Տոնական երթ եւ նորագիրների խոստման արարողություն՝ Հայաստանի Անկախության օրը
21 Սեպտեմբեր 2025
Այսօր, Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կազմակերպությամբ Մատենադարանի տարածքից մեկնարկեց տոնական երթ:
Երթի նպատակն էր արժևորել անկախության գաղափարը և միասին նշել Անկախության օրը։ Մասնակիցները կրում էին Արարատ լեռան պատկերով եւ «Անկախությունը բացարձակ արժեք է» գրությամբ շապիկներ:
Երթը անցավ Մաշտոցի պողոտայով, ապա Սայաթ-Նովայի և Նալբանդյան փողոցներով։
Այն ավարտվեց Հայաստանի Հանրապետության պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղ տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության նորագիրների խոստման արարողությունը։
Նախքան արարողությունտը ելույթ ունեցան ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Ժորա Ավդալյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Հայաստանի գործող իշխանության դավաճանական քաղաքականությունը թուլացնում է այն, ինչը ձեռք է բերվել հերոսների արյան գնով»,- իր խոսքում ասաց Ժորա Ավդալյանը:
Իշխան Սաղաթելյանը իր ելույթում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` «Չորրորդ Հանրապետություն» ստեղծելու մտադրությանը, նշեց, որ այդայդ հայտարարությունն իրականում ինքնախոստովանական ցուցմունք է։
«Այն, ինչ հայ ժողովրդին այսօր մատուցում է ներկայիս վարչախումբը, իրական և ինքնիշխան Հայաստանի կոնցեպտ չէ, այլ Ադրբեջանի պատկերացրած Հայաստանի մոդելն է՝ փոքր, թույլ, հանձնված և պարտված։ Հայաստան, որի բնակիչները զրկված են և՛ հիշողությունից, և՛ ազգային դիմագծից»,- ասաց նա։
Միջոցառման ավարտին Համբիկ Սասունյանի կնքահայրությամբ 50 նորագիր համալրեց ՀՅԴ ՀԵՄ շարքերը:





















