ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

ՀՅԴ պատմության թանգարան հիմնադրամի հավաքածուն

29 Մարտ 2026 Թանգարանները յուրաքանչյուր ժողովրդի հիշողության, ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանման կարևորագույն օջախներից են: Դրանց հիմքում ընկած ֆոնդերն իրենցից ներկայացնում են հսկայական հավաքածուներ, որտեղ պահվում են գիտական, պատմական, գեղարվեստական, ազգագրական արժեք ունեցող նմուշներ: Թանգարանների ֆոնդերի ուսումնասիրությունն անգնահատելի է, դրանցում առկա նմուշները կարևոր փաստեր են հաղորդում պատվիրատուի, սեփականատիրոջ, պատրաստողի մասին՝ դառնալով տվյալ ժողովրդի անցյալի նյութական վկայությունը:

Ցուցադրությունների և ֆոնդերի ուսումնասիրությունը նոր գիտական նյութ է տալիս պատմաբաններին, ազգագրագետներին, հնագետներին, դրամագետներին, արվեստագետներին և այլն: Մեր կողմից ուսումնասիրվել են ՀՅԴ պատմության թանգարանային հավաքածուն և ֆոնդը, որը բազմաշերտ ուսումնասիրության կարիք ունի:

Հայ Յեղափոխական Դաշնակցության պատմության թանգարան հիմնադրամը ներկայացնում է հայ ազգային-ազատագրական շարժման, Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.) և ՀՅԴ գործունեության հարուստ ժառանգությունը: Թանգարանը սկզբնապես հիմնադրվել է Ժնևում՝ հիմնադիր տնօրեն Արտաշես Վանարյան-Հացագործյանի (1890-1930 թթ.) կողմից: 1930-ական թթ. սկզբներին այն տեղափոխվել է Փարիզ, իսկ 2006 թ. հաստատվել է Երևանում, որտեղ 2007 թ. հուլիսին բացվել է ներկայիս ցուցասրահը: Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման և ՀՅԴ գործունեության պատմությունը՝ ներառելով փաստաթղթեր, լուսանկարներ, կնիքներ, անձնական իրեր, զենքեր և այլ նմուշներ, որոնք այդ ժամանակաշրջանի պատմական իրադարձությունները ներկայացնելու առումով բացառիկ են:

Աշխարհի տարբեր երկրներից տարբեր ժամանակներում թանգարանին նվիրատվություններ են արել քաղաքական և հասարակական գործիչներ, անհատներ, ովքեր ինչ-որ կապ են ունեցել Հայաստանի առաջին հանրապետության, ազգային-ազատագրական շարժման և ՀՅԴ պատմության հետ՝ այն համոզմունքով, որ թանգարանը ՀՀ պատմության մի մասի կրողն է: Ընդհանրապես նվիրատվությունները նպաստում են հավաքածուների հարստացմանը, մշակութային արժեքների պահպանությանը և փոխանցմանը, հետազոտական նոր ուղղությունների բացմանը: Նվիրատվությունների մեջ կան ինչպես արվեստի գործեր, այնպես էլ պատմամշակութային, հատուկ նշանակության իրեր, արխիվային փաստաթղթեր, հնագիտական կամ գիտական արժեք ունեցող առարկաներ և այլն:

ՀՅԴ թանգարան հիմնադրամի մշտական ցուցադրությունում ներկայացված է ավելի քան երկու հարյուր նմուշ, ֆոնդերում պահվող նմուշների թիվն անցնում է երեք հազարը: Հարուստ հավաքածուի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար իրերը դասակարգել ենք, քանի որ դրանցից յուրաքանչյուրն առանձին ուսումնասիրության նյութ է:

Զենքեր Թանգարանային հավաքածուի մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում զենքերը՝ որպես պատմական, տեխնոլոգիական արժեք ունեցող նմուշներ: Զենքը ոչ միայն պատերազմելու գործիք է, այլև տվյալ ժամանակաշրջանի քաղաքական, գեղարվեստական, տեխնիկական մտածողության արտացոլում: Այն հնարավորություն է տալիս բացահայտելու ռազմական պատմության, զինարվեստի և մարտավարության, զինագործության ավանդույթները: Մանավանդ հայ վարպետների կողմից ստեղծված ինքնաշեն զենքերը վկայում են բարձր տեխնիկական հմտությունների մասին: Զենքներն ունեն ինչպես կիրառական, այնպես էլ գեղարվեստական նշանակություն: Դրանց վրա արված փորագրությունները, ոսկեզօծ նախշերը ներկայացնում են ժամանակի գեղարվեստական ոճերը՝ միավորելով արհեստագործությունն ու արվեստը:

Թանգարանի հիշյալ հավաքածուն ներառում է հիմնականում 19-րդ դարում Ռուսաստանում և Կովկասում տարածված սառը զենքերը՝ թուր, դաշույն, հրազենային՝ հրացան, ատրճանակ, որոնց թիվն այնքան էլ մեծ չէ: Ցուցադրությունում ներկայացված են հայդուկապետ Անդրանիկի դաշույնը, հասարակական, քաղաքական գործիչ, ՀՅԴ հիմնադիրներից Քր. Միքայելյանի (1859-1905 թթ.) ինքնաշեն նռնակները, ՀՀ խորհրդարանի պատգամավոր, քաղաքական գործիչ Զաքար Յոլյանի (Աշխատունի, 1882-1970 թթ.) դաշույնը, բանակի սպա, 1921 թ. փետրվարյան ապստամբության մասնակից Գարեգին Սարգիսբեկյանի զենքի բռնակը՝ կուսակցության խորհրդանիշով: Զենքերից մեկը, որպես հանդերձանքի մաս, կիրառվել է հանդիսությունների ժամանակ և առանձնանում է իր կառուցվածքով: Թրի վրա կան գլխագիր ՍՊ տառեր, ինչը հավանաբար «սպարապետ» բառի հապավումն է: Հաշվի առնելով, որ Հայաստանի առաջին հանրապետությունում սպարապետի պաշտոնը զբաղեցրել է հայոց ազգային բանակի կազմակերպման գործում մեծ դերակատարում ունեցած Թովմաս Նազարբեկյանը (1855-1931 թթ.), կարելի է ենթադրել, որ տվյալ թուրը պատկանել է նրան:

Կնիքներ Մոտ հինգ տասնյակ կնիք պարունակող հավաքածուն անմիջական կապ ունի ՀՀ պետական, քաղաքական, կուսակցական, դիվանագիտական, հասարակական, քաղաքական ասպարեզների և գործիչների անձնական կյանքի հետ: Կնիքը գործածվել է որպես ստորագրություն կամ հաստատման միջոց, որն ապացուցում է փաստաթղթի իսկությունը: Դրանք սովորաբար տարբեր ձև են և ունեն ուշագրավ պատկերագրություն:

Թանգարանի ֆոնդերում պահվող պետական կնիքները կլոր են՝ ՀՀ զինանշանով: Կնիքների այս ձևն ամենատարածվածն է. նախատեսված է եղել պաշտոնական փաստաթղթերի հաստատման համար: Կուսակցական կնիքները հիմնականում ուղղանկյուն են, դրանց վրա պարտադիր կա ՀՅԴ խորհրդանշանը: Ուղղանկյուն կամ քառակուսի կնիքներն օգտագործվել են վարչական, աշխատանքային, գրանցման փաստաթղթերի համար: Թանգարանի ֆոնդում կան նաև կեղծ կնիքներ՝ պատրաստված 1903-1904 թթ., որի գործածման նպատակը կուսակցության անունից գործելը կամ նոր կուսակցություն ստեղծելն էր։
Այստեղ են պահվում ՀՀ ներքին գործերի նախարարության, Արմեն Գարոյի (Փաստրմաճյան, 1872-1923 թթ.), Գարեգին Նժդեհի ( Տեր-Հարությունյան, 1886-1955 թթ.) Լեռնահայաստանյան և այլ կնիքներ:

Նամականիշներ Թանգարանի յուրահատուկ հավաքածուներից են Հայաստանի առաջին հանրապետության, ինչպես նաև Խորհրդային Հայաստանի 1920-30-ական թթ. նամականիշները: Ընդհանրապես, առաջին նամականիշներն ի հայտ են եկել Մեծ Բրիտանիայում 1840 թ.: Արդեն 19-րդ դարի կեսերին դրանք տարածվել են եվրոպական գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաև՝ ԱՄՆ-ում: Նամականիշը ոչ միայն փոստային վճարման միջոց էր, այլև տվյալ ժողովրդի պատմությունը, մշակույթը, ազգային խորհրդանիշը:

Առաջին հանրապետության տարիներին Հայաստանը ևս ուներ նամականիշների սեփական նմուշները, որոնք տպագրվում էին արտերկրում, քանի որ Հայաստանում տպագրական սարքերի պակաս կար: 1919 թ. նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը (1866-1947 թթ.) ՀՀ կառավարության պատվերով ստեղծեց նամականիշների օրինակները, ապա ՀՀ առաջին թղթադրամը՝ 100 ռուբլին: 1920 թ. նոյեմբերին Փարիզում տպագրվեցին առաջին փոստային նամականիշները, որոնց վրա պատկերված էին օձին թրատող արծիվը (1, 3, 5, 15 ռուբլի արժողությամբ նամականիշներ), Արարատը (25, 50, 100 ռուբլի), իլիկով կինը (40, 70), բուսական, հայկական նախշեր: Տպագրությունը բազմագույն էր (կապույտ, կանաչ, կարմիր, նարնջագույն), թուղթը նախատեսված էր փոստային նամականիշների համար: Թանգարանի ֆոնդում մեծ թիվ են կազմում նաև Խորհրդային Հայաստանի 20-ական թթ. նամականիշները, որոնց մեծ մասի հեղինակն է Սարգիս Խաչատուրյանը (1886-1947 թթ.): Դրանցում արտահայտված են Արարատը, թևատարած արծիվը, տեսարան Անի քաղաքից և այլն:

Դրամներ Դրամների հավաքածուն ներառում է տարբեր ժամանակներում հատված և շրջանառված մետաղադրամներ, որոնք ոչ միայն նյութական արժեք ունեն, այլև գիտական, պատմական, արվեստագիտական նշանակություն, քանի որ յուրաքանչյուր դրամ արտահայտում է ժամանակի քաղաքական, տնտեսական և մշակութային պատկերացումները՝ տարեթվեր, գրություններ, պատկերներ, մետաղի բաղադրությունը: Դրամների հավաքածուն թույլ է տալիս ուսումնասիրել դրամաշրջանառության զարգացումը հին քաղաքակրթություններից մինչև նորագույն ժամանակներ: Դրանք ներկայացնում են երկրի արվեստը, հավատալիքները, պետական խորհրդանիշները:

Թանգարանում կան բյուզանդական, պարսկական, օսմանյան, ռուսական տասնյակ մետաղադրամներ, Հայաստանի առաջին հանրապետության թղթադրամներ և այլն, որոնք առանձին ուսումնասիրության թեմա են: Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Կիլիկյան հայոց թագավորության արքա Լևոն Մեծագործի արծաթե դրամը: Լևոն Բ-ի արծաթե դրամի դիմերեսին թագավորի դիմապատկերն է, աջ ձեռքում՝ գավազան, ձախում՝ գունդ, եզրին գրված է «ԼԵՒՈՆ ԹԱԳԱՒՈՐ ՀԱՅՈՑ»: Կիլիկյան Հայաստանի դրամները կարևոր են եղել պետականության կայացման և զորեղացման համար՝ արտահայտելով հայկական իշխանության տարածումը, ինքնիշխանությունը: Սովորաբար Կիլիկյան արծաթե դրամներն ունեն մինչև 3 գրամ քաշ և 22 մմ տրամագիծ: Դրանք հատվել են հիմնականում մայրաքաղաք Սիսում:

Հավաքածուի կարևոր մասն է համարվում նաև Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե տետրադրախմը՝ հատված Ք.Ա. 4-րդ դարում, որի դարձերեսին հունական գլխավոր աստված Զևսի պատկերն է, դիմերեսին՝ Ալ. Մակեդոնացու։ Դրամը պետական, քաղաքական գործիչ Արմեն Գարոն գտել է Զեյթունից, տեղադրել հուշատուփի մեջ, հետագայում այն փոխանցվել է թանգարանին:

Ձեռագործ իրեր Ձեռագործ իրերը նյութական մշակույթի բաղկացուցիչ մասն են կազմում, որոնք արտահայտում են տվյալ ժողովրդի կենցաղը, գեղարվեստական մտածողությունն ու արհեստագործական ավանդույթները, պատրաստման եղանակը, խորհրդանիշները և այլն: Թանգարանի ցուցադրությունում և ֆոնդում պահպանվել են տասնյակ ասեղնագործ թաշկինակներ, պատկերանկարներ, դրոշներ, գուլպաներ, քսակներ և այլն, որոնք ունեն ազգային նախշեր, գունային ներդաշնակություն, խորհրդանշաններ: Բացի այդ, ձեռագործ իրերն ունեն կիրառական, զարդարվեստային, ծիսական նշանակություն: Դրանք կրում են ստեղծողի ստորագրությունը՝ նախշի ձևով կամ պարզապես արձանագրությամբ:

Ստվար խումբ են կազմում ձեռագործ և ուլունքագործ քսակները, որոնք տարածված էին Հայաստանի արևմտյան և արևելյան հատվածներում և արտահայտում էին կնոջ հասարակական կարևոր դիրքը:

Քսակները տարածված էին կենցաղում, որպես դրամի և մանր իրերի պահոց, ինչպես նաև որպես հարսանեկան, ծիսական նվեր: Դրանք հաճախ որպես օժիտ էին պատրաստվում կամ հարսանիքին նվիրում էին հարսին բարիք, հաջողություն, բարի բախտ և բարեկեցություն մաղթելու նպատակով: Թանգարանում պահվող քսակները բազմազան են. դրանք կրել են գուտուց կախված, հագուստի ներսում կամ ձեռքից կախ, երբեմն «դրամի քսակը կամ արծաթէ բարակ շղթայով ժամացոյցը վզից կ՛անցնէին»։ Վան-Վասպուրականի տարազում գոտուց ամրացրել են դրամի կամ ծխախոտի քսակներ։ Նույնը հանդիպում ենք Շիրակ-Կարինի տարազում։ Քսակները պատրաստվում էին տարբեր նյութերից՝ բուրդ, կաշի, ուլունքներ, մետաղյա դետալներ և այլն: Առանձնահատուկ ուշադրության են արժանի արձանագիր քսակները, որոնց թիվը թանգարանում հինգն է: Դրանց հիշատակագրերը հնարավորություն են տալիս իմանալ, թե երբ է պատրաստվել քսակը, ում է նվիրվել և ով է նվիրատուն, օրինակ՝ «ՏԻԿԻՆ ՍԱԹԵՆԻԿԻՆ ԴԱՒԻԹԻՑ. 1894» կամ «Ս-ԻՑ ՊԵՐՃԻՆ. 1907»: Քսակներից մեկի հիշատակագիրը ռուսերեն է:

Անձնական իրեր Թանգարանում ցուցադրվում է ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչների՝ ՀՀ վարչապետների, կառավարության անդամների, զինվորական, դիվանագիտական գործիչների անձնական իրերը՝ ձեռնափայտ, հագուստ, ակնոց, սպասք, գրենական պիտույքներ, ծխախոտատուփ, տան գույք, շախմատ, զարդեր՝ ժամացույց, մատանի, լուսանկարներ, հուշատետր-օրագրեր, նամակներ, քարտեզներ և այլն:

Հուշատետր-օրագրերը, նամակները ներկայացնում են հեղինակների անձնական կարծիքը, մտահոգությունը, բերկրանքն ու վերաբերմունքը ինչ-որ երևույթի նկատմամբ, բացի այդ օրագրերում ներկայացված են պատմական իրադարձություններ, որոնք ուսումնասիրումը ևս կարևոր է: Դրանց շարքում պահպանվել են Սեբաստացի Մուրադի (Խրիմյան), Սողոմոն Թեհլիրյանի նամակները, Աշոտ Երկաթի, Թորոսի օրագրերը, հասարակական գործիչ, ՀՀ խորհրդարանի պատգամավոր Մալխասի (Արտաշես Հովսեփյան), Էրզրումի ցեղասպանության ականատեսների հուշերը՝ գրի առնված 20-րդ դարի 20-ական թթ.: Այստեղ է պահվում նաև ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչ, ռազմական գործիչ, բժիշկ Դավթյանի անձնական օրագիրը և այլն:

Լուսանկարներ Ֆոնդերում մեծ թիվ են կազմում ՀՀ և ՀՅԴ պատմության հետ առնչվող անձանց և իրադարձությունների, ընտանեկան բազմաթիվ լուսանկարներ, որոնցով պարբերաբար հարստանում է թանգարանը: Դրանցից յուրաքանչյուրն ունի պատմություն, քանի որ ներկայացնում է մեր պատմության նշանավոր գործիչների կյանքն ու գործունեությունը:

Այսպիսով, ՀՅԴ թանգարանը քաղաքական, ազգային-ազատագրական և ընդհանրապես նոր շրջանի հայկական պատմության ուսումնասիրության կարևորագույն հաստատություններից է: Այն պահպանում և ներկայացնում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայորդիների գործունեությունը, հայոց ազգային-ազատագրական պայքարի փուլերը, ՀՅԴ կուսակցության գործունեությունը, քաղաքական ակտիվությունը և այլն: Թանգարանը ձևավորվել է կուսակցության պատմական և անձնական արխիվների, փաստաթղթերի, նամակագրության հիմքի վրա, որը ներկայացնում է դաշնակցական շարժման գաղափարական, քաղաքական և ռազմական գործունեության ամբողջական պատկերը: Գիտական առումով թանգարանը կարևոր կենտրոն է, որի արխիվի և ֆոնդերի մանրակրկիտ ուսումնասիրությունը հնարավորություն կտա բացահայտելու նոր էջեր հայ ազատագրական մտքի և պայքարի պատմությունից:

Ամփոփում

Հայ Յեղափոխական Դաշնակցության պատմության թանգարանը ներկայացնում է հայ ազգային-ազատագրական շարժման, Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.) և ՀՅԴ գործունեության հարուստ ժառանգությունը: Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում թանգարանի դրամների հավաքածուն՝ շուրջ 60 միավոր, որոնք տարբեր անձանց կողմից ժամանակի ընթացքում փոխանցվել են թանգարանին: Դրանք ներառում են բյուզանդական, սելջուկյան, ռուսական դրամներ, որոնք պահանջում են խորքային մասնագիտական հետազոտություն: Բացի այդ, մեր կողմից ուսումնասիրվել է նաև թանգարանի արձանագիր նմուշները, որոնց շնորհիվ հնարավոր է բացահայտել արժեքավոր տեղեկություններ տվյալ իրերի մասին:

Թանգարանը մշակութային կենտրոն է, որի առաքելությունն է ներկայացնել 1918-1920 թթ. Հայաստանի անկախության համար պայքար մղած հայորդիների, նրանց սխրանքների պատմությունը: Այն ոչ միայն անցյալի պատմության և հիշողության վայր է, այլև ներկայի և ապագայի համար կարևոր ուղեցույց՝ պետականության արժեքների և ինքնության պահպանման գործում:

_________________________

Ծանոթագրություններ

Կնիքներից մեկի ծրարի վրայի գրությունից տեղեկանում ենք, որ Խլու Հովհաննես անունով մեկը շահագործում էր կեղծ կնիքներ, որը վտանգավոր էր կուսակցության գործունեության համար:
Խ. Մուշեղյան, Դրամական շրջանառությունը Հայաստանում, ՀԽՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1985, էջ 29, 351 էջ:
Դավթյան, Հայկական ասեղնագործություն, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1972, էջ 35:
Հ. Փափազեան, Հայակական տարազ, Տիգրան Մեծ հրատ., Երևան, 2002, էջ 59:
Դավթյան Ս., էջ 14:
Դավթյան Ս., էջ 23:

«Դրօշակ» թիվ 3 2026թ.

Սուսաննա Ադամյան
Աղվան Պապյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company