ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

ՀՀ-ի որևէ իշխանություն չի կարող ետ շրջվել ՌԴ-ից՝ առանց այդ քայլի շատ վտանգավոր ռիսկը հաշվի առնելու

06 Դեկտեմբեր 2022

168.am-ի զրուցակիցն Արգենտինայի Լանուսի պետական համալսարանի դասախոս Խաչիկ Տեր-Ղուկասյանն է:

– Ձեզ համար պա՞րզ է՝ Հայաստանի ղեկավարությունն այսօր արտաքին քաղաքական ինչ վեկտորով է առաջնորդվում կամ փորձում առաջնորդվել՝ դեպի Ռուսաստա՞ն, թե՞ դեպի Արևմուտք, Եվրոպա:

– Չեմ կարծում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը որևէ վեկտորով առաջնորդվում է: Կարելի է տեսնել «կոմպլեմենտարիզմի» հղացքով քաղաքական ուղեգծի տեսականացման ինչ-որ փորձ, բայց հազիվ թե դա ծրագրված լինի: Ավելի ճիշտ՝ դա տարածաշրջանում ակտիվ արտաքին դերակատարների որոշումներով ստեղծված կացություններին հակազդեցությունների շարք է: Եվ այս դեպքում արդեն չենք կարող ասել, որ այդ հակազդեցությունը մտածված կամ հաշվարկված չէ:

Մյուս կողմից՝ չի նշանակում, որ պահի թելադրանքով քաղաքականությունը չի կարող հունավորվել դեպի ավելի կայուն ուղղվածություն, եթե կայացված որոշումների հետևանքներից դասեր քաղելու կարողություն կա: Բայց սրա համար անհրաժեշտ է ներքաղաքական նվազագույն համաձայնություն, որով և այսօրվա ճակատագրական իրավիճակի մեջ կայացված որոշումների ռիսկերը կարելի կլինի ինչ-որ չափով նվազեցնել: Նման նախանձախնդրություն իշխանությունների և, ընդհանրապես, քաղաքական վերնախավի մոտ բացակայում է:

– Հայաստանում ժամանակ առ ժամանակ ակտիվանում են խոսակցությունները, որ Հայաստանի իշխանությունները փորձում են ետ շրջվել ՌԴ-ից, մոտենալ Արևմուտքին, Եվրոպային, բայց ՀՀ-ին այնտեղ սպասո՞ւմ են:

– Ռուսաստանը տարածաշրջանի մեջ աշխարհաքաղաքական գործոն է, և Հայաստանի որևէ իշխանություն չի կարող ետ շրջվել նրանից՝ առանց այդ քայլի շատ վտանգավոր ռիսկը հաշվի առնելու: Դա չի նշանակում, որ չպետք է հաշվի առնել նաև աշխարհաքաղաքական այդ գործոնից կախվածության նույնքան վտանգավոր ռիսկը: Ընդ որում, Հայաստանի նման գերխոցելի երկրի պետական արդեն սահմանափակ ինքնիշխանությունը կարող է ամբողջովին կորսվել: Հետևաբար՝ ենթադրելով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունն ինչ-որ չափով ընկալելի է աշխարհաքաղաքական պայմանավորումների թելադրած տրամաբանությամբ, այնքան կտրուկ կերպով չէի արտահայտվի, թե տարածաշրջանի մեջ Արևմուտքի ակտիվացումը Հայաստանի իշխանությունների կողմից ՌԴ-ից ետ շրջվելու նպատակ է բացահայտում:

Հայաստանի իշխանությունների որդեգրած քայլերը դեպի Բրյուսել, Վաշինգտոն և Փարիզ, թերևս, ստեղծված պայմանների թելադրանքն է՝ անցնող երկու տարիների, մասնավորապես, հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում ռուսական միջնորդական դերի լճացման, Ադրբեջանի կողմից 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բազմաթիվ խախտումների նկատմամբ Մոսկվայի հակազդեցության բացակայության:

Փաստորեն, նույնիսկ Ադրբեջանի կողմից սեպտեմբեր 13-ին Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի ֆոնին Մոսկվան կարծես թե չեզոք դիրքից դուրս գալու մտադրություն չունի, և գոնե նվազ դատապարտելու Ադրբեջանին: Այդուհանդերձ պարզ է՝ Արևմուտքի ակտիվացումը տարծաշրջանում տեղավորվում է ռուս-ուկրաինական պատերազմի կամ հակամարտության շրջագծի մեջ, ինչը որոշ առումով ռիսկ է պարունակում Հայաստանի համար:

Ավելացնեմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատերից ավելի համապարփակ և գլոբալ պետք է լիներ՝ դուրս գալու համար Արևմուտք/Ռուսաստան մտահղացքային կաշկանդումից:

«Կոմպլեմենտարիզմը» պիտի ընկալվեր ավելի շուտ ներազգային, քան արտաքին/ռազմավարական իմաստով, և Սփյուռքը պիտի ընկալվեր որպես Հայաստանի՝ դեպի աշխարհ դուրս գալու միակ վստահ և վստահելի գործոնը: Գիտեմ, որ այս ամենն այսօրվա ճգնաժամային պայմաններում շատ վերացական կամ տեսական է թվում, բայց, թերևս, նման մոտեցումն այսօր ավելի քան ժամանակի հրամայականն է:

– Նույն Արևմուտքը շատ սերտ համագործակցում է Ադրբեջանի հետ և իր շահերն ունի, այս դեպքում ինչպե՞ս կարող ենք սպասել հայանպաստ կամ ընդդեմ Ադրբեջանի գործողություններ: Միջազգային դիտորդներ են եկել, բայց Հայաստանի սահմանին Ադրբեջանը շարունակում է կրակել:

– ԵՄ դիտորդական առաքելության նպատակը սահմանային խախտումների արձանագրումն է: Ոչ ներկայում, ոչ էլ կանխատեսելի ապագայում արևմտյան որևէ պետություն Հայաստան զինվոր ուղարկելու պատրաստ չէ, թեկուզև՝ խաղաղապահական նպատակով: Չեմ կարծում, որ Հայաստանն ինքը նման պահանջ կներկայացնի: Հայաստանի սահմանին Ադրբեջանի կրակոցների զսպումն առաջին հերթին Հայաստանի զինված ուժերի պարտականությունն է: Ոչ էլ անգամ Հայաստանում ռուսական ռազմական խարիսխի զինվորներից պիտի սպասել նման հանձնառություն, այնքան ժամանակ, մինչև Մոսկվան նման որոշում չկայացնի: Այսինքն, անհեթեթ են Հայաստանի իշխանությունների փորձերը երրորդ կողմին, հատկապես՝ ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին անդադար մեղադրել Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումների համար: ԵՄ դիտորդական առաքելությունից ևս Ադրբեջանի դեմ գործողություններ չի կարելի սպասել: Բայց խախտումների արձանագրման աշխատանքը, որքան էլ որ սահմանափակ է ադրբեջանական ագրեսիան կասեցնելու կամ տարհամոզելու համար, հայանպաստ է այն իմաստով, որ կարող է պիտանի լինել հայկական դիվանագիտությանը:

– Եվրոպական ո՞ր երկիրը կարող է ընդհանուր շահ ունենալ ՀՀ-ի հետ, մինչդեռ որոշ փորձագետների կարծիքով, ՌԴ-ի և Իրանի հետ գոնե հնարավոր են ընդհանուր շահեր։

– «Ընդհանուր շահեր» հասկացողությունը բավական վերացական է, կամ գոնե՝ բազմաոլորտ, և շատ հազվագյուտ՝ անփոփոխ:

ՌԴ-ի և Իրանի պարագայում, ինչպես արդեն նշեցի, կա աշխարհաքաղաքական գործոնի պարագան, որն անպայմանորեն չի նշանակում Հայաստանի հետ շահերի բացարձակ համընկնում: Իրանը, օրինակ, չի թաքցնում իր խորին մտահոգությունը պանթուրքական սպառնալիքի առնչությամբ: Փաստերը խոսուն են: Նույնը չի կարելի ասել ՌԴ-ի դեպքում, որի ղեկավարությունը կարծես հակված է թերագնահատելու պանթուրքական սպառնալիքը:

Ոմանք ունեն այն համոզումը, թե ռուս-թուրքական մերձեցումը ժամանակավոր է, որ երկարաժամկետ չի կարող լինել, քանի որ գոյություն ունի թշնամանքի երկար պատմություն: Թերևս: Բայց ամբողջ հարցը այդ, այսպես ասած, ժամանակավորի մեջ է:

