Տարագիրների հանդեպ քաղաքականությունը Հայաստանի Առաջին հանրապետությունում
05 Հուլիս 2026 (ըստ Կ․Պոլսի «Ճակատամարտ» օրաթերթի հրապարակումների)
«Ճակատամարտ» օրաթերթը հրատարակվել է 1918-1924 թթ. Օսմանյան Թուրքիայի մայրաքաղաք Կ.Պոլսում։ Այն ունեցել է բարձր վարկանիշ։ Պարբերականի հրապարակումների օգնությամբ կաշխատենք ներկայացնել Հայաստանի Առաջին հանրապետության կողմից արևմտահայ տարագիրների և որբերի համար իրականացվող ծրագրերը, այդ ոլորտում թերթի բարձրացրած առաջնահերթ կարևորության հիմնախնդիրները և դրանց լուծման նպատակով խմբագրակազմի առաջարկած տարբերակներն ու եղանակները։ Պետք է փաստել, որ «Ճակատամարտը» ՀՅԴ ոչ պաշտոնական օրգանն էր ու համարվում էր այդ կուսակցության Արևմտյան բյուրոյի 1909-1915 թթ. պաշտոնաթերթ «Ազատամարտի» իրավահաջորդը։ Այն «Ազատամարտի» նման կարողացել է վեր կանգնել նեղ կուսակցականությունից՝ դառնալով ժողովրդական կամ հանրային սիրված ու փնտրված պարբերական։ Այստեղ արծարծվում էին տարբեր տեսակետներ մտահոգիչ հիմնախնդիրների վերաբերյալ։ Թուրքական իշխանությունների գրաքննության պայմաններում անգամ թերթի լրագրողներն ու թղթակիցները, ի պատիվ իրենց, փորձել են հնարավորինս պահպանել ազատ խոսքի իրավունքը։
1918 թվականի հոկտեմբերի 30ին Մուդրոսում Անտանտի և թուրքական իշխանությունների միջև կնքված զինադադարի պայմանագիրը հնարավոր դարձրեց թուրքերի գերեվարած և նրանց կողմից բռնի կերպով տեղահանված հայերի վերադարձը Կ.Պոլիս և իրենց նախկին բնակավայրերը։ Այդ փաստաթուղթն Առաջին աշխարհամարտում պարտություն կրած Թուրքիայում բնակվող ազգություններին տալիս էր խոսքի և հասարակական գործունեության ազատություն: Օգտվելով երկրում ստեղծված հանգամանքներից՝ արևմտահայ հայտնի հրապարակախոս, «Ազատամարտի» պատասխանատու խմբագիրներից Հակոբ Սիրունին (Ճոլոլյանը) և նրա գաղափարակից ընկերները որոշել էին հրատարակել «Ճակատամարտ» օրաթերթը։ «Ճակատամարտը» 19181920 թթ. գրեթե բոլոր համարներում անդրադարձել էր հայ գաղթականների ունեզրկման և որբերի ուծացման խնդիրներին «Վերապրողները», «Գավառի ձայներ» և «Հայկական կյանք» խորագրերի ներքո, ինչպես նաև՝ «Մեր խոսքը» վերնագրով խմբագրականներում: Հայոց ցեղասպանությունից մազապուրծ տարագիրներն ապաստան էին փնտրել հարևան երկրներում, իսկ Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրումից հետո նրանց մեծ մասը համախմբվել էր հենց այնտեղ՝ փրկված ու անկախ հայրենիքում:
Նրանք հուսով էին, որ շուտով վերադառնալու էին Էրգիր՝ իրենց ծննդավայր հայրենիքը: Սակայն մինչ կհասներ այդ բաղձալի օրը, փորձում էին գոյատևել Անկախացած Հայաստանում, որտեղ մոլեգնում էր սովը, և չկային ապրուստի ու կեցության տարրական պայմաններ:
