ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
10 Նոյեմբեր 2018Հայաստանի քաղաքական դաշտն ակտիվորեն պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ստեղծվում են նոր կուսակցություններ, ձևավորվում են նոր դաշինքներ։ Քաղաքական դաշտի հնաբնակներից, ի թիվս այլոց, դեռևս միայն Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեռ չի հայտնել արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության մասին։
Տպավորությունն այնպիսին է, որ այս գործընթացներից ՀՅԴ-ն ամենաոգևորվածներից չէ, և Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներից դատելով՝ տպավորություն էր ստեղծվել, որ Դաշնակցությունը չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Դա այդպե՞ս է «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը պատասխանեց․ «Ո՛չ, որևէ կապ չպիտի տեսնել Երևանի ավագանու և Ազգային ժողովի ընտրությունների միջև, որովհետև, եթե մենք ավագանու ընտրություններին գնում էինք մտահոգություն ունենալով Երևան քաղաքի խնդիրների հետ կապված՝ կարևորելով մեր դերակատարությունը Երևանի ապագայի հանդեպ, ապա խորհրդարանական ընտրություններում, անշուշտ, Երևան քաղաքի մտահոգությունները դարձյալ մերն ենք համարում, բայց սա շատ ավելի քաղաքական ընտրություն է, քաղաքական կուսակցությունների պայքար է, մանավանդ որ մեր երկիրը խորհրդարանական կառավարման ձևի մեջ է»։
«Մենք արդեն հայտարարել ենք ընտրություններին մեր մասնակցության մասին։ Ինչպես միշտ, մասնակցելու ենք առանձին՝ առանց դաշինքի։ Կարծում եմ՝ այս փոքր-ինչ ոչ բաց ինֆորմացիան հաղորդակից դարձնելը մեր ժողովրդին պայմանավորված է նրանով, որ մենք դեռևս նախապատրաստական փուլի մեջ ենք՝ ճշգրտումներ ենք անում, ինչպես բոլոր քաղաքական ուժերը՝ և՛ ռեյտինգային ընտրապայքարին մասնակցողների հետ կապված, և՛ համամասնական ցանկի հետ կապված։ Ինչպես բնական քաղաքական պրոցեսներն են, մենք նույնպես այս պրոցեսների մեջ ենք»,- հավելեց բանախոսը։
Հեղինակ՝ Գոհար Հայրապետյան
Ամբողջությամբ՝ տեսանյութում։