Միացումից անկախացում: Ներքաղաքական խմորումները Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունում (1992-1993 թթ. )
05 Հուլիս 2026
Պատմության լուսարձակ
«Դրօշակի» 2026 թ.․ երկրորդ համարում «Միացումից անկախացում» խորագրի ներքո հրապարակել էինք պատմաբան Տարոն Հակոբյանի հոդվածաշարի առաջին հոդվածը՝ նվիրված Արցախյան շարժման 36-րդ տարեդարձին։ Հոդվածաշարի առիթը, իհարկե, հայ ժողովրդի պատմության անքակտելի մասը դարձած Արցախյան սրբազան պայքարն է, պատերազմական դրամատիկ իրադարձությունների խորապատկերին անկախության ձեռքբերումն ու Հայոց Երկրորդ Հանրապետության կայացումը։ Դյուրին ճանապարհ չի անցել այդ գործընթացը, երբ արտաքին մարտահրավերների կողքին ներարցախյան զարգացումները գտնվել են նաև Հայաստանի օրվա իշխանության քաղաքական ենթակայական հաշիվներով թելադրված ճնշման ներքո։ Այնուամենայնիվ, հայության բոլոր հատվածներին միավորող միասնության հզոր գաղափարը այն ժամանակ հնարավորություն ընձեռեց անգամ ծանր կորուստների գնով հաղթահարելու Երկրորդ Հանրապետության պետականության կայացման ճանապարհին ընկած թե՛ արտաքին և թե՛ ներքին փորձությունները։ «Դրօշակի» այս և հաջորդող համարներում կներկայացնենք պատմական իրողություններն ամբողջացնող հետաքրքրական այս հոդվածաշարի հերթական դրվագները՝ վստահ լինելով տվյալ նախաձեռնության արդիականության հարցում։
Խմբագրության կողմից
Միացումից անկախացում: Ներքաղաքական խմորումներըԼեռնային Ղարաբաղի (Արցախի)
Հանրապետությունում (1992-1993 թթ. )
1992 թ. ապրիլի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) առաջին գումարման Գերագույն խորհրդի (ԳԽ) նախագահ Արթուր Մկրտչյանի ողբերգական մահից հետո երկրում ստեղծված ներքաղաքական լուրջ ցնցումները չսասանեցին ԼՂ պետականության հիմքերը, ավելին, ներքաղաքական կայունության ապահովման գործում մեծ դեր խաղացին օրենսդիր մարմնի դրսևորած քաղաքական կամքը և պատասխանատվության զգացումը, որի վճռականության շնորհիվ հնարավոր եղավ հարթել ստեղծված իրավիճակը:
Մայիսյան հաղթանակներից հետո թվում էր, թե ԼՂՀ-ում հանդարտվել են ներքաղաքական հակասությունները, սակայն հունիսի 2-6-ը տեղի ունեցած ԼՂՀ ԳԽ առաջին նստաշրջանն ապացուցեց հակառակը: Նստաշրջանում ԼՂՀ ԳԽ նախագահի ընտրությունների ժամանակ իրենց նորից զգացնել տվեցին ներքին հակասությունները:
Նստաշրջանին մասնակցելու համար ԼՂՀ էին ժամանել Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը, Հայաստանի Հանրապետության (ՀՀ) ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանը, ՀՀ հատուկ ծրագրերի վարչության պետ Վահան Շիրխանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, ՀՀ ԳԽ պատգամավորներ Կիմ Բալայանը, Դավիթ Վարդանյանը և ուրիշներ։ Նշենք մի ուշագրավ հանգամանք. ՀՀ-ից եկած պաշտոնական պատվիրակության` ԼՂՀ ԳԽ նախագահ ընտրելու վերաբերյալ պահանջն արդեն հայտնի էր պատգամավորներին։ Նստաշրջանը վարում էր ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը:
