտության 6-րդ օրը գերազանցեց 120 ԱՄն դոլարը, այնուհետև, անկում ապրելով մինչև 95-100 ԱՄՆ դոլարը, ավելի ուշ՝ մարտի 18-ին բարձրացավ մինչև 112 ԱՄՆ դոլար: Ակնհայտ է, որ գործ ունենք ճգնաժամային ցուցանիշների հետ, որոնք ռիսկային են համաշխարհային տնտեսության համար:
Սակայն հարցը ոչ թե կարճաժամկետ գնային տատանումներն են, այլ այն, թե ով է վերահսկելու հումքային միջանցքները և դրանից բխող ֆինանսական հոսքերը։ Իհարկե, առկա են նաև որոշակի զսպող մեխանիզմներ։ Խոսքը, նախ և առաջ, 1974 թ. Փարիզի կոնֆերանսում հիմնադրված Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) մասին է, որը վերջին տասնամյակների ընթացքում ձևավորել է ռազմավարական պահուստային գործիքակազմ։ Այդ պահուստներն ակտիվացվում են տարբեր աշխարհաքաղաքական ցնցումների և հակամարտությունների պայմաններում՝ ուղղվելով համաշխարհային նավթային շուկայի բալանսավորմանը, ինչպես, օրինակ, Պարսից ծոցի պատերազմի, Լիբիայում քաղաքացիական պատերազմի կամ Մեքսիկական ծոցում տեղի ունեցած բնական աղետների ժամանակ։
Գործակալությունը հայտարարել է, որ նախատեսում է պահուստներից ազատել 400 մլն բարել նավթ՝ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության ֆոնին համաշխարհային շուկան կայունացնելու նպատակով։ ՄԷԳ անդամներից իրենց ներդրումը մինչ այժմ հստակորեն նշել են միայն ԱՄՆ-ն և Ճապոնիան։ Վաշինգտոնը կազատի 172 մլն բարել, Հռոմը՝ մոտ 10 մլն բարել, իսկ Տոկիոն՝ 80 մլն բարել։
Կրկին անդրադառնանք վենեսուելական գործոնին: Վերջին շրջանում ակնհայտորեն աճել են Վենեսուելայից նավթի արտահանման ծավալները, որոնք ներկայումս կազմում են մոտ 750 հազար բարել օրական։ Սա արտահանման էական՝ գրեթե կրկնակի աճ է՝ համեմատած ընդամենը 1-1,5 ամիս առաջ արձանագրված ցուցանիշների հետ։ Այս համատեքստում կարելի է ենթադրել, որ վենեսուելական գործոնն արդեն բավական ակտիվ կերպով ներգրավվում է միջազգային նավթային շուկաների կայունացման գործընթացում:
Այս ամենին զուգընթաց, էական վնասներ է կրում նաև իրանական նավթագազային համալիրը: Մարտի 14-ին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն իրականացրել է «Մերձավոր Արևելքի պատմության ամենահզոր ռմբակոծություններից մեկը» և «ամբողջությամբ ոչնչացրել է բոլոր ռազմական թիրախները» Իրանի Խարգ կղզում, որտեղ գտնվում է երկրի խոշորագույն նավթային տերմինալը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ «պարկեշտության նկատառումներից ելնելով» նա որոշել է չոչնչացնել նավթային ենթակառուցվածքը «Իրանի մարգարիտի» վրա։ «Սակայն եթե Իրանը կամ որևէ այլ ուժ ձեռնարկի քայլեր, որոնք կխոչընդոտեն Հորմուզի նեղուցով նավերի ազատ և անվտանգ անցմանը, ես անմիջապես կվերանայեմ այս որոշումը», – գրել է Թրամփը։
Տվյալ միտումների շարունակության պարագայում համաշխարհային տնտեսությունը կարող է հայտնվել նախառեցեսիոն վիճակում:
Ինչո՞ւ է ԱՄՆ շահերից բխում Հորմուզի նեղուցի փակումը
Համաշխարհային էներգետիկ համակարգը կառուցված է ծայրահեղ խոցելի աշխարհագրական հանգույցների վրա։ Հորմուզը դրանցից առանցքայինն է։