Հայոց նորաստեղծ պետությունը հնարավորության սահմաններում անում էր ամենը՝ հայ գաղթականների և որբերի կյանքը փրկելու, նրանց կացարանի և գոյատևման հիմնահարցերը լուծելու համար: Փաստենք, որ եթե չլիներ արտաքին օգնությունը, ապա 19181920ականներին Հայաստանում ապաստանած գաղթականներին ու որբերին սովամահությունը կպատուհասեր: 1918 թ. հոկտեմբերին Սիմոն Վրացյանը գրում էր, որ սպառվել էին երկրի հացի պաշարները. «Ոչ միայն գաղթականութիւնը, այլեւ տեղացիներից շատերը մատնւեցին սովամահութեան: 6 ամսւայ ընթացքում սովից ու հիւանդութիւններից Հայաստանում մեռաւ մօտ 180.000 մարդ» : 1918 թ. նոյեմբերին Հայաստանում գտնվող յուրաքանչյուր 5000 որբից 480ը մահանում էր : Սովը Հայաստանում շարունակվել էր մինչև 1919 թ. կեսերը, և այդ ընթացքում տասնյակ հազարավոր գաղթականներ ու որբեր էին մահացել սովից ու համաճարակներից:
1918 թ. հուլիսին Հայաստանում գործում էր 35 որբանոց՝ ավելի քան 2250 որբերով, իսկ Վրաստանում՝ 27 որբանոց ավելի քան 1950 որբերով : 1918 թ. սեպտեմբերին Հայաստանում որբանոցների թիվը դառնում է 32, իսկ որբերինը՝ 2400։ Այդ որբանոցների կարիքները հոգում էին մի շարք բարեգործական կազմակերպություններ, ի թիվս որոնց՝ «Եղբայրական օգնության» կոմիտեն, Մոսկվայի Հայկական կոմիտեն, Կովկասի Հայկական բարեգործական ընկերությունը, Անգլիական բարեգործական ընկերությունը, Ամերկոմը և այլն։ 1919 թ. հունվարին Հայաստանում առկա էր 46 որբանոց 6567 որբերով։ 1919 թ. ապրիլի 25ին Հայաստանի կառավարությունում ներկայացված զեկուցագրի տվյալներով՝ Հայաստանի Առաջին հանրապետությունում ապաստանած արևմտահայ գաղթականների թիվը 263.000 էր, իսկ Ատրպատականում, Վրաստանում, Հյուսիսային Կովկասում, Ռուսաստանի այլ բնակավայրերում՝ 200.000։ Նույն զեկուցագրից պարզվում էր, որ Հայաստանում գտնվում էին ավելի քան 40.000 որբեր, որոնցից 15.612ը տեղավորված էին որբանոցներում:
Պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ 1918 թ. սկզբներին թուրքերի՝ Արևելյան Հայաստան ներխուժելու հետևանքով գաղթական էին դարձել արևելահայ որոշ բնակավայրերի (Կարսի, Ալեքսանդրապոլի, Սուրմալուի, Էջմիածնի, Ղարաքիլիսայի և այլն) բնակիչներից շատերը, և այդպիսով՝ Հայաստանի Առաջին հանրապետության բնակչության գրեթե կեսը՝ 450.000ը, գաղթականի կարգավիճակում էր հայտնվել:
Գաղթականների խնդիրներով զբաղվում էր պետական 4 կառույց՝ Հայաստանի Խորհրդարանի գաղթականության հարցերի մշտական հանձնաժողովը, խնամատարության ու աշխատանքի, ներքին գործերի և հանրային կրթության նախարարությունները:
1918 թ. Հայաստանում ընդունվել էին մի շարք օրենքներ՝ ուղղված տարագիր գաղթականների առջև ծառացած կենսական խնդիրների լուծ մանը։ Պետությունը փորձում էր սովի, համաճարակների, պատերազմական իրավիճակում անգամ հնարավորինս հոգալ գաղթականների և որբերի ներգաղթի, կեցության, խնամքի, աշխատանքով ապահովվածության, կրթության և առողջության պահպանման հարցերը:
ԳԱԱ Պատմության ինստիտուտի հրատարակած «Հայոց պատմություն» բազմահատորյակից տեղեկանում ենք հետևյալ մանրամասներին.