Միջազգային հարաբերություններում շահերը նաև ստեղծվում կամ կառուցվում են պատմական գործընթացների և այլ գործոնների հետևանքով: Եվրոպական երկրներից, անկասկած, Ֆրանսիան և Հունաստանն են առաջին հերթին, որ հայության հետ ունեն նման պատմականորեն ամրագրված շահեր, որոնց կենսունակ պահպանման համար կարևոր են և՛ այդ երկրների ժողովրդավարական համակարգերը, և՛ տեղի հայ համայնքների քաղաքական զորաշարժը, և՛ մտավորական ամբողջ խավը, որը հանձնառու է համամարդկային արժեքներին: Նույնը, անշուշտ, կարելի է ասել ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավամերիկյան հայաշատ համայնքներով երկրների և Ավստրալիայի մասին: Նման գործընթացներով և հայ համայնքների գործոնի աշխույժ ներգրավումով է, որ Հայաստանը կարող է վերը նշված համաշխարհային ներկայությունն ապահովել՝ նույնիսկ ամենահեռավոր երկրների հետ շահեր կառուցելով:

– Արցախի անկախ լինելու կամ մնալու խնդրով ո՞ր երկիրն է շահագրգռված, ո՞վ դեմ դուրս կգա Ադրբեջանին:

– Նման երկիր չկա: Հնարավոր չէ գտնել նման երկիր 1994-ից ի վեր, որովհետև Հայաստանի քաղաքական վերնախավը, չգիտես ինչու, ունեցել է այն համոզումը, որ նախ՝ երրորդ երկիրը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, ապա՝ Հայաստանը:

44-օրյա պատերազմից հետո շատ ավելի դժվար է գտնել որևէ երկիր, որ շահագրգիռ լինի Արցախի անկախությամբ, հատկապես, երբ Հայաստանի իշխանություններն իրենք նրա ինքնորոշման իրավունքը հանել են իրենց արտաքին քաղաքականության օրակարգից: Այս ամենը չի նշանակում, որ Արցախի անկախության ճանաչման գործընթացներ չկան, կամ հաջողություններ չեն արձանագրվել:

Այստեղ ևս հիմնական գործոնը տարբեր երկրների տեղային հայ համայնքների քաղաքական զորաշարժը և հաճախ մասնագիտական կերպով առաջ տարվող հարաբերական աշխատանքն է: Այսօր երևի այդ զորաշարժը շատ ավելի պիտի կարևորվի՝ ազդարարելու համար Արցախը Ադրբեջանի կազմի մեջ լինելու որևէ համաձայնության աղետալի հետևանքները մոտ 100.000 արցախահայության համար:

– Սփյուռքն այսօր պառակտված է, այլևս կարծես թե չկա Հայաստան-Արցախ-Սփյուռք մեկ ամբողջություն, կարո՞ղ ենք այսպես ասել:

– «Պառակտումը» կարող է շփոթ առաջացնել: Ճիշտ է, որ ղարաբաղյան շարժումը, երկրաշարժը, Հայաստանի անկախացումը և Արցախյան առաջին պատերազմը ստեղծեցին Հայաստան-Արցախ-Սփյուռք մեկ ամբողջության ընկալում, որը, սակայն, մնաց գաղափարական համոզումի մակարդակում: Այն երբեք չվերածվեց համահայկական խնդիրների մեջ դերակատարության ինչ-որ ներկայացուցչական ոլորտի: Օրինակ, այն կարող էր ենթադրել ԱԺ-ում տարբեր համայնքների ներկայացուցիչներ ունենալու հայեցակարգ, կամ համահայկական խորհուրդ, վերջինը սպասվում էր Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հայաստանի քաղաքական վերնախավը Սփյուռքն ընկալել և ընկալում է բացառապես Հայաստան-Սփյուռք ուղղությամբ: Դժբախտաբար, Սփյուռքի գլխավոր կազմակերպություններն էլ չեն հաջողել, չեն կարողացել կամ չեն ցանկացել Սփյուռքի ուրույն օրակարգ առաջ քաշել համայնքային առօրյայից և սահմաններից այն կողմ՝ համասփյուռքյան մասշտաբով: Այնպես որ՝ այդ Հայաստան-Արցախ-Սփյուռք ամբողջությունը, այսպես ասած, որպես ինքնահամոզում է եղել, այն դեպքում, երբ տարբեր ճգնաժամեր, ինչպես՝ հայ-թուրքական արձանագրությունները, և 2018-ի ապրիլը, այն հարցականի տակ են դրել: 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում, հակառակ համավարակին, Սփյուռքը զորաշարժի մեջ էր:

Չկար ոչ մի համայնք, ոչ մի սփյուռքահայ, որ վարանած լիներ փողոց դուրս գալ ի զորակցություն հայրենիքի: Շուշիի հանձնումը, անշուշտ, շատ զորավոր հարված եղավ Սփյուռքին՝ իր ինքնության և լինելիության ընկալման իմաստով: Եվ պարտության տրավման հաղթահարելը կարծես շատ դժվար է ամենուրեք: Հայաստանի ներքաղաքական տագնապն ու ներկա իշխանությունների, անձնապես Սփյուռքի հետ գործերի հանձնակատարի քաղաքականությունը՝ անտեսել սփյուռքյան հաստատությունները և Սփյուռքը դիտել միայն ընտրովի անհատների միջոցով, չեն օգնում, բնավ: Պառակտումից ավելի, Սփյուռքն այսօր պասիվության մեջ լճանալու վտանգի առաջ է կանգնած, և դա ինքնին ցուցանիշ է, թե որքան է տիրապետող եղել Սփյուռքի օրակարգը Հայաստան-Սփյուռք օրակարգի հետ համեմատության մեջ: Դեռևս 2014-2015 թվականներին Սփյուռքի մեջ տեսանելի էին ուրույն օրակարգ դնելու նոր ճիգեր, որոնք այսօր, ամեն դեպքում, շարունակվում են, այսօր շատացել են Սփյուռքի օրակարգի պահանջը դնող հեղինակավոր ձայները:

– ՀՀ-ում իշխանափոխության հնավորություն կա՞, որը չի օգտագործվում, Դուք Արգենտինայից գուցե միայն մամուլի հրապարակումների հիման վրա հետևելով հայաստանյան գործընթացներին, ի՞նչ կասեք այս մասին: Եվ արդյո՞ք իշխանափոխության համար պետք է դրսի աջակցություն:

– Ճիշտ նկատեցիք, որ Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին Սփյուռքում հետևում ենք հիմնականում մամուլի հրապարակումների միջոցով, որոնք կտրուկ բևեռացած են:

Ըստ դրանց՝ ընդդիմության նպատակը, ըստ երևույթին, մնում է իշխանափոխությունը, որի հնարավորությունը, սակայն, չենք տեսնում կամ չի երևում առնվազն 3 լայնամասշտաբ փորձերից հետո՝ «Հայրենիքի փրկության շարժում», արտահերթ ընտրություններ և Դիմադրության շարժում:

Ինչ վերաբերում է հարցման երկրորդ մասին, պարզապես կասեմ՝ հույս ունեմ, որ հայրենի ոչ մի քաղաքական ղեկավարի մտքով իսկ չի անցնի դրսի աջակցությամբ իշխանափոխության այլընտրանքը:

– Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և ԱՄՆ-ի ակտիվացմամբ, ըստ էության, ասում են՝ Թուրքիան է նաև ակտիվանում, իսկ Իրանի հետ հարաբերությունները վնասում ենք:

– Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և հատկապես 2009-2010 թվականներից սկսած Էրդողանի ղեկավարության օրոք գործում է որպես տարածաշրջանային հզոր ուժ և համաշխարհային մասշտաբով մեծապետական դերակատարության իր ձգտումները չի թաքցնում: Այսինքն, Թուրքիան չի սպասում ԱՄՆ-ի ակտիվացմանը, ոչ էլ իր ակտիվացումը պայմանավորում է ԱՄՆ-ից եկած ուղղություններով:

Ավելին, ի տարբերություն սառը պատերազմի տարիների, Թուրքիան ինքն է, որ ՆԱՏՕ-ն գործածում է որպես խաղաքարտ, և փորձում անգամ ներսում ինչ-որ բաներ պարտադրել: Այսինքն, սխալ է Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ընկալել՝ որպես ՆԱՏՕ-ի թելադրանք: Այլապես երբեք չենք հասկանա, թե ինչու թուրք-ռուսական հարաբերություններն այսօր դուրս են եկել հակամարտության դինամիկայից և դիտարկվում են համագործակցություն/մրցակցություն դինամիկայի համատեքստում: Իսկ Իրանի հետ Թուրքիայի հարաբերությունները պիտի ընկալել Թուրքիայի տարածաշրջանային և միջազգային մեծապետական քաղաքականության բարդության և ոչ թե ԱՄՆ-ի ակտիվացման տրամաբանության պարզեցման մեջ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company