Իրավաքաղաքական առումով Հորմուզի նեղուցը բաժանված է Իրանի և Օմանի միջև (1975 թ. համաձայնագիր). այստեղ առանձին «միջազգային ջրեր» գրեթե չկան։ Միևնույն ժամանակ, 1982 թ. ՄԱԿ-ի Ծովային կոնվենցիան ամրագրում է տրանզիտային անցման իրավունք, որը չի կարող կամայականորեն կասեցվել։ Սակայն Իրանը կոնվենցիան չի վավերացրել։ Արդյունքում ձևավորվում է երկակիություն՝ դե յուրե միջազգային անցում, դե ֆակտո՝ վերահսկվող տարածքային միջանցք։
Հորմուզի գլոբալ նշանակությունը պայմանավորված է ոչ միայն աշխարհագրությամբ, այլև ծավալներով։ Աշխարհում օրական սպառվող նավթի 20-25%-ը և հեղուկացված գազի շուրջ մեկ երրորդն անցնում են հենց այստեղով (վերջինիս հիմնական մատակարարը Կատարն է)։ Միաժամանակ, Պարսից ծոցի ավազանը պարունակում է աշխարհի փաստված նավթի գրեթե կեսը և գազի մոտ 40%-ը։ Տարեկան արժեքը՝ էներգետիկ համարժեքով մոտ 500 մլրդ ԱՄՆ դոլար։ Սա զարկերակ է, որի խափանումն անմիջապես ծնում է գնային շոկ։
Հատկանշական է, որ հիմնական հարվածը հասցվում է ոչ թե Արևմուտքին, այլ Ասիային. նավթի հոսքերի ավելի քան 80%-ն ուղղվում է Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա և Հարավային Կորեա։ Նեղուցից որոշ երկրների կախվածությունը հասնում է 60-75%-ի։ Այսինքն՝ Հորմուզի գործոնը նույնքան ասիական անվտանգության հարց է, որքան մերձավորարևելյան։
Տարածաշրջանում առկա են շրջանցիկ խողովակաշարեր, սակայն դրանց թողունակությունը բավարար չէ ամբողջ ծավալը փոխարինելու համար։ Որո՞նք են այդ երթուղիները:
– Սաուդյան Արաբիայի «Արևելք-Արևմուտք» խողովակաշարը կարող է օրական ընդամենը 5 մլն բարել հասցնել Կարմիր ծով:
– ԱՄԷ-ի Հաբշան-Ֆուջեյրա խողովակաշարն ապահովում է մոտ 1․5 մլն բարել օրական։
– Իրաքի հյուսիսային Կիրկուկ-Ջեյհան երթուղին չի սպասարկում հարավային հսկա հանքավայրերը, որոնք կախված են Բասրայի նավահանգստից և Հորմուզից։
Այս ամենի հետևանքով, եթե նեղուցը երկարաժամկետ պարալիզացվի, համաշխարհային տնտեսությունում գոյանում է էներգետիկ ու հեղուկացված գազի պակասորդ։ Ավելին, ՕՊԵԿ պահուստային հզորությունների մոտ 70%-ը գտնվում է հենց Պարսից ծոցի երկրներում, որոնք նույնպես կախված են Հորմուզից:
Այս կոնֆիգուրացիան առավել քան բխում է ԱՄՆ գեոտնտեսական շահերից՝ Ասիայի տնտեսական աճի զսպում, ԵՄ-ի՝ ամերիկյան հեղուկացված գազի մատակարարումներից կախվածության կտրուկ ավելացում: Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը լավ հնարավորություն է ստանում զսպելու նաև իր գլխավոր նավթային մրցակցին՝ ՕՊԵԿ-ին:
Ամերիկյան էներգետիկ կապիտալը՝ ռազմական թիրախ
Թեհրանն անցել է նոր՝ առավել կոշտ մարտավարության։ Տարածաշրջանում գործող ամերիկյան ընկերությունների տնտեսական և ենթակառուցվածքային ներկայությունը ներառվել է պատասխան գործողությունների շրջանակում։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դիտակետում են հայտնվել ԱՄՆ-ի էներգետիկ ներկայության առանցքային հենակետերը.