«Գաղթականների դրամական նպաստը օրական կազմում էր 60 կոպեկ (մեկ շնչի հաշվով): Գաղթականների սոցիալական պաշտպանության նպատակից ելնելով` յուրաքանչյուր շնչին օրական տրվում էր կես ֆունտ ալյուր՝ որպես նվազագույն չափաբաժին: 1918 թ. հոկտեմբերի մեկից մինչև 1919 թ. հունվարի մեկը գաղթականությանը ցույց տրված օգնության ծախսերը, ըստ կառավարության կազմած նախահաշվի, կազմել էին ավելի քան 12,7 միլիոն ռուբլի: Կառավարության կազմած նախահաշվով՝ 10 հազար որբի ծախսերը հոգալու համար ամսական պահանջվում էր 1,5 միլիոն ռուբլի», նշված է վերոհիշյալ գրքում:
Հայոց նորաստեղծ պետությունը, 1918 թ. հոկտեմբերի 11ին ընդունված օրենքի համաձայն, ստանձնել էր որբերի խնամքն ու դաստիարակությունը: Դեկտեմբերին խնամատարության և աշխատանքի նախարարության զեկույցի համաձայն՝ Հայաստանում ապաստանել էին շուրջ 40.000 որբեր, որոնցից 15.612ն էին խնամվում պետական ու բարեգործական կազմակերպությունների կողմից։ Կային 50 որբանոցներ, որոնցից թվով ամենաշատ՝ 1219 որբ էր ապաստանել Ալեքսանդրապոլում գործող որբանոցը։
1919 թ. ապրիլին խնամատարության և աշխատանքի նախարարությունը երկրի տարածքում գտնվող որբանոցներում և այլ վայրերում, այդ թվում՝ փողոցներում ապրող որբերի խնամքը հանձնում է Ամերկոմին՝ Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույց կոմիտեին, որը ստանձնել էր նաև Վրաստանում հայտնված հայ որբերի խնամքը: Ամերկոմի խնամքին թողնված հայ որբերի կրթության և դաստիարակության խնդիրներն սկզբնապես դրվել էին խնամատարության և աշխատանքի նախարարության վրա։ 1919 թ. հունիսի 5ի Նախարարների խորհրդի որոշմամբ Ամերկոմին հանձնված որբանոցների սաների կրթության և դաստիարակության գործառույթը հանձնվել էր հանրային կրթության նախարարությանը։ 1919 թ. մայիսից խնամատարության և աշխատանքի նախարարությանը ենթակա որբանոցները պետությունը հանձնում է Ամերկոմին։
1919 թ. մայիսին Հայաստանում գործում էին 86 որբանոց և մանկական 10 հիվանդանոց, որոնցում եղած որբերի թիվը 13.820 էր։
Հայաստանի Առաջին հանրապետության որբանոցների գործերի գլխավոր կառավարիչը բժիշկ Գրիգոր Սաղյանն էր :
Հայաստանում սոցիալական պայմանների որոշակի բարելավմանը զուգընթաց՝ կառավարությունը որոշում է Ամերկոմի խնամքին հանձնված որբանոցները կամ գոնե դրանց մի մասը վերցնել իր խնամքի տակ, որպեսզի հայ որբերը չենթարկվեին ամերիկյան դաստիարակության և վարք ու բարքի, նաև՝ կրոնագաղափարական ազդեցությանը: Արդեն 1919 թ. հուլիսին Հայաստանն այդ կազմակերպությունից ետ է վերցնում 25 որբանոց ու մանկական 4 հիվանդանոց, որոնցում խնամվում էր 2498 որբ։ Նույն թվականի աշնանը Հայաստանի որբանոցներում (թե՛ պետական, թե´ Ամերկոմի) գտնվող որբերի թիվը 23.110 էր։
Հայոց պետության կողմից իրականացվող որբախնամ ու գաղթականների տեղավորման, նրանց խնդիրները լուծելու նպատակով կատարվող աշխատանքները հանգամանորեն ներկայացվել են «Ճակատամարտ» օրաթերթի էջերում՝ առավելապես «Կյանքը Հայաստանի մեջ» խորագրի ներքո:
Օրինակ՝ «Սով կա» հոդվածում պատկերացում էր տրվում, թե տիտանական ինչ ջանքեր էր գործադրում Հայաստանի կառավարությունը գաղթականների տեղավորման, ներգաղթի և պարենավորման հիմնահարցերը վերացնելու ուղղությամբ։ Դա արվում էր մի երկրի կողմից. «որից կտրւած էին բոլոր հացառատ վայրերը, որ ինքը քաղցած լինելով, կերակրում էր կէս միլիոնի հասնող գաղթականների հսկայական բանակ»։