Մինչև ԳԽ նախագահի և նրա առաջին տեղակալի ընտրությունների անցկացումը, խոսքը տրվեց ՀՀ ներկայացուցիչներին։ Այնուհետև ԳԽ նստաշրջանն աշխատանքը շարունակեց դռնփակ նիստով, որտեղ ելույթ ունեցան ՀՀ ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը: Նրանք ՀՀ ղեկավարության տեսակետները հայտնեցին ԼՂՀ-ին առնչվող քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ հարցերի վերաբերյալ` միաժամանակ հաղորդելով ԼՂՀ ԳԽ նախագահի «բարեհաջող» ընտրությունից հետո ՀՀ-ից սպասվող ծրագրված օգնության մասին։
Պատգամավորների քվեարկությամբ ընդունվեց Արցախի պետականության խորհրդանիշներից մեկը՝ ԼՂՀ պետական դրոշը (կարմիր, կապույտ, նարնջագույն, որի աջ փոքրիկ հատվածը եռանկյունի սպիտակ գծով անջատված է դրոշի հիմնական մասից, ինչը խորհրդանշում էր թե՛ Արցախի օրվա կացությունը, թե՛ ապագայի ձգտումը)։
Դրոշի հեղինակը սփյուռքահայ նկարիչ Վահե Ֆատտալն էր: Ինչպես ժամանակին ասել է ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը՝ «Դրոշի նախագիծը հավանության է արժանացել ԼՂՀ ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից»։
Հունիսի 3-ի առավոտյան նիստում խորհրդարանն անցավ օրակարգի չորրորդ հարցին` ԼՂՀ ԳԽ նախագահի ընտրություններին։ Նախագահի թափուր պաշտոնի համար առաջադրվեցին Ռոբերտ Քոչարյանի և Գեորգի Պետրոսյանի թեկնածությունները։ Պատգամավոր Հրանտ Խաչատրյանն առաջարկեց նախքան թեկնածուների նախընտրական ծրագրերը լսելը ստանալ ՀՀ ԳԽ պատվիրակության հավաստիացումն առ այն, որ ընտրության արդյունքները չեն անդրադառնա ՀՀ և ԼՂՀ փոխհարաբերությունների վրա։ Նման հավաստիացումներ ստանալով ՀՀ ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանից, որը նաև ընդգծեց հարցի երկկողմանիությունը, խորհրդարանը թեկնածուներին հնարավորություն տվեց ներկայացնել իրենց ծրագրերը և պատասխանել հարցերին։
Փակ գաղտնի քվեարկության առաջին փուլում ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանն իր մրցակցից 7 ձայն ավելի (30) ստացավ, սակայն դա բավական չէր ընտրվելու համար, քանի որ պահանջվում էր ստանալ ընտրող պատգամավորների երկու երրորդի (41) աջակցությունը։
Դարձյալ ԳԽ նախագահի թեկնածուներ առաջադրվեցին Գեորգի Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև Լեոնարդ Պետրոսյանն ու Վագիֆ Գալստյանը։ Սակայն վերջին երկուսը հանեցին իրենց թեկնածությունները։ Քվեարկությունից առաջ պատգամավորներն իրենց կարծիքը հայտնեցին ստեղծված կացության և թեկնածուների մասին։ Երկրորդ անգամ ելույթ ունենալով` ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը նորից պատգամավորների ուշադրությունը հրավիրեց անձամբ իր և ՀՀ իշխանությունների դիրքորոշման վրա։ Քվեարկության երկրորդ փուլն ավարտվեց հետևյալ արդյունքներով. Գեորգի Պետրոսյանի օգտին` 26, Ռոբերտ Քոչարյանի օգտին` 27 ձայն։ Քվեարկությունից անմիջապես հետո կրկին ելույթ ունեցավ ՀՀ ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանը` պաշտպանելով Վազգեն Սարգսյանի տեսակետը։ Ապա հանդես եկան ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները։
Հաջորդ օրը` հունիսի 4-ին, պատգամավորները նախ քննարկեցին ԼՂՀ պատվիրակության` ԵԱՀԽ նիստին մասնակցելու նպատակով Հռոմ մեկնելու հնարավորություններն ու նպատակահարմարությունը։ Ելույթ ունեցող պատգամավորները քննադատության ենթարկեցին ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ նրանց մեղադրելով վերջին ժամանակներում մի շարք փաստաթղթեր ստորագրելու համար, որոնցում ԼՂ-ն հանիրավի դիտվում էր Ադրբեջանի կազմում։