– Chevron` Իրաքում իրականացվող լայնածավալ արդյունահանման և ներդրումային ծրագրերով,
– ExxonMobil` Պարսից ծոցի մի շարք խոշոր նախագծերում բաժնեմասնակցությամբ,
– KBR և SLB` Քուվեյթում կրիտիկական ենթակառուցվածքների սպասարկմամբ,
– Jafurah գազային հսկայական հանքավայրը, որը Սաուդյան Արաբիայի ռազմավարական առաջնահերթություններից է և որի դեմ հարվածը կունենա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ծանր հետևանքներ։
Սպառնալիքների իրագործումը կնշանակի ամերիկյան կորպորատիվ հատվածի համար բազմամիլիարդ կորուստներ։ Սակայն ավելի խորքային է ռազմավարական հարթությունը. կխաթարվի ԱՄՆ-ի՝ որպես տարածաշրջանային անվտանգության երաշխավորի իմիջը։ Բացի այդ, հնարավոր վնասներ կրած արաբական պետությունները, ըստ ռազմավարական սցենարի, ստիպված կլինեն ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա` պահանջելով դադարեցնել կոնֆլիկտը։ Կկիրառվի՞ արդյոք այս սցերարը՝ ցույց կտա ժամանակը:
Այս համատեքստում ամերիկյան բիզնեսի նկատմամբ ուղղված սպառնալիքն Իրանի համար վերածվում է ոչ միայն պատժիչ մեխանիզմի, այլև զսպման գործիքի՝ ուղղված ուժային հավասարակշռության վերաձևավորմանը տարածաշրջանում։
Միաժամանակ, Իսրայելը փորձում է ներքաշել Պարսից ծոցի երկներին պատերազմի մեջ: Ըստ միջազգային մամուլի՝ Իսրայելը դիվանագիտական խողովակներով ԱՄԷ-ին առաջարկել է օգտվել ստեղծված իրավիճակից՝ գրավելով երեք վիճելի կղզիները՝ Աբու-Մուսան, Մեծ և Փոքր Թունբը:
1971 թվականից ի վեր նշված կղզիները Իրանի ու ԱՄԷ-ի միջև տարածքային վեճի առարկա են: Կղզիների ռազմավարական նշանակությունն այն է, որ դրանք գտնվում են Հորմուզի նեղուցի մուտքի մոտ և, հետևաբար, հնարավորություն են ընձեռում վերահսկելու նավահանգիստներն ու Պարսից ծոց-Օմանի ծոց երթևեկության ուղիները: Այս դիրքը թույլ է տալիս ոչ միայն հետևել և կառավարել լցանավերի ընթացքը, այլև անհրաժեշտության դեպքում գործարկել ճնշման ու ռազմավարական ազդեցության լծակներ տարածաշրջանային ուժերի վրա: Ու դա Իրանի զինանոցի առանցքային տարրերից է՝ Մերձավոր Արևելքում ամենամասշտաբային հրթիռային համակարգի հետ մեկտեղ:
Գազի շուկաներ
Մարտի 2-ին հեղուկացված բնական գազի (LNG) խոշորագույն արտադրողն ու արտահանողը՝ Կատարը (զիջելով միայն ԱՄՆ-ին), դադարեցրեց բնական գազի արդյունահանումը՝ Ռաս-Լաֆֆանի ու Մեսաիդի էներգետիկ օբյեկտներին Իրանի հասցված հարվածներից հետո:
Կատարի կշիռը համաշխարհային հեղուկացված գազի շուկայում կազմում է 20%: Ե՛վ արտադրական օբյեկտների հրթիռակոծումը, և՛ Հորմուզի նեղուցի պարալիզացումը, որով անցնում է աշխարհում սպառվող հեղուկացված գազի 30%-ը, արդեն իսկ հանգեցրել են գազի շուկաներում ճգնաժամային միտումների առաջացման: Օրինակ, Նիդերլանդների TTF հաբում բնական գազի ապրիլյան ֆյուչերսների արժեքը միանգամից աճեց՝ գերազանցելով 700 ԱՄՆ դոլար՝ 1000 խմ-ի դիմաց:
Ո՞վ է շահում այս ամենից: Մեծ հաշվով՝ ամերիկյան գազային ընկերությունները, որոնք պետական արտոնությունների ներքո ակտիվորեն գրավում են եվրոպական շուկան:
Սակայն Վաշինգտոնն այս հարցում ունի իր «աքիլլեսայան գարշապարը»: Մերձավոր Արևելքի լոգիստիկ ու արդյունաբերական խաթարման հետևանքով առաջացած հեղուկացված գազի պակասորդը լրացնելու համար Նահանգներին անհրաժեշտ է ընդլայնված լցանավային նավատորմ: Նման նավերի սեփական արտադրություն նրանք չունեն: Հետևաբար, ի հայտ է գալիս խնդիր՝ կախվածություն Չինաստանից, որն այս ոլորտում աշխարհի բացարձակ առաջատարն է:
Հատկանշական է, որ Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին Մոսկվան Անկարային տեղեկացրել է «Թուրքական հոսք» ու «Երկնագույն հոսք» գազամուղներին սպառնացող վտանգների մասին:
Նշված գազամուղները ստեղծված կոնֆլիկտային ձևաչափերում կարող են առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Կատարում հեղուկացված գազի արտադրության դադարեցումն ու Հորմուզի նեղուցի փակումը գազի լուրջ պակասորդ են ստեղծում եվրոպական շուկայում, ինչը լավ հնարավորություն է ստեղծում Թուրքիայի համար՝ հանդես գալու որպես «երկնագույն վառելիքի» առանցքային մատակարար, ինչը հնարավոր է ապահովել հենց վերոնշյալ «Թուրքական» ու «Երկնագույն» հոսքերով՝ համապատասխանաբար 31․5 մլրդ խմ ու 16 մլրդ խմ թողունակությամբ: Երկու գազամուղներն էլ ռուսական նախագծեր են, որոնք ապահովում են Ռուսաստանից գազի մատակարարում Թուրքիա՝ Սև ծովի հատակով:
Նման գազային սցենարը, բնականաբար, հակասում է նախևառաջ Վաշինգտոնի շահերին, որը փորձում է Կատարից մատակարարումների դադարեցման պայմաններում արագորեն գրավել եվրոպական շուկան:
Տրանսպորտային չափում
Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիան արդեն սկսում է ազդել միջազգային լոգիստիկ նախագծերի վրա։ Այդ ազդեցությունը նկատելի է նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի վրա, որը վերջին տարիներին դիտարկվում է որպես եվրասիական լոգիստիկայի կարևորագույն ուղղություններից մեկը։
2025 թ. միջանցքի ցուցանիշները բավական բարձր էին։ Կոնտեյներային փոխադրումներն աճել էին շուրջ 60%-ով՝ հասնելով 11․5 հազ. TEU-ի (20-ֆուտանոց էկվիվալենտ), իսկ երկաթուղային բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել էր 9․9 մլն տոննա։ Միջանցքի նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծացել էր այն արտահանողների շրջանում, որոնք կենտրոնացած են Իրանի, Հնդկաստանի և Պարսից ծոցի երկրների շուկաների վրա։
Սակայն նախագծի կառուցվածքային խոցելիությունը շարունակում է պահպանվել։ Ամենակարևոր խնդիրներից մեկը Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի բացակայությունն է, որի պատճառով բեռների մի մասը ստիպված տեղափոխվում է ավտոմոբիլային ճանապարհով։ Նախատեսվում էր, 162 կմ երկարությամբ այդ հատվածի կառուցումը սկսել 2026 թ. ապրիլից, իսկ ծրագրի արժեքը գնահատվում է մոտ 1․6 մլրդ եվրո։ Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով նաև իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարվածության կտրուկ աճը, նախագծի իրականացման աշխատանքներն առաջիկայում դժվար թե սկսվեն:
Միևնույն ժամանակ, «Հյուսիս-Հարավ»-ի առանձնահատկությունն այն է, որ նրա բոլոր հիմնական ճյուղերն անցնում են Իրանի տարածքով։ Սա նախագծին հաղորդում է ռազմավարական նշանակություն, սակայն նաև այն դարձնում է զգայուն՝ տարածաշրջանային քաղաքական և ռազմական գործընթացների նկատմամբ։
ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունները Իրանի դեմ արդեն ստեղծել են մի շարք գործնական խնդիրներ, մասնավորապես՝ բարդացել է բեռների ապահովագրությունը, գրեթե դադարեցվել է նավագնացությունը Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի տարածքով անցնող լոգիստիկան դարձել է ավելի անկայուն։ Կասպից ծովում փոխադրումները չեն դադարել, սակայն ընդհանուր համակարգի կայունությունը կտրուկ նվազել է։
Ռուսաստանյան մասնագիտացված գործակալությունների համաձայն՝ եթե մինչև հակամարտությունը սպասվում էր, որ 2026 թ. միջանցքով բեռնաշրջանառությունը կաճի 15-25%-ով, ապա այժմ նույնիսկ ռազմական գործողությունների արագ ավարտի դեպքում կանխատեսվում է մինչև 25% նվազում։ Երկարատև հակամարտության դեպքում հետևանքները կարող են լինել ավելի խորքային։ Դրան հատկապես կարող են նպաստել «Հյուսիս-Հարավ»-ի առանցքային հանգույցներին՝ Բանդար Աբբաս և Չաբահար նավահանգիստներին պարբերաբար հասցվող հրթիռային հարվածները:
Այսպիսով, «Հյուսիս-Հարավ» միջանցքը, որը դեռ վերջերս դիտարկվում էր որպես դինամիկ աճի փուլում գտնվող լոգիստիկ նախագիծ, այժմ մտնում է բարձր անորոշության փուլ, որտեղ դրա արդյունավետությունը մեծապես կախված կլինի Իրանի շուրջ ռազմաքաղաքական զարգացումներից։
Ռիսկեր Հայաստանի համար
Այս լայն գեոռազմավարական համատեքստում Հայաստանին սպառնացող առանցքային ռիսկն արդի փուլում շարունակում է մնալ TRIPP նախագիծը, որի իրականացման դեպքում Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի։
Վստահաբար, սա կներկայացվի որպես ինքնիշխանության մեծ առաջընթաց։ Սակայն գործնականում TRIPP-ը վերածելու է Հայաստանը անկայունության եռման կետի։ Իսկ որոշ սցենարների դեպքում` նաև լեգիտիմ թիրախի։
Դեռևս հակամարտոթյունից շաբաթներ առաջ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հայտարարությունը հենց դրա մասին էր. «Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն»: Առանցքային բառն այստեղ «կենտրոնն» է։
Լոկալ կտրվածքով TRIPP-ը հանգեցնելու է Սյունիքի ապամիլիտարիզացմանն ու այդտեղ ազատ տնտեսական գոտու ձևավորմանը։ Դա, իր հերթին, նպաստելու է թուրք֊ադրբեջանական տնտեսական, այնուհետև մշակութային ու աշխարհաքաղաքական տարածքային էքսպանսիայի իրականացմանը։
Մակրոռեգիոնալ կտրվածքով TRIPP-ը նպաստելու է Իրանի նկատմամբ «Անակոնդայի մեթոդի» կիրառմանը, ինչը «Բեն Գուրիոնի ջրանցք» ու «Դավթի միջանցք» նախագծերի հետ մեկտեղ լիովին տեղավորվում է Իսրայելի հակաիրանական ռազմավարության մեջ։
Բաքուն չի թաքցնում, որ TRIPP-ի իրականացումն իր համար փաստացի նշանակում է «Զանգեզուրյան միջանցքի» կյանքի կոչում: Ու խոսքը ոչ միայն հայտարարությունների մասին է, այլև իրական բիզնես գործընթացների: Այսպես, Վենսի այցից մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստան էին ժամանել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության ներկայացուցիչները (Տեխաս, Դալլաս)՝ TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները սկսելու նպատակով:
Դրանից օրեր անց ամերիկյան ամենախոշոր ներդրումային ընկերությունը՝ Black Rock-ը, ձեռք բերեց Թուրքիայում ադրբեջանական SOCAR-ին պատկանող կոնտեյներային տերմինալի բաժնետոմսերը: Պայմանագրի համաձայն՝ սահմանվում է տերմինալի համատեղ տնօրինում SOCAR Turkey Enerji A.Ş. և Black Rocsk-ի «դուստր» Terminal Investment Switzerland Sàrl (TISS) ընկերությունների կողմից: Խոսքը Էգեյան ծովի ափին գտնվող տերմինալի մասին է, որն իր ծավալներով երրորդն է Թուրքիայում ու, ամենակարևորը, ապահովում է կայուն ելք դեպի Միջերկրական ծով:
Այժմ կրկին անդրադառնանք Հայաստան ժամանած AECOM ընկերությանը: NASDAQ ֆոնդային բորսայի կայքում որոնման արդյունքները ցույց են տալիս, որ 2023 թ. փետրվարին այդ ընկերության ինստիտուցիոնալ բաժնետեր է դարձել վերոնշյալ Black Rock-ը (12%): Ըստ ամերիկյան որոշ բաց աղբյուրների՝ Black Rock-ը ներկայացված է AECOM-ում նաև անուղղակիորեն՝ մի շարք դուստր ընկերությունների տեսքով:
Ի՞նչ է սա նշանակում:
Black Rock-ը պարզապես բիզնես-սուբյեկտ չէ, այլ ԱՄՆ կառավարության ու, մեծ հաշվով, «խորքային պետության» հետ ուղիղ աֆիլացված ակտոր: Թեև համարվում է պասիվ ներդրող, այն ունի քվեարկելու իրավունք բաժնետերերի ընդհանուր ժողովներում և մասնակցում է ընկերությունների բարձրագույն ղեկավարության նշանակմանը: Black Rock-ը 3900 ամերիկյան հրապարակային ընկերություններից մոտ կեսում տնօրինում է անվանական բաժնետոմսերի փաթեթների ավելի քան 5%-ը։ Այն նաև մրցակից ընկերությունների՝ ԱՄՆ «մեծ քառյակի» բանկերի խոշոր բաժնետերերից է։
