Խուզարկություններ՝ ՀՅԴ անդամների տներում․ արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել
10 Հուլիս 2025
Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։
Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։
Խուզարկություն է ընթանում նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տանը։
Հայտնի է, որ ԱԱԾ-ն ապօրինաբար առգրավել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել։
Խուզարկությունների արդյունքում ձերբակալված ՀՅԴ անդամներին տեղափոխում են Պարույր Սևակ 4 հասցեում գտնվող Երևան քաղաքի քննչական վարչություն։ Այնտեղ են ուղևորվում նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներն ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
Քիչ առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակը հաղորդագրություն տարածեց, որում ասվում է.
Սիրելի հայրենակիցներ,
հայտնում ենք, որ դաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել։ Առգրավված բոլոր զենքերը օրինական են։
Նկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում՝ նռնականման առարկան նախատեսված է Սթրայքբոլ խաղի համար։
Նռնականման առարկայի ներսում պահվել են Սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ։