Մինչև ԼՂՀ ԳԽ նախագահի թեկնածուների առաջադրմանն անցնելը, խորհրդարանը որոշեց, որ յուրաքանչյուր թեկնածու կարող է քվեարկվել երեքից ոչ ավելի անգամ։ Ապա վերստին առաջադրվեցին Ռոբերտ Քոչարյանի ու Գեորգի Պետրոսյանի թեկնածությունները` այս անգամ, սակայն, Շահեն Մեղրյանի, Վլադիկ Հակոբյանի և Բորիս Առուշանյանի թեկնածությունների «ընկերակցությամբ»։ Վերջին երկուսն իսկույն հանեցին իրենց թեկնածությունները, ապա անսպասելիորեն ինքնաբացարկ հայտնեցին Գեորգի Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը։
Թեկնածու Շահեն Մեղրյանը հանդես եկավ նախընտրական ծրագրով, պատասխանեց պատգամավորների հարցերին, որից հետո գաղտնի քվեարկության թերթիկ մտցվեց միայն Շահեն Մեղրյանի ազգանունը։ Նրա օգտին քվեարկեց 33 պատգամավոր։ Արդյունքում ԳԽ նախագահի պաշտոնը կրկին մնաց թափուր:
Մտքերի փոխանակությունից և դարձյալ համաձայնության չգալուց հետո որոշվեց նիստն անցկացնել դռնփակ։ Փակ նիստում պատգամավորները պաշտպանեցին ԼՂՀ Նախարարների խորհրդի (ՆԽ) նախագահ Օլեգ Եսայանի առաջարկը` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կազմավորել կողմերի ներկայացուցիչներից բաղկացած համաձայնեցնող հանձնաժողով: Բանակցությունների սեղանի շուրջ նստեցին Գեորգի Պետրոսյանը, Շահեն Մեղրյանը, Լևոն Մելիք-Շահնազարյանը, Վալերի Բալայանը` մի կողմից, և Ռոբերտ Քոչարյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Օլեգ Եսայանը, Սերժ Սարգսյանը` մյուս կողմից։
Հունիսի 5-ի առավոտյան նիստը սկսելիս պատգամավորներն իմացան, որ բանակցություններն անպտուղ են անցել։ Ինչպես հայտնի դարձավ, մի կողմը պաշտպանել է Շահեն Մեղրյանի թեկնածությունը, իսկ մյուսը կողմն առաջարկել է ԼՂՀ-ում մտցնել նախագահական կառավարում։
Այնուհետև Շահեն Մեղրյանը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ ԳԽ նախագահի համար իր թեկնածության առաջադրումից հետո նստաշրջանի ընդմիջումների ընթացքում ետնաբեմում հնչել են տարբեր հայտարարություններ. իբր ԻՊՈՒ ստորաբաժանումները խանգարում են նստաշրջանի աշխատանքին, ինչպես նաև խոսակցություններ են եղել Շահումյանի շրջանի պատվիրակության հասցեին, թե ինչու ԼՂՀ ԳԽ նախագահը պիտի ընտրվի Շահումյանի շրջանից։ Ի նշան վիրավորվածության` Շահումյանի շրջանի պատվիրակությունը հեռանում է դահլիճից։
Ստեղծվում է մի իրադրություն, որը կարող էր հանգեցնել ներքին ընդհարումների։ Նշենք նաև, որ առաջարկություններ են եղել իշխանությունը տալ բանակին և ցրել խորհրդարանը։
Պատգամավոր Վալերի Հայրիյանը կարդաց ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈՒ) հրամանատարական կազմի դիմումը խորհրդարանին։ Որոշվեց ԼՂՀ ԻՊՈՒ հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանին և Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազան Մարտիրոսյանին հրավիրել նստաշրջան։ Ընդմիջումից հետո ելույթ ունեցավ ՀՀ հատուկ ծրագրերի վարչության պետ Վահան Շիրխանյանը։ Նա իր ելույթով հասկացրեց, որ ՀՀ իշխանությունների հետ առճակատումը կարող է հանգեցնել բացասական հետևանքների։ Այնուհետեւ ելույթ ունեցավ ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, նշելով, որ ինքն այժմ հանդես է գալիս որպես իր ժողովրդի ճակատագրով մտահոգված արցախցի և անհանգստացած է Վազգեն Սարգսյանի այն հայտարարությամբ, թե, իբր, Հայաստանը ներքաշվել է պատերազմի մեջ, և այդ ամենը կատարվել է Դաշնակցության մեղքով։