Փաստացի Վաշինգտոնը TRIPP-ի միջոցով ձգտում է դիրքավորվել Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային երթուղում՝ ստանձնելով եվրասիական կարևոր խաղացողի դերը: Ձևավորվում է նոր լոգիստիկ մեգածրագիր, որի նպատակն է Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի միջև կապի դիվերսիֆիկացումը, սակայն բացառապես ամերիկյան կապիտալի վերահսկողության ներքո: TRIPP-ն ու Թուրքիայում ձեռքբերված տերմինալն այդ լոգիստիկայի կարևոր հանգույցներից են, Հայաստանը՝ այս մեգառազմավարության սպասարկող կողմ, այլ ոչ սուբյեկտ:
Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանը կարող է բախվել նաև էներգետիկ անվտանգության որոշակի ռիսկերի հետ: Մասնավորապես՝
1. հաշվի առնելով Իրանի նավթագազային համալիրին հասցվող վնասը՝ մեծ է հավանականությունը, որ վերջինս էապես կկարճատի կամ ժամանակավորապես կդադարեցնի գազի արտահանումը, այդ թվում՝ Իրան-Հայաստան գազամուղով: Դա, իր հերթին, չի նշանակում որ Հայաստանը կարող է հայտնվել գազի պակասորդի պայմաններում, քանի որ նշված երթուղով մենք տարեկան ներկրում ենք լավագույն դեպքում 300-350 մլն խմ գազ՝ տարեկան մոտ 2․3 մլրդ սպառման պայմաններում: Միաժամանակ, քանի որ իրանական գազի ներկրումը տեղի է ունենում «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերի շրջանակներում, կարող է էապես նվազել Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը (տարեկան մինչև 1 մլրդ կվտ.ժ),
2. հարցականի տակ է հայտնվում «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը (Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան), քանի որ խարխլված էներգետիկ համակարգի պայմաններում Իրանն ի վիճակի չի լինի ինտեգրվել միջազգային էլեկտրաէներգետիկ համակարգին՝ հավուր պատշաճի ապահովելով փոխադարձ հոսքեր: Եվ դա կարող է հիմք ծառայել Հայաստանի գործող իշխանությունների համար առաջ մղելու Արևելք-Արևմուտք էներգետիկ միջանցքը, ինչը փաստացի նշանակում է Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգին միացում (թեև համակարգերի սինխրոնիզացումը չափազանց բարդ խնդիր է):
Միաժամանակ, գազի գնի կտրուկ աճը չի անդրադառնա Հայաստանի վրա, քանի որ Ռուսաստանից ներկրվող «կապույտ վառելիքի» համար սահմանված է շուկայականից ցածր՝ 165 դոլար երկարաժամկետ պայմանագրային գինը: Ներկայիս բարդ իրավիճակում (որն ավելի է բարդանալու առաջիկայում) դա շատ կարևոր «անվտանգության բարձիկ» է Հայաստանի համար, ինչը պետք է շատ սթափ գնահատել:
Եզրակացություն
Այսպիսով, Իրանի շուրջ էսկալացիան ունի համակարգային բնույթ և արտահայտվում է նաև գեոէներգետիկ ռիսկերի ու սպառնալիքների տեսքով. պայքարը ծավալվում է էներգետիկ հոսքերի, լոգիստիկ միջանցքների և ֆինանսական ազդեցության վերահսկման շուրջ։ Նավթի և գազի շուկաների տատանումները, ինչպես նաև Հորմուզի նեղուցի գործոնը վկայում են գլոբալ մատակարարումների վերաձևավորման և ռեցեսիոն ռիսկերի աճի մասին։
Հայաստանի համար ձևավորվում է բարձր ռիսկային միջավայր. արտաքին նախագծերը, մասնավորապես TRIPP-ը, կարող են սահմանափակել սուբյեկտայնությունը և երկիրը ներքաշել մրցակցող աշխարհաքաղաքական ռազմավարությունների դաշտ, մինչդեռ առկա «անվտանգության բարձիկները» կրում են խիստ ժամանակավոր բնույթ։
Վահե Դավթյան
«Դրօշակ» թիվ 3 2026թ.