Հայաստանի Առաջին Հանրապետության պետական այրերին մշտապես զբաղեցրել է արևմտահայ գաղթականներին և որբերին դեպի Էրգիր ներգաղթեցնելու խնդիրը: Հատկապես խոսքը վերաբերում է 1920 թ. գարնան ժամանակահատվածին, երբ այդ հարցի լուծման փնտրտուքը հանձնարարվել էր կոնկրետ մարմնի՝ 1920 թ. մարտին հիմնված ներգաղթի հանձնաժողովին: Այս կառույցը պետք է ծրագիր մշակեր, ըստ որի՝ Հայաստանում և դրա սահմաններից դուրս գտնվող արևմտահայ տարագիրները պիտի վերադառնային Արևմտյան Հայաստան: Այս շրջանում ստեղծվել էին պատմաքաղաքական որոշակի հանգամանքներ, որոնք հնարավորություն էին տալու Թուրքիայի հետ ձեռք բերել պայմանավորվածություն՝ արևմտահայ գաղթականների և որբերի վերադարձի վերաբերյալ։
Արևմտահայ տարագիրների ներգաղթի խնդիրներն իրենց անդրադարձն են գտել «Ճակատամարտի» էջերում: Թերթի հրապարակումներում զգացվում է մտահոգություն և թերահավատություն, որ Թուրքիան թույլ կտար նրանց վերադառնալ իրենցից բռագրավված հայրենիքն ու հայրենի շեները: Թեև խմբագրակազմն առաջարկում էր Հայաստանի Հանրապետության կառավարությանը եռանդուն կերպով պահանջել թուրքական իշխանություններից հնարավորություն և իրավունք տալ գաղթականներին վերադառնալու իրենց ծննդավայրը, բայց նաև գիտակցում էր, որ Թուրքիան չէր բավարարելու Հայաստանի այդ պահանջը: Այս առումով բնորոշ է 1918 թ. դեկտեմբերի 31ին օրաթերթում տպագրված Հայաստանի Առաջին հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից թուրքական կառավարությանը հղված ծանուցագիրը, որում արտահայտված էր բողոք հայ գաղթականների վերադարձն արգելող թուրքական քաղաքականության դեմ։ 1919 թ. մարտի 20ին «Ճակատամարտը» տպագրել է Հայաստանի վարչապետ Հովհաննես Քաջազնունու հեռագիրը՝ ուղղված Թիֆլիսի Դաշնակից պետությունների զինվորական պետին, որտեղ բարձրացված էր Կարսի շրջանի գաղթականության՝ Արփաչայի ափին կանգ առնելու խնդիրը։ Նշվում էր, որ զորավար Քրիստոֆեր Ուոկկերի ստորագրած պայմանագրի համաձայն՝ Կարսի գաղթականությունը պետք է վերադառնար իր հայրենիքը, ուստի Հայաստանի բոլոր կողմերից գաղթականները Արփաչայի ափին էին կուտակվել։
«Մուտքը Կարսի շրջանը անկարելի ըլլալով, գաղթականները իրարու վրայ դիզուած կը մնան ու բառիս բուն նշանակութեամբ կը կոտորուին, քանի որ այդ շրջանի հացովն է, որ տաճիկ զօրքը 8 ամիս շարունակ ապրեր է, իսկ մնացածն ալ հետը տարեր է» , գրում էր վարչապետ Հովհաննես Քաջազնունին: «Ճակատամարտը» ներկայացրել էր Հայաստանի Առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիս Սահակյանի դիմումը դաշնակից խորհրդարանների նախագահներին, որով նրանց տեղեկացնում էր, թե ինչպես էին հայ տարագիրներն երկրի ազգաբնակչության հետ զոհ գնում Հայաստանում տիրող քաղցին ու բծավոր ժանտատենդի համաճարակին (օրական մահանում էր 20003000 մարդ):
1919 թ. մայիսին տպագրած վերլուծականներում «Ճակատամարտը» հուսադրում էր ընթերցողներին այն լուրով, որ Հայաստանի Առաջին հանրապետությունում սովն սկսել էր կենտրոնից նահանջել դեպի ծայրագավառները, իսկ արևմտահայ գաղթականության մտահոգության կիզակետում առավելապես խորհրդարանական ընտրություններին տարագիրների մասնակցության և նրանց ներգաղթի կազմակերպման հարցերն էին:
«Ներգաղթի խնդիրը կեանքի և մահուան խնդրի ձեւ է ստացեր թրքահայերու համար: Արևմտահայ փախստականը, որ 5 տարիներէ ի վեր թափառական, աստանդական, նպաստընկալ կերպով ապրեցաւ, մերթ գնաց իր հայրենիքը՝ զայն շէնցնելու և մարած օջախը վերականգնելու յոյսով, մերթ յուսալքուած բռնեց նորէն գաղթի ճամփան, թողուց իր հուսկ ինչքն ու ստացուածքը, թողուց իր զաւակները յաճախ ճամբու եզերքին ու ետ եկաւ դէպի օտարութիւնը, այսօր այլեւս չի կրնար շարունակել նոյն վիճակը և կ’ուզէ ամեն գնով իր երկիրը վերադառնալ, բայց ճամփայ չկայ», կարդում ենք թերթում:
1919 թ. հուլիսի 25ի համարում Մ. Պետրոսյանն անդրադառնում էր Հայաստանի խորհրդարանի ընդունած այն բանաձևին, որը մասնավորապես վերաբերում էր Հայաստանի, Վրաստանի, Ատրպատականի սահմաններում ապաստանած փախստականների և Մուսուլի, Բաղդադի ու Հալեպի հայ գաղթականների և որբերի ներգաղթի խնդիրներին: Նրա կարծիքով՝ ներգաղթի և հայրենիքի վերածնության խնդիրները կապված էին Հայկական հարցի լուծման և Էրգրի ազատագրման հետ: Պնդում էր հետևյալը. «Մինչեւ որ Երկիրը չգրաւուի, կորստաբեր է ներգաղթը: Ամեն ճիգ պէտք է թափել՝ կասեցնելու տարերային շարժումը գաղթականներուն, որքան ալ անհանդուրժելի ըլլայ իրենց ներկայ վիճակը» :
Ներգաղթը բարդ և գրեթե անիրականանալի գործընթաց էր, որը նախապատրաստական մեծ աշխատանք էր ենթադրում: Ըստ հոդվածագրի՝ աշխարհագրական դիրքի, փոխադրության և պարենավորման միջոցների դժվարությունն անհնարին էր դարձնում ներգաղթի ղեկավարումը մեկ կենտրոնի կողմից, ուստի անհրաժեշտ էր հիմնել Կ.Պոլսում ևս մեկ կենտրոն, որ «օժանդակէ Հայաստանի կառավարութեան և լրացնէ անոր գործը» :
«Ճակատամարտի» հրապարակագիրներից Վահան Հարությունյանը պահանջում էր մշակել ներգաղթի հեռահար ծրագրեր։ «Անհրաժեշտ է, որ դէպի Հայաստան վերադառնալու սահմանուած հայութիւնը լրջօրէն պատրաստուի այդ մեծ ու կենսական գործին: Անհրաժեշտ է հոգ տանիլ, որպէսզի տարագրութեան ճամբաներուն վրայ ցրուած հայութիւնը չկորսուի, և մեզի աւանդ թողուած որբուկները ընդհանուրին գուրգուրանքին առարկայ դառնան» , գրում էր հոդվածագիրը: Ներգաղթի գործը պիտի սկսվեր հավաքաբար և արվեր որոշակի մեթոդով մշակված ծրագրով, որ հայության վերադարձը հայրենիք այս անգամ չլիներ որպես հալածանքի հետևանք կամ որպես անկազմակերպ ներխուժում, կամ էլ որպես անստույգ վախճանով մի նոր տարագրություն։ Հոդվածագրի կարծիքով՝ կազմվելիք ներգաղթի միություններն առաջին հերթին պիտի ունենային հողագործական ուղղվածություն, որ նպաստեին Արևմտյան Հայաստանի տնտեսական վերազարթոնքին։ Իբրև հավաքական ներգաղթի կազմակերպված մարմին պիտի հանդես գային նաև ներգաղթի արհեստավորական միությունները՝ նպատակ ունենալով արևմտահայ գավառ ուղարկել զանազան արհեստավորական խմբեր։
Անհրաժեշտ էր կազմակերպել ներգաղթի մտավորական միություններ նույնպես։ Ներգաղթի միությունների գլխավոր նպատակներից մեկը պետք է լիներ հայության բոլոր կարող ուժերի մեկտեղումը և նրանց հայրենիք փոխադրելու գործառույթը: Այդ միությունները պիտի իրենց ճյուղերն ունենային արտասահմանի հայկական գաղութներում, բացի այդ՝ պիտի սերտորեն համագործակցեին հայկական ու միջազգային Կարմիր խաչերի, նաև՝ հայրենակցական միությունների հետ։ Գլխավոր ներգաղթից հետո ներգաղթի միությունները պիտի շարունակեին իրենց գործունեությունը մինչև այն ժամանակ, երբ հայրենիք բոլոր վերադարձողները կկարողանային հարմարվել նոր կենսապայմաններին և կապրեին բնականոն կյանքով։
1920 թ. կեսերից գաղթականության ներգաղթի խնդիրները մտան փակուղի: Դա պայմանավորված էր Հայաստանի Առաջին հանրապետության համար ստեղծված միջազգային անբարենպաստ աշխարհաքաղաքական հանգամանքներով: Այդ ամենի հետևանքով Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում մինչև 1920 թ. դեռևս բնակվող հայությունն աստիճանաբար, մանավանդ 1923 թ. հետո Թուրքիայում ընդունված օրենքների պատճառով, ստիպված լքեց բնօրրան հայրենիքը, իսկ շատ հայեր էլ կրոնափոխվեցին, թրքացան ու քրդացան։