Ծավալված մտքերի փոխանակությանը մասնակցեցին մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ ԻՊՈՒ հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը: Նա պատգամավորներին մասնավորապես հաղորդեց ԼՂՀ սահմանում ադրբեջանական ուժերի կուտակման մասին և առաջարկեց վերջ դնել երկպառակությանը։
Ի վերջո, ձայների ճնշող մեծամասնությամբ որոշվեց ԳԽ նախագահի ընտրությունները հետաձգել մինչև հուլիսի վերջը` խորհրդարանի պատգամավորական թափուր տեղերի համար կրկնական ընտրությունների անցկացումից հետո։
Երեկոյան նիստում պատգամավորներն անցան «ԼՂՀ պետական անկախության հիմունքների մասին» ԼՂՀ սահմանադրական օրենքի քննարկմանը, ապա և ընդունեցին այն։ Նիստի վերջում նրանք ձեռնամուխ եղան ԼՂՀ Սահմանադրության մշակման հանձնաժողովի ստեղծմանը։
Հունիսի 6-ին նստաշրջանն առաջին ընթերցմամբ ընդունեց զինապարտության և զինվորական հանցագործության համար քրեական պատասխանատվության մասին ԼՂՀ օրենքները, որոնք միտված էին հանրապետության ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը:
Պատգամավորները չկարողացան որոշումներ կայացնել ևս մի շարք օրախնդիր հարցերի վերաբերյալ: Նստաշրջանն ընդհատվեց պատգամավորների անբավարար ներկայության պատճառով, քանի որ սահմանային շրջաններում վիճակը վատթարացել էր, և մի շարք պատգամավորներ, լինելով ԻՊՈՒ ստորաբաժանումների մարտիկներ ու հրամանատարներ, շտապ մեկնեցին ճակատային գիծ։ Որոշվեց նստաշրջանի աշխատանքը շարունակել հունիսի 17-ին։
Այսպիսով, ԼՂՀ առաջին գումարման ԳԽ առաջին նստաշրջանը ցույց տվեց, որ, ինչպես արդեն նշել ենք, ԼՂՀում ոչ միայն չէին մարել ներքաղաքական հակասությունները, այլև, կարելի է ասել, դրանք զարգանում էին արդեն կայծակնային արագությամբ:
Դրանում կարևոր դեր են խաղացել արտաքին ուժերը, որոնք ամեն գնով ձգտում էին իշխանափոխություն իրականացնել ԼՂՀ-ում:
Պատմագրության մեջ հանիրավի կերպով չի բարձրաձայնվում այն պատմական ճշմարտությունը, որ ԼՂՀ ԳԽ ընտրություններում հաղթանակեցին և իշխանության եկան պաշտոնական Երևանի համար կատարելապես անցանկալի ուժեր, ինչը ՀՀ իշխանությունների, հատկապես նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համար անսպասելի էր։ Ամենայն հավանականությամբ, նա գտնում էր, որ Արցախը կարող է որոշակի քաղաքական ինքնուրույնություն ձեռք բերել և զատվել Հայաստանի ներքին կյանքից, իսկ արտաքին քաղաքական ասպարեզում իր պահանջները թելադրել, որպես անկախ երրորդ կողմ։ Այսինքն` ՀՀ իշխանությունները կորցնում էին անչափ կարևոր խաղաքարտ, որն անհրաժեշտության դեպքում կարող էր ներքին կայունության գրավական լինել։ ՀՀ նախագահը նաև երկյուղ ուներ, որ այդ խաղաքարտը կարող է օգտագործել ընդդիմությունը։
Բացի այդ, պաշտոնական Երևանը կարող էր զրկվել հայ-ադրբեջանական հակամարտության, ինչպես նաև Արցախյան շարժման մեջ առաջատարի դերից:
(Շարունակելի)
Տարոն Վլադիկի Հակոբյան
