Փաշինյանի գործողությունները նպաստում են ընդդիմության համախմբմանը
19 Հունիս 2026
Այսօր՝ հունիսի 19-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով:
Նախքան ներքաղաքական հարցերին անդրադառնալը՝ Քրիստինե Վարդանյանը արտաքին քաղաքական օրակարգի վերաբերյալ Ալիեւի հայտարարություններից մի մեջբերում է արել, այնուհետեւ պատասխանել է լրագրողների հարցերին:
«Երեկ Իլհամ Ալիեւը հանդես է եկել հայտարարություներով: Նա ուղիղ ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ուղերձներից մեկն այն էր, որ իրենք պետք է գնան ու բանակցեն, երկրորդը, որ այլ լուծում չկա՝ բացի բանակցությունները, երրորդը, որ Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել, չորրորդը՝ պատերազմ սկսելու դեպքում պատժամիջոցներ կկիրառվեն։ Իլհամ Ալիևը բացահայտում է՝ իրականում ինչպես են ընթացել բանակցությունները՝ սկսած նրանից, որ փակ դռների հետևում ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը, մինչև այն, որ ստիպում էին բանակցային գործընթացով բացառապես լուծել, թե ինչպես կատարվեց այնպես, որ բանակցային գործընթացը խեղվեց ու շեղվեց, որ Հայաստանը միայնակ մնաց Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմում, հետո էլ իշխանությունները հպարտորեն հայտարարում էին, թե մենակ մնացին, օգնություն չկար։ Դատեք՝ բանակցողների բանակցային հմտություններից»,- ասաց նա:
Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց, որ ՀՀ իշխանությունները հայտարարում էին, որ «Արևամտյան Ադրբեջանի» թեման օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո փակվել է, բայց դրանից հետո Ադրբեջանում ավելի շատ են այդ թեմայով խոսել, քան երբևէ։
Պատասխանելով հարցին, թե ինչու ընդդիմությունը չի գալիս խորհրդարան, պատգամավորը պատասխանեց. «Դա մարտավարություն է, որը մենք ազատ ենք որդեգրել: Ընդդիմությունը վերջին նիստերին չկար, բայց կար հիստերիան, կար գոռգոռոցը, վիրավորանքը»:
Անդրադառնալով ընդդիմության համագործակցության մասին հարցին՝ Քրիստինէ Վարդանյանն ասաց. «Մենք ենք եղել այն ուժը, որն ասել է՝ այո՛, համագործակցություն անհրաժեշտ է, որովհետև չկա մի քաղաքական ուժ կամ անհատ, որ կարող է միայնակ լուծել ստեղծված իրավիճակը: Ուրախ ենք, որ հիմա գնում ենք այդ ճանապարհով։ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով ու հռետորիկայով ամբողջությամբ նպաստում է, որ ընդդիմությունը հասկանա իրականությունը և գնա այդ ճանապարհով»,-ասաց պատգամավորը։
Հարցին, թե ե՞րբ է նախատեսվում «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ, Քրիստինե Վարդանյանն ասաց. «Կան առողջ քննարկումներ, որոնց արդյունքներն առաջիկայում կդրսևորվեն»։
Արձագանքելով ԱԺ-ում Փաշինյանի հնչեցրած որակումներին՝ նա նկատեց. «Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյան-Ալիև-Էրդողանն է։ Մենք պատերազմի այդ եռագլուխ դևի հետ համագործակցություն չենք պատկերացնում, պատկերացնում ենք պայքար իրենց դեմ ու առաջինը այդ դևի ամենախամաճիկ, կախված գլխի դեմ պայքարն է»:
Մանրամասները՝ տեսանյութում