«Ճակատամարտի» հրապարակումները վկայում էին, որ 1919 թ. մայիսին սովի դեմ պայքարող Հայաստանի Հանրապետությունն արտերկրից ստացած սննդամթերքն անխտիր բաժանում էր «թէ´ տեղացի և թէ´ գաղթական ժողովուրդին հաւասարապէս»։ Հայաստանին արտաքին տնտեսական օժանդակություն էր հատկացնում Ամերիկյան Նպաստամատույց ընկերությունը: Այն հանձն էր առել տարագիր հայերի խնամատարությունը, նրանց համար արհեստանոցների կազմակերպումը և պարենավորումը՝ սննդա մթերքների բաշխման աշխատանքը հանձնելով Հայաստանի խնամատարության նախարարությանը, որը պետք է կատարեր նաև սերմնացուի բաշխումը։ Ամերիկյան Նպաստամատույց ընկերությունն ստանձնել էր 1500 հայ որբերի խնամատարության գործը։ Հայաստանում նշված ժամանակահատվածում հաշվառված էին 45.00050.000 տեղաբնակ ու գաղթական որբեր, «որոնք կը կարօտին անմիջական խնամատարութեան», այս մասին տեղեկացնում էր Վաղարշակ Հոխիկյանը 1919 թ. ապրիլի 6ին Երևանից «Ճակատամարտին» ուղարկած թղթակցության մեջ:
«Արևմտահայ որբերը Հայաստանի Հանրապետության մեջ» վերլուծական հոդվածում Հ. Բագրունին խորությամբ էր վերհանում հիմնախնդիրը՝ առկա իրավիճակի մասին տալով օբյեկտիվ պատկերացում՝ հիմնվելով թվային տվյալների և փաստերի վրա։ Ըստ այդմ՝ 1914 թ. դեկտեմբերին տեղի ունեցած Բագրևանդի նահանջը, 1915 թ. հուլիսին Վասպուրականի և դրան հաջորդած նահանջները, ինչպես և 1918 թ. թուրքական առաջխաղացման հետևանքով Վանի, Սարիղամիշի, Ալեքսանդրապոլի և Մեծ Ղարաքիլիսայի գրավումներն ու կոտորածներն առաջացրել էին հայ որբերի հսկայական կուտակումներ, ընդ որում, նրանց մեծ մասը հյուծվելով՝ մահացավ, իսկ որոշ մասն էլ Հայաստանի կառավարության ու հանրային զանազան հիմնարկությունների և միությունների նախաձեռնությամբ պատսպարվեց որբանոցներում:
1917 թ. ամռանը, համաձայն «Եղբայրական օգնության» կազմակերպության Երևանի գլխավոր հանձնաժողովի կատարած ցուցակագրման, Կովկասում և տարբեր վայրերում գործում էր 68 որբանոց՝ 6890 որբորբուհիներով, իսկ Կարսում, Քանաքեռում, Բաթումում, Սոխումում, Սանահինում, Ղուրլուղուլիում, Ջալալ Օղլիում գործում էին մեկական որբանոցներ՝ 1080 որբերով։ Նրանց հոգածությունը և խնամատարությունն այսպես էր բաշխված մի շարք ընկերությունների ու կազմակերպությունների, ի թիվս որոնց Կենտրոնական կոմիտեի, Մոսկվայի, Բաքվի, Պետրոգրադի հայկական կոմիտեների, «Եղբայրական օգնության» և Քահանաների միությունների, Նպաստամատույց ընկերության և այլ հիմնարկությունների վրա։ Այս որբերի սնունդը, հագուստը, սենյակներն ու դրանց կահավորանքը բավարար վիճակում էին, և նույնիսկ մահացածության ցուցանիշը հիշյալ որբանոցներում բավական ցածր էր։ «Եղբայրական օգնության» Երևանի գլխավոր հանձնաժողովի և Էջմիածնի մասնաճյուղի, նաև Մոսկվայի կոմիտեի և Բարեգործական ընկերության ջանքերի շնորհիվ Երևանի, Էջմիածնի, Բաքվի ու Աշտարակի որբանոցների սաների համար կազմակերպվում էին դպրոցական պարապմունքներ որբանոցներում բացված դպրոցներում կամ դրանցից դուրս գործող ցերեկային դպրոցներին կից։ Հ. Բագրունին հիշատակում էր այն փաստը, որ Երևանի, Աշտարակի, Բաքվի և Դիլիջանի որբանոցներում բացվել էին արհեստանոցներ։
Դրանցում որբերի կողմից պատրաստվում էին ամեն տեսակի առարկաներ ու գործիքներ, որոնց շուկայական վաճառքից եկամուտ էին ստանում որբանոցները։
Հ. Բագրունին փաստում էր, որ 1918 թ. Հայաստանի Առաջին հանրապետության կառավարությունն որբերի խնամատարության նախնական ծախսերի նպատակով հատկացրել էր յուրաքանչյուր որբի համար ամսական 15 ռուբլի, իսկ մնացյալ կարիքների լուծմանը հատկացվող գումարը հատուցվում էր հանրային կազմակերպությունների ջանքերով այնքան ժամանակ, մինչև մեծահասակ որբերի խնամատարության գործը ստանձնեց Արևմտահայ խորհուրդը, իսկ որբանոցային գաղութներ հիմնելու գործն իրենց վրա վերցրին Մոսկվայի հայկական կոմիտեն և Բարեգործական ընկերությունը: Վերջին երկու կազմակերպությունները 2000ից ավելի որբ էին կենտրոնացրել Ջալալ Օղլիի որբանոցում։ 1918 թ. հունիսին Հայաստանում գործում էր 35 որբանոց՝ 2250 որբերով, իսկ Վրաստանում՝ 27 որբանոց՝ 1950 որբերով : Երևանում և Էջմիածնում նոր հավաքված որբերի թիվը 2600ի էր հասնում, ընդ որում՝ այդ որբերը հավաքվել էին 1918 թ. Հայաստանում ստեղծված հայ փախստականական կազմակերպության գլխավոր խորհրդի ջանքերով։ Նյութական անձուկ կացության պատճառով, սակայն, այդ կազմակերպությունն ի վիճակի չէր շարունակելու որբախնամ գործը սեփական նախաձեռնությամբ և միջոցներով: Նույն պատճառներով որբախնամ գործունեության սահմանները չէին կարողանում ընդարձակել «Եղբայրական օգնությունն» ու Մոսկվայի Հայկական կոմիտեն, ուստի հայոց նորակազմ պետությունն ինքն է ստանձնում հայ որբերի խնամատարությունը։ Հայաստանի խորհրդարանը հատուկ օրենքով որբանոցային գործը հանձնել էր խնամատարական նախարարությանը և, սկսած 1918 թ. հոկտեմբերից՝ 3 ամսվա համար 7,5 միլիոն գումար էր տրամադրել պետական այդ կառույցին 10.000 որբի հաշվարկով՝ յուրաքանչյուր որբի համար նկատի ունենալով 150ական ռուբլի։ Խնամատարական նախարարությունը 1918 թ. հոկտեմբերից մինչև 1919 թ. մարտ ամիսը կարողացել էր 41 նոր ապաստարանների մեջ հավաքել 11.500 որբի։
Համաձայն խնամատարական նախարարության որբանոցային բաժնի վարիչներից Վանփուշի ներկայացրած վիճակագրական տվյալների՝ մինչև 1919 թ. մարտի վերջը Հայաստանի սահմաններում կար 76 որբանոց։ Դրանցում ապաստան գտած 11.581 որբերը 115 և երբեմն 1617 տարեկան էին։ «Ամբողջ որբերու 75 առ 100ը կը կազմեն արեւմտահայեր, իսկ 25 առ 100ը՝ տեղացիներ, որոնք նոյնպէս ենթարկուեցան նահանջի ու տեղահանութեան և անձամբ կրեցին այն ամենը, ինչոր ԷնվէրԹալէաթի կառավարութիւնը նիւթած էր տաճկահայ ժողովուրդին համար», գրում էր Հ.Բագրունին:
1919 թ. գործող որբանոցներին զուգահեռ՝ Հայաստանի խնամատարական նախարարության որբանոցային բաժանմունքի վարչությունը նախատեսել էր բացել որբանոցներ Նոր Բայազետում, Դավալուի, ՀալալՕղլուի և Կծալինի շրջաններում։ Նախատեսում էին հիվանդանոցորբանոցներ բացել Ալեքսանդրապոլում, Մեծ Ղարաքիլիսայում, Ղամարլուում, Իգդիրում և բոլոր այն վայրերում, որոնցում դրանց կարիքը կար։ Նշենք, որ 1919 թ. հիվանդանոցորբանոցներ էին գործում Երևանում, Էջմիածնում, Քանաքեռում, Ղարաչիչակում, Դիլիջանում։ Դրանք գոյատևում էին պետության և մի շարք կազմակերպությունների ջանքերով :
«Ճակատամարտի» հրապարակումների համաձայն՝ հայաստանյան որբանոցներում սնունդը կարելի էր բավարար համարել: Յուրաքանչյուր որբի օրական տրվում էր ¾ ֆունտ հաց, կես ֆունտ միս, ¼ ֆունտ բրինձ, ¼ ֆունտ գետնախնձոր, իսկ երեկոյան ու առավոտյան՝ չամիչով կամ խոշաբով թեյ՝ հաճախ ցամաք հացի հետ։
Ինչ վերաբերում է որբերի կրթական գործի կազմակերպմանը, ապա 1919 թ. մայիսի տվյալներով՝ պետական կարգավիճակ ունեցող որբանոցներում չէին անցկացվում դպրոցական պարապմունքներ։ «Պետութիւնը իր այդ աշխատանքին մէջ դեռ լիովին ի վիճակի չէ եղած փողոցներու մէջ թափառող եւ հիւծած ու մեռնելու դատապարտուած որբերը հաւաքելու: Կ’ենթադրուի, որ բոլոր որբերը պիտի հաւաքուին ու 11 հազար թիւը 1518 հազարի պիտի բարձրանայ, հաշուելով այդ թիւին մէջ ու 5000 հիւծածներն ու հիւանդները, որոնց բոլորին վրայ պետութիւնը ամսական 9 միլիոնի պիւտճէ մը կ’ունենայ կամ տարեկան 115 միլիոն՝ սնունդի եւ 10 միլիոն միանուագ գումար մըն ալ հագուստի ու կահաւորութեան», գրում էր պարբերականը։
Ամփոփելով՝ կարող ենք փաստել հետևյալը:
• «Ճակատամարտն» իր հրապարակումների միջոցով պատկերացում է տվել Հայաստանի Առաջին հանրապետությունում, հետագայում նաև Խորհրդային Հայաստանում հայ տարագիրների ու որբերի համար մշակված և իրագործվող ծրագրերի, նրանց հանդեպ եղած վերաբերմունքի և տարվող պետական քաղաքականության մասին` ցույց տալով, որ հայկական 2 պետություններն էլ սրտացավ են եղել գաղթական ու որբ դարձած հայրենակիցների նկատմամբ և իրենց սուղ միջոցներով ձգտել են թեթևացնել նրանց խնդիրները` ներգրավելով հասարակական կյանքում`այդ նպատակով համագործակցելով հայկական և օտարերկրյա բարեսիրական կառույցների ու կազմակերպությունների հետ։
• 19181920 թթ. Կ.Պոլսի «Ճակատամարտը», անդրադառնալով հայ որբերի և գաղթականների հիմնախնդիրներին, փորձել է լուսաբանել դրանց լուծման ուղղությամբ հայկական ու միջազգային կառույցների կողմից կատարվող աշխատանքները թե´ Հայաստանի Առաջին հանրապետությունում, թե´ Թուրքիայի մայրաքաղաքում, թե´ այլ երկրներում։
• 19181920 թթ. «Ճակատամարտը» բազմակողմանիորեն է անդրադարձել հայ տարագիրների ճակատագրին և խնդիրներին: Մի կողմից` լուրեր է տպագրել կամ արտատպել հայկական մամուլից, մյուս կողմից` վերլուծական հոդվածներով է հանդես եկել` դրանցում ներկայացնելով նաև վիճակագրական տվյալներ և սոցհարցման հարցախույզներ, ինչպես նաև արտահայտելով խմբագրակազմի տեսակետները հիշյալ հիմնահարցերի վերաբերյալ։
• «Ճակատամարտը» ոչ միայն պարզապես նկարագրել է տարագիրների դրությունը, ոչ միայն ներկայացրել է նրանց կենսապայմանների և ապրելակերպի պարզ նկարագրությունը, այլև վերհանել է նրանց առջև ծառացած խնդիրներն ու դրանց պատճառները։
• «Ճակատամարտը» ներկայացրել է նույն ժամանահատվածում Թուրքիայում հայ գաղթականների և որբերի հանդեպ եղած վերաբերմունքը, խոսել է թուրքական իշխանությունների կողմից նրանց նկատմամբ որդեգրված քաղաքականության մասին, վկայել է ցեղա սպանությունից մազապուրծ հայ գաղթականների և որբերի ունեզրկման, ինչպես նաև բռնի կրոնափոխման և նրանց կամքին հակառակ` թրքացման ու քրդացման դեպքերի մասին։
• Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից, Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից և այդ երկրում ստեղծված նոր՝ հայ ժողովրդի համար առավել անբարենպաստ քաղաքականության որդեգրումից հետո «Ճակատամարտն» այլևս դադարել է սեփական հրապարկումներով հանդես գալ մասնավորապես հիշյալ կարևոր հիմնահարցերի վերաբերյալ՝ բավարարվելով լոկ Խորհրդային Հայաստանի պարբերականներից արտատպումներով, որոնք, բնականաբար, արտացոլել էին խորհրդահայ իրականությունն այնպես, ինչպես պարտադրվել էր ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կողմից։
• Ինչ վերաբերում է Քեմալական Թուրքիայում հայ որբերի և գաղթականների խնդիրների լուսաբանմանը, ապա «Ճակատամարտն», ստեղծված քաղաքական հանգամանքներում և կրկին վերահաստատված գրաքննության պայմաններում, արդեն անկարող էր արտահայտել մեր ժողովրդին մտահոգող բոլոր, այդ թվում նաև որբերի ու գաղթականների հիմնահարցերի վերաբերյալ սեփական տեսակետներն ու մոտեցումները։
• Թերթի տեսադաշտից չեն վրիպել նաև հայկական գաղթօջախների կողմից հանուն հայ տարագիրների իրականացված ձեռնարկները՝ մատնանշելով նկատված թերություններն ու բացերը:
Մարիամ Հովսեփյան
